040.0193.02.03.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2002 թվականի N 193
քաղ. Երևան
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ թարգմանիչների որակավորման ստուգման համար ապահովել համապատասխան փորձագետներով:
3. Սահմանել, որ մինչև 2002 թվականի մայիսի 1-ը նոտարներն իրավունք ունեն որպես թարգմանիչ ընտրելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից որակավորման վկայական չստացած թարգմանիչներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է | |
նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու |
1. Նոտարական գործողությունների կատարման ժամանակ հայերենին չտիրապետող անձանց սպասարկել, ինչպես նաև փաստաթղթերի՝ հայերենից օտար լեզվով կամ օտար լեզվից հայերեն թարգմանություն իրականացնել ցանկացող անձանց թարգմանչի որակավորման վկայականները (այսուհետև՝ վկայական) տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետև՝ նախարարություն) կողմից իրականացվող թարգմանչի որակավորման ստուգում (այսուհետև՝ ստուգում) անցնելուց հետո:
Սույն կարգի համաձայն ստուգվում են նաև թարգմանիչ համարվող՝ համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որպես թարգմանիչ որակավորումը:
2. Վկայականներ ստանալու համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ)՝ բացի համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով վկայական ստանալու համար դիմածներից:
3. Վկայական ստանալու և ստուգման համար դիմողը նախարարություն է ներկայացնում ՝
ա) դիմում, որտեղ պետք է նշվեն՝
դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
բ) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.
գ) անձնագիր.
դ) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները:
Սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված՝ դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:
4. Ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետև՝ նախարար) կողմից ստեղծված հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):
5. Հանձնաժողովը՝
ա) կազմակերպում է դիմողների ստուգման աշխատանքները.
բ) ընտրում է թարգմանության համար նախատեսվող տեքստերը, որոնք ենթակա չեն հրապարակման.
գ) որոշում է ստուգման վայրը, ժամանակը և դրա մասին հայտնում դիմողներին.
դ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և կարգավորում ստուգող ու բողոքարկման հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերը.
ե) քննում է դիմողների բողոքները՝ կապված ստուգման կազմակերպման հետ.
զ) ընդունում է ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ.
է) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:
6. Դիմողների որակավորումը որոշելու համար ստուգվում են հայերենին և համապատասխան օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու նրանց գիտելիքները:
7. Ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողին պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ:
8. Ստուգումն անցկացվում է հայերենով և դռնբաց:
9. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն և համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Դիմողն իրավունք ունի թարգմանությունները կատարելիս օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից:
10. Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձանց որակավորումն ստուգվում է հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
11. Թարգմանությունների ճշտությունն ստուգվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրված մասնագետների ցանկից նախարարության ընտրած փորձագետների կողմից, որոնց անանուն են ուղարկվում թարգմանությունները:
12. Փորձագետների փորձագիտական աշխատանքի դիմաց վճարում են դիմողները՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով:
13. Ստուգման արդյունքները գնահատում է փորձագետը: Ստուգման արդյունքները գնահատվում են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և բարձր միավորները:
14. Ստուգման ընթացակարգը չի կարող տևել մեկ ամսից ավելի, որը չի ներառում բողոքարկման գործընթացը:
15. Ստուգումների արդյունքների մասին դիմողին պատշաճ ձևով իրազեկվում է ոչ ուշ, քան ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:
16. Ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:
Ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում է նրանց կողմից փորձաքննության համար կատարված վճարը և ներկայացված փաստաթղթերը՝ բացի դիմումից:
17. Ստուգման արդյունքները կարող են բողոքարկման հանձնաժողով բողոքարկվել ստուգման արդյունքների ստացումից հետո 10-օրյա ժամկետում:
18. Բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմողի գնահատականը:
Եթե բողոքարկման հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի ստացած միավորները համապատասխանաբար ավելացվում են:
19. Դրական միավորներ ստացած անձանց ստուգման մասին փորձագիտական եզրակացությունը նախարարություն մուտք լինելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում տրվում են վկայականներ:
20. Վկայականում նշվում են՝
ա) վկայական տվող մարմնի անվանումը.
բ) վկայականի համարը.
գ) վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
դ) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
ե) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ:
Վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Վկայականը վավերացվում է նախարարի ստորագրությամբ և նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:
21. Սույն կարգի համաձայն վկայական տալով՝ նախարարությունը նոտարներին տեղեկացնում է միայն անձի որակավորման ստուգման փաստի մասին: Նոտարը պարտավոր չէ որպես թարգմանիչ ընտրել իրեն դիմած՝ վկայական ստացած անձին:
22. Նախարարության կողմից տրված վկայականը չի կարող օգտագործվել այլ նպատակով, որի մասին նշում է կատարվում վկայականում:
23. Նախարարության կողմից վարվում է վկայական ստացած անձանց գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն՝
ա) վկայականի համարը.
բ) վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.
գ) ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
դ) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ.
ե) վկայական ստացած անձի բնակության և գործունեության վայրերը.
զ) տեղեկություններ վկայականի վերաձևակերպման և գործողության դադարեցման մասին։
Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է նախարարության կնիքով։
24. Վկայականը տրվում է մեկ օրինակով։ Դրա կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նախարարություն և տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցներով։
Նախարարությունը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 օրվա ընթացքում։
25. Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը նախարարություն է ներկայացնում դիմում՝ վկայականի կրկնօրինակն ստանալու համար։
Նախարարությունը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը։
26. Վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։
27. Վկայական ստացած անձի անվան, ազգանվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում նա պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից սկսած 15-օրյա ժամկետում դիմել նախարարություն՝ վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր վկայական տալու համար։
Վկայականում փոփոխություններ են կատարվում կամ նոր վկայական է տրվում նաև այն դեպքում, երբ տվյալ անձն անցել է մեկ այլ լեզվի ստուգում, որով վկայական ստացած անձն իրավունք ունի կատարելու թարգմանություններ։
28. Վկայականը տրվում է անժամկետ։
29. Վկայական չստացած անձը նոր ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան։
30. Վկայական ստացած անձը նոտարական գործողությունների համար կարող է թարգմանություններ կատարել միայն որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության աշխատող կամ նոտարի աշխատող։
31. Վկայականի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ, եթե՝
ա) վկայական ստացած անձը թարգմանություններ կատարելիս պարբերաբար խախտել է նոտարիատի մասին օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները.
բ) վկայական ստացած անձը չի պահպանել նոտարական գաղտնիքը կամ դիտավորյալ սխալ թարգմանություն է կատարել.
գ) վկայական ստացած անձի կողմից վկայական ստանալու համար ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.
դ) վկայական ստացած անձի դիմումի համաձայն.
ե) վկայական ստացած անձի մահվան դեպքում։
32. Վկայականի գործողության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման մասին վկայական ստացած անձին պատշաճ ձևով իրազեկվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին։
Հարցի քննարկմանը վկայական ստացած անձի չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե վկայական ստացած անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում, որը կարող է բավարարվել, եթե նա հարգելի պատճառով չի կարող մասնակցել քննարկմանը։
Նշված հարցը քննարկվում է դռնբաց։
33. Վկայականի գործողության դադարեցման դեպքում նախարարություն է վերադարձվում վկայականը, որը կցվում է ստուգում անցած անձի անձնական գործին։
34. Վկայականի գործողության դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։