Գլխավոր տեղեկություն
Համար
N 233-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«24» հուլիս 2024 թ.

N 233-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել քաղաքացիներին զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար բժշկական հետազոտություններ իրականացնելու ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 27-ից:

 

 

24.07.2024

Ա. Ավանեսյան

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

«24» հուլիս 2024 թ.

N 233-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են քաղաքացիներին (այսուհետ` անձանց) զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող (այսուհետ՝ ԱԱՊ) բժշկական կազմակերպություններում բժշկական հետազոտությունների իրականացման, այլ բժշկական կազմակերպություններ ուղեգրման և բժշկական հետազոտությունների արդյունքների տվյալները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը փոխանցելու հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական հետազոտություններն իրականացվում են.

1) քաղաքային բնակչության համար` այն ԱԱՊ բժշկական կազմակերպությունում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով հաստատված կարգով գրանցված է Հայաստանի Հանրապետության քաղաքացին,

2) գյուղական բնակչության համար` այն ԱԱՊ բժշկական կազմակերպությունում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացվում են տվյալ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները և համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 30-ի N 467-Ա հրամանի Հայաստանի Հանրապետության բնակչությանը մատուցվում են հոգեբուժական և թմրաբանական ծառայություններ:

3) օտարերկրացիների համար` այն ԱԱՊ բժշկական կազմակերպությունում, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով հաստատված կարգով վերջիններս գրանցված են կամ ցանկացած այլ ԱԱՊ բժշկական կազմակերպությունում,

4) հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

3. Անձը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար ԱԱՊ բժշկական կազմակերպություն է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (իսկ օտարերկրացիների դեպքում՝ նաև կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ կամ որևէ այլ փաստաթուղթ, որում նշված կլինի Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածը):

4. Զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացու բժշկական հետազոտությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

5. Զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար բժշկական հետազոտություններն իրականացվում են վճարովի հիմունքներով:

6. Բժշկական հետազոտությունների համար անձը դիմում է այն ԱԱՊ բժշկին, ում մոտ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով հաստատված կարգով գրանցված է:

7 . ԱԱՊ բժիշկը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 505-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկով, անձին էլեկտրոնային եղանակով ուղեգրում է ակնաբանական, վիրաբուժական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական խորհրդատվությունների, հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական զննության կամ ախտորոշման` համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն:

8. Հայաստանի Հանրապետության մարզային այն տարածաշրջաններում, որտեղ չեն գործում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, այդ ծառայությունները մատուցվում են բժշկական կենտրոնների պոլիկլինիկաների հոգեբուժական կամ թմրաբանական կաբինետների համապատասխան բժշկի (հոգեբույժ կամ թմրաբան, ԱԱՊ բժիշկ) կողմից: Հոգեբույժը կամ թմրաբանը կամ ԱԱՊ բժիշկը անձի դիմելուց հետո մեկօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով տեղեկատվությունը` անձի հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հաշվառված լինելու կամ չլինելու վերաբերյալ տրամադրում է ԱԱՊ կազմակերպության տնօրենին (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձին):

9. Անձի ԱԱՊ կազմակերպություն դիմելուց հետո բացվում է այց «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում (այսուհետ՝ Համակարգ):

10. Այցը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ անձի հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, անունը, ազգանունը, սեռը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, հեռախոսահամարը, բժշկական զննության իրականացման ամսաթիվը, ախտորոշումը (ըստ ՀՄԴ-10 ծածկագրի), Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայությունը կամ բացակայությունը, բժշկական կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

11. Զենք ձեռք բերելու, պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու համար բժշկական կազմակերպություններում բժշկական հետազոտությունների արդյունքները ձևավորվում են սույն ընթացակարգի Աղյուսակ 1-ում սահմանված տվյալների ծավալով:

12. Անձի անձնական տվյալները ներբեռնվում են Բնակչության պետական ռեգիստրից` ՀԾՀ-ով հարցման արդյունքում, իսկ ՀԾՀ-ից հրաժարվելու դեպքում` ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարով։

13. Բժշկական հետազոտությունների ընթացքում, Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված ակնաբանական կամ վիրաբուժական կամ նյարդաբանական կամ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններից կամ վիճակներից որևէ մեկը ախտորոշվելու դեպքում, բժշկական տվյալները հետազոտության արդյունքները ստանալու օրը մուտքագրվում են Համակարգ այն բժշկի կողմից, որի մասնագիտական խորհրդատվության ընթացքում ախտորոշվել է հիվանդությունը:

14. Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված հիվանդություններից կամ վիճակներից որևէ մեկի առկայության դեպքում, բժշկական հետազոտությունների հետագա իրականացումը դադարեցվում է:

15. Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալներն ինքնաշխատ եղանակով հասանելի են դառնում ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենին (այսուհետ` տնօրեն) (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձին): Համակարգում տնօրենի (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի) հաստատումից հետո թույլտվությունը տալու մերժման մասին տեղեկատվությունն ամրագրվում է Համակարգում։

16. Եթե ԱԱՊ բժշկական կազմակերպությունում իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքում չի արձանագրվում Որոշմամբ սահմանված զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկում ներառված որևէ ակնաբանական կամ վիրաբուժական կամ նյարդաբանական կամ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություն կամ վիճակ, ԱԱՊ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի կամ հոգեբույժի կամ թմրաբանի կողմից անձը էլեկտրոնային եղանակով ուղեգրվում է հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի հունվարի 30-ի N 467-Ա և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 24-ի N 03-Ն հրամաններով սահմանված կցագրումների (Հայաստանի Հանրապետության մարզերի այն բնակավայրերում, որտեղ չեն գործում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, անձը կարող է էլեկտրոնային եղանակով ուղեգրվել մարզի այլ տարածաշրջանում կամ մոտակա Հայաստանի Հանրապետության մարզում գործող հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» կամ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ)` նշելով ուղեգրման նպատակը:

17. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում բժշկական հետազոտություններն իրականացնող «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջներին համապատասխան ստեղծված հոգեբուժական հանձնաժողովի կողմից, առաջնորդվելով Որոշմամբ սահմանված ցանկով, իրականացվում են բժշկական հետազոտություններ, որոնց արդյունքում կայացած եզրակացությունը՝ հոգեկան խանգարումների առկայության կամ բացակայության մասին, հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմից մեկօրյա ժամկետում մուտքագրվում է Համակարգ և հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի կողմից։

18. Հայաստանի Հանրապետության մարզային հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում իրականացվում է անձի կենսամիջավայրում (մեզում) թմրամիջոցների հայտնաբերման համար նախատեսված արագ թեստավորում՝ առնվազն երեք առավել տարածված թմրամիջոցների առկայությունը պարզելու նպատակով (ափիոնի խումբ, կանաբինոիդներ, խթանիչներ):

19․ Թեստերի զգայունությունը պետք է լինի՝

1) ախտորոշիչ թեստ-երիզներ մեզի մեջ մետամֆետամինի նվազագույն 300 նգ/մլ քանակությունը հայտնաբերելու համար,

2) ախտորոշիչ թեստ-երիզներ մեզի մեջ ափիոնի խմբի թմրալկալոիդների նվազագույն 100 նգ/մլ քանակությունը հայտնաբերելու համար,

3) ախտորոշիչ թեստ-երիզներ մեզի մեջ տետրահիդրոկաննաբինոլի նվազագույն 20 նգ/մլ քանակությունը հայտնաբերելու համար:

20․ Անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բժշկական փաստաթղթերը (այդ թվում արագ թեստի ստրիպի արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը) արխիվացվում են թեստն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից` հնգօրյա ժամկետում` հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման հավելվածով սահմանված պահանջները:

21․ Թեստի բացասական արդյունքի` մեզում թմրամիջոցներ չհայտնաբերելու մասին արդյունքները թեստավորում իրականացնող հոգեբուժական կամ թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության թեստավորումն իրականացնողի կողմից մեկօրյա ժամկետում մուտքագրվում են Համակարգ, որը հաստատվում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենի կողմից։

22․ Թեստավորման արդյունքում մեզում թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության մարզային թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում անձի կենսանմուշը տարայով փաթեթավորվում է և կնքվում բժշկական կազմակեպության կնիքով այնպես, որ փաթեթը ենթակա լինի բացման միայն փաթեթավորման թերթիկի պատռման միջոցով։ Փաթեթավորման թերթիկի պարտադիր լրացման դաշտերն են՝ հետազոտության հերթական համարը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, նմուշ ստացողի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, նմուշառման օր, ամիս, տարեթիվ, ժամ։ Փաթեթավորված նմուշը երկօրյա ժամկետում դեղերի կամ լաբորատոր նյութերի տեղափոխման շարժական սառցե կոնտեյներով ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։

23. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում անձի կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով, իրականացվում են թունաքիմիական հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա Որոշմամբ սահմանված ցանկի թմրաբանական հիվանդությունների կամ վիճակների առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությունը երկօրյա ժամկետում մուտքագրվում է Համակարգ:

24. Համակարգում ձևավորված տվյալները` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հարցման դեպքում ինքնաշխատ եղանակով փոխանցվում են վերջինիս` սույն ընթացակարգի Աղյուսակ 1-ով սահմանված ծավալով, իսկ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար դիմումի հետ ներկայացնելու նպատակով` նաև Համակարգից գեներացված թղթային տարբերակով ԱԱՊ բժշկական կազմակերպության տնօրենի (կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի) կողմից եռօրյա ժամկետում տրամադրվում են անձանց: Համակարգից գեներացված թղթային տարբերակով տվյալները պարունակող փաստաթուղթը հանդիսանում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրնքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով սահմանված բժշկական եզրակացություն:

 

Աղյուսակ 1

 

ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՄ ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հ/Հ

ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՆՇՈՒՄՆԵՐ

1.

ՀԾՀ

Անձի հանրային ծառայության համարանիշը

2.

Անուն

Անունը

3.

Ազգանուն

Ազգանունը

4.

Հայրանուն

Հայրանունը

5.

Ծննդյան տարեթիվ, ամիս, օր

Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը

6.

Սեռ

Սեռը

7.

Հեռախոսահամար

Հեռախոսահամարը

8.

Բնակության վայր

Բնակության մարզը, Երևան քաղաքի դեպքում՝ Երևան

9.

Բնակության հասցեն

Բնակության հասցեն

10.

Աշխատանքի վայր

Աշխատանքի վայրը

11.

Ախտորոշման ծածկագիր՝ ըստ ՀՄԴ-10-ի

Ախտորոշման ծածկագիրը՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման

12.

Ախտորոշման անվանում՝ ըստ ՀՄԴ-10-ի

Հիվանդության անվանումն՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգչի 10-րդ վերանայման

13.

Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայություն կամ բացակայություն

Զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների առկայություն կամ բացակայություն

14.

Առկա է

Առկա չէ

 Առկա է

Առկա չէ

15.

Բժշկական զննության օր, ամիս, տարեթիվ

Բժշկական զննության օրը, ամիսը, տարեթիվը

16.

Բժշկական կազմակերպության անվանում

Բժշկական կազմակերպության անվանումը

17.

Բժշկական կազմակերպության հասցեն

Բժշկական կազմակերպության հասցեն

18.

 Բժշկական կազմակերպության հեռախոսահամար

Բժշկական կազմակերպության հեռախոսահամարը

19.

Բժշկական կազմակերպության Էլ. փոստի հասցեն

Բժշկական կազմակերպության էլ. փոստի հասցեն

20.

Բժշկական կազմակերպության տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն

Բժշկական կազմակերպության տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը

21.

Տվյալների փոխանցման օր, ամիս, տարեթիվ

Տվյալների փոխանցման օրը, ամիսը, տարեթիվը

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան