Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2005
Ստորագրման ամսաթիվ
16.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2008

Ե Վ Ր Ո Պ Ա Յ Ի  Խ Ո Ր Հ Ր Դ Ի

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

2005 թ. Մայիսի 16, Վարշավա

 

Նախաբան

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և սույն փաստաթուղթն ստորագրող մյուս Կողմերը,

 

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհուրդը նպատակ ունի իր անդամների միջև հասնելու առավել սերտ միասնության,

 

նկատի ունենալով, որ մարդկանց շահագործումը (թրաֆիկինգ) մարդու իրավունքների խախտում և անձի արժանապատվությանն ու անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգություն է,

 

հաշվի առնելով, որ մարդկանց շահագործումը (թրաֆիկինգ) կարող է հանգեցնել զոհերի ստրկացման,

 

գիտակցելով, որ զոհերի իրավունքների հարգումը, զոհերի պաշտպանությունը և մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարը պետք է լինեն գերագույն նպատակներ,

 

նկատի ունենալով, որ մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի բոլոր միջոցները կամ նախաձեռնությունները պետք է զերծ լինեն խտրականությունից, հաշվի առնեն գենդերային հավասարությունը, ինչպես նաև երեխայի իրավունքները,

 

վկայակոչելով Նախարարների կոմիտեի 112-րդ (2003 թ. մայիսի 14-15) և 114-րդ (2004 թ. մայիսի 12-13) նստաշրջաններում անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները, որոնցում կոչ էր արվում Եվրոպայի խորհրդի կողմից իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ ուժեղ գործունեություն,

 

նկատի ունենալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան (1950թ.) և դրան կից արձանագրությունները,

 

նկատի ունենալով Նախարարների կոմիտեի կողմից Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին տրված հետևյալ առաջարկությունները. Առաջարկություն հմ. R (91) 11. «Երեխաների ու երիտասարդ չափահասների սեռական շահագործման, պոռնկագրության ու մարմնավաճառության և թրաֆիկինգի մասին», Առաջարկություն հմ. R (97) 13. «Վկաների ահաբեկման և պաշտպանության իրավունքների մասին», Առաջարկություն հմ. R (2000) 11. «Սեռական շահագործման նպատակով իրականացվող մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարին ուղղված միջոցների մասին» և Առաջարկություն Rec. (2001) 16. «Երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու մասին» և Առաջարկություն Rec. (2002) 5. «Կանանց բռնությունից պաշտպանելու մասին»,

 

նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հետևյալ առաջարկությունները. Առաջարկություն 1325 (1997). «Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում կանանց շահագործման (թրաֆիկինգ) և հարկադրական մարմնավաճառության մասին», Առաջարկություն 1450 (2000). «Եվրոպայում կանանց նկատմամբ բռնության մասին», Առաջարկություն 1545 (2002). «Կանանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ քարոզարշավի մասին», Առաջարկություն 1610 (2003). «Կանանց շահագործման (թրաֆիկինգ) և մարմնավաճառության հետ կապված միգրացիայի մասին», Առաջարկություն 1611 (2003). «Եվրոպայում մարդու օրգանների շահագործման (թրաֆիկինգ) մասին», Առաջարկություն 1663 (2004). «Տնային ստրկություն` տաժանակիր աշխատանքի, օտարերկրացիների ընտանիքներում ժամանակավոր բնակության և փոստով պատվիրված հարսնացուների մասին»,

 

նկատի ունենալով Եվրոպական միության խորհրդի 2002թ. հուլիսի 19-ի` «Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի մասին» շրջանակային որոշումը, Եվրոպական միության խորհրդի 2001 թ. մարտի 15-ի` «Քրեական դատավարությունում զոհերի կարգավիճակի մասին» շրջանակային որոշումը և Եվրամիության խորհրդի 2004 թ. ապրիլի 29-ի` «Թրաֆիկինգի կամ ապօրինի ներգաղթին նպաստող գործողությունների զոհ դարձած և իրավասու մարմինների հետ համագործակցող երրորդ պետության քաղաքացիներին կացության թույլտվություն տալու մասին» հրահանգը,

 

պատշաճ ուշադրություն դարձնելով Միավորված ազգերի կազմակերպության` «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» Կոնվենցիան և դրան կից` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությունը՝ այդ փաստաթղթերով նախատեսված պաշտպանության մեխանիզմը բարելավելու և դրանցում ամրագրված չափորոշիչները զարգացնելու նպատակով,

 

պատշաճ ուշադրություն դարձնելով մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի ոլորտին առնչվող այլ միջազգային իրավական փաստաթղթերին,

 

հաշվի առնելով մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհերի իրավունքներն ամրագրող և մոնիտորինգի հատուկ մեխանիզմ սահմանող համապարփակ միջազգային իրավական փաստաթուղթ մշակելու անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Գլուխ I

 

Նպատակներ, գործողության ոլորտ, խտրականության բացառման սկզբունք և սահմանումներ

 

Հոդված 1

 

Կոնվենցիայի նպատակները

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կանխարգելել մարդկանց շահագործումը (թրաֆիկինգ) և պայքարել դրա դեմ` միաժամանակ երաշխավորելով գենդերային հավասարություն.

բ) պաշտպանել մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհերի իրավունքները, սահմանել զոհերի ու վկաների պաշտպանության և օգնության համընդգրկուն շրջանակ՝ միաժամանակ երաշխավորելով գենդերային հավասարությունը, ինչպես նաև ապահովել քննության և քրեական հետապնդման արդյունավետ միջոցներ.

գ) խթանել միջազգային համագործակցությունը մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի ոլորտում:

2. Սույն Կոնվենցիայով նախատեսվում է ստեղծել մոնիտորինգի հատուկ մեխանիզմ` Կողմերի կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:

 

Հոդված 2

 

Գործողության ոլորտը

 

Սույն Կոնվենցիայն կիրառվում է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) բոլոր ձևերի առնչությամբ, անկախ նրանից` դրանք կունենան ազգային, թե անդրազգային բնույթ, կազմակերպված հանցավորության հետ առնչություն կունենան, թե ոչ:

 

Հոդված 3

 

Խտրականության բացառման սկզբունք

 

Կողմերը պետք է իրականացնեն սույն Կոնվենցիայի դրույթները, մասնավորապես զոհերի իրավունքների պաշտպանությանն ու աջակցմանն ուղղված քայլերի ապահովումը, առանց որևէ խտրականության՝ կապված սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելության, ծննդի, գույքային կամ այլ դրության հետ:

 

Հոդված 4

 

Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով`

ա) «մարդկանց շահագործում (թրաֆիկինգ)» հասկացությունը նշանակում է` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, պահում կամ ընդունում սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ կամ հարկադրանքի որևէ այլ ձևի կիրառմամբ, առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, պաշտոնական դիրքի կամ խոցելի վիճակի չարաշահմամբ անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի համաձայնությունը ձեռք բերելու նպատակով, գումարների կամ այլ շահի տրամադրմամբ կամ ձեռքբերմամբ: Շահագործում հասկացությունն առնվազն ներառում է մարմնավաճառության նպատակներով այլ անձանց շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքներին կամ ծառայություններին, ստրկությանը կամ ստրկությանը համարժեք գործելակերպը, տաժանակիր աշխատանքները կամ օրգանների հեռացումը.

բ) «մարդկանց շահագործման (թրաֆիկինգ)» զոհի համաձայնությունը սույն հոդվածի «ա» ենթակետով սահմանված շահագործման այս կամ այն ձևին չունի որևէ նշանակություն, եթե կիրառվել է «ա» ենթակետով սահմանված եղանակներից որևէ մեկը.

գ) շահագործման նպատակով երեխաներին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ընդունելը համարվում է «մարդկանց շահագործում» նույնիսկ այն դեպքում, երբ դա չի ներառում սույն հոդվածի «ա» կետով սահմանված եղանակներից որևէ մեկը.

դ) «երեխա» համարվում է տասնութ տարին չլրացած ցանկացած անձ.

ե) «զոհ» համարվում է սույն հոդվածում սահմանված մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) ենթակա ցանկացած ֆիզիկական անձ:

 

Գլուխ II

 

Կանխարգելում, համագործակցություն և այլ միջոցներ

 

Հոդված 5

 

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելումը

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի միջոցներ մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման ու դրա դեմ պայքարի համար պատասխանատու տարբեր մարմինների միջև ազգային մակարդակով համակարգում հաստատելու և այն ամրապնդելու ուղղությամբ:

2. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման նպատակով յուրաքանչյուր Կողմ պետք է մշակի և/կամ ամրապնդի արդյունավետ քաղաքականություն և ծրագրեր այնպիսի միջոցների կիրառմամբ, ինչպիսիք են` հետազոտությունները, տեղեկատվությունը, իրազեկվածության բարձրացումը, ուսուցողական նպատակներով իրականացվող քարոզարշավները, սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները և վերապատրաստման ծրագրերը` մասնավորապես մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) մեջ ներգրավվելու տեսանկյունից խոցելի անձանց և մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) խնդիրներով զբաղվող մասնագետների համար:

3. 2-րդ պարբերությունում հիշատակված քաղաքականությունն ու ծրագրերը մշակելիս, իրականացնելիս և գնահատելիս յուրաքանչյուր Կողմ պետք է հանդես գա մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև գենդերային խնդիրների առաջնայնության և երեխաների շահերի պաշտպանության դիրքերից:

4. Հարկ եղած դեպքում յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ միգրացիայի օրինականությունն ապահովելու ուղղությամբ՝ մասնավորապես համապատասխան մարմինների միջոցով տարածելով ճշգրիտ տեղեկատվություն օրինական ճանապարհով իր տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու պայմանների մասին:

5. Յուրաքանչյուր Կողմ կձեռնարկի հատուկ միջոցներ մարդկանց առևտրում երեխաների խոցելիությունը նվազեցնելու ուղղությամբ` մասնավորապես վերջիններիս համար ստեղծելով պաշտպանական միջավայր:

6. Հարկ եղած դեպքում սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցառումներում կներգրավվեն մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման և զոհերի պաշտպանության ու աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, համապատասխան այլ կառույցներ և քաղաքացիական հասարակության այլ տարրեր:

 

Հոդված 6

 

Պահանջարկի վերացմանն ուղղված միջոցներ

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի կամ ամրապնդի օրենսդրական, վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և այլ միջոցները` վերացնելու համար մարդկանց, մասնավորապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգ) բոլոր ձևերին նպաստող պահանջարկը, որը հանգեցնում է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ): Հիշյալ միջոցները ներառում են`

ա) հետազոտությունները լավագույն փորձի, մեթոդների ու ռազմավարությունների ոլորտում.

բ) իրազեկվածության մակարդակի բարձրացումը զանգվածային լրատվության միջոցների ու քաղաքացիական հասարակության պատասխանատվության և կարևոր դերի վերաբերյալ` մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) պահանջարկը, որպես մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) արմատական պատճառներից մեկը, սահմանելու հարցում.

գ) նպատակային տեղեկատվական քարոզարշավներ, որոնց, ըստ իրադրության, ի թիվս այլոց (iոter alia), կմասնակցեն պետական մարմինները և քաղաքականություն մշակող անձինք.

դ) կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` դպրոցական հասակի տղաների ու աղջիկների համար սեռական խտրականության անթույլատրելիությունը, դրա կործանարար հետևանքները, գենդերային հավասարության կարևորությունը և մարդու արժանապատվությունն ու անձեռնմխելիությունը կարևորող կրթական ծրագրեր:

 

Հոդված 7

 

Սահմանների վերահսկում

 

1. Չխախտելով անձանց ազատ տեղաշարժման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ Կողմերը պետք է հնարավորության դեպքում հնարավորինս ուժեղացնեն սահմանների վերահսկումը, որն անհրաժեշտ է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման ու բացահայտման համար:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` հնարավորության սահմաններում սույն Կոնվենցիայով սահմանված հանցավոր արարքների կատարման ժամանակ առևտրային բեռնափոխադրումներ իրականացնողների կողմից շահագործվող փոխադրամիջոցների օգտագործումը կանխելու նպատակով:

3. Ըստ անհրաժեշտության և առանց համապատասխան միջազգային կոնվենցիաները խախտելու, այդ միջոցները, պետք է ներառեն առևտրային բեռնափոխադրողների, այդ թվում` յուրաքանչյուր տրանսպորտային ընկերության կամ տրանսպորտային որևէ միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի համար պարտականության սահմանում ստուգելու, թե արդյոք բոլոր ուղևորների մոտ կան ընդունող պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

4. Յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր ներքին օրենսդրության, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտականությունը խախտելու դեպքում համապատասխան պատժամիջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:

5. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցանքների կատարման մեջ ներգրավված անձանց մուտքն արգելելու կամ մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու համար` համաձայն տվյալ պետության ներքին օրենսդրության:

6. Կողմերը պետք է ամրապնդեն համագործակցությունը սահմանային վերահսկողության մարմինների միջև, ի թիվս այլոց (iոter alia), հաղորդակցության ուղիղ կապ հաստատելու և պահպանելու միջոցով:

 

Հոդված 8

 

Փաստաթղթերի անվտանգությունն ու վերահսկումը

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ կլինեն`

ա) ապահովելու համար, որ իր կողմից տրված ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթղթերն ունենան այնպիսի որակ, որ դրանք հնարավոր չլինի սխալ օգտագործել և հեշտությամբ կեղծել կամ ապօրինի եղանակով փոփոխել, կրկնօրինակել կամ թողարկել, և

բ) ապահովելու համար իր կողմից կամ իր անունից տրված ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթղթերի ամբողջականությունն ու անվտանգությունը և կանխելու դրանց ապօրինի պատրաստումը և թողարկումը:

 

Հոդված 9

 

Փաստաթղթերի օրինականությունն ու վավերականությունը

 

Կողմերից յուրաքանչյուրը պետք է, մյուս Կողմի պահանջով, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, ողջամիտ ժամկետում ստուգի ճամփորդական կամ անձը հաստատող այն փաստաթղթերի օրինականությունն ու վավերականությունը, որոնք իրականում կամ ենթադրաբար տրվել են իր անունից, և որոնք, ըստ որոշ կասկածների, օգտագործվել են մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) նպատակով:

 

Գլուխ III

 

Զոհերի իրավունքների պաշտպանությանն ու աջակցմանն ուղղված միջոցներ. գենդերային հավասարության երաշխավորում

 

Հոդված 10

 

Զոհերի հայտնաբերումը

 

1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է իր իրավասու մարմինները համալրի մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման և դրա դեմ պայքարի, զոհերին, այդ թվում` երեխաներին հայտնաբերելու ու նրանց օգնություն ցուցաբերելու բնագավառում վերապատրաստված և որակավորված մասնագետներով և ապահովի տարբեր մարմինների համագործակցությունը ինչպես միմյանց միջև, այնպես էլ համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, այնպես որ զոհերի հայտնաբերման ընթացակարգն իրականացնելիս` պատշաճ կերպով հաշվի առնվի տուժած կանանց և երեխաների հատուկ վիճակը և հարկ եղած դեպքում նրանց տրամադրվի կացության թույլտվություն` համաձայն սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածով սահմանված կարգի:

2. Յուրաքանչյուր Կողմ, հարկ եղած դեպքում, համագործակցելով մյուս Կողմերի և համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ զոհերին հայտնաբերելու նպատակով: Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ եթե իրավասու մարմիններն ունենան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ տվյալ անձը հանդիսանում է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհ, այդ անձը չի տեղափոխվի իր տարածքից, քանի դեռ չի ավարտվել իրավասու մարմնի կողմից սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն վերջինիս` որպես հանցանքի զոհ ճանաչելու գործընթացը և պետք է ապահովի, որ տվյալ անձը օգտվի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսվող օժանդակությունից:

3. Երբ զոհի տարիքն անհայտ է, և կան պատճառներ հավատալու, որ նա երեխա է, ապա մինչև զոհի տարիքի մասին հավաստի տվյալներ ձեռք բերելը վերջինս կհամարվի երեխա և կօգտվի պաշտպանության հատուկ միջոցներից:

4. Այն բանից հետո, երբ չուղեկցվող երեխան կճանաչվի զոհ, յուրաքանչյուր Կողմ պետք է`

ա) ապահովի, որ տվյալ երեխան ներկայացված լինի այնպիսի օրինական խնամակալի, կազմակերպության կամ մարմնի կողմից, որը հանդես կգա վերջինիս բարձրագույն շահերից.

բ) ձեռնարկի անհրաժեշտ քայլեր նրա անձը և ազգությունը հաստատելու ուղղությամբ.

գ) գործադրի ամեն ջանք նրա ընտանիքի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից:

 

Հոդված 11

 

Անձնական կյանքի պաշտպանությունը

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է պաշտպանի զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը: Նրանց վերաբերող անձնական տվյալները պետք է պահպանվեն և օգտագործվեն «Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակումից անձանց պաշտպանության մասին» Կոնվենցիայի դրույթներին համապատասխան (ԵՊՇ հմ. 108):

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի միջոցներ` մասնավորապես ապահովելու համար, որ զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ եղանակով չեն հրապարակվի ո՛չ մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհ հանդիսացող երեխայի ինքնությունը, ո՛չ էլ այնպիսի մանրամասներ, որոնք թույլ կտան ճանաչել վերջինիս, բացառությամբ արտակարգ հանգամանքների, երբ դա կհեշտացնի հայտնաբերել ընտանիքի անդամներին կամ որևէ այլ կերպով կապահովի երեխայի բարեկեցությունն ու պաշտպանությունը:

3. Յուրաքանչյուր Կողմ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, ինչպես որ մեկնաբանված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, պետք է նախատեսի այնպիսի միջոցների ընդունում, որոնք նպատակ կունենան խրախուսելու զանգվածային լրատվամիջոցներին` ինքնակարգավորիչ կամ կարգավորիչ կամ համակարգավորիչ միջոցներով պաշտպանել զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը:

 

Հոդված 12

 

Օժանդակություն զոհերին

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանը նպաստելու համար: Հիշյալ աջակցությունն առնվազն կներառի`

ա) նրանց գոյատևման համար անհրաժեշտ կենսապայմանները, մասնավորապես պատշաճ և ապահով կացարանը, հոգեբանական ու նյութական օգնությունը.

բ) շտապ բուժօգնություն ստանալու հնարավորությունը.

գ) անհրաժեշտության դեպքում գրավոր և բանավոր թարգմանության ծառայությունները.

դ) նրանց համար հասկանալի լեզվով խորհրդատվությունը և տեղեկատվությունը` մասնավորապես իրենց իրավունքների և իրենց համար մատչելի ծառայությունների վերաբերյալ.

ե) օժանդակությունը` օրինազանց կողմի դեմ հարուցված քրեական դատավարության համապատասխան փուլերում իրենց իրավունքներն ու շահերը ներկայացնելու և քննարկելու համար.

զ) կրթության հասանելիությունը երեխաների համար:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է պատշաճ ուշադրություն դարձնի զոհի անվտանգությանն ու պաշտպանությանը:

3. Ի հավելումն վերոշարադրյալի` յուրաքանչյուր Կողմ պետք է անհրաժեշտ բժշկական կամ այլ տեսակի օգնություն տրամադրի իր տարածքում օրինական հիմքով բնակվող այն զոհերին, որոնք չունեն բավարար միջոցներ, և որոնց այդ օգնությունն անհրաժեշտ է:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի կանոններ, որոնց համաձայն իր տարածքում օրինական հիմքով բնակվող յուրաքանչյուր զոհի կտրվի աշխատաշուկայից օգտվելու, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստում և կրթություն ստանալու հնարավորություն:

5. Յուրաքանչյուր Կողմ, անհրաժեշտության դեպքում և համաձայն ներքին օրենսդրությամբ սահմանված կարգի, պետք է ձեռնարկի միջոցներ զոհերի աջակցության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, այլ համապատասխան կառույցների և քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ համագործակցելու ուղղությամբ:

6. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք կբացառեն որպես վկա հանդես գալու պատրաստակամության պայմանով զոհին օգնություն տրամադրելու հնարավորությունը:

7. Սույն հոդվածով սահմանված դրույթների իրականացման նպատակով յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ զոհերին ծառայությունները մատուցվեն փոխհամաձայնության և իրազեկվածության պայմաններում՝ պատշաճ ուշադրություն դարձնելով խոցելի իրավիճակում հայտնված անձանց հատուկ կարիքներին և երեխաների իրավունքներին՝ կացարանի, կրթության և առողջության պահպանման հարցերում:

 

Հոդված 13

 

Վերականգնման և խորհրդածության ժամանակաշրջան

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է, իր ներքին օրենսդրության համաձայն, սահմանի նվազագույնը 30 օր տևողությամբ վերականգնման և խորհրդածության ժամանակաշրջան, եթե ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը հանդիսանում է զոհ: Հիշյալ ժամանակահատվածը պետք է բավարար լինի տվյալ անձի վերականգնման ու մարդկանց շահագործմամբ (թրաֆիկինգ) զբաղվողների ազդեցությունից խուսափելու և/կամ իրավասու մարմինների հետ համագործակցության վերաբերյալ ստացված տեղեկությունների վրա հիմնված որոշում ընդունելու համար: Նշված ժամանակահատվածում չի թույլատրվում ի կատար ածել այդ անձի վտարումը որևէ եղանակով: Սույն դրույթը չի տարածվում ազգային օրենսդրությամբ սահմանված համապատասխան դատաքննության բոլոր փուլերում իրավասու մարմինների կողմից իրականացված գործողությունների, մասնավորապես հիշյալ օրինազանցությունների քննության ու դատական հետապնդման վրա: Այս ժամանակահատվածում Կողմերը թույլատրում են համապատասխան անձին գտնվել իրենց տարածքում:

2. Նշված ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված անձինք իրավունք ունեն օգտվելու 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսվող միջոցներից:

3. Կողմերը պարտավոր չեն պահպանել նշված ժամանակահատվածը, եթե դա բերում է հասարակական կարգի խախտման, կամ պարզվում է, որ զոհի կարգավիճակ ստանալու մասին պահանջը հիմնավորված չէ:

 

Հոդված 14

 

Կացության կարգավիճակ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է զոհերին տրամադրի երկարաձգման ենթակա կացության կարգավիճակ` հետևյալ իրավիճակներից որևէ մեկի կամ միաժամանակ երկուսի դեպքում`

ա) երբ իրավասու մարմինը գտնում է, որ այդ անձանց մնալն անհրաժեշտ է` ելնելով վերջիններիս անձնական հանգամանքներից.

բ) երբ իրավասու մարմինը գտնում է, որ այդ անձանց մնալն անհրաժեշտ է քննության և քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների հետ վերջիններիս համագործակցության նպատակով:

2. Տուժած երեխաների համար, երբ իրավաչափորեն անհրաժեշտ է, կացության կարգավիճակ պետք է տրամադրվի` ելնելով երեխայի լավագույն շահերից, և հարկ եղած դեպքում երկարաձգվի` համաձայն նույն պայմանների:

3. Կացության կարգավիճակը չերկարաձգելու կամ այն հետ վերցնելու հետ կապված հարցերը կարգավորվում են տվյալ Կողմի ներքին օրենսդրությամբ:

4. Եթե զոհը դիմում է ներկայացնում այլ կարգի կացության կարգավիճակ ստանալու համար, տվյալ Կողմը պետք է հաշվի առնի, որ նա ունի կամ ունեցել է կացության կարգավիճակ` համաձայն սույն հոդվածի 1-ին կետի:

5. Հաշվի առնելով Կողմերի` սույն Կոնվենցիայի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները՝ յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ սույն դրույթի համաձայն կարգավիճակի տրամադրումը խոչընդոտ չհանդիսանա ապաստան փնտրելու և դրանից օգտվելու իրավունքին:

 

Հոդված 15

 

Փոխհատուցում և իրավական օգնություն

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է հնարավորություն ընձեռի զոհերին, իրավասու մարմինների հետ առաջին իսկ շփումից սկսած, իրենց հասկանալի լեզվով օգտվել համապատասխան դատական և վարչական վարույթների մասին տեղեկատվությունից:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է իր ներպետական իրավունքում ամրագրի զոհերի համար անվճար իրավաբանական խորհրդատվություն և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը` համաձայն իր ներքին օրենսդրությամբ սահմանված պայմանների:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է իր ներպետական իրավունքում ամրագրի զոհերի՝ հանցագործից փոխհատուցում ստանալու իրավունքը:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, ներքին օրենսդրության համաձայն, զոհերի վնասների փոխհատուցումը երաշխավորելու նպատակով, օրինակ` ստեղծելով զոհերի վնասների փոխհատուցման հիմնադրամ կամ իրականացնելով զոհերի սոցիալական օգնությանն ու սոցիալական ինտեգրմանն ուղղված այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ֆինանսավորվել 23-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ստեղծված միջոցներով:

 

Հոդված 16

 

Զոհերի հայրենադարձումը և վերադարձը

 

1. Այն Կողմը, որի տարածքում զոհը հանդիսանում է քաղաքացի կամ ունի մշտական բնակության իրավունք, պետք է վերջինիս` ընդունող պետության տարածք մուտք գործելու պահին, առանց չհիմնավորված կամ անհարկի ուշացման, օժանդակի նրա վերադարձին և ընդունի նրան` անհրաժեշտ ուշադրություն դարձնելով զոհի իրավունքներին, անվտանգությանն ու արժանապատվությանը:

2. Երբ Կողմերից մեկը զոհին վերադարձնում է մեկ այլ պետության, տվյալ պարագայում պետք է հարկ եղած կերպով հաշվի առնվեն այդ անձի իրավունքները, անվտանգությունն ու արժանապատվությունը, ինչպես նաև վերջինիս` զոհ լինելու փաստին առնչվող ցանկացած դատավարական ընթացակարգի կարգավիճակը, և նախընտրելի է, որ վերադարձը լինի կամավոր:

3. Ընդունող Կողմի պահանջով` մյուս Կողմը պետք է ճշտի, թե արդյոք տվյալ անձը հանդիսանում է իր քաղաքացին, թե ունեցել է ընդունող պետության տարածքում մշտական կացության իրավունք:

4. Անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող զոհի վերադարձը հեշտացնելու նպատակով այն Կողմը, որի տարածքում տվյալ անձը հանդիսանում է քաղաքացի կամ ունի մշտական կացության իրավունք, պետք է համաձայնի վերջինիս` ընդունող պետության տարածք մուտք գործելու պահին ընդունող Կողմի խնդրանքով տրամադրել ճամփորդական այնպիսի փաստաթղթեր կամ այլ թույլտվություն, որոնք տվյալ անձին հնարավորություն կտան ճամփորդել կամ կրկին մուտք գործել իր տարածք:

5. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ հայրենադարձման ծրագրեր մշակելու համար՝ ներգրավելով համապատասխան ազգային կամ միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների: Նշված ծրագրերի նպատակն է խուսափել զոհի կարգավիճակում կրկին հայտնվելու վտանգից: Յուրաքանչյուր Կողմ պետք է գործադրի հնարավոր ամեն ջանք` նպաստելու համար զոհերին վերադարձի պետության հասարակությունում վերաինտեգրմանը, այդ թվում` կրթական համակարգին և աշխատաշուկային վերաինտեգրմանը, ինչը մասնավորապես կիրականացվի վերջիններիս կողմից մասնագիտական հմտությունների ձեռքբերմամբ և կատարելագործմամբ: Երեխաների համար այդ ծրագրերը պետք է նախատեսեն կրթության իրավունքից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև ապահովեն անհրաժեշտ խնամք կամ ընդունելություն ընտանիքի կողմից կամ համապատասխան խնամքով զբաղվող կառույցներ:

6. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` զոհերին իրենց վերադարձի կամ հայրենադարձության երկրներում նրանց օժանդակող կառույցների մասին տեղեկատվություն տրամադրելու համար` հարկ եղած դեպքում համագործակցելով ցանկացած այլ շահագրգիռ Կողմի հետ: Հիշյալ կառույցների շարքին են դասվում իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվական և սոցիալական աջակցություն տրամադրող ծառայությունները:

7. Տուժած երեխաները չպետք է վերադարձվեն որևէ պետության, եթե ռիսկերի և անվտանգության խնդիրների գնահատումը հիմք է տալիս ենթադրելու, որ դա չի բխում երեխայի լավագույն շահերից:

 

 Հոդված 17

 

Գենդերային հավասարություն

 

Սույն գլխում հիշատակված միջոցները կիրառելիս` յուրաքանչյուր Կողմ պետք է նպատակ ունենա խթանելու գենդերային հավասարությունը և օգտագործելու գենդերային իրավահավասարությանն ուղղված քաղաքականությունը միջոցառումների մշակման, իրականացման և գնահատման ժամանակ:

 

Գլուխ IV

 

Քրեական իրավունքի նյութաիրավական դրույթներ

 

Հոդված 18

 

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) քրեականացումը

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված արարքները դիտավորությամբ կատարված լինելու դեպքում քրեորեն պատժելի դարձնելու համար:

 

Հոդված 19

 

Զոհերի ծառայություններից օգտվելու քրեականացում

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որոնք, համաձայն տվյալ Կողմի ներքին օրենսդրության, կարող են սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի «ա» կետում հիշատակված` շահագործման օբյեկտի ծառայություններից օգտվելու հանգամանքը սահմանել որպես քրեական հանցագործություն, եթե հիշյալ ծառայություններից օգտվողն իմացել է, որ տվյալ անձը հանդիսանում է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհ:

 

Հոդված 20

 

Ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված գործողությունների քրեականացում

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ ներքոհիշյալ արարքները քրեորեն պատժելի դարձնելու համար, եթե դրանք կատարվել են դիտավորությամբ և նպատակ են ունեցել նպաստելու մարդկանց շահագործմանը (թրաֆիկինգ): Այդ արարքների շարքին են դասվում`

ա) ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթուղթը կեղծելը.

բ) հիշյալ փաստաթղթերը ձեռք բերելը կամ տրամադրելը.

գ) այլ անձի պատկանող` ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթուղթ պահելը, տեղափոխելը, թաքցնելը, վնասելը կամ ոչնչացնելը:

 

Հոդված 21

 

Հանցափորձ և օժանդակում կամ դրդում

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ քրեական պատասխանատվություն սահմանելու համար սույն Կոնվենցիայի 18-րդ և 20-րդ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներին օժանդակելու և դրանց դրդելու համար, եթե նշված գործողություններն իրականացվել են դիտավորությամբ:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ քրեական պատասխանատվություն սահմանելու համար սույն Կոնվենցիայի 18-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունները կատարելու փորձի համար, եթե հիշյալ արարքներն իրականացվել են դիտավորությամբ:

 

Հոդված 22

 

Իրավաբանական անձանց պատասխանատվությունը

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ իրավաբանական անձը կենթարկվի պատասխանատվության իր օգտին սույն Կոնվենցիայով սահմանված որևէ հանցավոր արարք ֆիզիկական անձի միջոցով իրականացնելու համար: Նշված ֆիզիկական անձը կարող է հանդես գալ կամ որպես անհատ, կամ իրավաբանական անձի որևէ հաստատության մաս, որն այնտեղ զբաղեցնում է ղեկավար պաշտոն այն բանի ուժով, որ

ա) լիազորված է ներկայացնելու այդ իրավաբանական անձը.

բ) իրավասու է տվյալ իրավաբանական անձի անունից ընդունելու որոշումներ.

գ) իրավասու է իրավաբանական անձ հանդիսացող հաստատության ներսում իրականացնելու վերահսկողություն:

2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերից` յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ իրավաբանական անձը կկարողանա պատասխանատվության ենթարկվել սույն Կոնվենցիայով նախատեսված այնպիսի հանցավոր արարքների համար, որոնք կատարվել են այդ իրավաբանական անձի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործող ֆիզիկական անձի կողմից` 1-ին կետում նշված ֆիզիկական անձի իրականացրած հսկողության կամ վերահսկման բացակայության հետևանքով:

3. Կախված տվյալ Կողմի իրավական համակարգում գործող սկզբունքներից` իրավաբանական անձի պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական:

4. Պատասխանատվության սահմանված ձևը հանցավոր արարք կատարած ֆիզիկական անձանց չի ազատի քրեական պատասխանատվությունից:

 

Հոդված 23

 

Պատժամիջոցներ և միջոցներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ 18-ից 21-րդ հոդվածներով սահմանված հանցավոր արարքների պատժման համար կիրառվեն արդյունավետ, համամասնական և տարհամոզիչ նշանակություն ունեցող պատժամիջոցներ: 18-րդ հոդվածում նախատեսվող՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքում պատժամիջոցները կներառեն տարբեր պատիժներ, այդ թվում` ազատազրկում, ինչի արդյունքում տվյալ անձը կարող է ենթարկվել էքստրադիցիայի (հանձնման):

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է 22-րդ հոդվածի համաձայն պատասխանատվության ենթարկված իրավաբանական անձանց համար սահմանի արդյունավետ, համամասնական և տարհամոզիչ նշանակություն ունեցող քրեական կամ ոչ քրեական, այդ թվում` նաև դրամական պատժամիջոցներ և միջոցներ:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք վերջինիս հնարավորություն կտան բռնագրավելու կամ այլ եղանակով խլելու սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի «ա» կետով սահմանված հանցավոր արարքների համար կիրառվող միջոցները կամ ստացված հասույթները կամ ցանկացած գույք, որի արժեքը համապատասխան կլինի նշված հասույթի չափին:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք հնարավորություն կտան մշտապես կամ ժամանակավորապես փակելու մարդկանց շահագործմամբ (թրաֆիկինգ) զբաղվող ցանկացած հաստատություն: Սույն դրույթը չի խախտի երրորդ կողմերի բարեխղճորեն ստանձնած (bօոa fidae) իրավունքները, ոչ էլ կխանգարի մշտապես կամ ժամանակավորապես արգելել իրավազանցների կողմից իրականացվող այնպիսի գործունեությունը, որի ժամանակ կատարվել է հանցավոր արարքը:

 

Հոդված 24

 

Ծանրացուցիչ հանգամանքներ

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների համար պատիժ սահմանելիս հետևյալ հանգամանքները համարվեն ծանրացուցիչ`

ա) դիտավորությամբ կամ հանցավոր անփութությամբ կատարված արարքը վտանգել է զոհի կյանքը.

բ) հանցավոր արարքը կատարվել է երեխայի նկատմամբ.

գ) հանցավոր արարքը կատարվել է պետական պաշտոնյայի կողմից՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս.

դ) հանցավոր արարքը կատարվել է հանցավոր կազմակերպության շրջանակներում:

 

Հոդված 25

 

Նախկին դատվածություններ

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք հնարավորություն կտան սույն Կոնվենցիայով սահմանված հանցավոր արարքների համար պատիժ սահմանելիս հաշվի առնել մեկ այլ Կողմի կայացրած վերջնական դատավճիռները:

 

Հոդված 26

 

Պատիժ չկիրառելու հնարավորություն

 

Յուրաքանչյուր Կողմ, ելնելով իր իրավական համակարգի հիմնական սկզբունքներից, պետք է նախատեսի զոհերի նկատմամբ ապօրինի գործողություններում ներգրավված լինելու համար պատիժ չսահմանելու հնարավորություն, եթե վերջիններիս կողմից նման արարքներն իրականացվել են հարկադրանքի ներքո:

 

Գլուխ V

 

Քննություն, դատական հետապնդում և դատավարական իրավունք

 

Հոդված 27

 

Միակողմանի (Ex parte) և ի պաշտոնե (ex officio) ներկայացված դիմումներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ սույն Կոնվենցիայով սահմանված հանցավոր արարքների քննությունը կամ դատական հետապնդումը կախված չլինի միայն զոհի կողմից ներկայացված դիմումից կամ մեղադրանքից. համենայն դեպս այն ժամանակ, երբ հանցավոր արարքն ամբողջովին կամ մասամբ իրականացվել է իր տարածքում:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ իրենց մշտական բնակության վայր չհանդիսացող որևէ Կողմի տարածքում կատարված հանցավոր արարքի զոհերը հնարավորություն ունենան բողոք ներկայացնելու այն պետության իրավասու մարմիններին, որտեղ նրանք ունեն մշտական կացության կարգավիճակ: Եթե բողոքն ստացող իրավասու մարմինը այս առնչությամբ չունի որևէ լիազորություն, նա պետք է բողոքը անհապաղ փոխանցի այն Կողմին, որի տարածքում կատարվել է հանցավոր արարքը: Բողոքի հետ կապված հարցերը կարգավորվում են այն Կողմի ներքին օրենսդրությամբ, որտեղ իրականացվել է տվյալ հանցանքը:

3. Յուրաքանչյուր Կողմ, ձեռնարկելով օրենսդրական և այլ միջոցներ, պետք է, համաձայն ներպետական իրավունքով սահմանված կարգի, հնարավորություն ընձեռի մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքար իրականացնող և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած խմբի, հիմնադրամի, ընկերակցության և հասարակական կազմակերպության սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքի առնչությամբ հարուցված քրեական դատավարության ժամանակ, զոհերի համաձայնությամբ, օժանդակել և/կամ սատարել վերջիններիս:

 

Հոդված 28

 

Զոհերի, վկաների և դատական մարմինների հետ համագործակցող անձանց պաշտպանությունը

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար արդյունավետ և պատշաճ պաշտպանություն վրեժխնդրության կամ ահաբեկման սպառնալիքից հատկապես քննության և դատական հետապնդման ժամանակ և դրանից հետո: Սույն դրույթով սահմանված պաշտպանությունը նախատեսվում է հետևյալ խմբի անձանց համար`

ա) զոհեր.

բ) հարկ եղած դեպքում` սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքների մասին հայտնող կամ քննությունն ու քրեական հետապնդումն իրականացնող մարմինների հետ այլ կերպ համագործակցող անձինք.

գ) սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքների վերաբերյալ ցուցմունք տվող վկաներ.

դ) անհրաժեշտության դեպքում` «ա» և «գ» ենթակետերում հիշատակված անձանց ընտանիքի անդամներ:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` տարբեր կարգի օգնություն ապահովելու և առաջարկելու համար: Այն կարող է ներառել ֆիզիկական պաշտպանությունը, բնակության վայրի և անձնական տվյալների փոփոխումը, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակությունը:

3. Տուժած երեխայի համար պետք է ապահովվեն հատուկ պաշտպանության միջոցներ` ելնելով վերջինիս լավագույն շահերից:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` 27-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործունեությամբ զբաղվող խմբերի, հիմնադրամների, ընկերակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամների համար ապահովելու արդյունավետ և պատշաճ պաշտպանություն վրեժխնդրության կամ ահաբեկման սպառնալիքից` հատկապես իրավազանցների քննության և դատական հետապնդման ժամանակ և դրանից հետո:

5. Յուրաքանչյուր Կողմ պետք է քննարկի, սույն հոդվածի կիրառումն ապահովելու նպատակով, այլ պետությունների հետ համաձայնագրեր կնքելու կամ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունը:

 

Հոդված 29

 

Մասնագիտացված մարմիններ և համակարգող կառույցներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ լինեն մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի և զոհերի պաշտպանության ոլորտում մասնագիտացած համապատասխան մարդիկ կամ կառույցներ: Հիշյալ անձինք կամ կառույցները պետք է, համաձայն տվյալ Կողմի իրավական համակարգի հիմնարար սկզբունքների, օժտված լինեն բավականաչափ անկախությամբ` իրենց գործառույթներն արդյունավետ կատարելու համար և զերծ լինեն անհարկի ճնշումներից: Նշված անձինք կամ նշված կառույցների աշխատակազմերի անդամները պետք է ունենան համապատասխան պատրաստվածություն և ֆինանսական միջոցներ` իրենց աշխատանքները կատարելու համար:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարում համապատասխան կառավարական գերատեսչությունների և այլ պետական կառույցների ռազմավարություններն ու աշխատանքները համակարգելու ուղղությամբ` անհրաժեշտության դեպքում համակարգող կառույցներ ստեղծելու միջոցով:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման գործում կամ դրա դեմ պայքարում ապահովի կամ առավել ամուր հիմքերի վրա դնի համապատասխան պաշտոնատար անձանց վերապատրաստումը, ներառյալ մարդու իրավունքներին առնչվող վերապատրաստումը: Վերապատրաստումը կարող է վերաբերել տվյալ կառույցի աշխատանքային առանձնահատկություններին, նրա առանցքային հարցերը պետք է, ըստ անհրաժեշտության, լինեն մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման գործում կիրառվող մեթոդները, մարդկանց շահագործում (թրաֆիկինգ) իրականացնող անձանց հետապնդման և զոհերի իրավունքների պաշտպանությունը, ներառյալ (թրաֆիկինգ) իրականացնող անձանցից զոհերի պաշտպանությունը:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է քննարկի ազգային զեկուցողներ նշանակելու կամ այլ մեխանիզմներ ստեղծելու հնարավորությունը՝ պետական հաստատությունների` մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ ուղղված գործողությունները վերահսկելու և ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջները կատարելու համար:

 

 Հոդված 30

 

Դատական քննություն

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի, մասնավորապես նշված փաստաթղթի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք դատավարության ժամանակ կապահովեն.

ա) զոհերի անձնական կյանքի և, հարկ եղած դեպքում, անձնական տվյալների պաշտպանություն.

բ) զոհերի անվտանգությունն ու նրանց պաշտպանությունը ահաբեկումից:

Վերոհիշյալ ենթակետերը կկիրառվեն համաձայն տվյալ Կողմի ներքին օրենսդրության: Տուժած երեխաների դեպքում հատուկ ուշադրություն կդարձվի նրանց կարիքներին և պաշտպանության հատուկ միջոցների ապահովմանը:

 

Հոդված 31

 

Իրավազորություն

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիայով սահմանված ցանկացած հանցավոր արարքի վրա իր իրավազորությունը տարածելու համար, եթե նշված հանցավոր արարքը կատարվել է`

ա) իր տարածքում, կամ

բ) տվյալ Կողմի դրոշի ներքո նավարկող նավի վրա, կամ

գ) տվյալ Կողմի օրենսդրության համապատասխան գրանցված օդանավում, կամ

դ) իր որևէ քաղաքացու կամ իր տարածքում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի կողմից, եթե հանցավոր արարքը քրեորեն պատժելի է այն տարածքում, որտեղ կատարվել է, կամ այն կատարվել է որևէ պետության տարածքային իրավազորությունից դուրս.

ե) իր որևէ քաղաքացու նկատմամբ:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է Կոնվենցիան ստորագրելիս կամ Կոնվենցիան վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս վերապահում անել սույն հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված իրավազորության կանոնները չկիրառելու կամ միայն հատուկ դեպքերում և հատուկ պայմաններում կիրառելու վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիայում հիշատակված հանցավոր արարքների վրա իր իրավազորությունը տարածելու համար, եթե ենթադրյալ հանցագործը գտնվում է իր տարածքում, և պետությունը հանձնման մասին պահանջ ստանալուց հետո չի հանձնում նրան այլ Կողմի` բացառապես քաղաքացիության հիմքով:

4. Երբ սույն Կոնվենցիայով նախատեսված որևէ հանցավոր արարքի վրա իրենց իրավազորությունը տարածելու հավակնություն ունեն մեկից ավելի Կողմեր, նրանք պետք է հարկ եղած դեպքում խորհրդակցություն անցկացնեն` որոշելու քրեական հետապնդման համար առավել հարմար իրավազորությունը:

5. Չխախտելով միջազգային իրավունքի ընդհանուր նորմերը՝ սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավազորություն, որը կարող է իրականացնել Կողմերից որևէ մեկը` համաձայն իր ներքին օրենսդրության:

 

Գլուխ VI

 

Միջազգային համագործակցություն և համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ

 

Հոդված 32

 

Միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքներ և միջոցներ

 

Կողմերը պետք է, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, համագործակցեն միմյանց հետ` հնարավորինս լայնորեն կիրառելով համապատասխան միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերը, միասնական կամ փոխադարձ պարտավորություններ սահմանող օրենսդրության հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունները: Համագործակցության նպատակն է`

- մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելումը և դրա դեմ պայքարը.

- զոհերի պաշտպանությունն ու վերջիններիս օժանդակություն տրամադրելը.

- սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված հանցավոր արարքների առնչությամբ քննություն կամ դատավարություն անցկացնելը:

 

Հոդված 33

 

Վտանգի ենթարկված կամ անհայտ կորած անձանց վերաբերյալ ձեռնարկվող միջոցներ

 

1. Երբ Կողմերից որևէ մեկն իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու, որ 28-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված անձի կյանքին, ազատությանը կամ ֆիզիկական անվտանգությանը սպառնում է անմիջական վտանգ մեկ այլ Կողմի տարածքում, ապա հիշյալ տեղեկատվությունն ունեցող Կողմը պետք է նման արտակարգ իրավիճակում այն անհապաղ փոխանցի մյուս Կողմին, որպեսզի վերջինս կարողանա ձեռնարկել անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:

2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են քննարկել անհայտ կորած անձանց, մասնավորապես անհայտ կորած երեխաների որոնման հարցում իրենց համագործակցությունն ուժեղացնելու հնարավորությունը, եթե առկա տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու, որ տվյալ անձը հանդիսանում է թրաֆիկինգի զոհ: Այս նպատակով Կողմերը կարող են միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր:

 

Հոդված 34

 

Տեղեկատվություն

 

1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է, մյուս Կողմի պահանջով, անհապաղ տեղեկացնի վերջինիս սույն գլխի համաձայն ձեռնարկված գործողությունների վերջնական արդյունքի մասին: Նա պետք է պահանջող Կողմին անհապաղ տեղեկացնի նաև համապատասխան գործողության իրականացմանը խոչընդոտող կամ, ըստ հավանականության, դրա ձգձգմանը նպաստող ցանկացած հանգամանքի մասին:

2. Յուրաքանչյուր Կողմ իր օրենքի սահմաններում կարող է, առանց նախնական պահանջի, մյուս Կողմին տրամադրել իր անցկացրած քննության շրջանակներում ձեռք բերած որոշակի տեղեկատվություն, եթե գտնում է, որ հիշյալ տեղեկատվությունը հայտնելը կարող է օգնել ընդունող Կողմին սույն Կոնվենցիայով սահմանված հանցավոր արարքների առնչությամբ քննություն կամ դատավարություն հարուցելիս կամ կարող է հիմք հանդիսանալ, որ այդ Կողմը, սույն գլխի համաձայն, ներկայացնի համագործակցության հայց:

3. Նախքան նման տեղեկատվություն տրամադրելը, հայտնող Կողմը կարող է պահանջել, որ այն պահվի գաղտնի կամ օգտագործվի համաձայն որոշակի պայմանների: Եթե տեղեկատվությունն ստացող Կողմը չի կարող կատարել այդ պահանջը, նա այդ մասին պետք է հայտնի տեղեկատվությունը տրամադրող Կողմին, որն այնուհետև պետք է որոշի՝ տրամադրի այն, թե ոչ: Եթե ստացող Կողմն ընդունի այդ պայմանները, վերջիններս նրա համար կունենան պարտադիր ուժ:

4. 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է այդ հոդվածներով նախատեսված իրավունքներն ապահովելու համար, պետք է, շահագրգիռ Կողմի պահանջով, առանց հետաձգման փոխանցվի վերջինիս` անհրաժեշտ ուշադրություն դարձնելով սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված պայմաններին:

 

Հոդված 35

 

Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է խրախուսի պետական մարմիններին ու պետական պաշտոնյաներին համագործակցել հասարակական կազմակերպությունների, այլ համապատասխան կառույցների և քաղաքացիական հասարակության անդամների հետ` սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու համար ռազմավարական գործընկերություն հաստատելու հարցում:

 

Գլուխ VII

 

Մոնիտորինգի մեխանիզմ

 

Հոդված 36

 

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ

 

1. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը (այսուհետ՝ ՄՇՊՀՓԽ) պետք է վերահսկի, թե Կողմերն ինչպես են իրականացնում սույն Կոնվենցիան:

2. ՄՇՊՀՓԽ-ն պետք է կազմված լինի նվազագույնը 10 և առավելագույնը 15 անդամներից՝ հաշվի առնելով գենդերային և աշխարհագրական ներկայացվածության տեսակետից հավասարության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև բազմապրոֆիլ փորձաքննության հնարավորությունը: Նրանք պետք է ընտրվեն Կողմերի կոմիտեի կողմից` 4 տարի ժամկետով, մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ: Ընտրությունը պետք է կատարվի սույն Կոնվենցիայի անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող թեկնածուների շրջանում:

3. ՄՇՊՀՓԽ անդամների ընտրությունը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա`

ա) նրանց ընտրությունը պետք է կատարվի այնպիսի անձանց շրջանում, որոնք ունեն բարոյական բարձր հատկանիշներ, վայելում են համբավ մարդու իրավունքների, մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհերի աջակցության և նրանց պաշտպանության, ինչպես նաև մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի բնագավառում իրենց ունեցած ներդրումների համար կամ ունեն մասնագիտական փորձառություն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտներում.

բ) նրանք պետք է հանդես գան իրենց իրավասությունների շրջանակում, իրենց գործառույթներն իրականացնելիս լինեն անկախ ու անկողմնակալ և կարողանան արդյունավետ կատարել իրենց պարտականությունները.

գ) ՄՇՊՀՓԽ-ն չի կարող ունենալ միևնույն պետության քաղաքացի հանդիսացող մեկից ավելի անդամ.

դ) նրա անդամները պետք է ներկայացնեն հիմնական իրավական համակարգերը:

4. ՄՇՊՀՓԽ անդամների ընտրության կարգը պետք է սահմանվի Նախարարների կոմիտեի կողմից` սույն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում: ՄՇՊՓԽ-ն պետք է ընդունի իր սեփական կանոնակարգը:

 

 Հոդված 37

 

Կողմերի կոմիտե

 

1. Կողմերի կոմիտեն պետք է կազմված լինի սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ներկայացված անդամ պետությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այն պետությունների ներկայացուցիչներից, որոնք Եվրոպայի խորհրդի անդամ չեն:

2. Կողմերի կոմիտեն պետք է հրավիրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից: Նրա առաջին նիստը պետք է գումարվի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում՝ ՄՇՊՓԽ անդամներին ընտրելու նպատակով: Հետագա նիստերը կգումարվեն Կողմերի 1/3-ի, ՄՇՊՓԽ նախագահի կամ Գլխավոր քարտուղարի պահանջով:

3. Կողմերի կոմիտեն պետք է ընդունի իր կանոնակարգը:

 

Հոդված 38

 

Ընթացակարգ

 

1. Գնահատման ընթացակարգը վերաբերում է սույն Կոնվենցիայի Կողմերին և բաժանվում է փուլերի, որոնց տևողությունը որոշվում է ՄՇՊՀՓԽ կողմից: Յուրաքանչյուր փուլի սկզբում ԹՊՓԽ-ն պետք է ընտրի այն կոնկրետ դրույթները, որոնց հիման վրա կիրականացվի գնահատման ընթացակարգը:

2. ՄՇՊՀՓԽ-ն պետք է որոշի գնահատումն անցկացնելու ամենահարմար միջոցները: Մասնավորապես ՄՇՊՓԽ-ն կարող է գնահատման յուրաքանչյուր փուլի համար մշակել հարցաշար, որը կարող է հիմք ծառայել Կողմերի` Կոնվենցիայի կատարումը գնահատելու համար: Նշված հարցաշարը հասցեագրված կլինի բոլոր Կողմերին: Կողմերը պետք է պատասխանեն ինչպես այդ հարցաշարին, այնպես էլ ՄՇՊՓԽ կողմից արվող ցանկացած այլ տեղեկատվական հարցման:

3. ՄՇՊՀՓԽ-ն կարող է տեղեկատվություն պահանջել քաղաքացիական հասարակությունից:

4. ՄՇՊՀՓԽ-ն կարող է ազգային մարմինների և նրանց կողմից նշանակված «պատասխանատու անձի», անհրաժեշտության դեպքում նաև անկախ ազգային փորձագետների հետ միասին, ի լրումն ամենի, կազմակերպել այցեր առանձին պետություններ: Այդ այցերի ընթացքում ՄՇՊՓԽ-ին կարող են օգնություն ցույց տալ առանձին ոլորտների մասնագետներ:

5. ՄՇՊՀՓԽ-ն պետք է պատրաստի զեկույցի նախագիծ, որտեղ ընդգրկված կլինեն գնահատման հիմք հանդիսացող դրույթների իր վերլուծությունը, ինչպես նաև Կողմին ուղղված իր առաջարկությունները և խորհուրդները, որոնք կարող են նպաստել սահմանված հիմնախնդիրների լուծմանը: Այդ նախագիծը մեկնաբանությունների համար պետք է ներկայացվի գնահատվող Կողմին: Նրա մեկնաբանությունները հաշվի են առնվում ԹՊՓԽ կողմից զեկույցը կազմելու ժամանակ:

 6. Սրա հիման վրա ՄՇՊՀՓԽ-ն պետք է ընդունի սույն Կոնվենցիայի դրույթների իրականացմամբ շահագրգիռ Կողմի ձեռնարկած միջոցների մասին իր զեկույցը և եզրակացությունները: Նշված զեկույցն ու եզրակացությունները կուղարկվեն շահագրգիռ Կողմին և Կողմերի կոմիտեին: ՄՇՊՀՓԽ-ի զեկույցը և եզրակացությունները շահագրգիռ Կողմերի մեկնաբանությունների հետ միասին կհրապարակվեն ընդունվելու պահից:

7. Չխախտելով սույն հոդվածի 1-ից 6-րդ կետերում սահմանված ընթացակարգը՝ Կողմերի կոմիտեն կարող է ՄՇՊՀՓԽ-ի զեկույցի և եզրակացության հիման վրա ընդունել այդ Կողմին հասցեագրված առաջարկներ, որոնք` ա) կվերաբերեն ՄՇՊՀՓԽ-ի եզրակացությունների կատարման նպատակով ձեռնարկվելիք միջոցներին` անհրաժեշտության դեպքում սահմանելով կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու որոշակի ժամկետ, բ) նպատակ կունենան սույն Կոնվենցիայի պատշաճ կատարման համար խթանել համագործակցությունը տվյալ Կողմի հետ:

 

Գլուխ VIII

 

Կապը այլ միջազգային փաստաթղթերի հետ

 

Հոդված 39

 

Կապը Միավորված ազգերի կազմակերպության` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին Կոնվենցիային կից` Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման, արգելման և դրա համար նախատեսվող պատժի մասին արձանագրության հետ

 

Սույն Կոնվենցիան չի տարածվում Միավորված ազգերի կազմակերպության` «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» Կոնվենցիային կից` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման, արգելման և դրա համար նախատեսվող պատժի մասին» արձանագրությունից բխող իրավունքների ու պարտականությունների վրա և ուղղված է դրանում նախատեսված պաշտպանության մեխանիզմի ամրապնդմանն ու սահմանված չափանիշների զարգացմանը:

 

Հոդված 40

 

Կապը այլ միջազգային փաստաթղթերի հետ

 

1. Սույն Կոնվենցիան չի տարածվում միջազգային այնպիսի փաստաթղթերից բխող իրավունքների ու պարտականությունների վրա, որոնց սույն Կոնվենցիայի Կողմերը մասնակցում են կամ կարող են մասնակցել, և որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցեր կամ նախատեսում են ավելի ուժեղ պաշտպանություն և աջակցություն թրաֆիկինգի զոհերին:

2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր` նրանում առկա դրույթների լրամշակման կամ ամրապնդման կամ այնտեղ ամրագրված սկզբունքների կիրառմանը նպաստելու համար:

3. Այն Կողմերը, որոնք հանդիսանում են Եվրոպական միության անդամ, պետք է իրենց փոխհարաբերություններում կիրառեն Եվրոպական միության և Համայնքի նորմերը այնքանով, որքանով խնդրո մասնավոր առարկան կարգավորող` Եվրոպական միության կամ Համայնքի այդպիսի նորմեր գոյություն ունեն, և այնքանով, որքանով վերջիններս կիրառելի են տվյալ դեպքի համար: Այս դրույթը պետք է իրականացվի առանց սույն Կոնվենցիայի առարկան ու նպատակը խախտելու և մյուս Կողմերի հետ հարաբերություններում դրա ամբողջական կիրառմանը խոչընդոտելու:

4. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդի պետությունների և անհատների` միջազգային իրավունքով, այդ թվում` միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների միջազգային նորմերով սահմանված իրավունքների, պարտականությունների և պատասխանատվությունների վրա: Կիրառելիության դեպքում դրանք մասնավորապես կներառեն «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թ. Կոնվենցիայով և դրան կից` 1967թ. արձանագրությամբ սահմանված իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունները, ինչպես նաև դրանցում ամրագրված ոօո-refօսlemeոt (հետ վերադարձնելու մասին) սկզբունքը:

 

Գլուխ IX

 

Կոնվենցիայում կատարվող փոփոխություններ

 

Հոդված 41

 

Փոփոխություններ

 

1. Սույն Կոնվենցիայում որևէ փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն պետք է ներկայացվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և նրա կողմից ուղարկվի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն փաստաթուղթը ստորագրող յուրաքանչյուր Կողմի, յուրաքանչյուր մասնակից պետության, Եվրոպական համայնքին, 42-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան ստորագրելու և 43-րդ հոդվածի դրույթների համաձայն նրան միանալու հրավիրված ցանկացած պետության:

2. Ցանկացած Կողմի առաջարկած յուրաքանչյուր փոփոխության մասին պետք է ծանուցվի ՄՇՊՀՓԽ-ն, որը պետք է Նախարարների կոմիտեին ներկայացնի առաջարկվող փոփոխության վերաբերյալ իր կարծիքը:

3. Նախարարների կոմիտեն պետք է քննարկի առաջարկվող փոփոխությունն ու ՄՇՊՀՓԽ-ի ներկայացրած կարծիքը և սույն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո ընդունի այն:

4. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխության տեքստ պետք է ներկայացվի Կողմերի ընդունմանը:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի` փոփոխությունն ընդունելու մասին Գլխավոր քարտուղարին ծանուցելու օրվանից հետո մեկամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Գլուխ X

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 42

 

Ստորագրումը և ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական համայնքի, ինչպես նաև այն պետությունների ստորագրման համար, որոնք, չլինելով Եվրոպայի խորհրդի անդամ, մասնակցել են դրա մշակմանը:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 10 ստորագրող Կողմերի, այդ թվում` Եվրոպայի խորհրդի նվազագույնը 8 անդամների` նախորդ կետի համաձայն Կոնվենցիայի պարտադիր ուժն ընդունելու մասին իրենց համաձայնությունը հայտնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

4. Սույն Կոնվենցիայի պարտադիր ուժն ընդունելու մասին հետագայում համաձայնություն հայտնող` 1-ին կետում նշված ցանկացած պետության կամ Եվրոպական համայնքի համար այն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 43

 

Կոնվենցիային միանալը

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելով և նրանց միաձայն համաձայնությունն ստանալով, կարող է առաջարկել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող և Կոնվենցիայի մշակմանը չմասնակցած ցանկացած պետության միանալ նրան՝ ելնելով Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումից և Նախարարների կոմիտեում ներկայացված Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկությունից:

2. Միացող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 44

 

Տարածքային կիրառելիություն

 

1. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս` ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնք պետք է նշեն այն տարածքը, որի նկատմամբ պետք է կիրառվի սույն Կոնվենցիան:

 2. Հետագայում ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ընդլայնել սույն Կոնվենցիայի տարածումը ցանկացած տարածքի վրա, որը նշված է հայտարարության մեջ, և որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է կամ որի անունից լիազորված է ստանձնելու նախաձեռնություններ: Տվյալ տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի հայտարարությունն ստանալու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Որևէ տարածքի վերաբերյալ նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հայտարարությունը համարվում է հետ վերցված ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 45

 

Վերապահումներ

 

Սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ չի թույլատրվում որևէ վերապահում` բացառությամբ 31-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 46

 

Չեղյալ հայտարարելը

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:

2. Կոնվենցիայի նման դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

 

 Հոդված 47

 

 Ծանուցում

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, բոլոր ստորագրող Կողմերին, բոլոր մասնակից պետություններին, Եվրոպական համայնքին, 42-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան ստորագրելու և 43-րդ հոդվածի համաձայն նրան միանալու հրավիրված ցանկացած պետության պետք է ծանուցի`

ա) ցանկացած ստորագրման.

բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու.

գ) 42-րդ և 43-րդ հոդվածներ համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա.

դ) 41-րդ հոդվածի համաձայն ընդունված ցանկացած փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու օրվա.

ե) 46-րդ հոդվածի դրույթների համաձայն այն չեղյալ հայտարարելու.

զ) սույն Կոնվենցիայի վերաբերյալ ցանկացած ակտի, ծանուցման կամ հայտարարության և

է) 45-րդ հոդվածի համաձայն արված ցանկացած վերապահման մասին:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Վարշավայում 2005 թվականի մայիսի 16-ին, մեկ օրինակով` կազմված անգլերենով և ֆրանսերենով. երկու տեքստերն էլ հավասարազոր են և կպահպանվեն Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է սույն Կոնվենցիայի հաստատված պատճեններն ուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող, բայց Կոնվենցիայի մշակմանը մասնակցած պետություններին, Եվրոպական համայնքին և սույն Կոնվենցիային միանալու հրավիրված ցանկացած պետության:

 

Կոնվենցիան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2008թ-ի օգոստոսի 1-ից:

 

Ց Ա Ն Կ

 

«Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասնակից պետությունների

 

Պետություն

Ստորագրվել է

Վավերացվել է

Ուժի մեջ է մտել

Ալբանիա

22.12.2005թ.

6.02.2007թ.

01.02.2008թ.

Անդորրա

17.11.2005թ.

   

Հայաստան

16.05.2005թ.

14.04.2008թ

01.08.2008թ.

Ավստրիա

16.05.2005թ.

12.10.2006թ.

01.02.2008թ.

Բելգիա

17.11.2005թ.

   

Բոսնիա և Հերցեգովինա

19.01.2006թ.

11.01.2008թ.

01.05.2008թ.

Բուլղարիա

22.11.2006թ.

17.04.2007թ.

01.02.2008թ.

Խորվաթիա

16.05.2005թ.

05.09.2007թ.

01.02.2008թ.

Կիպրոս

16.05.2005թ.

24.10.2007թ.

01.02.2008թ.

Դանիա

05.09.2006թ.

19.09.2007

01.02.2008թ.

Ֆինլանդիա

29.08.2006թ.

   

Ֆրանսիա

22.05.2006թ.

09.01.2008թ.

01.05.2008թ.

Վրաստան

19.10.2005թ.

14.03.2007թ.

01.02.2008թ.

Գերմանիա

24.11.2005թ.

   

Հունաստան

17.11.2005թ.

   

Իսլանդիա

16.05.2005թ.

   

Իռլանդիա

13.04.2007թ.

   

Իտալիա

08.06.2005թ.

   

Լատվիա

19.05.2006թ.

06.03.2008թ.

01.07.2008թ.

Լյուքսեմբուրգ

16.05.2005թ.

   

Մալթա

16.05.2005թ.

30.01.2008թ.

01.05.2008թ.

Մոլդովա

16.05.2005թ.

19.05.2006թ.

01.02.2008թ.

Մոնտենեգրո

16.05.2005թ.

   

Նիդեռլանդներ

17.11.2005թ.

   

Նորվեգիա

16.05.2005թ.

07.01.2008թ.

01.05.2008թ.

Լեհաստան

16.05.2005թ.

17.11.2008թ.

01.03.2009թ.

Պորտուգալիա

16.05.2005թ.

27.02.2008թ.

01.06.2008թ.

Ռումինիա

16.05.2005թ.

21.08.2006թ.

01.02.2008թ.

Սան Մարինո

19.05.2006թ.

   

Սերբիա

16.05.2005թ.

   

Սլովակիա

19.05.2006թ.

27.03.2007թ.

01.02.2008թ.

Սլովենիա

03.04.2006թ.

   

Շվեդիա

16.05.2005թ.

   

Նախկին
Հարավսլավիա
Մակեդոնիայի Հանրապետություն

17.11.2005թ.

   

Ուկրաինա

17.11.2005թ.

   

Մեծ Բրիտանիա

23.03.2007թ.

17.12.2008թ.

01.04.2009թ.