Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-680
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
06.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ, ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ, ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

6 մարտի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի զեկուցագիրը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին` Երևանում և նպատակաուղղված է երկու երկրների միջև գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը:

Համաձայնագրով Կողմերն ստանձնել են համաձայնագրի 1-ին հոդվածում շարադրված մի շարք պարտավորություններ, մասնավորապես` գիտատեխնիկական և արտադրական տեղեկատվության փոխանակում, համատեղ գիտահետազոտական, փորձարարական և արտադրական աշխատանքների իրականացում, Կողմերի համար անհրաժեշտ` համատեղ աերոտիեզերական նկարահանումների կատարում և Երկրի հեռահար զոնդավորման տվյալների փոխանակում, գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային կադաստրի ստեղծման ու վարման աշխատանքների կատարման համար կադրերի պատրաստում ու որակավորման բարձրացում և այլն:

2. Համաձայն համաձայնագրի 2 հոդվածի` Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ ձևերով.

- սույն համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ուղղություններով համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում և իրագործում,

- խորհրդակցությունների, համաժողովների, գիտաժողովների, սեմինարների և խորհրդատվությունների անցկացում,

- համատեղ զեկույցների, հոդվածների և մենագրությունների հրապարակում,

- օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական, գիտատեխնիկական գրականության փոխանակում գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման ոլորտում և այլն:

3. Համաձայնագրի իրագործմանն ուղղված գործունեությունը համակարգելու նպատակով Կողմերն ստեղծում են գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության հայ-բելառուսական համատեղ հանձնաժողով:

4. Կողմերը նշանակում են սույն համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու պետական մարմիններ՝ Հայկական կողմից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

5. Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համատեղ գործունեության ընթացքում ստացված արդյունքները հրապարակման ենթակա չեն և չեն կարող փոխանցվել կամ վաճառվել երրորդ պետությունների իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, եթե Կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն:

6. Համաձայնագրում նախատեսված` Հայաստանի Հանրապետության ստանձնած բոլոր պարտավորությունները փոխադարձ են և համահունչ այլ պետությունների հետ հարաբերությունների փոխշահավետության սկզբունքին, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածում։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


6 մարտի 2007 թվականի
ՍԴՈ-680

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան