Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԲԱՆ
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
ա) վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ հռչակված սկզբունքները, որոնք մարդկային ընտանիքի բոլոր անդամներին բնորոշ արժանապատվությունն ու արժեքները և նրանց հավասար ու անօտարելի իրավունքներն ընդունում են որպես աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմք,
բ) գիտակցելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագրերում Միավորված ազգերի կազմակերպությունը հռչակել և հաստատել է, որ յուրաքանչյուր ոք օժտված է դրանցում ամրագրված իրավունքներով և ազատություններով` առանց որևէ տարբերակման,
գ) վերահաստատելով մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների համընդհանրությունը, անօտարելիությունը, փոխկախվածությունը և փոխկապվածությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց` առանց խտրականության դրանցից ամբողջությամբ օգտվելը երաշխավորելու անհրաժեշտությունը,
դ) վկայակոչելով «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիան, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան և «Բոլոր ներգաղթած աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիան,
ե) գիտակցելով, որ հաշմանդամությունը էվոլյուցիոն երևույթ է, և որ այն արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և վերաբերմունքի ու շրջապատի սահմանափակումների միջև, որոնք խոչընդոտում են նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքում,
զ) գիտակցելով հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող գործողությունների համաշխարհային ծրագրում և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման մասին ընդունված կանոններում ընդգրկված սկզբունքների ու քաղաքականության մասին ուղեցույցների անհրաժեշտությունը` կապված հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների հետագա ապահովմանը նպաստելուն ուղղված ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրականացվող քաղաքականությունների, նախագծերի, ծրագրերի ու գործողությունների զարգացման, կազմակերպման և գնահատման վրա դրանց հնարավոր ազդեցության հետ,
է) շեշտելով հաշմանդամության խնդիրները դիտարկելու անհրաժեշտությունը որպես կայուն զարգացում ապահովող համապատասխան ռազմավարությունների բաղկացուցիչ մաս,
ը) գիտակցելով նաև, որ հաշմանդամության պատճառով խտրականությունը ցանկացած անձի դեմ բռնություն է` ուղղված անհատի արժանապատվությանն ու արժեքներին,
թ) գիտակցելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց բազմազանությունը,
ժ) գիտակցելով բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` հատուկ խնամք պահանջող անձանց իրավունքներին նպաստելու ու դրանք պաշտպանելու անհրաժեշտությունը,
ժա) մտահոգված լինելով, որ, չնայած ձեռնարկված այսպիսի տարբեր միջոցառումներին ու գործողություններին, հաշմանդամություն ունեցող անձինք ամբողջ աշխարհում դեռևս շարունակում են հանդիպել արգելքների հասարակության մեջ որպես լիիրավ անդամներ մասնակցություն ունենալու և իրենց իրավունքների ոտնահարման առումով,
ժբ) գիտակցելով յուրաքանչյուր երկրում, մասնավորապես զարգացող երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանների բարելավման նպատակով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը,
ժգ) գիտակցելով հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ընդհանուր բարեկեցությանն ու իրենց համայնքների բազմազանությանն ուղղված` կատարվող և հնարավոր հետագա նշանակալի ներդրումները, և որ հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից լիարժեքորեն օգտվելուն, ինչպես նաև մասնակցությանն աջակցելը կարող է ամրապնդել նրանց` հասարակության լիարժեք անդամ լինելու զգացումը և հանգեցնել հասարակության մեջ մարդկային, սոցիալական ու տնտեսական զարգացման նշանակալից առաջընթացին և աղքատության հաղթահարմանը,
ժդ) գիտակցելով հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ինքնուրույնության ու անկախության, ինչպես նաև ազատ ընտրության իրավունքի կարևորությունը,
ժե) նկատի առնելով, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվելու քաղաքականության ու ծրագրերի, այդ թվում` ուղղակիորեն իրենց վերաբերող վերոնշյալ ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներում,
ժզ) մտահոգված լինելով այն բարդ պայմաններով, որոնցում գտնվում են այն հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ենթարկվում են խտրականության տարբեր կամ ծանր ձևերի` կապված ռասայի, գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, սեփականության, ծննդյան, տարիքի կամ այլ կարգավիճակի հետ,
ժէ) գիտակցելով, որ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները տանը թե դրսում ավելի հաճախ են ենթարկվում բռնության, վիրավորանքի կամ անարգանքի, արհամարհական, անփույթ կամ վատ վերաբերմունքի ու շահագործման,
ժը) գիտակցելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է այլ երեխաների հետ հավասար հիմունքներով կարողանան լիարժեքորեն օգտվել մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից, և վկայակոչելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից այդ նպատակով հանձն առնված պարտավորությունները,
ժթ) շեշտելով հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից լիարժեքորեն օգտվելուն նպաստող բոլոր ծրագրերում գենդերային մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը,
ի) շեշտելով այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասն ապրում է աղքատ պայմաններում, և, այս իմաստով, գիտակցելով աղքատության բացասական ազդեցությանը դիմակայելու խիստ անհրաժեշտությունը,
իա) հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված նպատակների ու սկզբունքների նկատմամբ խորը հարգանքի և մարդու իրավունքների մասին կիրառվելիք փաստաթղթերի կատարման վրա հիմնված խաղաղության և անվտանգության պայմանները պարտադիր են հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար պաշտպանության համար. մասնավորապես զինված հակամարտությունների և օտարերկրյա զավթման ընթացքում,
իբ) գիտակցելով ֆիզիկական, սոցիալական, տնտեսական և մշակութային միջավայրի, ինչպես նաև առողջապահության ու կրթության, տեղեկատվության ու հաղորդակցության մատչելիության անհրաժեշտությունը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտրվի լիարժեքորեն օգտվելու մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից,
իգ) գիտակցելով, որ այլ անհատների ու իր համայնքի նկատմամբ պարտավորություններ ունեցող անհատը պատասխանատվություն է կրում Մարդու իրավունքների միջազգային հայտարարագրով ճանաչված իրավունքների ամրապնդմանը նպաստելու և այն պահպանելու համար,
իդ) համոզված լինելով, որ ընտանիքը հասարակության բնական ու հիմնարար խմբային միավորն է և հասարակության ու պետության կողմից պաշտպանված լինելու իրավունք ունի, և որ հաշմանդամություն ունեցող անձինք ու նրանց ընտանիքների անդամները պետք է ստանան անհրաժեշտ պաշտպանություն ու աջակցություն, որոնք ընտանիքներին հնարավորություն կտան նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց` իրավունքներից լիակատար ու հավասար օգտվելուն,
իե) համոզված լինելով, որ միջազգային համապարփակ ու միասնական կոնվենցիան, որի նպատակը կլինի օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու արժանապատվությունը և պաշտպանել դրանք, կարևոր ներդրում կունենա հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական խիստ անբարենպաստ վիճակին դիմակայելու և քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտներում հավասար հնարավորություններով նրանց մասնակցությունն ապահովելու հարցում և՛ զարգացող, և՛ զարգացած երկրներում,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
Հոդված 1
Նպատակը
Սույն Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, որոնք երկար ժամանակ տառապում են ֆիզիկական, հոգեկան, մտավոր և նյարդային հիվանդություններով, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիակատար և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով:
Հոդված 2
Սահմանումները
Սույն Կոնվենցիայի նպատակներով.
«Հաղորդակցում»-ը ներառում է լեզուները և տեքստերը, Բրայլի համակարգը, շոշափման միջոցով հաղորդակցումը, խոշոր տառատեսակները, տեղեկատվության մատչելի ու բազմազան միջոցները (մուլտիմեդիաները), ինչպես նաև տպագիր նյութերի, լսողական միջոցների, դյուրըմբռնելի լեզվի, ընթերցողների, նաև հաղորդակցության ուժեղացուցիչ և այլընտրանքային մեթոդների, միջոցների ու ձևաչափերի, այդ թվում` տեղեկատվական և հաղորդակցական մատչելի տեխնոլոգիաների կիրառումը:
«Լեզու»-ն ներառում է խոսակցական և շարժուձևերի լեզուն, ինչպես նաև ոչ խոսակցական լեզվի այլ ձևերը:
«Խտրականություն հաշմանդամության պատճառով» նշանակում է` հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որոնց նպատակն է սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կիրառումը կամ դրանցից օգտվելը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում` մյուսների հետ հավասար հիմունքներով: Այն ընդգրկում է խտրականության բոլոր ձևերը` ներառյալ անհրաժեշտ հնարավորությունների տրամադրման մերժումը:
«Անհրաժեշտ հնարավորություններ» նշանակում է` անհրաժեշտ հատուկ դեպքերում համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում, որոնք չեն պահանջում անտեղի ջանքեր, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը:
«Համընդհանուր ձևավորում» նշանակում է` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների ձևավորում, որը դրանք առավելագույնս գործածելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց դրանց հարմարվելու կամ հատուկ ձևավորման անհրաժեշտության: «Համընդհանուր ձևավորում»-ն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար նախատեսված օժանդակող պարագաները դրանց անհրաժեշտության դեպքում:
Հոդված 3
Ընդհանուր սկզբունքները
Սույն Կոնվենցիայի սկզբունքներն են.
ա. հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության, ազատ ընտրության և անձի անկախության իրավունքի նկատմամբ.
բ. խտրականության բացառում.
գ. հանրային կյանքում լիակատար և արդյունավետ մասնակցություն և ներգրավվածություն.
դ. հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց` որպես մարդկային բազմազանության և մարդկության մաս ընդունելը,
ե. հնարավորությունների հավասարություն.
զ. մատչելիություն.
է. հավասարություն տղամարդկանց և կանանց միջև.
ը. հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների նկատմամբ և հարգանք հաշմանդամ երեխաների` իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ:
Հոդված 4
Ընդհանուր պարտավորությունները
1. Մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության: Այս նպատակով մասնակից պետությունները պարտավորվում են.
ա. ձեռնարկել համապատասխան օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքների իրականացման համար.
բ. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ օրենսդրության ընդունումը, փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու համար գործող այն օրենքները, կանոնակարգերը, սովորույթները և գործելակերպերը, որոնցում առկա է խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ.
գ. հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների պաշտպանությունը և աջակցել դրանց իրականացմանը ռազմավարությունների և ծրագրերի միջոցով.
դ. ձեռնպահ մնալ սույն Կոնվենցիային հակասող ցանկացած գործողության կամ գործընթացի մասնակցելուց և ապահովել, որ պետական իշխանություններն ու հաստատությունները գործեն սույն Կոնվենցիայի համաձայն.
ե. ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` բացառելու համար հաշմանդամության պատճառով խտրականությունը որևէ անձի, կազմակերպության կամ մասնավոր ձեռնարկության կողմից.
զ. նախաձեռնել և նպաստել սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված` համընդհանուր ձևավորում ունեցող ապրանքների, ծառայությունների, սարքավորումների և հաստատությունների վերաբերյալ հետազոտություններին և զարգացումներին, որոնք կպահանջեն նվազագույն հարմարեցում և ծախսեր` բավարարելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ կարիքները, կխթանեն դրանց մատչելիությունն ու գործածումը, ինչպես նաև կնպաստեն համընդհանուր ձևավորման կիրառմանը չափորոշիչներ ու ուղեցույցներ մշակելիս.
է. նախաձեռնել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություններ և զարգացումներ և նպաստել դրանց, ինչպես նաև խթանել դրանց մատչելիությունն ու գործածումը, ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, շարժունակություն ապահովող պարագաները, սարքերը և օժանդակող տեխնոլոգիաները, որոնք համապատասխանում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նախընտրելով նվազագույն ծախսեր պահանջող տեխնոլոգիաներ.
ը. հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղեկատվություն տրամադրել շարժունակություն ապահովող պարագաների, սարքերի և օժանդակող տեխնոլոգիաների, այդ թվում` նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև օգնության այլ ձևերի, աջակցող ծառայությունների ու հարմարությունների մասին.
թ. խթանել մասնագետների ու հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող անձնակազմի ուսուցումը սույն Կոնվենցիայով սահմանված իրավունքների մասին` նպատակ ունենալով բարելավել տրամադրվող աջակցությունն ու ծառայությունները, որոնք երաշխավորված են այդ իրավունքներով:
2. Ինչ վերաբերում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներին, յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավոր է քայլեր ձեռնարկել իր առկա միջոցների առավելագույն չափով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև միջազգային համագործակցության շրջանակներում, նպատակ ունենալով աստիճանաբար հասնել այդ իրավունքների լիակատար իրականացմանը` չխախտելով սույն Կոնվենցիայով սահմանված պարտավորությունները, որոնք ենթակա են անհապաղ կատարման` միջազգային իրավունքի համաձայն:
3. Սույն Կոնվենցիայի կիրարկման համար օրենսդրություն և ռազմավարություններ մշակելիս ու իրականացնելիս, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ն առնչվող հիմնահարցերի վերաբերյալ այլ որոշումներ կայացնելիս մասնակից պետությունները պետք է խորհրդակցեն հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների հետ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների միջոցով, և ակտիվորեն ներգրավեն նրանց այդ գործընթացներում:
4. Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չի ազդում այնպիսի դրույթների վրա, որոնք առավել նպաստավոր են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրականացման համար, և որոնք ընդգրկված են որևէ մասնակից պետության օրենսդրության մեջ կամ տվյալ պետության համար գործող միջազգային իրավունքի նորմերում: Չպետք է սահմանափակվի կամ խախտվի մարդու որևէ իրավունք կամ հիմնարար ազատություն, ընդունված կամ գործող սույն Կոնվենցիայի մասնակից պետություններում` օրենսդրության, կոնվենցիաների, կանոնակարգերի կամ սովորույթների համաձայն, այն պատճառաբանությամբ, որ սույն Կոնվենցիան չի ճանաչում այդ իրավունքներն ու ազատությունները կամ ճանաչում է ավելի պակաս չափով:
5. Սույն Կոնվենցիայի դրույթները տարածվում են դաշնային պետությունների բոլոր մասերի վրա` առանց որևէ սահմանափակման կամ բացառության:
Հոդված 5
Հավասարությունը և խտրականության բացառումը
1. Մասնակից պետությունները գիտակցում են, որ բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ և օրենքի համաձայն և իրավունք ունեն, առանց որևէ խտրականության, մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինելու օրենքով և օգտվելու օրենքից:
2. Մասնակից պետությունները պետք է արգելեն հաշմանդամության պատճառով ցանկացած խտրականություն և ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար և արդյունավետ իրավական պաշտպանվածությունը ցանկացած հիմքով խտրականությունից:
3. Հավասարության հաստատմանն աջակցելու և խտրականությունը վերացնելու նպատակով մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը` ապահովելու համար անհրաժեշտ հնարավորությունների տրամադրումը:
4. Հատուկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձանց փաստացի հավասարություն հաստատելու գործընթացն արագացնելու և դրան հասնելու համար, չեն համարվում խտրականություն` սույն Կոնվենցիայի պայմանների համաձայն:
Հոդված 6
Հաշմանդամություն ունեցող կանայք
1. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ենթարկվում են խտրականության բազմաթիվ ձևերի, և այս նպատակով միջոցներ են ձեռնարկում` ապահովելու համար նրանց` մարդու բոլոր իրավունքներից և հիմնարար ազատություններից լիակատար և հավասար օգտվելը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովեն կանանց լիակատար զարգացումը, առաջխաղացումը և հնարավորությունների մեծացումը` նպատակ ունենալով երաշխավորել նրանց` սույն Կոնվենցիայում ամրագրված` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումն ու դրանցից օգտվելը:
Հոդված 7
Հաշմանդամություն ունեցող երեխաները
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ուեցող երեխաների` մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով օգտվելը:
2. Հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող բոլոր գործողություններում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ:
3. Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովում են իրենց վերաբերող հարցերի շուրջ կարծիքներն ազատ արտահայտելու իրավունքով, նրանց տեսակետներին տրվում է տարիքին ու հասունությանը համապատասխան կշիռ մյուս երեխաներին հավասար հիմունքներով, և այդ իրավունքն իրականացնելու համար տրամադրվում է հաշմանդամությանը անհրաժեշտ ու տարիքին համապատասխան աջակցություն:
Հոդված 8
Իրազեկվածության բարձրացումը
1. Մասնակից պետությունները պարտավորվում են անհապաղ, արդյունավետ և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել.
ա. բարձրացնելու համար հասարակության, այդ թվում` ընտանիքում, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և հարգանք սերմանելու համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության նկատմամբ.
բ. պայքարելու համար հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող, նաև սեռային ու տարիքային առանձնահատկություններով պայմանավորված կարծրատիպերի, նախապաշարմունքների և վնասակար ավանդույթների դեմ կյանքի բոլոր բնագավառներում.
գ. բարձրացնելու համար իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց ունակությունների ու ներդրումների վերաբերյալ:
2. Այս նպատակով իրականացվող միջոցառումները ներառում են.
ա. հասարակության իրազեկվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ քարոզարշավներ նախաձեռնելու և իրականացնելու գործընթացները, որոնց նպատակն է.
(i) խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ճանաչումը,
(ii) նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց դրական կերպով ընկալելու և նրանց մասին սոցիալական իրազեկվածության ավելի բարձր մակարդակ ապահովելու խնդիրներին,
(iii) բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց հմտությունների, առավելությունների և ունակությունների, ինչպես նաև աշխատավայրում և աշխատուժի շուկայում նրանց ներդրումների վերաբերյալ.
բ. հարգալից վերաբերմունքի սերմանումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նկատմամբ կրթական համակարգի բոլոր մակարդակներում, այդ թվում` երեխաների մեջ, դեռ վաղ հասակից.
գ. լրատվամիջոցներին աջակցումը, որպեսզի վերջիններս ներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց սույն Կոնվենցիայի նպատակներին համապատասխան.
դ. հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ուսուցողական ծրագրեր իրականացնելուն օժանդակելը:
Հոդված 9
Մատչելիությունը
1. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներն ու համակարգերը, ինչպես նաև այլ հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը և´ քաղաքներում, և´ գյուղական վայրերում: Այս միջոցները, որոնք ներառում են խոչընդոտների և արգելքների բացահայտումը և վերացումը, կիրառվում են մասնավորապես.
ա) կառույցների, ճանապարհների, փոխադրամիջոցների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկական հաստատությունների և աշխատավայրերի նկատմամբ.
բ) տեղեկատվության, հաղորդակցության և այլ ծառայությունների նկատմամբ, ներառյալ էլեկտրոնային ծառայությունները:
2. Մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում նաև.
ա. մշակելու, տարածելու և վերահսկելու համար հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարությունների և ծառայությունների մատչելիությունն ապահովող նվազագույն չափորոշիչների և ուղեցույցների իրականացումը.
բ. ապահովելու համար, որ հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարություններ կամ ծառայություններ մատուցող մասնավոր ձեռնարկությունները հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության բոլոր կողմերը.
գ. որ շահագրգիռ կողմերի համար կազմակերպեն ուսուցողական դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացող մատչելիության հիմնահարցերի վերաբերյալ.
դ. հանրային նշանակության կառույցներում և հաստատություններում կիրառելու համար Բրայլի համակարգը և դյուրընթեռնելի ու հասկանալի նշաններ.
ե. տրամադրելու համար օգնության տարբեր ձևեր, այդ թվում` ուղեկցողներ, ընթերցողներ ու նշանների լեզվի մասնագետ թարգմանիչներ` կառույցների և հասարակական նշանակության այլ հաստատությունների մատչելիությունն ապահովելու համար.
զ. մշակելու համար օգնության ու աջակցության համապատասխան այլ ձևեր հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.
է. որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովեն տեղեկատվական ու հաղորդակցական նոր տեխնոլոգիաների ու համակարգերի, այդ թվում` ինտերնետի մատչելիությունը.
ը. օժանդակելու համար տեղեկատվական ու հաղորդակցական մատչելի տեխնոլոգիաների ու համակարգերի նախագծմանը, մշակմանը, արտադրությանը և տարածմանը վաղ փուլում, որպեսզի նման տեխնոլոգիաները և համակարգերը հասանելի դառնան նվազագույն ծախսերով:
Հոդված 10
Կյանքի իրավունքը
Մասնակից պետությունները վերահաստատում են, որ յուրաքանչյուր մարդկային էակ ունի կյանքի իրավունք, և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` այս իրավունքից արդյունավետ կերպով օգտվելը մյուսների հետ հավասար հիմունքներով:
Հոդված 11
Վտանգավոր իրավիճակները և արտակարգ հումանիտար իրավիճակները
Մասնակից պետությունները, միջազգային իրավունքով սահմանված իրենց պարտավորություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և ապահովությունը վտանգավոր իրավիճակներում, այդ թվում` զինված հակամարտությունների, արտակարգ հումանիտար իրավիճակների և բնական աղետների դեպքում:
Հոդված 12
Օրենքի առաջ հավասարությունը
1. Մասնակից պետությունները վերահաստատում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ամենուր ունեն իրավահավասար պաշտպանության իրավունք:
2. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով ունեն իրավունակություն կյանքի բոլոր ոլորտներում:
3. Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնեն այն աջակցությունը, որը կարող է պահանջվել նրանց իրավունակությունը կիրառելիս:
4. Մասնակից պետություններն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն առնչվող միջոցներով սահմանվեն համապատասխան և արդյունավետ երաշխիքներ` կանխելու համար չարաշահումները` մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն: Նման երաշխիքներն ապահովում են, որ իրավունակության կիրառմանն ուղղված միջոցներով հարգվեն անձի իրավունքները, կամքն ու նախասիրությունները, զերծ լինեն շահերի բախումից և չափից մեծ ազդեցությունից, համահունչ լինեն անհատի անձնական հանգամանքներին և մշակվեն դրանց համապատասխան, կիրառվեն հնարավորինս կարճ ժամկետներում և ենթարկվեն կանոնավոր վերահսկողության իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատական մարմնի կողմից: Այս երաշխիքները պետք է համահունչ լինեն այն ազդեցությանը, որ նման միջոցները գործում են անձի իրավունքների ու շահերի վրա:
5. Սույն հոդվածի դրույթների համաձայն` մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքը իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու և բանկային վարկերից, հիպոտեկից և ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու համար, ինչպես նաև երաշխավորում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք կամայականորեն չեն զրկվի իրենց սեփականությունից:
Հոդված 13
Արդարադատության մատչելիությունը
1. Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովում են արդարադատության մատչելիությամբ` տրամադրելով նաև ընթացակարգային ու տարիքին համապատասխան այնպիսի հնարավորություններ, որոնք հնարավորություն կտան ապահովելու նրանց արդյունավետ մասնակցությունը, որպես ուղղակի կամ անուղղակի մասնակիցներ, ինչպես նաև` որպես վկաներ, դատական բոլոր ընթացակարգերին, նաև` քննչական և այլ նախնական փուլերում:
2. Որպեսզի աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը, մասնակից պետությունները պետք է կազմակերպեն համապատասխան ուսուցողական դասընթացներ արդարադատության վարչական համակարգի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության և կալանավայրերի անձնակազմերի համար:
Հոդված 14
Անձի ազատությունը և անվտանգությունը
1. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով.
ա. օգտվեն անձի ազատության և անվտանգության իրավունքից.
բ. չազատազրկվեն անօրինական կամ կամայական կերպով, և որ ցանկացած ազատազրկում լինի օրենքի համաձայն, ինչպես նաև` որ ազատազրկումը ոչ մի դեպքում չհիմնավորվի հաշմանդամությամբ:
2. Մասնակից պետություններն ապահովում են, որ եթե հաշմանդամություն ունեցող անձինք ազատազրկվեն դատական որևէ գործընթացի արդյունքում, ապա նրանք այլ անձանց հետ հավասար հիմունքներով ունենան մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան տրվող երաշխիքների իրավունք, և նրանց վերաբերվեն սույն Կոնվենցիայի նպատակներին ու սկզբունքներին համաձայն` տրամադրելով նաև անհրաժեշտ հնարավորություններ:
Հոդված 15
Խոշտանգումներից կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից ազատումը
1. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մասնավորապես, ոչ ոք չպետք է առանց իր համաձայնության ենթարկվի բժշկական կամ գիտական փորձերի:
2. Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն արդյունավետ օրենսդրական, վարչական, դատական կամ այլ միջոցներ` կանխելու համար, որ համշանդամություն ունեցող անձինք, այլ անձանց հետ հավասար հիմունքներով, չենթարկվեն խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Հոդված 16
Շահագործումից, բռնությունից և դաժան վերաբերմունքից ազատումը
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ համապատասխան միջոցներ` շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում` հաշվի առնելով նաև հարցի գենդերային կողմերը:
2. Մասնակից պետությունները պետք է նաև համապատասխան միջոցներ ձեռնարկեն` կանխելու համար շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը` հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքներին ու խնամողներին ապահովելով, մասնավորապես, գենդերային և տարիքային առանձնահատկություններով պայմանավորված աջակցությամբ և օժանդակությամբ, ինչպես նաև նրանց տրամադրելով տեղեկատվություն, ուսուցանելով` ինչպես խուսափել շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի երևույթներից, սահմանել դրանք և հայտնել նման դեպքերի մասին: Մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ պաշտպանական ծառայությունները լինեն տարիքային, սեռային և հաշմանդամության տեսակին առանձնահատկությունները:
3. Շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի ցանկացած երևույթ կանխելու նպատակով մասնակից պետությունները պետք է ապահովեն, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող բոլոր միջոցառումներն ու ծրագրերը արդյունավետ կերպով վերահսկվեն անկախ մարմինների կողմից:
4. Մասնակից պետությունները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն` աջակցություն ցուցաբերելու համար շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի զոհ դարձած հաշմանդամություն ունեցող անձին ֆիզիկական, մտավոր ու հոգեկան բուժման, վերականգնման և սոցիալական ինտեգրման հարցերում, ինչպես նաև` պաշտպանության ծառայություններ տրամադրելու միջոցով: Նման վերականգնումն ու ինտեգրումը պետք է իրականացվեն տվյալ անձի առողջության, բարեկեցության, նրա նկատմամբ հարգանքի, արժանապատվության և ինքնուրույնության համար նպաստավոր միջավայրում, որտեղ նաև հաշվի կառնվեն գենդերային ու տարիքային առանձնահատկություններով պայմանավորված կարիքները:
5. Մասնակից պետություններն արդյունավետ կերպով կիրարկում են օրենսդրություն և իրականացնում ռազմավարություն, այդ թվում` կանանց ու երեխաներին վերաբերող օրենսդրություն և ռազմավարություն, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց դեմ կիրառված շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի ցանկացած դեպքի բացահայտումը, հետաքննումը, անհրաժեշտության դեպքում` նաև դատապարտումը:
Հոդված 17
Անձի անձեռնմխելիությունը
Յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձ մյուսների հետ հավասար հիմունքներով ունի հարգանքի իրավունք իր ֆիզիկական և մտավոր անձեռնմխելիության նկատմամբ:
Հոդված 18
Տեղաշարժվելու ազատությունը և քաղաքացիությունը
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսներին հավասար հիմունքներով ազատ տեղաշարժվելու, իրենց բնակության վայրի և քաղաքացիության ազատ ընտրության իրավունքները, ինչպես նաև ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք.
ա. իրավունք ունենան քաղաքացիություն ստանալ և փոխել, կամայականորեն կամ հաշմանդամության պատճառով չզրկվեն իրենց քաղաքացիությունից.
բ. հաշմանդամության պատճառով չզրկվեն իրենց քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթեր ստանալու, տնօրինելու և օգտագործելու, ինչպես նաև համապատասխան գործընթացներից օգտվելու հնարավորությունից, ինչպես, օրինակ, ներգաղթի ընթացակարգերն են, որոնք կարող են անհրաժեշտ լինել ազատ տեղաշարժի իրավունքը իրականացնելիս.
գ. ազատ լինեն հեռանալու ցանկացած երկրից, ներառյալ` իրենց հայրենիքից.
դ. կամայականորեն կամ հաշմանդամության պատճառով չզրկվեն իրենց հայրենիք մուտք գործելու իրավունքից:
2. Հաշմանդամություն ունեցող երեխաները գրանցվում են ծնվելուց անմիջապես հետո, ի ծնե ունեն անուն ու քաղաքացիություն ստանալու իրավունք և, հնարավորության դեպքում, իրենց ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի տակ գտնվելու իրավունք:
Հոդված 19
Անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` համայնքում ապրելու հավասար իրավունքը` մյուսների հետ հավասար հիմունքներով ընտրության հնարավորությամբ, ձեռնարկում են արդյունավետ և համապատասխան միջոցներ` օժանդակելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` այս իրավունքից լիակատար օգտվելուն, նրանց լիարժեք ներգրավվածությանը և մասնակցությանը համայնքում, ինչպես նաև ապահովում են, որ.
ա. հաշմանդամություն ունեցող անձանց մյուսների հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը, որտեղ և ում հետ են ապրելու, ստիպված չլինեն ապրել բնակության ինչ-որ պայմաններում.
բ. հաշմանդամություն ունեցող անձինք օգտվեն մի շարք ներտնային, բնակության հետ կապված և համայնքային աջակցության այլ ծառայություններից և ստանան համայնքում ապրելու և ներգրավվելու, ինչպես նաև համայնքից չմեկուսացվելու համար անհրաժեշտ անձնական աջակցություն.
գ. բնակչության համար նախատեսված համայնքային ծառայությունները և հնարավորությունները հավասարապես հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց և համապատասխանեն նրանց կարիքներին:
Հոդված 20
Անհատական շարժունակությունը
Մասնակից պետությունները ձեռնարկում են արդյունավետ միջոցներ, որպեսզի ապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ինքնուրույն շարժունակությունը, այդ թվում.
ա) նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց անհատական շարժունակությանը նրանց նախընտրած միջոցներով ու պահին և մատչելի գներով.
բ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելով շարժունակություն ապահովող օժանդակ որակյալ սարքավորումները, պարագաները, օժանդակող տեխնոլոգիաները և օգնող անձանց ու միջնորդների ծառայությունները, որոնք նաև հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տրամադրվեն մատչելի գներով.
գ) շարժունակության հմտությունների վերաբերյալ դասընթացներ կազմակերպելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ աշխատող մասնագետների համար.
դ) պահանջելով շարժունակություն ապահովող օժանդակ սարքավորումներ, պարագաներ և օժանդակող տեխնոլոգիաներ արտադրող ձեռնարկություններից հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակության բոլոր ասպեկտները:
Հոդված 21
Խոսքի ու կարծիքի ազատությունը և տեղեկատվության մատչելիությունը
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան իրականացնել խոսքի ու կարծիքի ազատության իրավունքը, ինչպես նաև փնտրել, ստանալ և տարածել տեղեկություններ ու գաղափարներ մյուսների հետ հավասար հիմունքներով և հաղորդակցության իրենց նախընտրած բոլոր միջոցներով` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կարգով, այդ թվում.
ա) հաշմանդամություն ունեցող անձանց ճիշտ ժամանակին ու առանց հավելյալ ծախսերի տրամադրելով հասարակության համար նախատեսված տեղեկատվություն մատչելի ձևաչափերով և հաշանդամության տարբեր տեսակներին հատուկ տեխնոլոգիաներով.
բ) պաշտոնական հարաբերություններում ընդունելով շարժուձևերի լեզվի, Բրայլի համակարգի, հաղորդակցության ուժեղացուցիչ ու այլընտրանքային միջոցների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց նախընտրած` հաղորդակցության այլ մատչելի միջոցների, տեսակների ու ձևաչափերի օգտագործումը և նպաստելով դրան.
գ) պահանջելով հասարակությանը ծառայություններ մատուցող մասնավոր ձեռնարկություններից հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն տրամադրել և ծառայություններ մատուցել նրանց համար մատչելի և կիրառելի ձևաչափերում, նաև` ինտերնետի միջոցով.
դ) զանգվածային լրատվական միջոցներից և ինտերնետի միջոցով տեղեկատվություն տրամադրողներից պահանջելով իրենց ծառայությունները մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար.
ե) ընդունելով շարժուձևերի լեզվի օգտագործումը և նպաստելով դրան:
Հոդված 22
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքը
1. Անկախ բնակության վայրից կամ կենսաձևից` ոչ մի հաշմանդամություն ունեցող անձի անձնական կյանքը, ընտանիքը, տունը, նամակագրությունը կամ հաղորդակցության այլ ձևերը չպետք է ենթարկվեն կամայական կամ անօրինական միջամտության, կամ չպետք է անօրինական քայլեր կատարվեն նրա պատվի ու հեղինակության դեմ: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նման միջամտությունից կամ անօրինական քայլերից օրենքով պաշտպանության իրավունք:
2. Մասնակից պետությունները պետք է պաշտպանեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով ունենան անձնական, առողջական կամ վերականգնողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիություն:
Հոդված 23
Տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են արդյունավետ ու անհրաժեշտ միջոցներ` մյուսների հետ հավասար հիմունքներով վերացնելու հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը բոլոր հարցերում, որոնք վերաբերում են ամուսնությանը, ընտանիքին, հայրությանն ու մայրությանը և անձնական հարաբերություններին, որպեսզի ապահովեն, որ.
ա) ճանաչվի ամուսնության տարիքում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց` ապագա ամուսինների ազատ ու լիակատար համաձայնությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը.
բ) ճանաչվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները` ազատ ու պատասխանատու կերպով որոշելու իրենց երեխաների թիվը և նրանց ծննդյան միջև ընկած ժամանակահատվածները, տարիքին համապատասխան տեղեկատվություն, վերարտադրողական վարքագծի ու ընտանիքի պլանավորման դաստիարակություն ստանալու, ինչպես նաև տրամադրվեն սույն իրավունքների իրականացման համար անհրաժեշտ միջոցներ.
գ) հաշմանդամություն ունեցող անձինք, ներառյալ երեխաները, պաշտպանեն մայրանալու և հայրանալու իրավունքը մյուսների հետ հավասար հիմունքներով:
2. Մասնակից պետություններն ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները` կապված երեխաների խնամակալության, հովանավորության, հոգաբարձության, որդեգրման կամ նման այլ ինստիտուտների հետ, եթե տվյալ հասկացությունները գոյություն ունեն ներպետական օրենսդրության մեջ. բոլոր դեպքերում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ: Մասնակից պետությունները համապատասխան աջակցություն են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց երեխաների դաստիարակության հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս:
3. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն օգտվեն ընտանեկան կյանքի իրավունքներից: Այս իրավունքներն իրականացնելու նպատակով, և որպեսզի կանխեն այնպիսի երևույթները, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող երեխաներին թաքցնելը, լքելը, նրանց նկատմամբ պարտականությունները չկատարելը և խտրականության ենթարկելը, մասնակից պետությունները պարտավորվում են հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին վաղ փուլում տալ սպառիչ տեղեկատվություն, մատուցել ծառայություններ և ցուցաբերել աջակցություն:
4. Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան չբաժանվի ծնողներից իր կամքին հակառակ` բացի այն դեպքերից, երբ դատական հսկողություն իրականացնող մարմինները, կիրառելի օրենսդրության ու ընթացակարգերի համաձայն, որոշում են կայացնում, որ նման բաժանումն անհրաժեշտ է` ելնելով երեխայի բարձրագույն շահերից: Ոչ մի դեպքում երեխան չպետք է բաժանվի ծնողներից երեխայի կամ ծնողներից մեկի կամ երկուսի հաշմանդամության պատճառով:
5. Երբ հաշմանդամություն ուենող երեխայի ընտանիքն ի վիճակի չէ խնամելու նրան, մասնակից պետությունները քայլեր են ձեռնարկում նրան խնամելու այլ միջոցներ տրամադրելու ուղղությամբ, մասնավորապես` հեռավոր հարազատների միջոցով, իսկ նման հնարավորություն չլինելու դեպքում` տվյալ համայնքում ապրող այլ ընտանիքում տեղավորելով:
Հոդված 24
Կրթությունը
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը: Այս իրավունքն առանց խտրականության և հավասար հնարավորություններով իրականացնելու համար մասնակից պետություններն ապահովում են կրթության բոլոր ոլորտները ներառող համակարգը բոլոր մակարդակներում, ինչպես նաև` կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում` ուղղված.
ա) մարդկային ներուժի և արժանապատվության ու ինքնագնահատման լիակատար զարգացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ու մարդկային բազմազանության նկատմամբ հարգանքի ամրապնդմանը.
բ) հաշմանդամություն ունեցող անձանց անհատականության, տաղանդի ու ստեղծագործական մտքի զարգացմանը, ինչպես նաև նրանց մտավոր ու ֆիզիկական կարողությունների զարգացմանը` օգտագործելով նրանց առավելագույն հնարավորությունները.
գ) հնարավորությունների ստեղծմանը, որի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք արդյունավետ կերպով մասնակցություն կունենան ազատ հասարակության կյանքում:
2. Սույն իրավունքն իրականացնելիս մասնակից պետություններն ապահովում են, որ.
ա) հաշմանդամություն ունեցող անձինք չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից հաշմանդամության պատճառով, և որ հաշմանդամություն ունեցող երեխաները չզրկվեն անվճար ու պարտադիր` տարրական կամ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից հաշմանդամության պատճառով.
բ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի լինի համակողմանի, որակյալ ու անվճար` տարրական ու միջնակարգ կրթությունը համայնքի այլ անդամների հետ հավասար հիմունքներով.
գ) տրամադրվեն անհատի պահանջներին անհրաժեշտ հնարավորություններ.
դ) ընդհանուր կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող անձինք ստանան անհրաժեշտ աջակցություն` իրենց արդյունավետ ուսուցումն ապահովելու նպատակով.
ե) ձեռնարկվեն անհատական աջակցությանն ուղղված արդյունավետ միջոցներ այնպիսի միջավայրերում, որոնք ամբողջությամբ ներգրավելու նպատակն իրականացնելուն զուգահեռ նաև առավելագույնս կնպաստեն նրանց ուսումնական ու սոցիալական զարգացմանը:
3. Մասնակից պետությունները պետք է հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տան սովորելու կյանքի ու սոցիալական զարգացման հմտությունները` աջակցելով նրանց լիակատար ու հավասար մասնակցությանը կրթական համակարգում ու հասարակական կյանքում` որպես լիիրավ անդամներ: Այս նպատակով մասնակից պետություններն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում.
ա) նպաստելով Բրայլի համակարգի, այլընտրանքային տառատեսակների, հաղորդակցության ուժեղացուցիչ ու այլընտրանքային միջոցների ու ձևաչափերի, ինչպես նաև կողմնորոշման և շարժունակության հմտությունների ուսուցմանը, նաև հասակակիցների կողմից աջակցության ցուցաբերմանն ու ուղղորդմանը.
բ) նպաստելով շարուձևերի լեզվի ուսուցմանը և խուլերի լեզվական ինքնությանը.
գ) ապահովելով, որ կույր, խուլ կամ կույր ու խուլ անձանց, մասնավորապես երեխաների ուսուցումը կատարվի տվյալ հաշմանդամություն ունեցող անձի համար ամենահարմար լեզվով, հաղորդակցության մեթոդներով ու միջոցներով և այնպիսի միջավայրում, որն առավելագույնս կնպաստի ուսումնական ու սոցիալական զարգացմանը:
4. Որպեսզի ապահովվի այս իրավունքի իրականացումը, մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ներգրավելու համար շարժուձևերի լեզվի և/կամ Բրայլի համակարգի որակավորմամբ ուսուցիչների, նաև` հաշմանդամություն ունեցող ուսուցիչների և դասընթացներ կազմակերպելու կրթական համակարգի տարբեր մակարդակներում աշխատող մասնագետների ու անձնակազմի համար: Այդ դասընթացները ներառում են իրազեկում հաշմանդամության հիմնահարցերի շուրջ և հաղորդակցության ուժեղացուցիչ ու այլընտրանքային համապատասխան միջոցների ու ձևաչափերի օգտագործում, կրթական տեխնոլոգիաներ ու նյութեր` նպատակ ունենալով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց:
5. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության ու մյուսների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն ընդհանուր բարձրագույն կրթությունը, մասնագիտական կրթությունը, մեծահասակների ուսուցումը և կրթությունը ամբողջ կյանքի ընթացքում: Այս նպատակով մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվեն անհրաժեշտ հնարավորություններ:
Հոդված 25
Առողջությունը
1. Մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր չափորոշիչներին հասնելու իրավունք` առանց հաշմանդամության պատճառով խտրականության: Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք մատչելի կերպով օգտվեն առողջապահական այնպիսի ծառայություններից, նաև` առողջության վերականգնողական միջոցներից, որոնք հաշվի են առնում գենդերային առանձնահատկությունները: Մասնավորապես, մասնակից պետությունները.
ա) հաշմանդամություն ունեցող անձանց ապահովում են նույն կարգի, որակի ու չափանիշների անվճար կամ մատչելի առողջապահական ծառայություններով ու ծրագրերով, որոնք տրամադրվում են այլ անձանց, ներառյալ սեռական ու վերարտադրողական առողջության ոլորտը և բնակչությանն առաջարկվող հանրային առողջապահական ծրագրերը.
բ) հաշմանդամություն ունեցող անձանց մատուցում են հաշմանդամության հատուկ կարիքներին անհրաժեշտ առողջապահական ծառայություններ, ներառյալ վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչպես նաև` հետագա հաշմանդամությունը նվազեցնելուն ու կանխելուն միտված ծառայություններ նաև երեխաների ու տարեցների շրջանում.
գ) այս առողջապահական ծառայությունները մատուցում են անձի բնակության վայրին հնարավորինս մոտ, ներառյալ` գյուղական վայրերում.
դ) բուժաշխատողներից պահանջում են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցել նույն որակի ծառայություններ, ինչ մյուսներին` նաև հիմք ընդունելով նրանց ազատ ու գիտակցված համաձայնությունը, մասնավորապես բարձրացնելով իրազեկվածությունը մարդու իրավունքների, արժանապատվության, ինքնուրույնության և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերաբերյալ` հանրային ու մասնավոր առողջապահական բնագավառում ուսուցման և բարոյական չափորոշիչների տարածման միջոցով.
ե) արգելում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության կիրառումը բժշկական ու կյանքի ապահովագրության ոլորտում, որը պետք է տրամադրվի արդարացիորեն ու ողջամիտ կերպով, եթե ապահովագրության այս տեսակն ընդունելի է ներպետական օրենսդրությամբ.
զ) արգելում են հաշմանդամության պատճառով խտրականություն կիրառել` հրաժարվելով ցուցաբերել բժշկական աջակցություն, մատուցել առողջապահական ծառայություններ կամ տրամադրել սնունդ և հեղուկներ:
Հոդված 26
Բուժումն ու վերականգնումը
1. Մասնակից պետությունները ձեռնարկում են արդյունավետ ու անհրաժեշտ միջոցներ, ներառյալ` հասակակիցների աջակցությունը, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն ընձեռվի ձեռք բերել և պահպանել առավելագույն անկախություն, ամբողջությամբ օգտագործել ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտական կարողությունները և լիարժեքորեն ներգրավվել ու մասնակցություն ունենալ կյանքի բոլոր ոլորտներում: Այս նպատակով մասնակից պետությունները կազմակերպում, զարգացնում ու ընդլայնում են բուժական ու վերականգնողական ծառայությունները և ծրագրերը, մասնավորապես, առողջապահության, զբաղվածության, կրթության, սոցիալական ծառայության ոլորտներում այնպես, որ այդ ծառայություններն ու ծրագրերը.
ա) իրականացվեն հնարավորինս վաղ փուլում և հիմնվեն անհատի կարիքների և ուժի բազմակողմանի գնահատման վրա.
բ) նպաստեն համայնքում և հասարակական բոլոր ոլորտներում մասնակցությանն ու ներգրավվածությանը, լինեն կամավոր և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի` տեղակայված լինելով նրանց բնակության վայրին հնարավորինս մոտ, ներառյալ` գյուղական վայրերում:
2. Մասնակից պետությունները նպաստում են բուժական ու վերականգնողական ծառայություններում աշխատող մասնագետների ու անձնակազմի համար կազմակերպվող սկզբնական ու շարունակական դասընթացների զարգացմանը:
3. Մասնակից պետություններն աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված` բուժման ու վերականգնման օժանդակ պարագաներ ու տեխնոլոգիաներ ձեռք բերելուն, դրանց մասին իրազեկվածությանն ու օգտագործմանը:
Հոդված 27
Աշխատանքն ու զբաղվածությունը
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի իրավունքը. սա ներառում է ապրուստի միջոցներ վաստակելու իրավունքը աշխատանքի միջոցով, որը նա ձեռք է բերում իր ազատ ընտրության ու համաձայնության պայմաններում, ինչպես նաև աշխատուժի շուկայում և հաշմանդամություն ունեցող անձի համար բաց, ընդգրկուն ու մատչելի աշխատանքային միջավայրում: Մասնակից պետությունները պաշտպանում են աշխատանքի իրավունքը և նպաստում դրա կիրառմանը, ի թիվս այն անձանց, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ընթացքում, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում նաև օրենսդրության միջոցով, որպեսզի, մասնավորապես.
ա) արգելեն խտրականությունը հաշմանդամության պատճառով` կապված բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են զբաղվածության տարբեր տեսակներին, ներառյալ աշխատուժի հավաքագրման, վարձակալության ու աշխատանքի ընդունման պայմանները, զբաղվածության շարունակականությունը, աշխատանքային առաջընթաց ունենալը և անվտանգ ու առողջ աշխատանքային պայմանները.
բ) պաշտպանեն հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի արդար ու բարենպաստ պայմաններ ունենալու իրավունքները, ներառյալ` միևնույն աշխատանքի հավասար հնարավորություններ և հավասար վարձատրություն, անվտանգ ու առողջ աշխատանքային պայմաններ, այդ թվում` պաշտպանություն ոտնձգություններից և վնասի փոխհատուցում.
գ) ապահովեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան մյուսների հետ հավասար հիմունքներով իրականացնել իրենց աշխատանքի և արհմիութենական իրավունքները.
դ) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնեն տեխնիկական և մասնագիտական ընդհանուր ծրագրերը, աշխատանքի տեղավորման ծառայությունները և մասնագիտական ու շարունակական ուսուցումը.
ե) հաշմանդամություն ունեցող անձանց համար զարգացնեն աշխատանքային հնարավորությունները և նպաստեն աշխատանքային առաջընթացին աշխատուժի շուկայում, ինչպես նաև աջակցեն աշխատանք գտնելու, ձեռք բերելու, պահպանելու և աշխատանքի վերադառնալու հարցերում.
զ) զարգացնեն հնարավորությունները ինքնագործունեության, ձեռնարկատիրության բնագավառում, նպաստեն ընկերությունների զարգացմանն ու սեփական բիզնեսի ստեղծմանը.
է) հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանքի անցնեն պետական հատվածում.
ը) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցեն աշխատանքի անցնել մասնավոր հատվածում համապատասխան քաղաքականության ու միջոցառումների միջոցով, որոնք կարող են ներառել գործողությունների հաստատուն ծրագրեր, խթանիչ և այլ միջոցառումներ.
թ) ապահովեն, որ աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվեն անհրաժեշտ հնարավորություններ.
ժ) նպաստեն հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատուժի բաց շուկայում աշխատանքային փորձ ձեռք բերելուն.
ժա) նպաստեն հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական վերականգնման, աշխատանքի պահպանման և աշխատանքին վերադառնալու ծրագրերի իրականացմանը:
2. Մասնակից պետություններն ապահովում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք չպահվեն ստրկության կամ ծառայության մեջ և մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինեն հարկադիր կամ պարտադիր աշխատանքից:
Հոդված 28
Կենսապահովման բավարար մակարդակն ու սոցիալական պաշտպանությունը
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց ընտանիքների` կենսապահովման բավարար մակարդակ ունենալու իրավունքը, որը նախատեսում է նաև բավարար քանակությամբ սննդով, հագուստով ապահովված լինելը, բնակության վայրի առկայությունը, ինչպես նաև մշտապես բարելավվող կենսական պայմանները, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այս իրավունքի իրականացումն ապահովելու ու դրան նպաստելու համար` առանց հաշմանդամության պատճառով խտրականության:
2. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության իրավունքը և ընդունում են, որ նրանք պետք է օգտվեն այդ իրավունքից առանց հաշմանդամության պատճառով խտրականության, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում այս իրավունքի իրականացումն ապահովելու ու դրան նպաստելու համար, նաև միջոցներ են ձեռնարկում.
ա) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավասարապես մատչելի լինեն մաքուր ջրի ծառայությունները, անհրաժեշտ ու հնարավոր բոլոր ծառայությունները, պարագաները և աջակցության այն միջոցները, որոնք նախատեսված են հաշմանդամության կարիքները հոգալու համար.
բ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց, աղջիկներին ու տարեցներին մատչելի լինեն սոցիալական պաշտպանության և աղքատության հաղթահարման ծրագրերը.
գ) ապահովելու համար, որ չքավոր հաշմանդամություն ունեցող անձինք ու նրանց ընտանիքները ստանան պետական աջակցություն հաշմանդամության ծախսերը հոգալու համար, ինչպես նաև համապատասխան ուսուցում, խորհրդատվություն, ֆինանսական աջակցություն և ժամանակավոր խնամք.
դ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի լինեն բնակարանով ապահովելու պետական ծրագրերը.
ե) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց հավասարապես մատչելի լինեն ծերության կենսաթոշակները և ծրագրերը:
Հոդված 29
Մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքում
Մասնակից պետությունները երաշխավորում են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքները և մյուսների հետ հավասար հիմունքներով դրանցից օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պարտավորվում են.
ա) ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ կերպով ընտրված ներկայացուցիչների միջոցով, արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենան քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը.
(i) ապահովելով, որ քվեարկության ընթացակարգերը, վայրերը և միջոցները լինեն մատչելի ու դյուրին հասկանալու և գործածության համար.
(ii) պաշտպանելով հաշմանդամություն ունեցող անձանց` ընտրությունների և հանրաքվեների գաղտնի քվեարկության իրավունքը առանց ահաբեկման, ինչպես նաև ապահովելով պետական բոլոր մակարդակներում ընտրվելու, պաշտոն զբաղեցնելու և հանրային գործառույթներ իրականացնելու նրանց իրավունքը` անհրաժեշտության դեպքում աջակցելով օժանդակ ու նոր տեխնոլոգիաների օգտագործմանը.
(iii) երաշխավորելով հաշմանդամություն ունեցող անձանց` որպես ընտրողների կամքի ազատ արտահայտումը և, այս նպատակով, անհրաժեշտության դեպքում և նրանց խնդրանքով` թույլատրելով իրենց ընտրությամբ որևէ անձի օգնությունը քվեարկություն կատարելիս:
բ) Ակտիվորեն նպաստելով այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որում հաշմանդամություն ունեցող անձինք առանց խտրականության և մյուսների հետ հավասար հիմունքներով կկարողանան արդյունավետ ու լիարժեք կերպով մասնակցություն ունենալ հանրային գործերի կառավարմանը, ինչպես նաև խրախուսելով նրանց մասնակցությունը հանրային գործերում, ներառյալ.
(i) մասնակցությունը երկրի հանրային ու քաղաքական կյանքով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների և ընկերությունների գործունեությանը, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների գործունեությանն ու ղեկավարմանը.
(ii) հիմնելով այնպիսի կազմակերպություններ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց կներկայացնեն միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում, և միանալով դրանց:
Հոդված 30
Մասնակցությունը մշակութային կյանքին, հանգստին, ժամանցային ու սպորտային միջոցառումներին
1. Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը և ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու, որ նրանց համար.
ա) մատչելի լինեն մշակութային գործերը` ընդունելի ձևաչափերով.
բ) մատչելի լինեն հեռուստահաղորդումները, ֆիլմերը, թատրոնը և մշակութային գործունեության այլ ձևերը` ընդունելի ձևաչափերով.
գ) մատչելի լինեն մշակութային ներկայացումների ու ծառայությունների համար նախատեսված վայրերը, ինչպես, օրինակ, թատրոնները, թանգարանները, կինոթատրոնները, գրադարանները, ինչպես նաև զբոսաշրջությանը վերաբերող ծառայությունները, և հնարավորինս մատչելի լինի հուշարձաններ ու ազգային մշակութային արժեք ներկայացնող վայրեր մուտք գործելը:
2. Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալու համար զարգացնել և օգտագործել իրենց ստեղծագործական, գեղարվեստական և մտավոր ներուժը ոչ միայն սեփական շահի համար, այլև ի նպաստ հասարակության հարստացման:
3. Մասնակից պետությունները, միջազգային իրավունքին համապատասխան, միջոցներ են ձեռնարկում ապահովելու համար, որ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանող օրենքները անհիմն կերպով կամ խտրականության դրսևորմամբ չսահմանափակեն մշակութային նյութերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:
4. Հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային և լեզվական յուրահատուկ ինքնությունը, ի թիվս շարժուձևերի լեզվի և խուլերի մշակույթի, ենթակա է ընդունման ու աջակցության մյուսների հետ հավասար հիմունքներով:
5. Նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն տալ մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցելու հանգստի, ժամանցային ու սպորտային միջոցառումներին` մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր.
ա) խրախուսելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ակտիվ մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող հիմնական սպորտային միջոցառումներին.
բ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան կազմակերպելու և զարգացնելու հաշմանդամությանը հատուկ սպորտային և առողջարարական միջոցառումներ և մասնակցեն դրանց, ինչպես նաև այս նպատակն իրականացնելու համար խրախուսում են անհրաժեշտ ուսուցման, վերապատրաստման և այլ միջոցների ապահովումը` մյուսների հետ հավասար հիմունքներով.
գ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի լինեն սպորտային, առողջարարական և զբոսաշրջության վայրերը.
դ) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին մյուս երեխաների հետ հավասար հիմունքներով մատչելի լինեն խաղի, առողջարարական, ժամանցային ու սպորտային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները, ներառյալ` դպրոցում նույն միջոցառումների իրականացումը.
ե) ապահովելու համար, որ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի լինեն առողջարարական, զբոսաշրջային, ժամանցային ու սպորտային միջոցառումներ կազմակերպող ծառայությունները:
Հոդված 31
Վիճակագրությունն ու տվյալների հավաքումը
1. Մասնակից պետությունները պարտավորվում են հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, ներառյալ` վիճակագրական ու հետազոտական տվյալներ, որոնք հնարավորություն կտան մշակել ու իրականացնել սույն Կոնվենցիան կիրարկելու համար անհրաժեշտ քաղաքականություն: Այս տեղեկատվության հավաքման ու պահպանման գործընթացը.
ա) պետք է համապատասխանի իրավականորեն սահմանված երաշխիքներին, ներառյալ` տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը, որը կապահովի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական կյանքի գաղտնիությունը և հարգանքը դրա նկատմամբ.
բ) պետք է համապատասխանի միջազգայնորեն ընդունված նորմերին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, իսկ վիճակագրական տվյալներ հավաքելիս ու օգտագործելիս` բարոյական սկզբունքները:
2. Սույն հոդվածի համաձայն հավաքվող տեղեկատվությունը անհրաժեշտության դեպքում պետք է առանձնացվի և օգտագործվի անդամ պետությունների` սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը գնահատելուն օգնելու համար, ինչպես նաև նպատակ ունենալով վեր հանելու հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած արգելքները և արձագանքելու դրանց նրանց իրավունքներն իրականացնելիս:
3. Մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնում այդ վիճակագրության տարածման համար և ապահովում են, որ այն մատչելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց և այլոց համար:
Հոդված 32
Միջազգային համագործակցություն
1. Մասնակից պետությունները գիտակցում են միջազգային համագործակցության ու դրա խթանման կարևորությունը ազգային մակարդակում սույն Կոնվենցիայի նպատակների ու խնդիրների իրականացման համար և ձեռնարկում են անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ այս ուղղությամբ` համագործակցելով համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ: Նման միջոցները մասնավորապես ներառում են հետևյալ քայլերը.
ա) ապահովել, որ միջազգային համագործակցությունը, ներառյալ միջազգային զարգացման ծրագրերը, լինեն համակողմանի և մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար.
բ) նպաստել ու աջակցել կարողությունների զարգացմանը մասնավորապես տեղեկատվության, փորձի, ուսուցման ծրագրերի ու լավագույն գործելակերպի փոխանակման միջոցով.
գ) նպաստել համագործակցությանը հետազոտությունների և գիտատեխնիկական գիտելիքների մատչելիության ուղղությամբ.
դ) անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական ու տնտեսական աջակցություն` մասնավորապես նպաստելով մատչելիությանը և փոխանակելով մատչելի ու օժանդակող տեխնոլոգիաներ:
2. Սույն հոդվածի դրույթները չպետք է հակասեն յուրաքանչյուր մասնակից պետության` սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին:
Հոդված 33
Ներպետական կիրարկումը և վերահսկումը
1. Մասնակից պետությունները, համաձայն իրենց կազմակերպչական համակարգի, պետք է կառավարությունում սահմանեն համապատասխան շրջանակներ, որոնք կզբաղվեն սույն Կոնվենցիայի կիրարկման հետ կապված հարցերով և պատշաճ կերպով կուսումնասիրեն կառավարությունում համակարգման մեխանիզմների հաստատման կամ ստեղծման հնարավորությունները` նպաստելու համար համապատասխան աշխատանքների իրականացմանը տարբեր հատվածներում և մակարդակներում:
2. Մասնակից պետությունները պետք է, իրենց իրավական ու վարչական համակարգերին համապատասխան, պահպանեն, ամրապնդեն, հաստատեն կամ ստեղծեն յուրաքանչյուր մասնակից պետությունում այնպիսի համակարգ, որը անհրաժեշտության դեպքում կներառի մեկ կամ մի քանի անկախ մեխանիզմ, որը կաջակցի, կպաշտպանի և կվերահսկի սույն Կոնվենցիայի կիրարկումը: Նման մեխանիզմներ հաստատելիս կամ ստեղծելիս մասնակից պետությունները պետք է հաշվի առնեն ներպետական հաստատությունների կարգավիճակին և գործունեությանը վերաբերող սկզբունքները` մարդու իրավունքները պաշտպանելու ու դրանց աջակցելու համար:
3. Քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունները, պետք է ներգրավվեն ու մասնակցեն վերահսկման գործընթացին:
Հոդված 34
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն
1. Հիմնվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե (այսուհետ` Կոմիտե), որն իրականացնում է ստորև ներկայացված գործառույթները:
2. Կոմիտեն սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելիս պետք է կազմված լինի տասներկու փորձագետից: Եվս վաթսուն երկիր Կոնվենցիան վավերացնելուց կամ դրան միանալուց հետո Կոմիտեի անդամների թիվը պետք է ավելանա վեց անդամով, այդպիսով` անդամների առավելագույն թիվը պետք է հասնի տասնութի:
3. Կոմիտեի անդամները պետք է իրենց կարողությունների չափով իրականացնեն իրենց գործառույթները և օժտված լինեն բարոյական բարձր հատկանիշներով, սույն Կոնվենցիային առնչվող ոլորտում ճանաչված որակավորում և փորձ ունենան: Թեկնածուներ առաջադրելիս մասնակից պետությունները հատուկ ուշադրություն են դարձնում 4-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դրույթին:
4. Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից, ընդ որում` հաշվի է առնվում աշխարհագրական հավասար բաշխումը, քաղաքակրթությունների տարբեր ձևերի, հիմնական իրավական համակարգերի, հավասարակշիռ գենդերային ներկայացվածությունը և հաշմանդամություն ունեցող փորձագետների մասնակցությունը:
5. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, մասնակից պետությունների կողմից ներկայացված տվյալ երկրի քաղաքացիներից, մասնակից պետությունների համաժողովների ժամանակ: Այս հանդիպումներում, որտեղ քվորում է ապահովում մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի անդամ է ընտրվում այն անձը, որն ստանում է առավելագույն ձայներ, ինչպես նաև մասնակից պետությունների` ներկա գտնվող և քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:
6. Նախնական ընտրությունը կայացվում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո: Յուրաքանչյուր ընտրությունից առնվազն չորս ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկում մասնակից պետություններին` նրանց առաջարկելով երկամսյա ժամկետում ներկայացնել թեկնածուների ցուցակը: Գլխավոր քարտուղարն այնուհետև պատրաստում է ներկայացված բոլոր անձանց ցանկը այբբենական կարգով, նշելով այն մասնակից պետությունը, որը նրանց առաջադրել է, և այն ներկայացնում մասնակից պետություններին:
7. Կոմիտեի անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Նրանք կարող են մեկ անգամ վերընտրվել: Սակայն առաջին ընտրությունների ժամանակ ընտրված վեց անդամի պաշտոնավարման ժամկետը լրանում է երկու տարուց. առաջին ընտրությունից անմիջապես հետո այս վեց անդամների անուններն ընտրվում են նիստը նախագահողի կողմից կատարվող վիճակահանությամբ, ինչպես նշված է սույն հոդվածի 5-րդ կետում:
8. Կոմիտեի լրացուցիչ վեց անդամներն ընտրվում են հերթական ընտրություններում` համաձայն սույն հոդվածի համապատասխան դրույթների:
9. Եթե Կոմիտեի անդամը մահանում, հրաժարական է տալիս կամ հայտարարում, որ որևէ այլ պատճառով այլևս չի կարող կատարել իր պարտականությունները, այն մասնակից պետությունը, որը նշանակել է համապատասխան թեկնածուին, առաջադրում է այլ փորձագետի, որն ունի համապատասխան որակավորում ու բավարարում է սույն հոդվածի համապատասխան դրույթներով սահմանված պահանջները: Տվյալ անդամը պետք է աշխատի մինչև սահմանված ժամկետի ավարտը:
10. Կոմիտեն հաստատում է իր ընթացակարգային կանոնները:
11. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Կոմիտեի աշխատանքների արդյունավետ իրականացման համար տրամադրում է համապատասխան անձնակազմ և նյութական միջոցներ` համաձայն սույն Կոնվենցիայի, և գումարում է դրա առաջին նիստը:
12. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հավանությամբ` սույն Կոնվենցիայով ստեղծված Կոմիտեի անդամները կստանան աշխատավարձ Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից այնպիսի պայմաններով, որոնք կսահմանի Ասամբլեան` հաշվի առնելով Կոմիտեի անդամների պարտականությունների կարևորությունը:
13. Կոմիտեի անդամներին տրվում են այնպիսի հնարավորություններ, արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք սահմանված են Միավորված ազգերի կազմակերպության հարցերով առաքելություններ իրականացնող փորձագետների համար` ամրագրված «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կոնվենցիայի համապատասխան բաժիններում:
Հոդված 35
Մասնակից պետությունների կողմից ներկայացվող հաշվետվությունները
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն համապատասխան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնում է համապարփակ հաշվետվություն սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների և այս հարցերում արձանագրված առաջընթացի մասին:
2. Դրանից հետո մասնակից պետությունները ներկայացնում են հաշվետվություններ առնվազն 4 տարին մեկ անգամ կամ ցանկացած պահի` Կոմիտեի ներկայացրած պահանջի դեպքում:
3. Կոմիտեն սահմանում է այս հաշվետվությունների բովանդակության վերաբերյալ ուղեցույցներ:
4. Այն մասնակից պետությունը, որը ներկայացրել է համապարփակ նախնական հաշվետվություն, իր հետագա հաշվետվություններում կարող է չկրկնել նախկինում տրամադրած տեղեկատվությունը: Կոմիտեին ներկայացվող հաշվետվություններ նախապատրաստելիս մասնակից պետություններին առաջարկվում է հաշվետվությունների ներկայացման գործընթացը դարձնել բաց և թափանցիկ` պատշաճ ուշադրություն դարձնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին:
5. Հաշվետվության մեջ կարող են նշվել այն գործոններն ու դժվարությունները, որոնք ազդում են սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
Հոդված 36
Հաշվետվությունների ուսումնասիրումը
1. Յուրաքանչյուր հաշվետվություն ուսումնասիրվում է Կոմիտեի կողմից, որը դրա վերաբերյալ ներկայացնում է առաջարկներ, անհրաժեշտության դեպքում` ընդհանուր առաջարկություններ, որից հետո դրանք փոխանցում է համապատասխան մասնակից պետություններին: Մասնակից պետություններն իրենց հայեցողությամբ կարող են Կոմիտեին տրամադրել ցանկացած տեղեկատվություն: Կոմիտեն կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, որը վերաբերում է սույն Կոնվենցիայի կիրարկմանը:
2. Եթե մասնակից պետությունը հաշվետվություն ներկայացնելն ուշացնում է, Կոմիտեն կարող է ծանուցել համապատասխան մասնակից պետությանը վերջինիս տարածքում սույն Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտության մասին, հիմնվելով Կոմիտեի ունեցած հավաստի տեղեկատվության վրա, եթե տվյալ հաշվետվությունը չներկայացվի ծանուցումից հետո երեք ամսվա ընթացքում: Կոմիտեն տվյալ մասնակից պետությանն առաջարկում է մասնակցել այդ ուսումնասիրությանը: Եթե մասնակից պետությունը ներկայացնում է համապատասխան հաշվետվությունը, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:
3. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հաշվետվությունը տրամադրում է բոլոր մասնակից պետություններին:
4. Մասնակից պետություններն իրենց հաշվետվությունները մատչելի են դարձնում իրենց երկրների հանրության համար և դյուրացնում են այդ առաջարկների ու ընդհանուր առաջարկությունների մատչելիությունը, որոնք վերաբերում են այս հաշվետվություններին:
5. Նպատակահարմարության դեպքում Կոմիտեն մասնակից պետությունների հաշվետվությունները փոխանցում է Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններին, հիմնադրամներին ու ծրագրերին և այլ իրավասու մարմիններին, որպեսզի վերջիններս ուշադրություն դարձնեն դրանցում հայցվող տեխնիկական խորհրդատվությանը կամ օժանդակությանը կամ դրանց վերաբերյալ նշումներին` դրանց կցելով Կոմիտեի դիտարկումները և առաջարկությունները, եթե այնտեղ կան նշումներ նման խնդրանքների կամ նշումների վերաբերյալ:
Հոդված 37
Մասնակից պետությունների և Կոմիտեի համագործակցությունը
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն համագործակցում է Կոմիտեի հետ և աջակցում նրա անդամներին իրենց հանձնագրի կատարման ընթացքում:
2. Կոմիտեն մասնակից պետությունների հետ իր հարաբերություններում պատշաճ ուշադրություն է դարձնում այն եղանակներին ու միջոցներին, որոնք զարգացնում են ներպետական կարողությունները սույն Կոնվենցիան կիրարկելու համար, մասնավորապես` միջազգային համագործակցության միջոցով:
Հոդված 38
Կոմիտեի հարաբերությունները այլ մարմինների հետ
Սույն Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ապահովելու և սույն Կոնվենցիայով կարգավորվող ոլորտում միջազգային համագործացկությունը խրախուսելու նպատակով.
ա) Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալությունները և մյուս մարմինները կարող են ներկայացված լինել սույն Կոնվենցիայի այն դրույթների կիրարկմանն առնչվող քննարկումներին, որոնք գտնվում են իրենց լիազորությունների շրջանակներում: Կոմիտեն կարող է, իր հայեցողությամբ, հրավիրել մասնագիտացված գործակալությունների և այլ իրավասու մարմինների` տրամադրելու փորձագիտական խորհրդատվություն Կոնվենցիայի կիրարկման այն ոլորտներում, որոնք իրենց լիազորությունների շրջանակում են: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններին և այլ մարմիններին ներկայացնել հաշվետվություններ Կոնվենցիայի կիրարկման վերաբերյալ այն ոլորտներում, որոնք գտնվում են իրենց գործունեության սահմաններում.
բ) իր հանձնագրի իրականացման ընթացքում Կոմիտեն խորհրդակցում է համապատասխան այլ մարմինների հետ, որոնք ստեղծվել են մարդու իրավունքների մասին միջազգային պայմանագրերով` նպատակ ունենալով ապահովել համապատասխանությունը նրանց կողմից ներկայացվող հաշվետվության համապատասխան ուղեցույցներում, առաջարկներում ու ընդհանուր առաջարկություններում և խուսափել կրկնություններից, գործառույթների կրկնօրինակումից և համընկնումից:
Հոդված 39
Կոմիտեի հաշվետվությունը
Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Կոմիտեն Գլխավոր ասամբլեային և Տնտեսական ու սոցիալական խորհրդին հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ ու ընդհանուր առաջարկություններ է ներկայացնում, որոնք հիմնված են մասնակից պետություններից ստացված հաշվետվությունների ու տեղեկատվության վրա: Նման առաջարկները և ընդհանուր առաջարկությունները պետք է ներառվեն Կոմիտեի հաշվետվության մեջ մասնակից պետությունների կողմից ներկայացված դիտողությունների հետ միասին, եթե այդպիսիք կան:
Հոդված 40
Մասնակից պետությունների համաժողովը
1. Մասնակից պետությունները պարբերաբար հանդիպում են մասնակից պետությունների համաժողովում` քննարկելու համար սույն Կոնվենցիայի կիրարկմանն առնչվող բոլոր հարցերը:
2. Ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը հրավիրում է համաժողով: Հետագա նիստերը հրավիրվում են գլխավոր քարտուղարի կողմից` երկու տարին մեկ անգամ կամ մասնակից պետությունների համաժողովում կայացված որոշմամբ:
Հոդված 41
Ավանդապահը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիայի ավանդապահն է:
Հոդված 42
Ստորագրումը
Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների և տարածաշրջանային ինտեգրման կազմակերպությունների ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության նստավայրում` Նյու Յորքում, 2007 թվականի մարտի 30-ից:
Հոդված 43
Պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնություն տալը
Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման ստորագրող պետությունների կողմից, ինչպես նաև պաշտոնական հաստատման` ստորագրող տարածաշրջանային ինտեգրման կազմակերպությունների կողմից: Ցանկացած պետություն կամ տարածաշրջանային ինտեգրման կազմակերպություն, որը չի ստորագրել սույն Կոնվենցիան, կարող է միանալ դրան:
Հոդված 44
Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպությունները
1. «Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպություն» նշանակում է` տվյալ տարածաշրջանի անկախ պետությունների կողմից հիմնադրված կազմակերպություն, որին իր անդամ պետությունները տվել են Կոնվենցիայով կարգավորվող հարցերին առնչվող իրավասություններ: Այսպիսի կազմակերպությունները պաշտոնական հաստատման կամ միանալու մասին իրենց փաստաթղթերում հայտարարում են Կոնվենցիայով կարգավորվող հարցերին առնչվող իրենց իրավասությունների շրջանակները: Այնուհետև նրանք ավանդապահին տեղեկացնում են իրենց իրավասության շրջանակներում կատարվող ցանկացած էական փոփոխության մասին:
2. Սույն Կոնվենցիայում «մասնակից պետություններին» կատարված հղումները կիրառվում են նման կազմակերպությունների նկատմամբ` նրանց իրավասությունների սահմաններում:
3. Սույն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 1-ին կետի և 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի նպատակներով տարածաշրջանային ինտեգրման կազմակերպության կողմից ի պահ հանձնված ոչ մի փաստաթուղթ չի հաշվարկվում:
4. Տարածաշրջանային ինտեգրման կազմակերպություններն իրենց լիազորության սահմաններում կարող են օգտագործել մասնակից պետությունների համաժողովների ժամանակ քվեարկելու իրենց իրավունքը ձայների այնպիսի քանակով, որը հավասար է սույն Կոնվենցիային միացած իրենց մասնակից պետությունների ձայների քանակին: Նման կազմակերպությունը չի օգտագործում ձայնի իր իրավունքը, եթե իր մասնակից պետությունը արդեն օգտագործել է այդ իրավունքը, և հակառակը:
Հոդված 45
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին քսաներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:
2. Յուրաքանչյուր մասնակից պետության կամ տարածաշրջանային ինտեգրման կազմակերպության համար, որը վավերացրել, պաշտոնապես հաստատել կամ միացել է սույն Կոնվենցիային քսաներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:
Հոդված 46
Վերապահումները
1. Սույն Կոնվենցիայի առարկայի և նպատակների հետ անհամատեղելի վերապահումներ չեն թույլատրվում:
2. Վերապահումները կարող են հանվել ցանկացած պահի:
Հոդված 47
Փոփոխությունները
1. Ցանկացած մասնակից պետություն կարող է սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություն անել և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին: Վերջինս առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է մասնակից պետություններին` խնդրելով ծանուցել, թե արդյոք իրենք համաձայն են համաժողով հրավիրելու, որպեսզի քննարկեն և որոշումներ կայացնեն ներկայացվող փոփոխությունների վերաբերյալ: Եթե այդ հաղորդագրությունից չորս ամիս հետո մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդը հավանություն է տալիս համաժողովի անցկացմանը, գլխավոր քարտուղարը գումարում է համաժողով Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո: Ներկա գտնվող և քվեարկող մասնակից պետությունների երկու երրորդ մեծամասնությամբ փոփոխության վերաբերյալ ընդունված ցանկացած առաջարկ գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային` հաստատելու համար, այնուհետև բոլոր մասնակից պետություններին` ընդունելու համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված և հաստատված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում ընդունման մասին ի պահ հանձնված փաստաթղթերի թիվը փոփոխության ընդունման օրը մասնակից պետությունների թվի երկու երրորդին հասնելուց հետո` երեսուներորդ օրը: Այնուհետև փոփոխությունն ուժի մեջ է մտնում ցանկացած մասնակից պետության համար ընդունման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը: Փոփոխությունը ենթակա է կատարման միայն այն մասնակից պետությունների կողմից, որոնք այն ընդունել են:
3. Եթե մասնակից պետությունների համաժողովի ընթացքում ընդհանուր համաձայնությամբ որոշում է կայացվել, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված և հաստատված փոփոխությունը, որը բացառապես վերաբերում է 34-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներին, ուժի մեջ է մտնում ընդունման մասին ի պահ հանձնված փաստաթղթերի թիվը փոփոխության ընդունման օրը մասնակից պետությունների թվի երկու երրորդին հասնելուց հետո` երեսուներորդ օրը:
Հոդված 48
Չեղյալ հայտարարումը
Մասնակից պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից մեկ տարի հետո:
Հոդված 49
Մատչելի ձևաչափերը
Անհրաժեշտ է ապահովել սույն Կոնվենցիայի տեքստի հասանելիությունը մատչելի ձևաչափերով:
Հոդված 50
Նույնական տեքստեր
Սույն Կոնվենցիայի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը նույնական են:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ իրավասու ներկայացուցիչները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին: