ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ, ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ, ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 մարտի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի զեկուցագիրը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին` Երևանում և նպատակաուղղված է երկու երկրների միջև գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը:
Համաձայնագրով Կողմերն ստանձնել են համաձայնագրի 1-ին հոդվածում շարադրված մի շարք պարտավորություններ, մասնավորապես` գիտատեխնիկական և արտադրական տեղեկատվության փոխանակում, համատեղ գիտահետազոտական, փորձարարական և արտադրական աշխատանքների իրականացում, Կողմերի համար անհրաժեշտ` համատեղ աերոտիեզերական նկարահանումների կատարում և Երկրի հեռահար զոնդավորման տվյալների փոխանակում, գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային կադաստրի ստեղծման ու վարման աշխատանքների կատարման համար կադրերի պատրաստում ու որակավորման բարձրացում և այլն:
2. Համաձայն համաձայնագրի 2 հոդվածի` Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ ձևերով.
- սույն համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ուղղություններով համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում և իրագործում,
- խորհրդակցությունների, համաժողովների, գիտաժողովների, սեմինարների և խորհրդատվությունների անցկացում,
- համատեղ զեկույցների, հոդվածների և մենագրությունների հրապարակում,
- օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական, գիտատեխնիկական գրականության փոխանակում գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման ոլորտում և այլն:
3. Համաձայնագրի իրագործմանն ուղղված գործունեությունը համակարգելու նպատակով Կողմերն ստեղծում են գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության հայ-բելառուսական համատեղ հանձնաժողով:
4. Կողմերը նշանակում են սույն համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու պետական մարմիններ՝ Հայկական կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
5. Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համատեղ գործունեության ընթացքում ստացված արդյունքները հրապարակման ենթակա չեն և չեն կարող փոխանցվել կամ վաճառվել երրորդ պետությունների իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, եթե Կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն:
6. Համաձայնագրում նախատեսված` Հայաստանի Հանրապետության ստանձնած բոլոր պարտավորությունները փոխադարձ են և համահունչ այլ պետությունների հետ հարաբերությունների փոխշահավետության սկզբունքին, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|