«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1130-Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ, ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՎԿԱՆԵՐԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 93-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վարչական վարույթի ընթացքում կատարած աշխատանքների համար փորձագետներին, թարգմանիչներին և վկաներին վճարումներ կատարելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2005 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N 1130-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ, ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՎԿԱՆԵՐԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 93-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան վարչական վարույթի ընթացքում կատարած աշխատանքների համար փորձագետներին և թարգմանիչներին վարձատրելու, իսկ ցուցմունք տված վկաներին վճարումներ կատարելու կարգը։
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված վարչական մարմինների և նրանց կողմից օրենքի 30-րդ հոդվածի համաձայն հարուցված վարչական վարույթներում փորձագետների, թարգմանիչների և վկաների ներգրավելու դեպքերի վրա։
3. Սույն կարգի համաձայն`
ա) վարձատրության ենթակա է այն փորձագետի աշխատանքը, որը վարչական վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից օրենքի 45-րդ հոդվածի համաձայն ներգրավվել է վարչական վարույթում՝ փաստական հանգամանքների ուսումնասիրման համար, և` եթե փորձագիտական աշխատանքները չեն մտնում այդ վարչական մարմնում նրա ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների մեջ։
Եթե օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ֆիզիկական անձի, տեղանքի, որևէ օբյեկտի կամ առարկայի զննում կատարելու համար վարչական վարույթ իրականացնող վարչական մարմինը փորձագետի է ներգրավել, որը փորձագիտական եզրակացություն է ներկայացրել զննում կատարելու արդյունքների մասին, ապա այդ դեպքում նույնպես կատարվում է վարձատրություն` սույն կարգին համապատասխան.
բ) վարձատրության ենթակա է այն թարգմանչի աշխատանքը, որը վարչական վարույթում ներգրավվել է այն իրականացնող վարչական մարմնի կողմից, և` եթե թարգմանչական աշխատանքները չեն մտնում այդ վարչական մարմնում նրա ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների մեջ.
գ) վարձատրություն ստանալու իրավունք ունի վարչական վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից օրենքի 44-րդ հոդվածի համաձայն հրավիրված և վարչական մարմին ներկայացած ու տվյալ գործով ցուցմունք տված վկան։
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`
ա) այն փորձագետի և թարգմանչի կատարած աշխատանքների վարձատրության վրա, ովքեր վարչական վարույթում ներգրավվել են վարչական վարույթի մասնակիցներից որևէ մեկի հրավերով.
բ) այն վկային կատարվելիք վճարումների վրա, որը վարչական վարույթում ներգրավվել է դրա մասնակիցներից որևէ մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ.
գ) նաև այն փորձագետի, թարգմանչի կատարած աշխատանքների վարձատրության և վկային կատարվելիք վճարումների վրա, ովքեր որոշակի բնագավառներ կարգավորող առանձին (հատուկ) օրենքներով հարուցված վարչական վարույթի իրականացման աշխատանքներում ներգրավվելու կապակցությամբ ենթակա են վարձատրության` այդ առանձին (հատուկ) օրենքներով կամ դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգով։
5. Վարչական մարմինը նշանակում է այն պաշտոնատար անձին, որը պատասխանատու է փորձագետին, թարգմանչին և վկային վճարվելիք գումարների համար հիմք հանդիսացող փաստաթղթերն այդ անձանց կողմից վարչական մարմին ներկայացնելու համար։
6. Սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում։
II. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Սույն կարգի համաձայն փորձագետին վարձատրելու հիմք է օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան վարչական վարույթ իրականացնող վարչական մարմնի գրավոր դիմումը համապատասխան կազմակերպությանը կամ անձին և դրա հիման վրա նշանակված փորձագետի կողմից կատարված փորձաքննության արդյունքներով վարչական վարույթ իրականացնող վարչական մարմին ներկայացված և այդ մարմնի կողմից փորձաքննությանն առաջադրված հարցին (հարցերին) ըստ էության պարզաբանում տվող փորձագիտական եզրակացությունը։
Անկախ կատարված հետազոտությունների ծավալից և ծախսերից՝ փորձաքննության կատարման ծառայության դիմաց որևէ վճարում չի կատարվում, եթե փորձաքննությանն առաջադրված բոլոր հարցերի կապակցությամբ ստացվել է այդ հարցերի պարզաբանման անհնարինության մասին եզրակացություն։
8. Փորձագետին հատուցվում են փորձագիտական աշխատանքների կատարման հետ կապված այն ծախսերը, որոնց մեջ մտնում են փորձաքննության իրականացման ընթացքում կատարված փաստացի ծախսերը, ինչպես նաև վարչական վարույթի ընթացիկ փուլում փորձագիտական եզրակացություն ներկայացնելու և դրա վերաբերյալ վարչական մարմնի կամ վարույթի մասնակիցների ու այլ մարմինների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու կամ պարզաբանումներ տալու ժամանակ կատարված ծախսերը։
Փորձագետի ընդհանուր ծախսերը որոշվում են սույն կետով նախատեսված աշխատանքների համար նրա կողմից ծախսված յուրաքանչյուր մեկ ժամի դիմաց 295 դրամի չափով։
Վարչական մարմնում փորձագետի ծախսած ժամերի թիվը պարզելու համար կիրառվում են սույն կարգի 16-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունների դրույթները։ Ժամերի թիվը ճշգրտվում է վարչական մարմնի հետ։
9. Փորձագետը փորձաքննություն կատարելու համար վարձատրություն ստանալու նպատակով կազմում է փորձաքննության համար կատարված` սույն կարգի 10-րդ կետով նախատեսված բոլոր ծախսերի նախահաշիվը` փորձաքննության համար ծախսած ժամերի թվի նշմամբ։ Ընդ որում, բուն փորձաքննության կատարման համար ծախսված ժամերի թիվը և վարչական մարմնում փորձագետի հանդես գալու ընթացքում ծախսված ժամերի թիվը նշվում են առանձին-առանձին։
Նախահաշվում նշվում են նաև վարչական վարույթի անվանումը, որում ներգրավվել է փորձագետը, նրա անունը, հայրանունը և ազգանունը։ Նախահաշիվը` փորձագետի ստորագրությամբ, իսկ եթե փորձաքննություն կատարելու համար վարչական մարմինը դիմել է որևէ կազմակերպության, ապա նաև` տվյալ կազմակերպության ղեկավարի (նրան փոխարինող պաշտոնատար անձի) ստորագրությամբ և այդ կազմակերպության կնիքով հաստատված, ներկայացվում է վարչական վարույթ իրականացնող վարչական մարմնի ղեկավարին (նրան փոխարինող պաշտոնատար անձին)։
Եթե փորձաքննությունը կատարվել է մի քանի փորձագետների մասնակցությամբ, ապա փորձաքննության ծախսերի նախահաշիվն ստորագրում են բոլոր փորձագետները՝ առանձին նշելով նրանցից յուրաքանչյուրի կողմից կատարված ծախսերի չափը։
10. Եթե փորձաքննություն կատարելու համար ներգրավված անձը կատարել է նաև տրանսպորտային, գիշերավարձի և օրապահիկի ծախսեր, ապա նախահաշվում նշվում են նաև այդ ծախսերի չափերը։ Հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում դրանք կցվում են փորձաքննության ծախսերի նախահաշվին։
Փորձագետի կատարած տրանսպորտային ծախսերը հաշվարկվում են սույն կարգով վկայի համար նախատեսված տրանսպորտային ծախսերի հաշվարկման պայմաններին, իսկ գիշերավարձի և օրապահիկի ծախսերը՝ սույն կարգի V բաժնի դրույթներին համապատասխան։
11. Եթե փորձագետներից որևէ մեկը համաձայն չէ փորձաքննություն կատարելու համար առաջարկված վճարի չափի (չափերի) հետ, ապա, ստորագրելով նախահաշիվը, նշում է անհամաձայնության պատճառը (պատճառները) և իր կողմից ընդունելի համարվող չափը (չափերը)։
Եթե մինչև փաստացի վճարման պահը նախկինում անհամաձայնություն հայտնած փորձագետի (փորձագետների) և մյուս փորձագետի (փորձագետների) միջև ձեռք է բերվել փորձաքննություն կատարելու համար նրանցից յուրաքանչյուրի ծախսերի չափերի շուրջ փոխհամաձայնություն, ապա դա պետք է արտացոլվի բոլոր փորձագետների կողմից ստորագրված` ճշգրտված նախահաշվում, որին պետք է կցվի սկզբնական նախահաշիվը։
Եթե փորձագետները մինչև փաստացի վճարման պահը փորձաքննություն կատարելու համար ձեռք չեն բերում իրենցից յուրաքանչյուրի կատարած ծախսերի չափերի շուրջ փոխհամաձայնություն, ապա դրանց չափերը որոշում է վարչական վարույթ իրականացնող վարչական մարմինը՝ դրա վերաբերյալ իր գրավոր հիմնավորումը կցելով ծախսերի նախահաշվին։
Վարչական վարույթ իրականացնող վարչական մարմինը ծախսերի չափերը որոշելիս կարող է ճշգրտել այն ծախսերի չափերը, որոնք նա նշել է սույն կարգի 26-րդ կետին համապատասխան ներկայացված հայտում, ընդ որում, չափերի միագումար արժեքը չպետք է տարբերվի հայտում ներկայացված չափերի միագումար արժեքից։
12. Եթե վարչական մարմնի կողմից նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն, ապա դրա դիմաց վարձատրություն տալու համար համապատասխան փաստաթղթերը, սույն կարգի համաձայն, կազմվում են սկզբնական (նախորդ) փորձաքննությանը վերաբերող փաստաթղթերից առանձին։
III. ԹԱՐԳՄԱՆՉԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
13. Թարգմանչի կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը կատարվում է թարգմանությունն ավարտվելուց հետո, իսկ եթե այն կատարվել է մի քանի անգամ և տարբեր օրերում՝ վերջին անգամ կատարված թարգմանությունից հետո։
14. Թարգմանչին վճարելու համար հիմք է ընդունվում թարգմանություն կատարելու նպատակով վարչական վարույթում ներգրավվելու ամբողջ ժամանակը, որի ընթացքում նա կատարել է փաստացի թարգմանություն։
Թարգմանության ժամերի թիվը համաձայնեցվում է վարչական մարմնի հետ, որն արտացոլվում է այդ մարմնի պաշտոնատար անձի և թարգմանչի ստորագրությամբ հաստատված նախահաշվում, որում նշվում են թարգմանչի անունը, հայրանունը, ազգանունը, թարգմանության տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե թարգմանությունը կատարվել է մի քանի օրում), թարգմանության ժամերի թիվը (եթե թարգմանությունը կատարվել է մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի) և վճարման ենթակա գումարի չափը, վարչական մարմնի անվանումն ու վարչական վարույթի անվանումը, որով անձը ներգրավվել է որպես թարգմանիչ։
15. Եթե թարգմանություն կատարելու համար հրավիրված անձը կատարել է նաև տրանսպորտային, գիշերավարձի և օրապահիկի ծախսեր, ապա նախահաշվում նշվում են նաև այդ ծախսերի չափերը։ Հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում դրանք կցվում են թարգմանության ծախսերի նախահաշվին։
Թարգմանչի կատարած տրանսպորտային ծախսերը հաշվարկվում են սույն կարգով վկայի համար նախատեսված տրանսպորտային ծախսերի հաշվարկման պայմաններին, իսկ գիշերավարձի և օրապահիկի ծախսերը՝ սույն կարգի V բաժնի դրույթներին համապատասխան։
16. Թարգմանչին թարգմանչական աշխատանքի համար վճարվելիք գումարի չափը որոշվում է մեկ ժամ թարգմանության դիմաց 1000 դրամի հաշվարկով։ Ընդ որում, եթե թարգմանության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի։
17. Եթե թարգմանությունը կատարվել է մեկից ավելի թարգմանիչների կողմից, ապա նրանց հասանելիք ծախսերի նախահաշիվը, սույն կարգի համաձայն, կազմվում է յուրաքանչյուր թարգմանչի համար` առանձին։
IV. ՎԿԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. Վարչական վարույթում ներգրավված վկային հատուցման ենթակա են տրանսպորտային ծախսերը, որոնք վկան կատարել է վարչական մարմին ներկայանալու նպատակով դրա գտնվելու վայր մեկնելու և վերադառնալու համար ընդհանուր նշանակության միջքաղաքային տրանսպորտից օգտվելիս։
Վկային հատուցվում են նաև նրա կատարած գիշերավարձի ծախսերը՝ սույն կարգի V բաժնի դրույթներին համապատասխան։
19. Տրանսպորտային ծախսերը հաշվարկելու համար հիմք է ընդունվում վկայի՝ վարչական մարմին ներկայանալու համար վարչական մարմնի գտնվելու վայր մեկնելու փաստը հաստատող տոմսի վրա նշված արժեքի կրկնակի չափը, իսկ տոմսի բացակայության դեպքում՝ վկայի մշտական բնակության վայրից կամ այն վայրից, որտեղ նա առավելապես բնակվում է, մինչև վարչական մարմնի գտնվելու վայր ընդհանուր նշանակության միջքաղաքային ավտոտրանսպորտից, իսկ դրա բացակայության դեպքում՝ այլ տեսակի միջքաղաքային տրանսպորտից օգտվելու համար սահմանված կարգով հաստատված երթևեկության տոմսի արժեքի կրկնակի չափը։
20. Եթե վկան տվյալ վարչական վարույթին մասնակցել է տարբեր օրեր և յուրաքանչյուր օր ներկայացել է վարչական մարմնի գտնվելու վայր և վերադարձել իր մշտական բնակության վայրը կամ այն վայրը, որտեղ առավելապես բնակվում է, և յուրաքանչյուր օրվա համար վարույթն իրականացնող վարչական մարմին է ներկայացնում մեկնելու և վերադարձի՝ ընդհանուր նշանակության միջքաղաքային տրանսպորտից օգտվելու փաստը հաստատող երթևեկության տոմսեր, ապա նրան վճարվում է բոլոր օրերի համար կատարված տրանսպորտային ծախսերի ընդհանուր գումարի չափով։
21. Եթե տվյալ վարչական վարույթին մասնակցել են մեկից ավելի վկաներ, ապա նրանց հատուցման ենթակա ծախսերը, սույն կարգի համաձայն, որոշվում են յուրաքանչյուր վկայի համար` առանձին։
V. ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ԵՎ ՕՐԱՊԱՀԻԿԻ ԾԱԽՍԵՐԸ
22. Եթե փորձաքննություն կամ թարգմանություն կատարելու կամ որպես վկա ցուցմունք տալու համար համապատասխան վարչական վարույթում ներգրավված անձը կատարել է նաև գիշերավարձի ծախսեր, ապա դրանք ենթակա են հատուցման։
23. Գիշերավարձի ծախսերը ենթակա են հատուցման` այդ ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, բայց 10000 դրամից ոչ ավելի։
Վարչական վարույթում որպես փորձագետ, թարգմանիչ կամ վկա ներգրավված անձին հատուցվում է նաև օրապահիկի ծախսը՝ գիշերավարձի ծախսերը հաստատող փաստաթղթեր ներկայացվելու դեպքում՝ յուրաքանչյուր օրվա համար 2000 դրամի չափով, հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ օրական 1300 դրամի չափով։
24. Սույն կարգին համապատասխան` գիշերավարձի և օրապահիկի ծախսերն այն ծախսերն են, որոնք փորձագետը, թարգմանիչը կամ վկան կատարել են համապատասխան վարչական վարույթին օրենքով և սույն կարգին համապատասխան մասնակցելու կապակցությամբ` իրենց մշտական բնակության վայրից դուրս վարչական վարույթ իրականացնող վարչական մարմնի գտնվելու վայրում գիշերելու և մնալու պատճառով։
VI. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
25. Սույն կարգին համապատասխան փորձագետին, թարգմանչին և վկային վարձատրություն կամ վճարում է կատարվում`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից, եթե նշված անձինք ներգրավվել են օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված վարչական մարմինների կողմից հարուցված վարչական վարույթում.
բ) համապատասխան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից, եթե նշված անձինք ներգրավվել են օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված վարչական մարմինների կողմից հարուցված վարչական վարույթում։
26. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից համապատասխան հատկացումներ ստանալու նպատակով վարույթն իրականացրած վարչական մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հայտ, որում պետք է նշվեն՝
ա) վարույթը, որի առնչությամբ հայցվում է համապատասխան գումարի հատկացումը, և կատարած աշխատանքը, ինչի համար նախատեսվում է դրա հատկացումը (փորձաքննություն, թարգմանություն, որպես վկա հանդես գալ)։
Եթե հայտում նշվում է նաև փորձաքննություն կատարելու համար մի քանի փորձագետների վարձատրություն տալու մասին և հայտ ներկայացնելու պահին նրանց միջև ձեռք չի բերվել նրանցից յուրաքանչյուրին վճարման ենթակա գումարի չափերի շուրջ փոխհամաձայնություն, ապա վարչական մարմինը հայտում նշում է նրանցից յուրաքանչյուրին վճարման ենթակա գումարների այն չափերը, որոնք ինքն է հիմնավոր համարում։
Եթե միևնույն վարչական վարույթով նշանակվել է նաև լրացուցիչ փորձաքննություն, ապա սկզբնական և լրացուցիչ փորձաքննությունների մասին սույն կետով նախատեսված տվյալները ներկայացվում են առանձին.
բ) փորձագետի, թարգմանչի կամ վկայի անունները, հայրանունները, ազգանունները, որոնց վարձատրություն կամ վճարում է կատարվելու, և հատկացվելիք գումարի չափը։
Յուրաքանչյուր վարույթի համար ներկայացվում է միայն մեկ հայտ։
Եթե միևնույն վարույթում ներգրավվել է փորձագետ, թարգմանիչ և վկա, ապա սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տվյալները հայտում նշվում են նրանցից յուրաքանչյուրի համար` առանձին։
27. Վարույթն իրականացրած վարչական մարմնի հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ապահովում է դրանով նախատեսված գումարների` սահմանված կարգով հատկացումը հայտը ներկայացրած վարչական մարմնին։
Վարույթն իրականացրած վարչական մարմինը հատկացումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում ապահովում է համապատասխան գումարների` սահմանված կարգով վճարումը փորձագետին, թարգմանչին և վկային։
28. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված վարչական մարմնի կողմից վարչական վարույթում ներգրավված փորձագետին, թարգմանչին ու վկային տվյալ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից սույն կարգով նախատեսված պայմաններով և չափերով վարձատրություն կամ վճարում է կատարվում համապատասխան համայնքի ղեկավարի սահմանած կարգով՝ տվյալ վարչական վարույթն ավարտվելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |