«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1028-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1753-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
որոշման N 1 հավելվածում՝
ա) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողները համազգեստը կրում են շնորհված ոստիկանության կոչումներին համապատասխան ուսադիրներով».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
4.1. Ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
Ուղղանկյուն, մակերեսը՝ հյուսկեն, հատուկ գործվածքով, տոնականը՝ ոսկեզօծ, կարովի ուսադիրները՝ կարմիր կանտով, հանովիները՝ առանց կարմիր կանտի, վերևամասում՝ բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչումներին համապատասխան՝ ոստիկանության գեներալ-գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են երեք, գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, գեներալ–մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ՝ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 միլիմետր տրամագծով հնգաթև աստղեր: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
4.2. Ոստիկանության գլխավոր և ավագ կոչումներ ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
Ուղղանկյուն, մակերեսը՝ հատուկ գործվածքով, կարովի ուսադիրների վերևամասը՝ կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրների վերևամասը՝ բազմանկյուն, առանց կարմիր կանտի: Ոստիկանության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են երկու մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները՝ մեկ մակաշերտով ուսադիրներ:
Շնորհված կոչմանը համապատասխան՝
ոստիկանության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 միլիմետր տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ ոսկեզօծ հնգաթև աստղեր.
ոստիկանության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա՝ մեկ՝ 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր:
Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
4.3. Ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրները
Ուղղանկյուն, հատուկ գործվածքով, կարովի ուսադիրների վերևամասը՝ կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրների վերևամասը՝ բազմանկյուն, առանց մակաշերտերի և կարմիր կանտի:
Ավագ ենթասպայի և ենթասպայի կոչում ունեցող ոստիկանության ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են համապատասխանաբար երեք և երկու՝ 13 միլիմետր տրամագծով ոսկեզօծ հնգաթև աստղեր:
Ոստիկանության ավագի, ավագ սերժանտի, սերժանտի, կրտսեր սերժանտի կոչում ունեցող ոստիկանության ծառայողներն ուսադիրների վրա կրում են նշանաքուղեր՝ շնորհված կոչումներին համապատասխան, հետևյալ հերթականությամբ՝
ավագ՝ մեկ լայն, ուսադիրի երկայնքով,
ավագ սերժանտ՝ մեկ լայն, ուսադիրի լայնքով,
սերժանտ՝ երեք նեղ, ուսադիրի լայնքով,
կրտսեր սերժանտ՝ երկու նեղ, ուսադիրի լայնքով:
Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների ուսադիրներն ուղղանկյուն են, կարովի ուսադիրը՝ վերևամասում կլորացված, կարմիր կանտով, հանովի ուսադիրները՝ վերևամասում բազմանկյուն, առանց կարմիր կանտի, երկու եզրից 0.5 միլիմետր լայնությամբ դեղին եզրագծերով:
Հանովի ուսադիրների վրա տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը: Ուսադիրներն ամրացվում են մեկական ոսկեգույն կոճակով:
Ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողների (ունկնդիրների, կուրսանտների) ուսադիրների վրա տեղադրվում է 20 միլիմետր բարձրությամբ ոսկեգույն «Ու» կամ «Կ» տառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|