118.0046.24.02.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 փետրվարի 1998 թ. |
N 46 |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետի պահանջներից և առաջնորդվելով արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց որակավորման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից.
Հրամայում եմ
1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգը» (կցվում է):
2. Հաստատել արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման հանձնաժողովի կազմը (կցվում է):
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարության 1995 թվականի մայիսի 12-ի թիվ 148 հրամանով հաստատված «Արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց և ինվեստիցիոն հիմնադրամների կառավարիչների տնօրենների որակավորման կարգը»:
Նախարար |
Ա. Դարբինյան |
«Հաստատված է» |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
1. Է. Մուրադյան | - | նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար |
2. Ա. Սալնազարյան | - | տեղակալ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Արժեթղթերի և բորսաների գործակալության պետ |
| ||
3. Ց. Կարապետյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի շուկայի կարգավորման քաղաքականության վարչության պետ |
4. Ռ. Բարսեղյան | - | նախարարության արժեթղթերի շուկայի վերահսկման վարչության պետ |
5. Ա. Մինասյան | - | արժեթղթերի շուկայի լիցենզավորման, արժեթղթերի և թողարկման ազդագրերի գրանցման վարչության պետ |
6. Խ. Խաչատրյան | - | նախարարության արժեթղթերի շուկայի մասնակիցների լիցենզավորման բաժնի պետ |
7. Տ. Դավթյան | - | ՀՀ կենտրոնական բանկ, բաժնի պետ |
8. Ս. Սեդրակյան | - | Երևանի ֆոնդային բորսայի տնօրեն |
9. Գ. Վարդիկյան | - | Երևանի «Ադամանդ» ապրանքաֆոնդային բորսայի տնօրեն |
10. Ս. Մխիթարյան | - | Գյումրիի ֆոնդային բորսայի տնօրեն |
11. Ա. Ազիզյան | - | քարտուղար, նախարարության արժեթղթերի շուկայի մասնակիցների լիցենզավորման բաժնի երկրորդ կարգի տնտեսագետ |
«Հաստատված է» |
Կ Ա Ր Գ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Սույն կարգը մշակված է ՀՀ կառավարության 07.01.98 թ. թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» համաձայն և կանոնակարգում է արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման գործընթացը:
ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) գործադիր տնօրենը, նրա տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ տեխնիկական սպասարկմամբ զբաղված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու գլխավոր հաշվապահի) և այն աշխատակիցները, որոնք իրականացնելու են գործառնություններ արժեթղթերի հետ ու մատուցելու են խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև անկախ ինվեստիցիոն բրոքերներն ու դիլերները պետք է լիազորված մարմնի կողմից որակավորված լինեն որպես արժեթղթերի շուկայի մասնագետ:
Սույն կետի պահանջները տարածվում են նաև լիազորված բանկերի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և այն աշխատողների վրա, որոնք իրականացնում են գործառնություններ արժեթղթերի հետ:
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1. Լիազորված պետական կառավարման մարմին` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչություն:
(1-ին կետը փոփ. 09.02.99 N 58)
2. Լիազորված ստորաբաժանում` ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության կարգավորման վարչություն:
(2-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)
3. Որակավորման հավաստագիր` արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող մասնագետին, սույն կարգի համաձայն, տրված որակավորման վկայական:
4. Հանձնաժողով` սույն կարգի համաձայն ստեղծված արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման քննություն անցկացնող հանձնաժողով:
II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Արժեթղթերի շուկայում գործառնություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար դիմորդը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` հավելված 1-ում բերված ձևի համաձայն, ինչպես նաև օրենքով նախատեսված կարգով պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:
(5-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)
6. Լիազորված ստորաբաժանումն իրավունք ունի հարցման միջոցով ստուգել դիմորդի ներկայարած փաստաթղթերում բերված տեղեկությունների արժանահավատությունը:
7. Դիմորդի հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ դրանց մեջ տեղ է գտել ակնհայտ ապատեղեկատվություն:
8. Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չլինելու դեպքում դիմորդին թույլատրվում է մասնակցել որակավորման առաջիկա քննությանը:
9. Լիազորված ստորաբաժանումը կազմում է հայտեր ներկայացրած անձանց ցուցակը և որակավորման քննության օրը` քննությունից առաջ ներկայացնում հանձնաժողովին:
Հայտ ներկայացրած անձանց ցուցակում ընդգրկվում են քննության անցկացման օրից առնվազն 3 օր առաջ հայտ ներկայացրած դիմորդները:
10. Քննություններն անց են կացվում յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը:
11. Քննություններն անց են կացվում համակարգչի միջոցով:
12. Քննական տեստերի (այսուհետև` տեստ) տարբերակները նախապես կազմվում են լիազորված ստորաբաժանման կողմից և հաստատվում լիազորված մարմնի ղեկավարի կողմից:
(12-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)
13. Տեստերում ընդգրկված հարցերը կազմվում են ելնելով.
ա) արժեթղթերի շուկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթերի պահանջներից`
- արժեթղթերի պետական գրանցման,
- արժեթղթերի թողարկման ազդագրի, նրա հիմնական բովանդակության և կազմման ու գրանցման կարգի,
- արժեթղթերի հետ կապված գործառնություններից գանձվող հարկի որոշման և վճարման կարգի,
- արժեթղթերի հետ կատարվող գործառնությունների հաշվապահական հաշվառման հիմունքների,
- արժեթղթերի շուկայի մասնակիցների և նրանց կազմում աշխատող մասնագետների հաճախորդի առջև պատասխանատվության,
- մասնագիտական էթիկայի և գաղտնի տեղեկատվության պահպանման,
- արժեթղթերի շուկայի մասնակիցների կողմից չարաշահումներ և սխալներ թույլ տալու դեպքում սահմանված և կիրառվող պատասխանատվության,
բ) արժեթղթերի շուկայի, նրա բովանդակության, ֆունկցիաների, շրջանառող արժեթղթերի տեսակների, նրանց շրջանառության առանձնահատկությունների, ֆոնդային բորսայի, նրա գործելու մեխանիզմի, արժեթղթերի հետ կապված գործարքների տեսակների վերաբերյալ տեսությունից:
14. Մինչև քննության սկիզբը դիմորդը ծանոթացվում է համակարգչի միջոցով որակավորման քննության անցկացման կանոններին:
15. Տեստը բաղկացած է 16 հարցերից, որոնց պատասխանելու համար դիմորդին տրվում է 30 րոպե ժամանակ:
16. Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:
17. Քննության ավարտից հետո օպերատորը դիմորդի ներկայությամբ տպող սարքի միջոցով տպում է քննության արդյունքները երկու օրինակից, որոնց հիման վրա կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրությունը: Արդյունքների մեկ օրինակը դիմորդի ստորագրությամբ հանձնվում է հանձնաժողովին, իսկ մյուսը տրվում է դիմորդին:
18. Քննության արդյունքները հաստատվում են և հայտարարվում հանձնաժողովի կողմից:
19. Դիմորդն իրավունք ունի քննության արդյունքը հայտարարելուց անմիջապես հետո բողոքարկել հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո կրկնակի բողոքարկումները չեն քննարկվում:
20. Տվյալ քննությանը չներկայացած դիմորդն ընդգրկվում է հաջորդ քննության ցուցակում:
21. Քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է մասնակցել հաջորդ քննությանը նոր հայտ ներկայացնելու միջոցով` մուծելով պետական տուրքը:
(21-րդ կետը խմբ. 16.07.99 N 261)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
22. Հանձնաժողովի կազմը հաստատվում է լիազորված մարմնի կողմից:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և լիազորված մարմնի առնվազն 5 աշխատակիցներ: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև ՀՀ Կենտրոնական բանկից, Բանկերի ասոցիացիայից, ֆոնդային բորսաներից և ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսաներից:
(22-րդ կետը լրաց. 09.02.99 N 58)
23. Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր քննության օրը` առավոտյան ժամը 10.00-ին: Հանձնաժողովը հետևում է որակավորման քննության ընթացքին և հաստատում քննության արդյունքները` համապատասխան որոշմամբ:
24. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են որակավորման քննության օրերին հրավիրված նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստը համարվում է կայացած, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
25. Հանձնաժողովի նիստերին ավելի քան երեք անգամ անընդմեջ չներկայացող անդամները հանձնաժողովի նախագահի գրավոր ներկայացմամբ կարող են հեռացվել հանձնաժողովի կազմից:
26. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պարտադիր ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
IV. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՈՒՄԸ
27. Քննության արդյունքներով բավարար գնահատված դիմորդների համար սահմանվում են` մասնագետների որակավորման հետևյալ կարգերը.
ա) 1-ին կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել հարցերի ընդհանուր քանակի 90%-ից ավելին (15, 16 հարց),
բ) 2-րդ կարգի մասնագետ, երբ դիմորդը ճիշտ է պատասխանել ընդհանուր հարցերի առնվազն 75% -ին (12-15 հարց):
28. Դիմորդը քննության արդյունքներով համարվում է անբավարար գնահատված, եթե ճիշտ չի պատասխանել ընդհանուր հարցերի ավելի քան 25%-ին:
(28-րդ կետը փոփ. 16.07.99 N 261)
29. Առաջին կարգի մասնագետի որակավորում է շնորհվում նաև հանձնաժողովի անդամներին և լիազորված մարմնի այն աշխատակիցներին, որոնք ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ մասնագիտական աշխատանքային ստաժ:
(29-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)
30. Արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար ձեռնարկության (այդ թվում բաժնետիրական ընկերության) գործադիր տնօրենը (ղեկավարը) և նրա տեղակալները պարտադիր պետք է որակավորված լինեն որպես առաջին կարգի մասնագետ:
31. Սույն կարգի 27-րդ կետում նշված անձանց տրվում են որակավորման հավաստագրեր երեք տարի ժամկետով, բացառությամբ 29-րդ կետում նշված անձանց:
32. Որակավորման հավաստագիրը պետք է ներառի. մասնագետի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, որակավորման կարգը, հավաստագրի հերթական համարը, տրման ամսաթիվը և այլ անհրաժեշտ տվյալներ: Ինչպես նաև հատուկ նշում այն մասին, որ հավաստագիրը ենթակա չէ փոխանցման կամ այլ ձևով այլ անձանց օտարման:
33. Որակավորման հավաստագիրը հաստատվում է հանձնաժողովի նախագահի և լիազորված մարմնի ղեկավարի կողմից և կնքվում լիազորված մարմնի կնիքով:
(33-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)
34. Որակավորման հավաստագրի ձևակերպումը և դրա հանձնումը մասնագետին իրականացվում է սույն կարգի 27-րդ կետում նշված քննությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
35. Լիազորված ստորաբաժանումը, հավաստագրերի համար վարում է գրանցամատյան, որի մեջ գրի են առնվում մասնագետի անունը, ազգանունը, որակավորման կարգը, տրման ամսաթիվը և հերթական համարը:
36. Արգելվում է որակավորման հավաստագրի փոխանցումը կամ օտարումը:
37. Հանձնաժողովը, իսկ սույն կետի գ) ենթակետում նշված դեպքում լիազորված մարմինը, մասնագետին տրված որակավորման հավաստագիրը ուժը կորցրած է ճանաչում եթե.
ա) մասնագետը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հաճախորդների գաղտնիք հանդիսացող տեղեկությունների անօրինական օգտագործման կամ փաստաթղթերի, փողի և արժեթղթերի կեղծման համար,
բ) ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ,
գ) լրացել է տվյալ որակավորման հավաստագրի ժամկետը:
(37-րդ կետը փոփ. 09.02.99 N 58)
Հավելված 1
Հ Ա Յ Տ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
I. Ընդհանուր տեղեկություններ.
Անուն, ազգանուն
Հասցե, հեռախոսահամարներ
Ծննդյան թիվը (ամիս, ամսաթիվ)
Քաղաքացիությունը
Անձնագրի սերիան և համարը
II. Կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, մասնագիտությունը և ավարտելու տարին)
III. Վերջին հինգ տարիներին աշխատանքային փորձը (կազմակերպության անվանումը, պաշտոնը)
IV. Դատարանի կողմից ճանաչվե՞լ եք մեղավոր հաճախորդների գաղտնիք հանդիսացող տեղեկությունների անօրինական օգտագործման կամ փաստաթղթերի, փողի և արժեթղթերի կեղծման համար
V. Նշեք առնվազն երեք անձանց անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարները, որոնք անձամբ ճանաչում են Ձեզ և որևէ ձևով կապված չեն այս առաջարկի հետ.
1.
2.
3.
VI. Ես հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել հայտի մերժմանը կամ որակավորման հավաստագրի ուժը կորցրած ճանաչելուն:
Դիմորդի ստորագրությունը |
____ _________ 199 թ. |
Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 ապրիլի 1998 թ.
Պետական գրանցման թիվ 209800119