«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 2002 թվականի N 1
քաղ. Երևան
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻ ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ԱԶԱՏ (ՇՈՒԿԱՅԱԿԱՆ) ԳՆԵՐՈՎ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հայտարարագիր ներկայացնողների բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները գույքի և եկամուտների հայտարարագրերում ազատ (շուկայական) գներով հաշվի առնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
հայտարարագիր ներկայացնողների բնամթերային (ոչ դրամական) ձԵՎով ստացված եկամուտները գույքի ԵՎ եկամուտների հայտարարագրերում ազատ (շուկայական) գներով հաշվի առնելու
1. Սույն կարգով սահմանվում է հայտարարագիր ներկայացնողների բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները (այսուհետև՝ բնամթերային եկամուտ) գույքի և եկամուտների հայտարարագրերում ազատ (շուկայական) գներով հաշվի առնելու կարգը:
2. Բնամթերային եկամուտները կարող են ստացվել՝
ա) գույքի (բացառությամբ՝ դրամական միջոցների) տեսքով,
բ) աշխատանքի, ծառայության տեսքով,
գ) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:
3. Գրավոր պայմանագրով կարգավորվող գործարքներից ստացված բնամթերային եկամուտը հայտարարատուի եկամուտներում հաշվի է առնվում պայմանագրով սահմանված գնով:
4. Պայմանագրով չկարգավորվելու դեպքում բնամթերային եկամուտը հայտարարատուի եկամուտներում հաշվի է առնվում ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով:
Սույն կարգի առումով բնամթերային եկամուտը ձեռք բերելու հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կամ այն գինը, որով գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է ձեռք բերել այդ գույքը:
Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, խանութների, բորսաների, տոնավաճառների, շուկաների և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները: