ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հուլիսի 2012 թ. |
թիվ 7 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԻՆ
Ապահովագրական շուկայի հետ առնչվող սուբյեկտների կողմից բարձրացվել է խնդիր, որը վերաբերում է այն դեպքին, երբ ԱՊՊԱ պայմանագրի համաձայն կամ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից հատուցված գումարի (այսուհետ՝ ԱՊՊԱ հատուցում) չափը փոքր է պատճառված վնասից (այսուհետ՝ նաև Ընդհանուր վնաս): Հարցադրումը վերաբերում է ԱՊՊԱ հատուցում ստանալուց հետո պատճառված վնասի չհատուցված մասով (այսուհետ նաև՝ Վնասի մնացած մաս) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված դասով ապահովագրության կամավոր պայմանագրով կամ տուժողի՝ իր կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասների ապահովագրության պայմանագրով (այսուհետ՝ Այլ պայմանագիր) հատուցում ստանալու դեպքում դրանով սահմանված չհատուցվող գումարի (այսուհետ նաև՝ Ֆրանշիզա) կիրառման կարգին: Մասնավորապես, արդյոք Ֆրանշիզան պետք է կիրառվի Այլ պայմանագրով ապահովագրական ընկերության կողմից վճարման ենթակա գումարի և ԱՊՊԱ հատուցման գումարի տարբերության նկատմամբ, թե Այլ պայմանագրի հիման վրա վճարման ենթակա գումարի նկատմամբ՝ առանց հաշվի առնելու ԱՊՊԱ հատուցումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) բարձրացված խնդրի տեսանկյունից անհրաժեշտ է համարում վկայակոչել հետևյալ դրույթները.
● «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ապահովագրական հատուցումն առաջին հերթին կատարվում է ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա կամ Օրենքով նախատեսված դեպքերում Բյուրոյի կողմից՝ անկախ ապահովագրական պատահարում վնաս պատճառած անձի՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված դասով ապահովագրության կամավոր պայմանագիր ունենալու կամ տուժողի՝ իր կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասների ապահովագրության պայմանագիր ունենալու հանգամանքից:
● Քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե`
- ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
- առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:
Ուսումնասիրելով վկայակոչված դրույթները՝ Խորհուրդը գտնում է, որ.
● Քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումից երևում է, որ Այլ պայմանագրի հիման վրա հատուցում իրականացնելու համար ապահովագրական ընկերությունը պետք է նախ որոշի (այդ թվում՝ Ֆրանշիզա կիրառելով) Այլ պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը, և հետո միայն օրենքով կամ պայմանագրով հատուցումը նվազեցնելու հիմքեր նախատեսված լինելու դեպքում՝ նվազեցնի այն:
● Ավելին՝ օրենսգրքի 1003.1 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ձևակերպումից հստակ երևում է, որ ապահովագրական ընկերությունը պետք է նախ որոշի ապահովագրության պայմանագրի համաձայն (այդ թվում՝ Ֆրանշիզայի կիրառմամբ) իր կողմից վճարվելիք ապահովագրական հատուցման չափը, հետո նոր միայն վնաս պատճառողի կողմից ապահովադրին հատուցում տրված լինելու դեպքում, տրված հատուցման չափով նվազեցնի իր կողմից վճարվելիք ապահովագրական հատուցումը: Ընդ որում, Խորհուրդը գտնում է, որ այս դրույթն օրենսդիրը սահմանել է շահառուի անհիմն հարստացումը բացառելու նկատառումներով: Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ Օրենսգրքի 1003.1 հոդվածում կիրառված տրամաբանությունը լիովին կիրառելի է նաև խնդրո առարկա դեպքի նկատմամբ, և Այլ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը այդպես պետք է իրականացնի իր կողմից վճարվելիք ապահովագրական հատուցման նվազեցումը ԱՊՊԱ հատուցման այն չափով, որքանով ԱՊՊԱ և Այլ պայմանագրով հատուցումների հանրագումարը կգերազանցի Ընդհանուր վնասը:
Օրինակ՝ ենթադրենք տուժողին պատճառված վնասը գնահատվել է 100 միավոր: Վերջինս 60 միավորի չափով ստացել է ԱՊՊԱ հատուցում: Վնասի մնացած մասով հատուցում ստանալու նպատակով դիմել է իր հետ Այլ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը, որի համաձայն ապահովագրական գումարը կազմում է 150 միավոր, Ֆրանշիզան՝ 50 միավոր: Այս դեպքում Այլ պայմանագրով հատուցվում է վնասի մնացած 40 միավորն ամբողջությամբ (անկախ Ֆրանշիզայի տեսակից):
Մեկ այլ օրինակ՝ երբ Այլ պայմանագրով սահմանված ապահովագրական գումարը փոքր է Ընդհանուր վնասից, իսկ Ֆրանշիզան մեծ է ԱՊՊԱ հատուցումից: Ենթադրենք, տուժողին պատճառված վնասը գնահատվել է 200 միավոր: Վերջինս 70 միավորի չափով ստացել է ԱՊՊԱ հատուցում: Այլ պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 180 միավոր, Ֆրանշիզան՝ 80 միավոր: Այս դեպքում Այլ պայմանագրով հատուցումը ոչ պայմանական Ֆրանշիզայի դեպքում կկազմի 100 միավոր, իսկ պայմանականի դեպքում՝ 130 միավոր:
Մեկ այլ օրինակ՝ կապված Այլ պայմանագրով համամասնության սկզբունքի կիրառման հետ. մեքենայի արժեքը գնահատվել է 700 միավոր: Այլ պայմանագրով մեքենան ապահովագրվել է արժեքի 50 տոկոսի չափով, իսկ Ֆրանշիզան սահմանվել է 100 միավորի չափով: Տուժողին պատճառված վնասը գնահատվել է 600 միավոր: Վերջինս 120 միավորի չափով ստացել է ԱՊՊԱ հատուցում: Այս դեպքում Այլ պայմանագրով հատուցում իրականացնող կազմակերպությունը ոչ պայմանական Ֆրանշիզայի դեպքում հատուցում է 200 միավոր, պայմանականի դեպքում՝ 300 միավոր:
Իսկ այն դեպքում, երբ վերը նշված բոլոր պայմանները նույնն են, իսկ ԱՊՊԱ հատուցումը կազմել է 520 միավոր, ապա Այլ պայմանագրով հատուցումը ինչպես ոչ պայմանական, այնպես էլ պայմանական Ֆրանշիզայի դեպքում կկազմի 80 միավոր:
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով և միաժամանակ նկատի ունենալով ապահովագրական շուկայում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը՝
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ պաշտոնապես պարզաբանում է.
Այլ պայմանագրով Ֆրանշիզա նախատեսված լինելու դեպքում այն պետք է կիրառվի Այլ պայմանագրի հիման վրա վճարման ենթակա գումարի նկատմամբ՝ առանց հաշվի առնելու ԱՊՊԱ հատուցումը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. հուլիսի 26 Երևան |