«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 420-Ն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
1.1 Հաստատել առաջնային բուժօգնություն և սպասարկում իրականացնող բժշկի կողմից սպասարկվող բնակչության նվազագույն, օպտիմալ և առավելագույն թույլատրելի թվաքանակները` համաձայն N 2 հավելվածի:
(1.1 կետը լրաց. 24.08.06 N 1205-Ն)
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգից բխող համապատասխան նորմատիվ իրավական փաստաթղթեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՄՈՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգն ու հիմնական սկզբունքները:
2. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ազատ ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման նպատակն է քաղաքացու կողմից առաջնային բուժօգնություն և ծառայություններ իրականացնող բժշկի կամավոր ընտրությունը, առաջնային օղակում իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնումը և որակի բարելավումը` բնակչության կողմից բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում:
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
ա) առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժիշկ` առաջնային բուժօգնության ծառայություններ մատուցող լիցենզավորված բուժհաստատությունում աշխատող ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ.
բ) բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի կամավոր ընտրություն` ընտրություն, որը կատարում է բնակիչը՝ իրազեկ լինելով բժշկի ընտրության գործընթացն իրականացնող մարմինների կողմից տրամադրված` բժիշկ ընտրելու ընթացակարգի վերաբերյալ տեղեկություններին.
գ) առողջապահական ավտոմատացված ռեգիստր` համակարգիչ մուտքագրվող տվյալներով ձևավորվող բնակչության առողջապահական տվյալների միասնական բազա, որի հիման վրա իրականացվում է առաջնային բուժօգնության ծառայությունների ֆինանսավորում, նպատակային պլանավորում և արդյունավետ կառավարում, տարբերակված ֆինանսական միջոցների հատկացում, առաջնային օղակում իրականացվող ծառայությունների ծավալի ընդլայնում և մատուցվող ծառայությունների որակի բարելավում` բնակչության կողմից բժշկի կամավոր ընտրության մրցակցային միջավայրում: Բնակչության առողջապահական տվյալները մուտքագրվում են առողջապահական ավտոմատացված ռեգիստր այն բուժհաստատությունում, որտեղ տվյալ անձը հաշվառվում է:
(3-րդ կետը խմբ. 24.08.06 N 1205-Ն)
4. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առաջնային բուժօգնություն և ծառայություններ են իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առողջության առաջնային պահպանման գործառույթն իրականացնելու համար լիցենզավորված բուժհաստատություններում (տեղամասային պոլիկլինիկաներ, բուժմիավորումների կազմում գտնվող պոլիկլինիկաներ, գյուղական առողջության կենտրոններ և ամբուլատորիաներ, ընտանեկան բժշկի գրասենյակներ), որոնք ունեն և սպասարկում են տեղամասատարածքային սկզբունքով կցագրված բնակչությանը:
5. Ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլոր տարիքի անձինք, տեղամասային թերապևտի մոտ` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչները, իսկ տեղամասային մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները:
II. ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԿԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
6. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ կարող է ստանալ առաջնային բուժօգնություն իրականացնելու իրավասություն ունեցող այն բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր և որի մոտ կգրանցվի սույն կարգի համաձայն:
7. Քաղաքացին իր կողմից ընտրված առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկի մոտ պաշտոնապես գրանցվելու համար տրամադրում է սույն որոշմամբ սահմանված պահանջվող տվյալները`
ա) 16 տարեկանից բարձր անձինք` անձնագիրը: Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին պատկանելու դեպքում` կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը` այն հավաստելով համապատասխան փաստաթղթի ներկայացմամբ.
բ) մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականի պատճենը:
(7-րդ կետը փոփ. 24.08.06 N 1205-Ն)
8. Երեխաների համար բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացնում է երեխայի օրինական ներկայացուցիչը:
(8-րդ կետը փոփ. 24.08.06 N 1205-Ն)
9. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի իր առողջության առաջնային պահպանման ծառայությունը մատուցող ընտանեկան բժշկին, տեղամասային թերապևտին կամ մանկաբույժին փոխելու իրավունք:
10. Եթե քաղաքացին ընտրել է ոչ թե իր բնակության վայրի, այլ մեկ ուրիշ լիցենզավորված բուժհաստատությունում կամ կազմակերպությունում աշխատող բժշկի, ապա նրա համար լրացվում է տեղափոխման կտրոն, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը: Անձի տեղափոխման կտրոնի հավելվածը բուժհաստատության կողմից ուղարկվում է նախկին բուժհաստատության բժշկին կամ մեկ այլ պատասխանատու անձի: Հաշմանդամների, երեխաների, միայնակ բնակվող կենսաթոշակառուների համար նման գործընթաց կարող է լիազորվել տնօրենի կողմից նշանակված բուժքրոջը:
11. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընտրելու իր բժշկին` ցանկացած բուժհաստատությունում կամ կազմակերպությունում իր բնակության վայրի վարչական տարածքի կամ Հայաստանի Հանրապետության մարզի (կամ Երևան քաղաքի) սահմաններում` ձեռք բերելով փոխադարձ համաձայնություն որոշ բժշկական ծառայությունների մատուցման շրջանակների մասին (օրինակ` տնային կանչեր, հակահամաճարակային հսկողություն և այլն):
III. ԲԺՇԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԵՆ ԸՆՏՐԱԾ ԲՆԱԿՉԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
12. Առաջնային բուժօգնություն մատուցող բժիշկը կարող է գրանցել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր քաղաքացու` համաձայն սույն կարգի պայմանների և պահանջների: Բժիշկը կարող է մերժել գրանցելու նպատակով իրեն ընտրած և դիմող բնակչին միայն այն դեպքում, եթե լրացել է բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները:
Բժիշկը կարող է գրանցել իրեն ընտրած բնակչին բուժհաստատությունում (բնակչի այցելության ժամանակ) կամ կանխարգելիչ, վերականգնողական, բուժական միջոցառումներ իրականացնելու նպատակով բնակչի տուն կամ այլ վայր կատարած այցի ընթացքում:
(12-րդ կետը խմբ. 24.08.06 N 1205-Ն)
13. Բժիշկը չի կարող մերժել գրանցելու նպատակով իրեն ընտրած և դիմող քաղաքացուն` ելնելով վերջինիս առողջական կամ սոցիալական կարգավիճակից:
14. Բժիշկները (կամ նրան օգնող բուժքույրը) իրենց ընտրած քաղաքացիներին գրանցելիս պետք է նրանց իրազեկեն, որ`
ա) վերջինս չի կարող միաժամանակ գրանցված լինել մեկից ավելի առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ: Այսինքն` 18 տարեկանից բարձր անձինք կարող են ընտրել կամ տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին, իսկ մինչև 18 տարեկան երեխաները` կամ տեղամասային մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին.
բ) գրանցման ժամանակ տրամադրվող անհատական տվյալները հետապնդում են որոշակի նպատակ և պարտավոր են բացատրել դրանք ներկայացնելու նպատակը.
գ) բուժհաստատությունը փոխելիս և նոր բուժհաստատությունում գործող բժշկի մոտ գրանցվելիս, վերջինս պետք է լրացնի տեղափոխման կտրոնը:
15. Գրանցման գործընթացին մասնակցող բուժաշխատողները պետք է ապահովեն և պահպանեն գրանցվող անձի վերաբերյալ տվյալների և տեղեկատվության գաղտնիությունը:
(15-րդ կետը փոփ. 24.08.06 N 1205-Ն)
IV. ԳՐԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
16. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցումն իրականացվում է գրանցման ձևով և տեղափոխման ձևով, դրանց լրացմանը համապատասխան ուղեցույցերի համաձայն, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:
17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության հետ պայմանագիր կնքած միևնույն իրավաբանական անձի (պոլիկլինիկա, առողջության կենտրոն, բժշկական ամբուլատորիա, ընտանեկան բժշկության գրասենյակ և այլ) կազմում նոր բժիշկ ընտրելու և նրա մոտ գրանցվելու դեպքում տվյալ բնակչի համար լրացվում է միայն գրանցման ձևը:
18. Այն դեպքերում, երբ քաղաքացին ընտրում և գրանցվում է այլ իրավաբանական անձի կազմում աշխատող առաջնային բուժօգնություն և ծառայություններ մատուցող բժշկի մոտ, նոր բժշկի ընտրության և նրա մոտ գրանցվելու համար լրացվում է տեղափոխման կտրոնը, իսկ նախկին բուժհաստատությունից հետ վերադարձնելուց հետո, գրանցման փաստը վավերացվում է գրանցման ձևի լրացմամբ և տվյալները համակարգչային ծրագրով մուտքագրելու միջոցով:
(18-րդ կետը փոփ. 24.08.06 N 1205-Ն)
V. ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐԸ
19. Ստորև թվարկված առանձին դեպքերում բնակչի գրանցումն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ կարող է համարվել վավեր, երբ`
ա) քաղաքացին կորցրել է անձնագիրը և հայտարարագրում է գրանցման պահին անձնագիր չունենալու այդ կամ մեկ այլ պատճառ.
բ) քաղաքացին դեռևս ձեռք չի բերել Հայաստանի Հանրապետության նոր անձնագիր և ներկայացնում է հին անձնագիրը.
գ) քաղաքացին զինվորական ծառայության մեջ է, և նրա անձնագիրը գտնվում է զինկոմիսարիատում.
դ) երեխան չունի ծննդյան վկայական կամ երեխայի ծննդյան վկայականը տրվել է այլ երկրում.
ե) գրանցվող քաղաքացին չունի մշտական հաշվառման վայր, սակայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
զ) քաղաքացին օգտվում է նաև այլ գերատեսչական պատկանելություն ունեցող բժշկական հաստատության ծառայություններից:
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված դեպքերում բնակիչների գրանցումը վավեր ճանաչելու համար բնակիչը պետք է լրացնի համապատասխան հայտարարագիր, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:
(20-րդ կետը լրաց. 24.08.06 N 1205-Ն)
Հավելված N 2 |
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ, ՕՊՏԻՄԱԼ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ
Քաղաքային պոլիկլինիկաներում և բուժմիավորման պոլիկլինիկական ստորաբաժանումներում սպասարկվող` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թիվը |
Քաղաքային մանկական պոլիկլինիկաներում և պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներում սպասարկվող` մինչև 18 տարեկան բնակչության թիվը |
Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատորիաների կողմից սպասարկվող` 18 և ավելի բարձր տարիքի բնակչության թիվը |
Առողջության կենտրոնների և գյուղական բժշկական ամբուլատորիաների կողմից սպասարկվող` մինչև 18 տարեկան բնակչության թիվը |
Ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակչության թիվը |
նվազագույն թիվը` 1000 |
նվազագույն թիվը` 500 |
նվազագույն թիվը` 1000 |
նվազագույն թիվը` |
նվազագույն թիվը` 1000, որից՝ երեխաներ` 300, մեծահասակներ` 700 |
օպտիմալ թիվը` 2000 |
օպտիմալ թիվը` 1000 |
օպտիմալ թիվը` 2000 |
օպտիմալ թիվը` 1000 |
օպտիմալ թիվը` 1700, որից՝ երեխաներ` 500, մեծահասակներ` 1200 |
առավելագույն թիվը` 2500 |
առավելագույն թիվը` 1200 | առավելագույն թիվը` 2700 |
առավելագույն թիվը` 1400 | առավելագույն թիվը` 2300 որից՝ երեխաներ` 800, մեծահասակներ` 1500 |
(Հավելվածը լրաց. 24.08.06 N 1205-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |