ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2021 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:»:
Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձևով կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:»:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»:
Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն այդ դրույթներով նախատեսել է հիմնադրամի կանոնադրության փոփոխության երկու ինքնուրույն կարգ: Ըստ այդմ, Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը կարգավորում է այն դեպքերը, երբ հիմնադրամի կանոնադրության փոփոխությունն իրականացվում է առանց դատարան դիմելու, իսկ Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը կարգավորվում է այն դեպքերը, երբ հիմնադրամի կանոնադրության փոփոխությունն իրականացվում է դատական կարգով:
Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասից հետևում է, որ օրենսդիրն առանց դատարան դիմելու հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելու իրավունքը վերապահել է հիմնադրամի հիմնադիրներին, իսկ կանոնադրությամբ նման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում՝ նաև հոգաբարձուների խորհրդին:
Անդրադառնալով հիմնադրամի հիմնադիրներին վերաբերող օրենսդրական դրույթներին` հարկ է նշել, որ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից:»:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն՝
1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.
2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (այսուհետ՝ կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ):»:
Վերը նշված դրույթներից բխում է, որ հիմնադրամն ստեղծվում է հիմնադրի կամ հիմնադիրների կամարտահայտության հիման վրա, վերջիններս որոշում ու ստեղծում են հիմնադրամ` միաձայն հաստատելով նաև դրա կանոնադրությունը: Հետևաբար` նույն այդ հաստատած կանոնադրության մեջ վերջիններս կարող են նաև փոփոխություն կատարել` միաձայն քվեարկելով: Հենց այս տրամաբանությունն ու նպատակն է դրված Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակության մեջ: Նշված նորմից, մասնավորապես, բխում է, որ ի տարբերություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝
- հիմնադրամի հիմնադիրների՝ հիմնադրամի կանոնադրությունում փոփոխություններ իրականացնելու իրավունքը բխում է հենց օրենքից, և այս առումով իրավական նշանակություն չունի այն հանգամանքը, թե կանոնադրությամբ հիմնադիրների համար նման հնարավորություն նախատեսված է, թե ոչ.
- հիմնադրամի հիմնադիրները կանոնադրությունում կարող են կատարել ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ հիմնադրամի նպատակներին և շահառուներին վերաբերող.
- հիմնադրամի հիմնադիրների կողմից հիմնադրամի կանոնադրությունում փոփոխությունները կարող են կատարվել միայն միաձայն որոշմամբ:
Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հիմնական տեքստի և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ օրենսդրի նպատակը եղել է հիմնադրամի կանոնադրությունում, այդ թվում՝ հիմնադրամի նպատակների կամ շահառուների շրջանակի վերաբերյալ փոփոխությունների՝ դատական կարգով իրականացման պահանջը նախատեսել միայն այն պարագայում, երբ հիմնադիրները միաձայն որոշում չեն կայացնում կանոնադրության փոփոխությունն իրականացնելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42–րդ հոդվածի 5-րդ մասով՝ պաշտոնապես պարզաբանում ենք.
Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ առանց դատարան դիմելու փոփոխել հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակները և շահառուների շրջանակը:
|
Կ. Անդրեասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2021 թվական: