ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունիսի 2022 թ. քաղ. Երևան |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 81.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:
«Նոտարիատի մասին» օրենքի 81․1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նոտարական պալատի նախագահի կողմից Արդարադատության նախարարին 2022 թվականի մայիսի 25-ին ուղղված թիվ Ն/41/7198-2022 գրության համաձայն՝ առկա է «Նոտարիատի մասին» օրենքի 81․1-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտություն։
Մասնավորապես, վերջին շրջանում քաղաքացիները չեն կարողանում ներկայացնել նոտարի կողմից պահանջված և նոտարական գործողության կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը, քանի որ նշված փաստաթղթերը կամ դրանց պատճենները ստանալու նպատակով Ուկրաինա կատարված հարցումները մնում են անպատասխան: Նույն կերպ, անպատասխան են մնում նաև նոտարի կողմից, ինչպես նաև Նոտարական պալատի կողմից նոտարների կամ քաղաքացիների խնդրանքով իրավական օգնության կարգով նոտարական գործողություններ կատարելու համար Ուկրաինա կատարված հարցումները: Նշվածը պայմանավորված է Ուկրաինայում հայտարարված ռազմական դրությամբ: Ուկրաինայի նախագահի հրամանագրով Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ից 30 օրով մտցվել է ռազմական դրություն մինչև մարտի 26-ը: Ռազմական դրությունն այնուհետև երկարաձգվել է ևս 30 օրով մինչև ապրիլի 25-ը, որը կրկին երկարաձգվել է ևս 30 օրով մինչև մայիսի 25-ը: Այնուհետև, սույն թվականի մայիսի 22-ին ևս 3 ամիս ժամկետով (մինչև օգոստոսի 23-ը) երկարաձգվել է Ուկրաինայում ռազմական դրությունը:
Նման պայմաններում, հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-ին հոդվածի 5-րդ մասի կարգավորումը, Նոտարական պալատը խնդրել է պաշտոնապես պարզաբանել՝ արդյո՞ք վերը նկարագրված իրավիճակներում նոտարը կարող է համարել, որ գործում է անհաղթահարելի ուժի ազդեցությունը և դիմողի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու հնարավոր բոլոր միջոցները սպառելու հիմքով հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ:
Իրավաբանական փաստերի հաստատումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է անձի սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելուն։ Ընդ որում, «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման իմաստով դիմողը կարող է առանձին դեպքերում հնարավորություն չունենալ այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթերը կամ վերականգնել կորցրած փաստաթղթերը՝ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված։ Անհաղթահարելի ուժը տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներն են, այսինքն՝ օբյեկտիվ իրականության մեջ առաջացած հանգամանքներ, որոնց տեղի ունենալը որևէ կերպ կախված չէ անձանց կամքից, դուրս է նրանց վերահսկողությունից, դրանց վրա հասնելը հնարավոր չէ կանխատեսել կամ կարող է կանխատեսվել, բայց չի կարող կանխվել և վերացվել, այլ կերպ՝ դրանց ազդեցության հետևանքներից հնարավոր չէ խուսափել: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել ռազմական գործողությունները, պատերազմը, արտակարգ կամ ռազմական դրությունը, արտակարգ իրավիճակը, տարերային աղետները (երկրաշարժ, ջրհեղեղ և այլն), համաճարակը, արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքները, որոնք անհնարին են դարձնում որոշակի պարտավորությունների կատարումը:
Միևնույն ժամանակ, «Նոտարիատի մասին» օրենքի 81.1-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման ուժով դիմողի համար սահմանված է պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունն ապացուցելու իրական և պարտադիր պահանջ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի 7-րդ կետի պահանջներով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
Եթե դիմողի կողմից այլ արտադատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը պայմանավորված է արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքով (անհաղթահարելի ուժ), և ապացուցվում է դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը, նոտարն իրավունք ունի համարել, որ դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը, որը «Նոտարիատի մասին» օրենքի 81․1-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հիմք է հանդիսանում:
|
Կ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2022 թվական: