Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 11.01.2022
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
05.01.2022
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

05 հունվար 2022 թ.

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» ԿԱՐԳԻ 32-ՐԴ ԿԵՏԻ 26-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԴՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն գրությամբ դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 32-րդ կետի 26-րդ ենթակետի դրույթի կիրառման մասով պաշտոնական պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Դիմումատուն հայտնում է, որ շինարարական ծրագրերի մասով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կնքվող գնման պայմանագրերը որպես կանոն ունեն շարունակական բնույթ և յուրաքանչյուր տարվա համար կնքվում է համաձայնագիր տվյալ տարվա բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների չափով և խնդրում է պաշտոնապես պարզաբանել.

1. կապալառուի կողմից տվյալ համաձայնագրով նախատեսված ֆինանսական միջոցների ողջ ծավալի իրացման դեպքում արդյո՞ք համամասնորեն (իրացված ծավալի 30 տոկոսի չափով) պետք է ազատել տվյալ համաձայնագիրը կնքելու նպատակով ներկայացված որակավորման ապահովման երաշխիքի գումարից.

2. հետագայում պայմանագրի հնարավոր լուծման դեպքում Կապալառուից որպես որակավորման ապահովում պայմանագրի ընդհանուր գնի միայն չիրացված մասի 30 տոկոսն է արդյո՞ք ենթակա բռնագանձման:

Կարգի 32-րդ կետի 26-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ որակավորման ապահովումը այն ներկայացնողին վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ՝ այն դեպքի, երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ: Սույն պարբերության կիրառման դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց ապահովման գումարը նվազեցվում է այդ փուլի գումարի նկատմամբ հաշվարկված համամասնությամբ:

Նկատի ունենալով, որ գործնականում առկա են դեպքեր, երբ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման պայմանագրերը կնքվում են 1 տարին գերազանցող ժամանակահատվածի համար, պայմանով, որ դրանք յուրաքանչյուր անգամ ուժի մեջ կդրվեն համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում՝ այդ ֆինանսական միջոցների շրջանակում և կանխատեսելի չէ հաջորդող ժամանակահատվածի (տարիների) համար նախատեսվող ֆինանսական հատկացումների հնարավորությունը և չափը՝ և առկա ֆինանսական հատկացումների շրջանակում կնքված համաձայնագիրը (համաձայնագրերը) պայմանագրի կողմի (այսուհետ՝ կատարողի) կողմից պատշաճ կերպով իրականացվում է (են), ուստի այդ համաձայնագրի (համաձայնագրերի) շրջանակում ներկայացված որակավորման ապահովումը չվերադարձնելը կհանգեցնի միջոցների երկարաժամկետ սառեցման, ինչն էլ կարող է նպաստել այդպիսի գնումների գրավչության նվազեցման:

Հաշվի առնելով նշված հանգամանքը, և նշված նորմի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունը, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է՝

• եթե ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման պայմանագրերը կնքվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա առկա ֆինանսական հատկացումների շրջանակում տվյալ տարվա համար կնքված համաձայնագրի (համաձայնագրերի) մասով ներկայացված որակավորման ապահովումը ենթակա է վերադարձման այդ համաձայնագիրը (համաձայնագրերը) կատարողի կողմից ողջ ծավալով պատշաճ կատարվելու և դրա արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելու դեպքում.

• հետագայում կատարողի կողմից պայմանագիրը չկատարելու հետևանքով միակողմանի լուծվելու դեպքում վերջինիցս գանձվում է պայմանագրի չկատարված մասի համար ներկայացված որակավորման ապահովումն ամբողջությամբ:

 

 

Տ. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2022 թվական: