«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 831
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԱՐՏՈՆԱԳՐԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Անասնաբուժության մասին» օրենքի 6 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի (լիցենզիայի) տրամադրման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի (լիցենզիայի) տրամադրման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգի գործունեությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն անասնաբուժական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա:
2. Անասնաբուժական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից ստեղծված լիցենզավորման հանձնաժողովը:
3. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու արտոնագրի (լիցենզիայի) (այսուհետև` լիցենզիա) միասնական ձևը սահմանում է նախարարությունը: Լիցենզիայում պարտադիր նշվում են լիցենզիայի հերթական համարը, լիցենզիան տալու ամսաթիվը, կազմակերպության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը), անասնաբուժական գործունեություն իրականացնող անձին ներկայացվող հատուկ պահանջները:
4. Այլ պետություններում անասնաբուժական կրթություն ստացած և Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեություն իրականացնող անձինք ենթակա են լիցենզավորման սույն կարգի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
5. Լիցենզիան չի կարող օտարվել կամ փոխանցվել այլ անձանց:
II. Լիցենզավորման ընթացակարգը
6. Օրենքով սահմանված անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն անասնաբուժական բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք` լիցենզիայի առկայության դեպքում:
7. Իրավաբանական անձինք (այսուհետև` հայտատու) լիցենզիա ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ, որին կցվում են`
ա) պետական գրանցման վկայականի պատճենը,
բ) կանոնադրության պատճենը,
գ) գործունեությունն իրականացնողի` անասնաբուժական բուհի դիպլոմի պատճենը,
դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
ե) պետական անասնաբուժական ծառայության եզրակացությունն արտադրական բազայի, անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների առկայության մասին, որոնց հիման վրա հայտատուն մտադիր է իրականացնել իր գործունեությունը:
8. Ֆիզիկական անձինք (այսուհետև` հայտատու) լիցենզիա ստանալու համար նախարարություն են ներկայացնում հայտ, որին կցվում են սույն կարգի 7-րդ կետում, բացառությամբ «ա» և «բ» ենթակետերի, նշված փաստաթղթերը:
9. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը նախարարությունում մուտքագրվելու պահից 10-օրյա ժամկետում նախարարությունն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ այն տալը մերժելու մասին:
10. Նախարարությունը կարող է մերժել լիցենզիա տալը, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի 7-րդ ու 8-րդ կետերի պահանջներին:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
Լիցենզիա տալը մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառն ու իրավական հիմքերը: Նախարարությունը 3-օրյա ժամկետում լիցենզիայի մերժման մասին գրավոր պատասխանում է հայտատուին:
11. Լիցենզիա տալը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
12. Նախարարությունը վարում է հայտերի և լիցենզիաների հաշվառման գրանցամատյան, որում գրառվում են`
ա) հայտատուի անունը, ազգանունը, հասցեն (կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը).
բ) կազմակերպության պետական գրանցման վկայականի համարը,
գ) հայտը ներկայացնելու ամսաթիվը,
դ) լիցենզիայի հերթական համարը,
ե) լիցենզիա տալու ամսաթիվը:
13. Հայտերի և լիցենզիաների հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում ու կնքում է նախարարությունը:
III. Լիցենզիայի գործողության կասեցումը ԵՎ լիցենզիայի գործողության դադարեցումը
14. Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
15. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունն իրավունք ունի կասեցնելու միայն լիցենզավորման հանձնաժողովի որոշման համաձայն: Եթե լիցենզավորված անձի կողմից թույլ են տրվել «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով ուղղակի սպառնալիք է առաջացել հանրապետությունում անասնաճարակային վիճակի սրման առումով, ինչպես նաև մարդկանց և կենդանիների առողջության նկատմամբ, ապա լիցենզավորման հանձնաժողովը դրա մասին ընդունում է որոշում, որն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձին սահմանված կարգով այն հանձնելու հաջորդ օրվանից:
Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է տալիս հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
16. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է`
ա) լիցենզավորված անձի կողմից գործունեության փոփոխության վերաբերյալ լիցենզավորող մարմնին ժամանակին չտեղեկացվելու դեպքում.
բ) գործունեության իրականացման ժամանակ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաև անասնաբուժական օրենսդրության խախտումների դեպքում.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը լիցենզավորված անձի կողմից խոչընդոտվելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացվելու դեպքերում.
դ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Լիցենզիայի գործողության կասեցման համար լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե նախատեսված է օրենքով կամ եթե լիցենզիայի գործողության կասեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը:
17. Սույն կարգով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին ժամանակավորապես լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:
18. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`
ա) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում.
բ) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
գ) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.
դ) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացվելու դեպքում.
ե) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
զ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
19. Լիցենզիայի գործողության դադարեցման համար դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից 3 ամսվա ընթացքում, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերվելու օրվանից 15-օրյա ժամկետում: Մնացած դեպքերում լիցենզիայի դադարեցման մասին դիմումները քննարկվում են սահմանված կարգով:
20. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձը կարող է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով դիմել նոր լիցենզիա ստանալու համար:
21. Լիցենզիայի գործողության դադարեցման կամ կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: