Ինկորպորացիան կատարվել է 25․06․2021թ․ դրությամբ ՀՀ ոստիկանության պետի 30-Լ հրամանի հիման վրա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
23 սեպտեմբերի 2020 թ. ք. Երևան |
թիվ 36-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գնդապետ |
Վ. Ղազարյան |
Հավելված ՀՀ ոստիկանության պետի 23.09.2020թ. թիվ 36-Լ հրամանի |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնագրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ` Պարեկային ծառայություն) կողմից պարեկային ծառայության իրականացման կազմակերպման և իրականացման ձևերը, ինչպես նաև հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս, հանցագործություններն ու իրավախախտումները հայտնաբերելիս, կանխելիս, խափանելիս և բացահայտելիս, քաղաքացիներին (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց) աջակցելիս և արտակարգ իրավիճակներում Պարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի (այսուհետ` պարեկային ծառայող) կողմից իրականացվող գործողությունները:
2. Պարեկային ծառայությունը կազմակերպվում է շուրջօրյա՝ Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումներից (գունդ, գումարտակ, վաշտ, դասակ և այլն) նշանակված պարեկային կարգախմբերի միջոցով՝ հերթափոխի սկզբունքով:
3. Ոստիկանության` օրենքով նախատեսված խնդիրներն իրականացնելիս պարեկային ծառայությունը`
1) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, հասարակական անվտանգությունը և ճանապարհային երթևեկության անվտանգությունը,
2) իր իրավասության սահմաններում` հասարակական վայրերում հայտնաբերում, կանխում, խափանում, բացահայտում է հանցագործությունները,
3) ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կատարվող դատավարական գործողությունների և դրանց մասնակցող անձանց անվտանգությունը, այդ թվում հանցագործության դեպքի վայրի պահպանությունը,
4) իր իրավասության սահմաններում հասարակական վայրերում կանխում, հայտնաբերում, խափանում է ոստիկանության քննությանը ենթակա վարչական իրավախախտումները (այսուհետ` վարչական իրավախախտում) և կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
4. Պարեկային ծառայության գործունեության իրավական հիմքն են «Ոստիկանության մասին» ու «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայության կանոնադրությունը և այլ իրավական ակտեր:
5. Պարեկային ծառայության իրականացումը ոստիկանության խնդիրների կատարման եղանակներից է, որն ապահովվում է`
1) պարեկային ծառայողների կողմից իրենց տեղամասերում օպերատիվ իրավիճակի իմացությամբ, քաղաքացիների հետ սերտ համագործակցությամբ,
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերն այլոց ապօրինի միջամտություններից զերծ պահելով,
3) հանցագործությունների և վարչական իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի անմիջական հակազդման, դրանց կանխման ու խափանման ուղղությամբ պարեկային կարգախմբերի ակտիվ գործողություններով,
4) հանցագործության դեպքերով քրեական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմիններին դատավարական գործողությունների կատարման ժամանակ ցուցաբերված աջակցությամբ,
5) ծառայողների արդյունավետ և ճիշտ տեղաբաշխմամբ, կարգախմբերի փոխհամագործակցության ու ղեկավարման համակարգի կատարելագործմամբ, ավտոտրանսպորտային և կապի միջոցների ճիշտ և նպատակային օգտագործմամբ,
6) ծառայության կազմակերպման գործում մարտավարական հնարքների և տեխնիկական միջոցների ներդրմամբ,
7) ոստիկանության մյուս ծառայությունների հետ անմիջական համագործակցությամբ,
8) պարեկային ծառայողների գործնական և բարոյական հատկանիշների նկատմամբ բարձր պահանջկոտության ցուցաբերմամբ, ծառայության նկատմամբ մշտական հսկողության կազմակերպմամբ,
9) երդմանը հավատարիմ մնալու, ծառայողական պարտքը կատարելու, մշտական պատրաստակամությամբ և անձնվիրությամբ հասարակական կարգի ապահովման համար պատասխանատվության բարձրացմամբ, իրավախախտների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքով, մասնագիտական որակավորման կատարելագործմամբ:
2. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2.1. Պարեկային ծառայության կազմակերպման հիմքերը
6. Ոստիկանությունում պարեկային ծառայություն իրականացնում են Ոստիկանության Պարեկային ծառայության շարային ստորաբաժանումների ծառայողները։ Ոստիկանության առջև դրված խնդիրների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով պարեկային ծառայության կարող են ներգրավվել նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, ներառյալ Պարեկային ծառայության ոչ շարային ստորաբաժանումների ծառայողները: Պարեկային ծառայության ներգրավված ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների և Պարեկային ծառայության ոչ շարային ստորաբաժանումների ծառայողների վրա տարածվում են սույն կանոնագրքով նախատեսված դրույթները:
7. Պարեկային ծառայողը ենթարկվում է Ոստիկանության պարեկային ծառայության պետին, նրա տեղակալներին, ենթակա շարային ստորաբաժանումների հրամանատարներին, իր անմիջական հրամանատարներին։
8. Պարեկային ծառայության կազմակերպման և իրականացման ընթացքում, ինչպես նաև հանցագործություններին և այլ իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման պարտականությունները կատարելիս՝ հերթափոխի ընթացքում, պարեկային ծառայողը կատարում է նաև Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հանձնարարությունները (այսուհետ՝ Օպերատիվ կառավարման կենտրոն), որն իրավասու է պարեկային ծառայողին ներգրավել Պարեկային ծառայության խնդիրների կատարումից բխող գործողություններին և այդ կապակցությամբ տալ համապատասխան հանձնարարություններ, փոխել պարեկային ծառայողի ծառայության իրականացման վայրը (երթուղին)՝ հաշվի առնելով առանձին տեղամասերում առկա իրավիճակը։
9. Պարեկային ծառայություն կատարելու համար Պարեկային ծառայության կազմակերպման բաժնի կողմից սահմանվում է երթուղի, որի սահմանները որոշվում են` ելնելով կոնկրետ պայմաններից, տեղանքից և օպերատիվ իրավիճակից:
10. Պարեկային ծառայողի տեխնիկական հագեցվածության ու սպառազինության մեջ ներառվում են՝
1) լուսարձակ,
2) գրիչ, մատիտ, քանոն, նոթատետր,
3) թղթի թերթեր (A4 ֆորմատի),
4) տակտիկական գոտի,
5) ձեռնաշղթա,
6) մահակ (ծալվող կամ հասարակ),
7) պղպեղային օդամղիչ,
8) ատրճանակ՝ երկու պահեստային պահունակով,
9) հեռաչափ,
10) ձեռքի դյուրակիր թվային ռադիոկայան,
11) համազգեստի վրա կրվող շարժական տեսախցիկ,
12) GPS/3G ընդունիչ սարք,
13) պաշտպանիչ ձեռնոց,
14) ինքնաձիգ (անհրաժեշտության դեպքում),
15) էլեկտրապարպիչ սարք,
16) տակտիկական ժիլետ,
17) թվային սարքերի լրացուցիչ մարտկոցներ,
18) համազգեստի վրա կրվող GPS սարքի լիցքավորիչ
19) զրահաբաճկոն (անհրաժեշտության դեպքում):
11. Պարեկային ծառայողը ծառայության ընթացքում կրում է ոստիկանության ծառայողի համազգեստ, և իր մոտ ունենում է ծառայողական վկայական և ոստիկանության ծառայողի կրծքանշան։
2.2. Աշխատանքային ընթացակարգերի սկիզբն ու ավարտը
12. Պարեկային ծառայության յուրաքանչյուր օր, ծառայության անցնելուց առաջ, կատարվում է անձնակազմի նախապատրաստում, հրահանգավորում ու կարգախմբի բաշխում:
13. Իր ծառայողական պարտականությունները կատարելու համար պարեկային ծառայողն աշխատանքի է ներկայանում իր հերթափոխի սկզբից առնվազն 30 րոպե առաջ: Ժամանելիս զեկուցում է հերթապահին և իր հրամանատարին՝ վերջինիս դիմելով ըստ կոչման: Հրահանգավորումն անցկացնելուց առաջ զենքերի հերթապահ բաժանմունքի աշխատակիցը պարզում է պարեկային ծառայողի ինքնազգացողությունն ու ծառայության իրականացմանը խանգարող այլ հանգամանքներ, տրամադրում է զենքը, հանդերձանքը, անհատական տեսախցիկը, կապի, անհատական պաշտպանության և հատուկ միջոցները, որի մասին պարեկային ծառայողը ստորագրում է կարգախմբերի ծառայության գրքում:
14. Զենքի լիցքավորումը կատարվում է հրահանգով և օպերատիվ հերթապահի կամ ստորաբաժանման հրամանատարի հսկողության ներքո՝ դրա համար հատուկ հատկացված վայրում:
15. Ծառայողական պարտականությունների կատարման ավարտից կես ժամ առաջ պարեկային կարգախմբերը՝ ղեկավարի համաձայնությամբ, վերադառնում են տեղաբաշխման վայր: Ըստ անհրաժեշտության այն պարեկային ծառայողները, որոնք պետք է ծառայության անցնեն, ընդունում են տրանսպորտային միջոցները նախորդ հերթափոխից, այդ գործընթացի դիտարկումն ու վերահսկողությունը իրականացնում է հերթապահ մասը, որը նաև ստուգում է տրանսպորտային միջոցի սարքին լինելը, վառելիքի քանակը, սարքավորումները և այլ տեխնիկական բնութագրեր:
16. Իրենց պարտականությունների կատարումն ավարտած պարեկային ծառայողները պետք է զենքերի հերթապահ բաժանմունք հանձնեն զենքը և հատուկ միջոցները, ինչպես նաև հերթապահ մասին փոխանցեն հերթապահության ընթացքում կազմած փաստաթղթերը:
17. Դասակների ղեկավարները զեկուցում են հրահանգավորում անցկացնող անձանց՝ պարեկային ծառայողների, պատրաստ լինելու մասին:
2.3. Անձնակազմի ստուգումն ու հրահանգավորումը
18. Ծառայողական պարտականությունները ստանձնելուց առաջ իրականացվում է պարեկային կարգախմբերի անձնակազմի ստուգում և հրահանգավորում:
19. Անձնակազմի ստուգում և հրահանգավորում կարող են իրականացնել Պարեկային ծառայության պետը և նրա տեղակալները, Պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ինչպես պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների անմիջական հրամանատարները։
20. Հրահանգավորողը պարտավոր է՝
1) ստուգել պարեկային ծառայողների պատրաստվածությունը և վերացնել հայտնաբերված թերությունները.
2) ստուգել պարեկային ծառայողների արտաքին տեսքը, համազգեստ կրելու կանոնները պահպանելը, բացառել սահմանված կարգի խախտմամբ, այդ թվում` վնասված կամ անխնամ ծառայողական համազգեստ կրող ոստիկանության ծառայողի կողմից պարեկային ծառայության իրականացումը,
3) ըստ անհրաժեշտության՝ ստուգել պարեկային ծառայողների՝ իրենց իրավունքների և պարտականությունների իմացությունը, հրազենի և հատուկ միջոցների կիրառման կանոններին տիրապետելը.
4) ստուգել պարեկային ծառայողի անհատական տեսախցիկի և ռադիոկապի միջոցների սարքինությունը.
5) ստուգել պարեկային ծառայողների բարոյահոգեբանական վիճակը և խնդիրների հայտնաբերման դեպքում թույլ չտալ ոստիկանության համապատասխան ծառայողին ստանձնել պարեկային ծառայության իրականացումը.
6) պարեկային ծառայողներին ծանոթացնել իրենց տեղամասի օպերատիվ իրավիճակին։
21. Անձնակազմի ստուգումը և հրահանգավորումն ավարտվում է անձնակազմի տեղաբաշխմամբ և ծառայողական պարտականությունները ստանձնելու հրամանով։
3. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
22. Պարեկային ծառայության իրականացման ձևերն են՝
1) տրանսպորտային միջոցով,
2) հետիոտն։
23. Պարեկային կարգախմբում ընդգրկվում են առնվազն երկու պարեկային ծառայող։
24. Պարեկային կարգախմբի ավագը նշանակվում է անմիջական ղեկավարի կողմից՝ հաշվի առնելով պարեկային ծառայողի պաշտոնը և կոչումը:
25. Պարեկային ավտոմոբիլներն ունեն գունագրաֆիկ երանգավորում, կահավորված են հետևյալ տեխնիկական սարքերով ու միջոցներով՝
1) ռադիոկապի ստացիոնար սարք,
2) ավտոմեքենայի GPS սարք,
3) բարձրախոս, ցուցաձող,
4) լուսաձայնային ազդանշանային համակարգ,
5) լուսարձակ (ավտոմեքենայի համար),
6) ամուր դյուրակիր համակարգիչ (պլանշետ)՝ իր լիցքավորիչով,
7) արագաչափ,
8) LTE երթուղիչ (router)
9) ավտոհամարանիշներ նույնականացնող տեսախցիկ,
10) ալկոմետր,
11) ապակիների մգեցվածության աստիճանի ստուգման սարք,
12) թերմոտպիչ,
13) դեպքի վայրի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում հատուկ գունագրաֆիկ ժապավեն՝ դեպքի վայր հանդիսացող տարածքի սահմանազատման համար,
14) զրահաբաճկոն,
15) մուտքի գործիքներ,
16) նախազգուշացման գործիքներ,
17) դեպքի վայրի զննության արդյունքում վերցված իրերի կամ նմուշների պահման տոպրակ,
18) ճանապարհային ոզնի,
19) կրակմարիչ,
20) անհետաձգելի առաջին օգնության դեղատուփ,
21) համազգեստի վրա կրվող տեսախցիկի լիցքավորիչ (ամրակ),
22) 12-220Վ փոխակերպիչ,
23) դյուրակիր ռադիոկապի լիցքավորիչ:
26. Ծառայություն իրականացնող պարեկային ավտոմոբիլում տեղադրված տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը և այլ սարքավորումներով երթևեկության ուղղությունը ցույց տվող սարքավորումը և պարեկային ծառայության իրականացման հսկողական տեսախցիկը միացվում են ծառայության դուրս գալու պահին և չեն անջատվում (հսկողական տեսախցիկը` բացառությամբ ընդմիջման ժամանակի) մինչև ծառայության ավարտը:
27. Ծառայության ընթացքում պարեկային ավտոմոբիլում տեղադրված սարքերի աշխատանքի խափանման դեպքում պարեկային ծառայողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Օպերատիվ կառավարման կենտրոն, իր անմիջական հրամանատարին և նրանց հանձնարարությամբ վերադառնալ շարային ստորաբաժանում` տեխնիկական թերությունները վերացնելու համար:
28. Ծառայության ընթացքում տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:
29. Պարեկային ծառայողը Պարեկային ծառայության պետի, նրա տեղակալի, անմիջական հրամանատարի կամ Օպերատիվ կառավարման կենտրոնի հանձնարարության հիման վրա կամ Օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկացնելուց հետո (բացառությամբ երթուղու աննշան փոփոխությունների) կարող է փոխել իր երթուղին հետևյալ դեպքերում՝
1) հարևան տեղամասերում երթևեկության խոչընդոտների կամ վտանգների վերացման համար անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար,
2) իրավախախտում կատարած կամ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու, հետապնդելու, բռնելու կամ արգելանքի վերցնելու, ինչպես նաև իրավախախտին ոստիկանության վարչական շենք կամ պետական մարմնի այլ վարչական տարածք տեղափոխելու նպատակով,
3) արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցները պահպանվող հատուկ տարածք փոխադրելու նպատակով,
4) այլ պարեկային կարգախմբերին կամ ոստիկանության այլ ստորաբաժանումներին աջակցելիս,
5) տրանսպորտային միջոցները հետապնդելիս,
6) իրավախախտումների կամ պատահարների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելիս,
7) ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ դեպքի վայրը պահպանելիս,
8) հրդեհի և տարերային աղետների հետևանքների վերացման համար միջոցներ ձեռնարկելիս,
9) պարեկային ծառայողի ինքնազգացողության վատթարացման դեպքում,
10) ծառայության ընթացքում ավտոմոբիլի կամ սարքերի աշխատանքը խափանվելու դեպքում,
11) ընդմիջման ժամին սնունդ ընդունելու նպատակով,
12) անհետաձգելի այլ դեպքերում:
30. Տրանսպորտային միջոցով պարեկային ծառայությունն իրականացվում է բացահայտ։
31. Բացահայտ եղանակով պարեկային ծառայությունն իրականացվում է հատուկ գունագրաֆիկ երանգավորում ունեցող, առկայծող փարոսիկներով և ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցներով։
32. Ավտոմոբիլով պարեկային ծառայությունն իրականացվում է հետևյալ մեթոդներով՝
1) ճանապարհային երթևեկության հսկողության նպատակով երթուղու տարածքում տեղաշարժ,
2) ճանապարհի դժվարանցանելի կամ վտանգավոր հատվածներում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տեսանելի վայրում կարճաժամկետ կայանում՝ հաշվի առնելով իրավիճակի բացառիկ բնույթը:
33. Հետիոտն կարգախմբի կողմից պարեկային ծառայությունն իրականացվում է մարդաշատ վայրերում տեղաշարժվելով՝ ըստ նախապես հաստատված և տվյալ կարգախմբին կցված տեղամասի։
34. Ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով պարեկային ծառայությունը կազմակերպվում է երթևեկության բարձր ինտենսիվություն ունեցող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին։
35. Ուղղաթիռների միջոցով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ կարող են իրականացվել ճանապարհային երթևեկության նկատմամբ հսկողությունը, մեծ թվով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովումն ու տրանսպորտային միջոցների հետախուզումը, ինչպես նաև ենթադրյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդման նպատակով ։
36. Ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ պարեկային ծառայության իրականացման թույլտվությունը տրվում է Պարեկային ծառայության պետի կողմից` վաշտի հրամանատարի գրավոր առաջարկության հիման վրա:
37. Օպերատիվ իրավիճակի բարդությամբ պայմանավորված` անհետաձգելի դեպքերում, ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ պարեկային ծառայության իրականացումը թույլատրվում է վաշտի հրամանատարի բանավոր առաջարկության հիման վրա, իսկ պարեկային ծառայության իրականացման անհրաժեշտության մասին 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Պարեկային ծառայության պետին:
38. Ուղղաթիռներով կամ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ պարեկային ծառայության իրականացման համար կազմվում է առանձին աշխատանքային ժամանակացույց, որում նշվում են աշխատանքային օրերն ու ժամերը, պարեկության տեղն ու ժամանակը։ Աշխատանքային ժամանակացույցի մեկ օրինակը հանձնվում է Ոստիկանության պետին:
39. Պարեկային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրում է «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
4. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ
40. Պարեկային ծառայության իրականացման վայրում ոստիկանության անձնակազմը և ուժերը տեղակայվում են ըստ սահմանված տեղամասերի՝ ծառայողների օրական քանակին համապատասխան։
41. Տեղամասերի մշակումն իրականացվում է Պարեկային ծառայության վարչակազմի իրավասու ենթակառուցվածքային ստորաբաժանման կողմից՝ իրավասու ստորաբաժանման ներկայացմամբ՝ հաշվի առնելով տվյալ տարածքի առանձնահատկությունները, այդ թվում՝ բնակչության խտությունը, երթևեկելի և հետիոտն հատվածների բաշխվածությունը, երթևեկության ինտենսիվությունը, ուրբանիզացիայի մակարդակը, առևտրային, սպորտային և զվարճանքի վայրերի առկայությունը, ինչպես նաև իրավախախտումների տարածքային վիճակագրությունը։
42. Պարեկային ծառայության վարչակազմի իրավասու ենթակառուցվածքային ստորաբաժանման կողմից կարգախմբերի համար մշակված տեղամասերի պլանը հաստատվում է Պարեկային ծառայության պետի կողմից։
43. Պարեկային ծառայությունն իրականացվում է շուրջօրյա՝ առավելագույնը 12 ժամ տևողությամբ հերթափոխերով։ Հերթափոխերի քանակը որոշում է Պարեկային ծառայության պետը՝ ելնելով ծառայողական խնդիրների իրականացման անհրաժեշտությունից։
44. Ըստ պարեկային տեղամասերի կարգախմբերի՝ աշխատանքային գրաֆիկը սահմանվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից։
5. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
45. Պարեկային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս լիազորված է՝
1) պահանջել քաղաքացիներից պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը՝ բացատրելով իրենց գործողությունների հակաօրինական բնույթը, իսկ նման պահանջին չենթարկվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն.
2) իրավախախտում կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում՝ քաղաքացիներից պահանջել ներկայացնել իրենց անձը հաստատող փաստաթղթերը.
3) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնել քաղաքացիներին մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմիններին այդպիսի գործողությունների կատարմանն աջակցելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով.
4) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս, հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու, ինչպես նաև դժբախտ պատահարի մասին բավարար տվյալների առկայության դեպքում, վթարների, համաճարակների, զանգվածային անկարգությունների ժամանակ քաղաքացիների և հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև անհետաձգելի այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով,
5) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ,
6) իրականացնել վարչական ձերբակալում, անձնական զննություն, կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված այլ միջոցներ,
7) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից վերցնել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը,
8) իրականացնել օրենքով սահմանված այլ գործողություններ։
46. Պարեկային ծառայողը կարող է լքել իրեն հատկացված տեղամասում ծառայության վայրը պարեկային ծառայության այլ նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, մասնավորապես.
1) Պարեկային ծառայության ղեկավարի, նրա տեղակալի, անմիջական հրամանատարի կամ Օպերատիվ կառավարման կենտրոնից ստացված հրահանգի հիման վրա, այն դեպքերում, երբ հարևան տեղամասերում անհրաժեշտ է լրացուցիչ կարգախմբերի միջոցով ոստիկանական ուժերի ներգրավումը՝ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման և խափանման, ինչպես նաև ոստիկանության այլ նպատակների իրականացման համար.
2) ենթադրյալ հանցանք կատարած անձին բռնելու և արգելանքի վերցնելու նպատակով.
3) հակաօրինական արարք կատարած անձանց արգելանքի վերցնելիս ոստիկանության վարչական շենք կամ պետական մարմնի այլ վարչական տարածք տեղափոխելու նպատակով.
4) կարգախմբի կազմում ներառված պարեկային ծառայողի ինքնազգացողության վատթարացման դեպքում.
5) ծառայության անհրաժեշտությամբ պայմանավորված այլ անհետաձգելի դեպքերում։
47. Սույն կանոնագրքով և այլ ակտերով սահմանված դեպքերում պարեկային ծառայողի կողմից ծառայության վայրը թողնելու յուրաքանչյուր դեպքում պարեկային ծառայություն իրականացնող կարգախումբն անմիջապես կապ է հաստատում և դրա մասին տեղեկացնում Օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահին, ստանում համաձայնություն, այդ մասին տեղեկացնում անմիջական հրամանատարին՝ հայտնելով նաև ծառայության վայրը թողնելու պատճառները։
48. Պարեկային ծառայություն իրականացնող շարային ստորաբաժանման հրամանատարը պարտավոր է՝
1) յուրաքանչյուր կարգախմբի կողմից ծառայողական պարտականությունները ստանձնելուց առաջ անցկացնել անձնակազմի ստուգում և հրահանգավորում.
2) թույլ չտալ ծառայողական պարտականությունների կատարումը ստանձնել ոչ պատշաճ արտաքինով կամ առողջական խնդիրներ ունեցող պարեկային ծառայողին.
49. Պարեկային ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս պարտավոր է՝
1) պահպանել օրինականությունը, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը և դրանք սահմանափակել բացառապես օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում և կարգով՝ ներկայացնելով սահմանափակման հիմքերն ու պատճառները.
2) քաղաքացիներին դիմելիս պարտադիր պատվի առնել, վերջիններիս հասկանալի ձևով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը, ինչպես նաև քաղաքացու խնդրանքով ներկայացնել նաև ոստիկանության ծառայողի անհատական կրծքանշանի հերթական համարը.
3) պահպանել ոստիկանի ծառայողական կարգապահությունը, ինչպես նաև քաղաքացիների հետ շփման ընթացքում էթիկայի և բարեվարքության կանոններն ու բարեհամբույր վերաբերմունքը, աջակցել վերջիններիս իրենց դիմելու դեպքում, ինչպես նաև ուղղորդել, եթե քաղաքացու դիմումը կամ խնդրանքը դուրս է իրենց ծառայողական պարտականություններից.
4) ծառայության ընթացքում քաղաքացիների նկատմամբ դրսևորել հարգալից ու հոգատար վարվելակերպ, ոստիկանության ծառայողին վայել վստահ գործելաոճ.
5) խնամքով վերաբերվել քաղաքացիների փաստաթղթերին, բացառել դրանցում որևէ նշում կատարելը, իսկ ներկայացված փաստաթղթերում ցանկացած այլ իրերի առկայության դեպքում՝ անմիջապես վերադարձնել դրանք ներկայացրած անձին.
6) ենթադրյալ հանցանքի մասին տեղեկություններ ստանալու կամ հայտնաբերելու դեպքում՝ այդ մասին անմիջապես զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն և ձեռնարկել օրենքով սահմանված միջոցները այն կանխելու կամ խափանելու նպատակով,
7) հանցագործության կատարման վերաբերյալ ֆիզիկական անձանցից հաղորդումներ ստանալու դեպքում՝ միջոցներ ձեռնարկել պարզելու տեղեկացնող տվյալները, ինչպես նաև գրանցել ստացված հաղորդումը և անմիջապես զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցանք կատարող անձանց հայտնաբերելու և արգելանքի վերցնելու, տուժողներին օգնություն ցույց տալու, վկաներին պարզելու համար.
8) առաջին օգնություն ցույց տալ հանցագործություններից, այլ իրավախախտումներից կամ պատահարներից տուժած անձանց, ինչպես նաև այն անձանց, ում կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում.
9) ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ՝ պատահարի պատճառների և հանգամանքների պարզման համար և տեղում առաջին օգնություն ցույց տալ քաղաքացիներին.
10) տիրապետել տեղամասի օպերատիվ իրադրությանը, առևտրային կետերի և նյութական արժեքների կուտակման այլ վայրերի դիրքերին՝ դրանց նկատմամբ հնարավոր հանցավոր ոտնձգություններին օպերատիվ արձագանքելու համար.
11) հայտնաբերել վարչական իրավախախտումները, բացահայտել դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, իրենց իրավունքների սահմաններում միջոցներ ձեռնարկել այդ հանգամանքների վերացման համար,
12) մինչև դեպքի վայրի զննություն իրականացնող անձի՝ դեպքի վայր ժամանումը իրականացնել դեպքի վայրի պահպանություն, դեպքի վայրում աջակցել անհետաձգելի քննչական գործողություններին, ներառյալ իրավախախտում կատարած անձի հետապնդմանն ու հայտնաբերմանը, կատարել դեպքի վայրի զննություն իրականացնողի հանձնարարությունները,
13) իր կամ մեկ այլ անձի կողմից գտնված փաստաթղթերը և գույքը համապատասխան զեկուցագրով ներկայացնել մոտակա ոստիկանության տարածքային ստորաբաժանում` զեկուցագրում նշելով դրանց նկարագրությունը և գտած անձի տվյալները,
14) ուշադրություն դարձնել կոնֆլիկտային իրավիճակներին, իրավախախտների հնարավոր հայտնվելու վայրերին, ճանապարհներին կամ այլ վտանգավոր վայրերում խաղացող երեխաներին, ճանապարհային երթևեկությանը խանգարող անձանց, կասկածելի աղմուկներին, օբյեկտներում և շենքերում կրակի կամ ծխի հայտնվելուն՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար
15) կորած կամ մոլորված երեխաներին հասցնել բնակության վայր, փոխանցել ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում` մոտակա ոստիկանության տարածքային ստորաբաժանում,
16) բժշկական հիմնարկներ հասցնել ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում գտնվող այն անձանց, ովքեր գտնվում են անօգնական վիճակում, կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու, շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կամ կարող են վնաս պատճառել շրջապատին,
17) աջակցել վարորդներին տրանսպորտային միջոցների անսարքությունները տեղում վերացնելու, դրա անհնարինության դեպքում տրանսպորտային միջոցը երթևեկելի մասից տեղափոխելու կամ այդ նպատակով միջոցառումներ ձեռնարկելու համար, երբ չի իրականացնում հատուկ կամ կոնկրետ գործառույթներ,
18) պարբերաբար հերթափոխից հետո զեկուցել պարեկության ընթացքում նկատված երթևեկության վտանգների, չերևացող ճանապարհային նշանների գծանշումների և վնասված ենթակառուցվածքների մասին,
19) տեղեկացնել երթևեկության մասնակիցներին ճանապարհին արձանագրված վտանգների, վարորդների համար անսպասելի ռիսկերի և ճանապարհի անանցանելիության մասին,
20) իրականացնել օրենսդրությամբ և սույն կանոնագրքով սահմանված այլ պարտականություններ:
50. Պարեկային ծառայողները պարտավոր են աշխատանքի ավարտին արդյունքների և տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկացնել իրենց անմիջական հրամանատարին։
51. Պարեկային ծառայողն իր առջև դրված խնդիրների պատշաճ կատարման նպատակով պետք է իմանա՝
1) գործող օրենսդրությունը և իր գործունեությանն առնչվող այլ ակտերը, ինչպես նաև դրանց թարմացումները.
2) իր տեղամասի սահմանների ճանապարհները, փակուղիները և շրջանցումները, որպեսզի կարողանա հետապնդել և կանխել իրավախախտում կատարած անձանց փախուստը.
3) հետախուզման մեջ գտնվող անձանց, հափշտակված իրերի և տրասնպորտային միջոցների արտաքին տարբերակիչ հատկանիշները.
4) Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ կապի և տեղեկատվության փոխանցման եղանակներն ու կանոնները.
5) իր տեղամասի սահմաններում գտնվող ոստիկանության և այլ ծառայությունների ստորաբաժանումների, բժշկական կենտրոնների, ավտոկայանատեղիների և ծառայությունների մատուցման այլ կետերի, ինչպես նաև հարևան տեղամասերում գտնվող կարգախմբերի տեղակայման վայրերը։
52. Պարեկային ծառայողին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արգելվում է՝
1) ծառայողական տրանսպորտային միջոցով տեղափոխել ծառայության հետ առնչություն չունեցող անձանց կամ իրեր.
2) առանց Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համաձայնեցման շեղվել սահմանված երթուղուց կամ փոխել աշխատանքային գրաֆիկը.
3) արգելանքի վերցված անձանց թողնել առանց հսկողության.
4) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում՝ ընդմիջման ժամից դուրս, սնվել կամ կատարել ցանկացած այլ գործողություն, որը կապված չէ իր առջև դրված խնդիրների կատարման հետ կամ անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տակ դնել պարեկային ծառայողի կարգապահությունը, ինչպես նաև Պարեկային ծառայության արդյունավետությունն ու հեղինակությունը,
5) անհարկի զրուցել քաղաքացիների հետ, ոչ նպատակային օգտագործել տրանսպորտային միջոցն ու դրան ամրացված միջոցները,
6) այլ անձանց տիրապետմանը հանձնել ծառայողական տրանսպորտային միջոցը և իրեն ամրակցված զենքը, տեխնիկական սարքավորումներն ու հատուկ միջոցները։
53. Քաղաքացու կողմից պարեկային ծառայողին կաշառքի ակնարկի կամ որևէ նյութական առավելության տրամադրման դեպքում պարեկային ծառայողը պարտավոր է անմիջապես նախազգուշացնել նման ակնարկը հնչեցրած քաղաքացուն կաշառք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։
5.1. Հասարակության հետ հաղորդակցությունը
54. Պարեկային ծառայողի գործունեությունը հիմնվում է օրենքի գերակայության, մարդու պատիվը և արժանապատվությունը հարգելու, օրենքի առջև հավասարության, մարդասիրության, հրապարակայնության և թափանցիկության սկզբունքների վրա:
55. Բնակչության հետ սերտ համագործակցությունն ու արդյունավետ հաղորդակցությունը կնպաստի անվտանգության ապահովման, իրավախախտումների կանխարգելման, հանցավորության մակարդակի իջեցման նպատակով:
5.2. Պարեկային ծառայողների վարքը քաղաքացիների հանդեպ
56. Տարբեր իրավիճակներում պարեկային ծառայողի մարտավարական հասունությունը, գործողությունների գրագիտությունը, որոնք թույլ են տալիս նրան հաջողությամբ լուծելու հասարակական կարգի պահպանության և հանցավորության հետ պայքարի հարցերը, նշանակալից չափով որոշվում են՝ քաղաքացիների հետ իր փոխհարաբերությունները ճիշտ կառուցելու նրա ունակությամբ: Քաղաքացիների հետ փոխհարաբերություններում պարեկային ծառայողը պետք է դրսևորի քաղաքավարություն և նրբազգացություն:
5.3. Պարեկային ծառայողի՝ քաղաքացուն դիմելու կարգն ու տոնայնությունը
57. Պարեկային ծառայողը պետք է քաղաքացուն դիմի հարգանքով, «Դուք»-ով, իր պահանջներն ու դիտողությունները ներկայացնի համոզիչ ձևով: Քաղաքացուն դիմելիս պետք է նրան ողջունի, որից հետո, ձեռքը հպելով գլխարկին, բարձրաձայնի իր ազգանունն ու կոչումը: Եթե քաղաքացիներն են դիմում պարեկային ծառայողին, ապա նա նույնպես պարտավոր է ձեռքը հպել գլխարկին, ուշադիր լսել նրանց և միջոցներ ձեռնարկել՝ վերջիններիս հայտարարությունների հետ կապված: Եթե քաղաքացու հարցադրումը դուրս է պարեկային ծառայողի իրավասությունների շրջանակից, ապա պարեկային ծառայողը, չանտեսելով նրան, պետք է քաղաքացուն օգնի խորհրդով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բացատրի, թե ուր է պետք դիմել՝ դրված հարցը լուծելու համար:
58. Քաղաքացիներին դիմելիս անթույլատրելի են՝
1) արհամարհական տոնը, կոպտությունը, գոռոզությունը,
2) դիտողությունների հեգնական կամ անքաղաքավարի շարադրումը,
3) մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կամ ռեպլիկները,
4) սպառնալիքները, խրատները կամ անարդարացի նախատումները,
5) անիրավացի մեղադրանքներ ներկայացնելը.
6) սպառնացող կամ վիրավորող ժեստերն ու նշանները:
59. Քաղաքացիների հետ զրուցելիս պարեկային ծառայողները պարտավոր են դրսևորել հանգստություն և խոհեմություն: Նրանք չպետք է կոպտությանը կոպտությամբ պատասխանեն և իրենց գործողություններում առաջնորդվեն անձնական անբարյացակամ զգացմունքներով:
60. Երբ իրավախախտում կատարած անձը ոստիկանի դիտողություններին գրգռված է արձագանքում, ապա պետք է նրան ժամանակ տալ հանդարտվելու և բացատրություն խնդրել՝ նրա հակաիրավական գործողությունների վերաբերյալ: Պարզաբանել նրա վարքի հակաօրինական բնույթը՝ հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին:
61. Դեռահասների հանդեպ պարեկային ծառայողները պետք է վարվեն նույնքան հարգալից, որքան մեծահասակների հանդեպ: Երեխաներին դիտողություններն արվում են՝ հաշվի առնելով նրանց հոգեբանությունն ու ընկալելու հնարավորությունը:
62. Պարեկային ծառայողը պետք է մշտական կապի մեջ լինի իր գործողությունների տարածքում բնակվող բնակչության հետ, երկխոսության մեջ մտնի կուտակումների վայրում գտնվող մարդկանց հետ (զբոսայգիներում, պուրակներում, մետրոպոլիտենի մուտքերի մոտ), լինի բարյացակամ և պոզիտիվ:
5.4. Պարեկային ծառայողի ծառայության ընթացքն այլ անձանց կողմից տեսաձայնագրելու կամ լուսանկարահանելու հետ կապված իրավիճակների ընդհանուր կանոնները
63. Պարեկային ծառայության իրականացման ընթացքում պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումները՝ նկատի ունենալով մարդու՝ ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև այն, որ «Ոստիկանության մասին» օրենքով հրապարակայնությունը ոստիկանության գործունեության սկզբունքներից է, իսկ պարեկային ծառայողը հաշվետու հանրային ծառայող է։
64. Սույն կանոնագրքի 63-րդ կետից բացառություն կարող է արվել, եթե այդպիսի գործողությունները՝
1) ողջամտորեն խախտում են այլ անձանց իրավունքները (օրինակ՝ այլ անձի անձնական տվյալներն առանց վերջինիս համաձայնության հասանելի է դարձնում անորոշ թվով անձանց և այլն),
2) խոչընդոտում են ծառայողական պարտականությունների իրականացմանը (օրինակ՝ դեպքի վայրում ապացույցների նկարահանումները և այլն),
3) վտանգում են նկարահանողի կամ այլ անձանց կյանքը կամ առողջությունը (օրինակ՝ ճանապարհի երթևեկելի բանուկ մասերում է իրականացնում նկարահանումը և այլն)։
65. Նման դեպքերում պարեկային ծառայողը կարող է պահանջել այդ անձանցից տեսաձայնագրումը, լուսանկարահանումը կամ ուղիղ հեռարձակումը իրականացնել առավել մեծ հեռավորությամբ կամ ցանկացած այլ պայմաններում, որպեսզի չառաջանա սույն կանոնագրքի 64-րդ կետով նկարագրված պայմաններից մեկը։
5.5. Ֆիզիկական ուժի գործադրումը
66. Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:
67. Պարեկային ծառայողներն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, այդ թվում մարտական հատուկ հնարքներ՝ սեփական և այլ անձանց անվտանգությունն ապահովելու, իրավախախտումների կանխման, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց բռնելու նպատակով, եթե այլ եղանակով հնարավոր չէ արդյունավետ կերպով իրականացնել պարեկային ծառայողի գործառույթները։
68. Ֆիզիկական ուժի գործադրումն ակնհայտ հղի և սահմանափակ կարողություններով անձանց, անչափահասների ու ծերերի նկատմամբ արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս իրականացնում են զինված կամ խմբակային հարձակում, ոստիկանին ցույց են տալիս զինված դիմադրություն, որի հետևանքով վտանգվում է ոստիկանության ծառայողի կամ այլ անձանց կյանքը կամ առողջությունը։
69. Գործադրված ֆիզիկական ուժի արդյունքում անձանց ստացած վնասվածքների կամ մահվան դեպքում պարեկային ծառայողն անմիջապես զեկուցում է այդ մասին անմիջական հրամանատարին։
5.6. Հատուկ միջոցների գործադրումը
70. Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարեկային ծառայողն իրավունք ունի գործադրել նաև ոստիկանության սպառազինության մեջ գտնվող և իրեն ամրակցված հատուկ միջոցներ։
71. Պարեկային ծառայողը հատուկ միջոցի կիրառման իրավասություն ունի բացառապես նման հատուկ պատրաստվածություն անցնելու դեպքում։
72. Պարեկային ծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գործադրել իրենց տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցները՝
1) քաղաքացիների և ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.
6) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
7) տրանսպորտի, կապի և այլ կազմակերպությունների աշխատանքը կազմալուծող զանգվածային անկարգություններն ու խմբակային գործողությունները խափանելիս.
8) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.
9) հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
73. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն կանոնագրքի 77-րդ կետով նախատեսված դեպքերում:
5.7. Հրազենի գործադրումը (կիրառումը) և օգտագործումը
74. Պարեկային ծառայողները կարող են պահել, կրել և օգտագործել ծառայողական հաշվեցուցակային զենք։
75. Պարեկային ծառայողի կողմից հրազենի գործադրում է համարվում նրա կողմից նպատակաուղղված կրակոցի արձակումը։
76. Պարեկային ծառայողը ծայրահեղ դեպքերում իրավունք ունի զենք կիրառել հետևյալ դեպքերում՝
1) ոստիկանի անհրաժեշտ պաշտպանության, նրա նկատմամբ հարձակումը հետ մղելու նպատակով,
2) անձանց կյանքի և առողջության պաշտպանության, նրանց հարձակումներից պաշտպանելու նպատակով,
3) պատանդ վերցված անձանց ազատելու նպատակով, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,
4) պահպանվող օբյեկտների, շարասյուների, բնակելի շենքերի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ հանրային այլ օբյեկտների նկատմամբ իրականացվող հարձակումները հետ մղելու, ինչպես նաև դրանց գրավման դեպքում ազատելու նպատակով,
5) ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև զենքի գործադրմամբ այլ ենթադրյալ հանցանք կատարող անձի հանցավոր գործողությունները խափանելու և նրան արգելանքի վերցնելու նպատակով,
6) արգելանքի տակ գտնվող զինված անձի փախուստի դեպքում՝ դիմադրություն ցույց տալիս, ինչպես նաև այլ զինված անձանց, որոնք զենքի գործադրմամբ սպառնում են ոստիկանի կյանքին կամ առողջությանը,
7) բացառիկ դեպքերում ենթադրյալ հանցանք կատարած անձին հետապնդելիս տրանսպորտային միջոցը կանգնեցնելու նպատակով վնասելու համար, եթե զենքի նման գործադրման արդյունքում վարորդն այլ անձանց, այդ թվում պարեկային ծառայողների կյանքի կամ առողջության համար վտանգ չի ստեղծի։
77. Պարեկային ծառայողն իրավունք ունի մերկացնել և մարտական վիճակի բերել հրազենը, եթե գտնում է, որ կոնկրետ հանգամանքներում կարող է սույն կանոնագրքի 76-րդ կետով սահմանված իրավիճակների վրա հասնելու հետևանքով հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ։
78. Հրազենի գործադրումից առաջ պարեկային ծառայողի կողմից բանավոր և հասկանալի կերպով պետք է այդ մասին նախազգուշացում հնչի։ Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ հրազենի անհապաղ գործադրումը կարող է պայմանավորված լինել պարեկային ծառայողի կամ այլ անձանց կյանքի կամ առողջությանը սպառնացող և այլ կերպ անկանխելի իրադրությամբ։
79. Արգելվում է հրազենի գործադրումը բոլոր այն դեպքերում, երբ դրա հետևանքով ակնհայտորեն կարող են տուժել նաև հրազենի գործադրման հիմքերի և պատճառների հետ կապ չունեցող այլ անձինք։
80. Բոլոր դեպքերում հրազենի գործադրումից անմիջապես հետո պարեկային ծառայողն այդ մասին զեկուցում է անմիջական հրամանատարին և Օպերատիվ կառավարման կենտրոն։
5.8. Կարգախմբի իր գործընկեր-ծառայողի, հրամանատարների և այլ մարմինների հետ գործողությունների համակարգումը
81. Պարեկային ծառայության աշխատանքի արդյունավետությունը կախված է կարգախմբի իր գործընկերոջ, հրամանատարի, Օպերատիվ կառավարման կենտրոնի, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների հետ համագործակցությունից և հաղորդակցությունից:
82. Պարեկային ծառայողն առաջին հերթին պետք է մշտական հաղորդակցման մեջ լինի կարգախմբի իր գործընկերոջ հետ, որոշումները պետք է համատեղ ընդունվեն, նրանք մշտապես պետք է գտնվեն միմյանց տեսադաշտում, ծառայողներից մեկի կողմից ավտոմեքենան լքելու դեպքում մյուսը պետք է հետևի նրան՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Կարգախմբի գործընկերներն առանց ծայրահեղ անհրաժեշտության չպետք է միմյանցից մեծ տարածությամբ հեռանան:
83. Հետապնդման ու արգելանքի վերցնելու գործողության իրականացման ընթացքում պետք է բաշխեն գործառույթները՝ միևնույն գործողությունները չկատարելու համար:
84. Պարեկային ծառայողը ռադիոկապի միջոցով մշտապես կապ է պահպանում անմիջական հրամանատարի և Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ: Յուրաքանչյուր ժամային պարբերականությամբ հայտնում է իր գտնվելու վայրի և տարածքում տիրող իրավիճակի մասին: Անմիջական հրամանատարի և Օպերատիվ կառավարման կենտրոնի համաձայնեցմամբ հայտնում է ընդմիջման գնալու մասին և արձանագրում ժամը: Անմիջական հրամանատարը հսկողություն է իրականացնում պարեկային ծառայողի կողմից ընդմիջման ժամանակահատվածի պահպանման նկատմամբ։
85. Օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով և անձամբ կապի մեջ է ոստիկանության տարածքային ստորաբաժանման հետ՝ անհրաժեշտության դեպքում իրավախախտմանը համակարգված արձագանքելու համար:
6. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
6.1. Հաղորդում ընդունելը
86. Պարեկային ծառայողների կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունվում և դրանց ընթացքը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով նաև սույն կանոնագրքով սահմանված առանձնահատկությունները։
87. Պարեկային կարգախմբի կողմից ստացված իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումները ռադիոկապով անմիջապես փոխանցվում են Օպերատիվ կառավարման կենտրոն:
88. Պարեկային կարգախմբի հետագա գործողությունները համակարգվում են Օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից։
89. Պարեկային ծառայողը կատարված հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում պարզում է`
1) հանցագործության կատարման վայրը, ժամանակը և դեպքի հանգամանքները.
2) տեղեկություններ կասկածյալի մասին (բնութագրող նշանները).
3) տեղեկություններ վկաների մասին.
4) տեղեկություններ տուժածների և նրանց վիճակի մասին.
5) հաղորդում տվողի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը:
90. Ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ պարեկային ծառայողն անհրաժեշտ նշումներ է անում իր նոթատետրում։
91. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց բանավոր հաղորդումները պարեկային կարգախմբի կողմից ընդունվում և ամրագրվում են հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) մեջ, որում նշվում են`
1) հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության (հաշվառման) վայրի և ծառայողական հասցեն, հեռախոսահամարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ստորագրությունը, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը` առաջին դեմքով, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը,
2) 16 տարին լրացած անձի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում՝ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին գրավոր նախազգուշացված լինելու մասին նշումը,
3) հաղորդում ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը, արձանագրությունը կազմելու վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն,
4) կտրոն-ծանուցագիր ստանալու մասին տվյալները:
92. Հաղորդում ներկայացնողի կողմից հայերենին չտիրապետելու դեպքում՝ հաղորդումն ընդունվում է հայերենին և այն օտար լեզվին տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի մասնակցությամբ, որին տիրապետում է հաղորդում ներկայացնող անձը: Հաղորդում ներկայացնող անձը հաղորդումը շարադրում է այն լեզվով, որին ինքը տիրապետում է, ինչին հաջորդում է արձանագրությունում թարգմանչի կատարած թարգմանության շարադրումը, որը հաստատվում է թարգմանչի կողմից: Այս դեպքում հաղորդումն ամրագրվում է միայն իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության մեջ։
93. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել պարեկային ծառայողի կազմած արձանագրությունը, ապա պարեկային ծառայողն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ՝ հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարման պատճառները, ստորագրում այն և ներմուծում հաղորդումների գրանցման ավտոմատացված տեղեկատվական համակարգ:
94. Նոր կատարված կամ կատարվող հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս, կարգախումբն անմիջապես ժամանում է հանցագործության կատարման վայր և դրա մասին զեկուցում Օպերատիվ կառավարման կենտրոն:
6.2. Դեպքի վայրի պահպանությունը
95. Հանցագործության կատարման վայրում պարեկային ծառայողները մինչև օպերատիվ խմբի և քննիչի ժամանումը պարտավոր են`
1) միջոցներ ձեռնարկել հանցագործության կանխման համար,
2) կազմակերպել ենթադրյալ հանցանք կատարած անձանց հետապնդումը և ձերբակալումը,
3) օգնություն ցույց տալ տուժածներին, անհրաժեշտության դեպքում` կանչել շտապ օգնություն կամ փրկարար ծառայություն,
4) հայտնաբերել վկաների, պարզել ականատեսների անձը,
5) խստորեն պահպանել դեպքի վայրը և ապացույցները,
6) զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն և գործել նրա հրահանգների համաձայն:
96. Ժամանելով դեպքի վայր՝ պարեկային ծառայողներն անմիջապես շրջափակում են դեպքի վայրը և անցկացնում հատուկ գունագրաֆիկ ժապավեններ՝ արգելելով այլ անձանց մուտքը շրջափակված տարածք։ Դեպքի վայրի շրջափակումից հետո սույն կանոնագրքի 95-րդ կետում նշված այլ գործողությունների հերթականությունը կախված է կատարված հանցագործության բնույթից, կարգախմբի կազմից և ստեղծված իրավիճակի բնույթից:
97. Պարեկային ծառայողներին արգելվում է դեպքի վայրում շրջափակված տարածք մուտք գործել թույլ տալ ցանկացած քաղաքացու կամ պաշտոնատար անձի՝ բացառությամբ օպերատիվ-հետախուզական խմբի, դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող անձի և դատախազի։ Ցանկացած այլ պաշտոնատար անձի կողմից շրջափակված տարածք մուտք գործելու փորձ կատարելու դեպքում, պարեկային ծառայողներն այդ մասին անմիջապես զեկուցում են դեպքի վայր ժամանած քննիչին, անմիջական հրամանատարին և պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանման հրամանատարին։
98. Սույն կանոնագրքի 97-րդ կետի պահանջները խախտած ցանկացած անձի նկատմամբ պարեկային ծառայողներն իրավասու են կիրառել օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներ, այդ թվում արգելանքի վերցնել պահանջը խախտած անձանց։
99. Թարմ հետքերով ենթադրյալ հանցանք կատարած անձի հետապնդումը և հետախուզումն իրականացվում են մինչև նրա վնասազերծումը և ձերբակալումը: Անհնարինության դեպքում պարեկային ծառայողն Օպերատիվ կառավարման կենտրոնին է փոխանցում իրեն հայտնի տեղեկությունները ենթադրյալ հանցանք կատարած անձի արտաքին տեսքի և փախուստի հնարավոր ուղղությունների մասին։ Հետապնդման և հետախուզման ընթացքում կարգախմբերը պետք է գործեն` չխախտելով նախազգուշական միջոցները:
100. Ենթադրյալ հանցանք կատարած անձի հետապնդման դեպքում կարգախումբն անմիջապես այդ մասին տեղեկացնում է Օպերատիվ կառավարման կենտրոնին։ Հետապնդման ընթացքում դեպքի վայրը պահպանվում է պարեկային ծառայության հարևան կարգախմբերի կամ պարեկային այլ ծառայողների ներգրավմամբ:
101. Հետապնդում և հետախուզում կազմակերպելն անհնար լինելու դեպքում պարեկային ծառայողը պարտավոր է գտնվել հանցագործության կատարման վայրում` մինչև օպերատիվ-հետախուզական խմբի և քննիչի ժամանումը կամ Օպերատիվ կառավարման կենտրոնի կարգադրությունը: Նա պարտավոր է դեպքի վայրից անմիջապես հեռացնել անձանց ու տուժածներին, որպեսզի նրանք չոչնչացնեն կամ չվնասեն հետքերը:
102. Քննիչի կողմից դեպքի վայր ժամանելուց հետո դեպքի վայրի պահպանություն և դատավարական գործողությունների կատարմանն աջակցող պարեկային կարգախմբերը գործում են բացառապես ըստ քննիչի հրահանգների։
103. Պարեկային ծառայողներին արգելվում է դեպքի վայրում առկա առարկաներին դիպչել, տեղափոխել կամ փոփոխել դրանք մինչև դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող անձի ժամանումը՝ բացառությամբ, եթե նման գործողությունների կատարումը կարող է պայմանավորված լինել եղանակային կամ այնպիսի օբյեկտիվ հանգամանքներով, որոնց ազդեցությամբ տեղի կունենա հնարավոր ապացույցների ոչնչացում։ Նման դեպքերում ցանկացած միջամտություն թույլատրելի է բացառապես իրերի կամ առարկաների դիրքի նախնական ամրագրմամբ։
104. Տեղումների պատճառով` հետքերի, իրերի և առարկաների ոչնչացման վտանգի դեպքում պարեկային ծառայողները միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանման համար` օգտագործելով ձեռքի տակ եղած իրերն ու միջոցները (արկղեր, նրբատախտակ, բրեզենտ, ստվարաթուղթ և այլն): Ուղղահայաց դիրքում գտնվող հետքերի պահպանման համար թիթեղյա կամ այլ չթրջվող նյութերից պատրաստվում են հովհարներ: Նշված իրերն ու նյութերը չպետք է ունենան սուր հոտեր` հետագայում ծառայողական շների օգտագործումը չդժվարացնելու համար:
105. Դեպքի վայրում կարգախմբերի կողմից թողնված հետքերը նշվում են պարզ երևացող ցուցիչներով և նշաններով:
106. Հանցագործության դեպքի վայրում պարեկային ծառայողն առաջին հերթին պետք է հիշի և հնարավորինս նոթատետրում կատարի գրառումներ որոշակի հանգամանքների վերաբերյալ, որոնք ժամանակի ընթացքում կարող են անհետանալ կամ փոխվել (հոտերը, եղանակը, ջերմաստիճանը, քամու ուղղությունը, լուսավորման բնույթը):
107. Պետք է հատուկ ուշադրություն դարձվի իրադրության պահպանման և հանցագործության գործիքների անփոփոխ դիրքի, մատնահետքերի, ոտնահետքերի, տրանսպորտի, արյան հետքերի, մազերի, հագուստի, ապակու բեկորների, փայտի կտորների, հողի մասնիկների, ծխուկների, լուցկու մնացորդների պահպանմանը:
108. Ծառայողը հանցագործության դեպքի վայրում պարտավոր է գործել վճռականորեն, հանգիստ, վստահ, թույլ չտալ շտապողականություն կամ այլ գործողություններ, որոնք կարող են առաջ բերել քաղաքացիների հետ փոխհարաբերությունների սրում:
109. Դեպքի վայրի պահպանություն իրականացնող պարեկային ծառայողը հանցագործության դեպքի վայրում գտնվող անձանց դիմում է տեղում մնալու և ինքնուրույն որևէ գործողություններ չկատարելու խնդրանքով, փաստաթղթերով պարզում է նրանց ինքնությունը, գրանցում անունը, հայրանունը, ազգանունը, բնակարանի հասցեն, աշխատանքի վայրը, պարզում ենթադրյալ հանցանք կատարած անձանց թիվը, նրանց արտաքին տեսքը, հեռանալու ուղղությունը, եթե օգտագործել են տրանսպորտային միջոց, ճշտում է համարանիշը և հատուկ նշանները, հանցագործության վայրում կատարված փոփոխությունները և այդ փոփոխությունները կատարած անձանց, ինչպես նաև դրա նպատակները:
110. Ցույց տալով առաջին օգնություն կամ տուժածին բժշկական հաստատություն ուղարկելով` պարեկային ծառայողը զննում է նրա հագուստը և մարմնի բաց մասերը` նպատակ ունենալով հայտնաբերելու հանցագործությանը վերաբերող իրեր, հետքեր և նշաններ, հնարավորության դեպքում որոշում է նրա անձը:
111. Տուժածի գտնվելու վայրը, դիրքը, ձեռքերի, ոտքերի, գլխի դիրքը նշվում են կավիճով, ածխով կամ այլ միջոցներով:
112. Եթե տուժածը ցույց չի տալիս կյանքի նշաններ, ապա նախ և առաջ ստուգվում է` ողջ է նա, թե ոչ, հնարավորինս չփոխելով նրա դիրքն ու շրջապատող միջավայրը:
113. Մինչև դեպքի վայրի զննություն իրականացնող անձի համաձայնությունը` դիակները չեն տեղափոխվում հանցագործության վայրից:
114. Պարեկային կարգախումբը, մինչև օպերատիվ-հետախուզական խմբի ժամանումը, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող է մուտք գործել շինություն, տարածք կամ հողամաս: Օպերատիվ-հետախուզական խմբի կամ դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող անձի ժամանման դեպքում պարեկային ծառայողը զեկուցում է հանցագործությանը վերաբերող հանգամանքների, ձեռնարկված միջոցների մասին, որից հետո գործում է ըստ նրանց հրամանի կամ Օպերատիվ կառավարման կենտրոնի կարգադրության:
6.3. Անձանց արգելանքի վերցնելը
115. Կասկածելի անձանց հայտնաբերման դեպքում պարեկային ծառայողը կազմակերպում է նրանց հսկողությունը` առանց ուշադրություն գրավելու, այդ մասին անմիջապես տեղեկացնելով Օպերատիվ կառավարման կենտրոնին: Կասկածելի անձին արգելանքի վերցնելու վերաբերյալ գործողություններ նախաձեռնելիս` նա պետք է պարզի իր գործողությունների օրինականությունը, հաշվի առնի իր հնարավորությունները, պլանավորի արգելանքի վերցնելու կարգը և դրա ճիշտ ձևը: Անձին արգելանքի վերցնելիս (ձերբակալելիս, բերման ենթարկելիս և այլն) պարեկային ծառայողը պարտավոր է`
1) հաշվի առնել արգելանքի վերցվածի անձը, նրա հնարավորությունները (ֆիզիկական ուժը և զինվածությունը), արգելանքի վերցնելիս հնարավոր բարդությունները, զինված հարձակման կամ դիմադրության հնարավորությունը,
2) զենքի և հատուկ միջոցների կիրառման հիմքերն ու պայմանները,
3) զինված հարձակման կամ դիմադրության հնարավորությունը,
4) հետևել, որ արգելանքի վերցված անձը չվնասի իրեն, չնետի կամ չստանա իրեր և առարկաներ:
116. Հանցագործության կատարման մեջ կասկածվողներին ազատությունից զրկելիս` պետք է հատուկ ուշադրություն դարձնել նրանց մոտ հրազենի կամ սառը զենքի առկայությանը և պատրաստ պահել հրազենը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անմիջապես գործադրելու նպատակով (պատյանը տեղափոխվում է զենքի օգտագործման համար հարմար դիրքի, ատրճանակը հանվում է ապահովիչից, փամփուշտն իջեցվում է փամփշտակալի մեջ):
117. Անձին արգելանքի վերցնելուց հետո պարեկային ծառայողը պարտավոր է ազատությունից զրկված անձին ներկայացնել վերջինիս իրավունքներն ու պարտականությունները։
118. Ենթադրյալ հանցանք կատարած անձի ձերբակալման վայրը որոշվում է ըստ իրավիճակի և այն գործոնների, որոնք բացառում են փախուստի հնարավորությունը և այլ անձանց վնաս պատճառելը:
119. Ազատությունից զրկված անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է անձնական խուզարկության:
120. Փաստաթղթերի ստուգման և կասկածվող անձի հետ խոսակցության ժամանակ պարեկային ծառայողը պետք է կանգնի կիսադարձ դիրքով, ստուգվողից մեկ քայլ հեռավորության վրա և պատրաստ լինի հնարավոր հարձակումը հետ մղելուն:
6.4. Արգելանքի վերցված անձի տեղափոխումը
121. Արգելանքի վերցված անձանց ոստիկանության ստորաբաժանումներ են տեղափոխում պարեկային ավտոմոբիլով կամ ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխման համար նախատեսված հատուկ ավտոմոբիլով, իսկ դրա բացակայության դեպքում` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաներով: Չի թույլատրվում այդ նպատակով օգտագործել ընդհանուր օգտագործման տրանսպորտ, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ` հրշեջ, շտապ օգնության մեքենաներ (բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է բժշկական օգնություն ցույց տալ), ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական կամ հյուպատոսական և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներ:
122. Արգելանքի վերցված անձի տեղափոխման ժամանակ պարեկային ծառայողը պետք է նախատեսի նախազգուշական միջոցներ` փախուստի դիմելու հնարավորությունը կանխելու նպատակով, հետևի, որպեսզի ազատությունից զրկված անձը չնետի կամ չստանա իրեր և առարկաներ:
123. Արգելանքի վերցված անձին ոտքով ոստիկանության վարչական շենք տարվում է ոստիկանության երկու և ավելի ծառայողների կողմից, որոնցից մեկն ուղեկցում է նրան` բռնելով ձեռքը կամ պարանոցը, իսկ մյուսը` հետևից հետևում է տեղափոխվողի ու շրջապատի պահվածքին:
124. Եթե տեղափոխումն իրականացվում է մեկ ոստիկանի կողմից, ապա վերջինս պետք է քայլի ազատությունից զրկված անձի աջ կողմից կամ հետևից: Տեղափոխման ժամանակ պետք է խուսափել մարդաշատ վայրերի, բակերի, զբոսայգիների և անտառային վայրերի շրջանցիկ ճանապարհներից:
125. Արգելանքի վերցված անձին ոստիկանություն հասցրած պարեկային ծառայողը գրավոր զեկուցում է ոստիկանության ստորաբաժանման պետին` զեկուցագրում նշելով ազատությունից զրկված անձի անունը, հայրանունը, ազգանունը, արգելանքի վերցնելու հանգամանքներն ու պատճառները, վկաների, ինչպես նաև աջակցություն ցուցաբերողների մասին տեղեկություններ:
6.5. Պարեկային ծառայողների կանխարգելիչ գործողությունները
126. Իր հերթափոխի ընթացքում իրեն հատկացված տեղամասում, ըստ երթուղու, պարեկային ծառայողի տեղաշարժն ունի նաև կանխարգելիչ նշանակություն։
127. Ծառայության կատարման ժամանակ, ըստ հրահանգավորման, պարեկային կարգախմբերը նաև պարտավոր են զննել երթուղիներում գտնվող` ենթադրյալ հանցանք կամ այլ իրավախախտում կատարած անձանց հնարավոր թաքնվելու վայրերը:
128. Հնարավոր թաքստոցները զննվում են առնվազն երկու ծառայողի կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` ծառայողական շների օգնությամբ: Դրան կարող են մասնակցել տարածքի առանձնահատկություններին տեղյակ անձինք, ովքեր պատասխանատու են կամ տեղյակ են տվյալ տարածքի առանձնահատկություններին: Եթե կան տվյալներ, որ զննման ենթակա վայրերում թաքնվում են զինված անձինք, ապա պարեկային ծառայողները դրա մասին զեկուցում են Օպերատիվ կառավարման կենտրոն և գործում ըստ նրա կարգադրության:
129. Մինչև ենթադրյալ հանցանք կատարած անձանց հնարավոր թաքստոցների զննումը` պարեկային ծառայողները պետք է նախապես ճշտեն օբյեկտի դիրքը, դրա հատակագիծը, ելքերի և մուտքերի առկայությունը, մոտեցման գաղտնի ուղիները, առաջադրեն յուրաքանչյուր պարեկային ծառայողի պարտականությունը, իրար հետ կապի և հաղորդակցվելու, ազդանշանային կարգն ու գործողությունների հաջորդականությունը:
130. Ենթադրյալ հանցանք կատարած անձանց հնարավոր թաքնվելու վայրը զննվում է Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համաձայնեցմամբ: Զննվող վայրին մոտենում են անաղմուկ: Արգելվում է խոսել և ծխել: Գործողությունները համաձայնեցվում են ցածր ձայնով կամ հատուկ որոշված ազդանշաններով:
131. Կարգախմբի բոլոր ծառայողներին արգելվում է մեկ մուտքով` միաժամանակ մտնել զննվող տարածք:
132. Այն անձանց հայտնաբերման դեպքում, որոնց վարքը և գործողությունները հիմք են հանդիսանում նրանց հանցագործության կատարման մեջ կասկածելու, կարգախումբը կասկածվող անձին բերման է ենթարկում ոստիկանության բաժին:
7. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԻՍ
133. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ընթացքում պարեկային ծառայողը պարտավոր է`
1) առաջնորդվել ճանապարհային երթևեկության կանոններով և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջներով, դրանց խախտման դեպքում` օրենքով սահմանված պատասխանատվություն նախատեսող դրույթներով,
2) հատուկ լուսային և ձայնային ազդանշաններ արձակող շարասյան կամ առանձին տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակ միջոցներ ձեռնարկել պարեկային երթուղով դրանց անվտանգ և անխոչընդոտ անցման համար,
3) հետիոտների և տրանսպորտի առավել ինտենսիվ երթևեկության վայրերում ապահովել հասարակական կարգը, կանխել հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը, հետևել, որպեսզի հետիոտների կողմից ճանապարհը հատվի անցումներով,
4) երթուղու տարածքում կատարված ճանապարհատրանսպորտային պատահարների մասին զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն,
5) մինչև քննիչի ժամանումը` միջոցներ ձեռնարկել պատահարի մասնակիցների անձը ճշտելու, պատահարի մասնակից տրանսպորտային միջոցների փաստաթղթերը վերցնելու, տրանսպորտի հետքերը և դեպքի վայրը պահպանելու, տուժածներին օգնություն ցույց տալու, վկաներին հայտնաբերելու համար, ստացված տվյալները և փաստաթղթերը տրամադրել դեպքի վայր ժամանած քննիչին,
6) Ոստիկանության պետի հրամանով Պարեկային ծառայության ենթակայությանը վերապահված ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ իրականացնել,
7) կարգավորել ճանապարհային երթևեկությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռների փաստաթղթերը և արգելել դրանց երթևեկությունը (շահագործումը),
8) առաջարկություններ ներկայացնել իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ,
9) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման, ինչպես նաև ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ ներկայացնել,
10) քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում՝ վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը,
11) հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև արգելանքի վերցնել մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցները:
134. Պարեկային ծառայողի կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ընթացքում կիրառվող ազդանշանները տալու կարգը սահմանվում է սույն կանոնագրքի հավելվածով:
135. Պարեկային ծառայողն իրեն հայտնի դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին զեկուցում է անմիջական հրամանատարին և իր իրավասության շրջանակում գործում՝ ստեղծված իրավիճակին համապատասխան։
136. Պատահարի մասին հաղորդում ստանալուց և պատահարի վայրում գործողություններ կատարելու հանձնարարություն ստանալուց անմիջապես հետո պարեկային ծառայողը հաղորդում ներկայացրած անձից պարզում է հետևյալ տեղեկությունները`
1) պատահարի մասին հայտնող անձի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը),
2) պատահարի տեղի, ժամի, տեսակի, հանգամանքների մասին,
3) տուժած անձանց մասին,
4) տուժած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու մասին,
5) բժշկական հաստատությունների և տուժած անձանց այնտեղ ուղարկողների (տեղափոխողների) մասին (բժշկական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, տեղափոխողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, տրանսպորտային միջոցի մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը),
6) պատահարին առնչվող տրանսպորտային միջոցների մասին (մակնիշը, գույնը և հաշվառման համարանիշը)։
137. Ներկայանալով պատահարի վայր, որի հետևանքով տուժել են մարդիկ, մինչև քննիչի կամ Օպերատիվ խմբի ժամանումը պարեկային ծառայողը`
1) պարզում է տուժած անձանց թիվը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է առաջին օգնություն, կազմակերպում տուժածների փոխադրումը բժշկական հաստատություններ, հնարավորության դեպքում պարզում տուժած անձանց տվյալները, բնակության և աշխատանքի վայրերը,
2) պարզում է պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդների անձը և դրանց առնչվող այլ անձանց, վերցնում վարորդների և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը ` ապահովելով նրանց ներկայությունը պատահարի վայրում` մինչև քննիչի կամ օպերատիվ խմբի ժամանումը,
3) միջոցներ է ձեռնարկում այն վտանգավոր գործոնների հայտնաբերման և վերացման համար, որոնք կարող են ազդել ինչպես ճանապարհային երթևեկության, այնպես էլ իր անձնական անվտանգության վրա: Այդպիսի գործոնների շարքին են դասվում տրանսպորտային միջոցների ինտենսիվ երթևեկությունը, տրանսպորտային հոսքի երթևեկության բարձր արագությունը, պատահարի վայրին մոտենալու անբավարար տեսանելիությունը, ճանապարհի սայթաքուն ծածկը, պատահարին մասնակից տրանսպորտային միջոցներում առկա վտանգավոր բեռները, վնասված տրանսպորտային միջոցների ինքնայրման սպառնալիքը և այլն,
4) պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների վարորդներից պահանջում է միացնել վթարային լույսերը և տեղադրել վթարային կանգառի նշան, անհրաժեշտության դեպքում տեղադրում է երթևեկության կազմակերպման լրացուցիչ միջոցներ (ժամանակավոր ճանապարհային նշաններ, արգելափակոցներ և այլն), անվտանգության ապահովման նպատակով տեղակայում հատուկ լուսային ազդանշանները միացրած պարեկային ավտոմոբիլ,
5) հայտնաբերում է պատահարի ականատեսներին և գրառում նրանց տվյալները,
6) միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցների, հետքերի, իրերի և պատահարին առնչվող այլ առարկաների պահպանման համար,
7) պատահարի վայր ժամանած դեպքի վայրի զննություն իրականացնող անձին է հանձնում պատահարին մասնակից անձանց, ականատեսների մասին տեղեկությունները, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերցված փաստաթղթերը, հետագայում գործում` ըստ խմբի ղեկավարի հանձնարարությունների,
8) կազմակերպում է տրանսպորտի երթևեկությունը շրջանցմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու համար,
9) եթե վարորդը տրանսպորտային միջոցով պատահարի վայրից դիմել է փախուստի, միջոցներ է ձեռնարկում պարզելու վարորդի երթևեկության հնարավոր ուղղությունը, տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, հաշվառման համարանիշը, գույնը, ինչպես նաև վարորդի կամ տրանսպորտային միջոցի հատուկ նշանները:
138. Պատահարի տեղանքի ուսումնասիրումից և ականատեսների հարցումից ստացված` փախուստի դիմած վարորդի և տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններն անհապաղ զեկուցում է Օպերատիվ կառավարման կենտրոն, այնուհետև գործում է` համաձայն նրանց հանձնարարությունների:
139. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պատճառվել է միայն նյութական վնաս, իրավախախտումներին վերաբերող նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում են պարեկային ծառայողի կողմից` այդ մասին տեղեկացնելով Օպերատիվ կառավարման կենտրոն։
140. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հրահանգի դեպքում վարորդին տրանսպորտային միջոցից իջնելու ցուցում կարող է տրվել միայն հետևյալ բացառիկ դեպքերում՝
1) տրանսպորտային միջոցի անսարքությունը կամ կատարված իրավախախտումը տեղում վերացնելիս, ինչպես նաև բեռի փոխադրման կանոնները խախտելիս,
2) վարորդի մոտ՝ հոգեմետ, ալկոհոլային կամ նյութերի ազդեցության տակ գտնվելու մասին առերևույթ հատկանիշներ նկատելիս,
3) փաստաթղթերի կազմման գործընթացում վարորդի պարտադիր մասնակցությունն առաջանալիս կամ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն առաջանալիս,
4) վարորդի կամ տրանսպորտային միջոցի ուղևորների կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից լինելու, մեքենան գողանալու կամ ենթադրյալ այլ հանցագործություն կատարելու կամ դրանում մասնակցություն ունենալու վերաբերյալ տեղեկությունների տիրապետելիս,
5) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ղեկին գտնվելը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները կամ որևէ կերպ սպառնում է նրա կյանքին կամ առողջությանը։
141. Բացառությամբ ծառայողական պարտականությունների անհետաձգելի կատարման նպատակով բացառիկ դեպքերի, պարեկային ծառայողներին արգելվում է իրենց տրանսպորտային միջոցը կանգնեցնել՝
1) սահմանափակ տեսանելիությամբ ավտոճանապարհներին,
2) շրջադարձի մոտ,
3) վերելքի գագաթից անմիջապես առաջ կամ դրանից անմիջապես հետո,
4) խաչմերուկների, հետիոտնային անցումների, երկաթուղային գծանցների մոտ,
5) կամուրջների վրա և թունելներում,
6) ցանկացած այլ վայրում, որտեղ կանգնելը կարող է վտանգել երթևեկության մասնակիցների կյանքը կամ առողջությունը կամ որևէ կերպ խոչընդոտել բնականոն երթևեկությունը։
8. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
142. Վարչական իրավախախտման դեպք հայտնաբերելիս՝ պարեկային ծառայողները մոտենում են համապատասխան խախտումը կատարած անձին, ներկայանում՝ պատվի առնելով, վերջիններիս հասկանալի ձևով ներկայանում՝ հայտնելով իրենց պաշտոնը, կոչումը, ազգանունը և ստորաբաժանումը։ Անձի խնդրանքով պարեկային ծառայողները ներկայացնում են նաև իրենց ծառայողական վկայականը կամ ոստիկանության ծառայողի անհատական կրծքանշանը։
143. Պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին հայտնում է, թե ինչ իրավախախտում է իր կողմից կատարվել և ինչպես է այն դրսևորվել, մատնանշում է համապատասխան իրավական նորմը, որով սահմանված է կատարված խախտումը։
144. Պարեկային ծառայողը վարչական իրավախախտում կատարած անձին տեղեկացնում է, որ դրսևորած վարքագիծը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որից հետո իրավախախտման վայրում պարեկային ծառայողին ամրակցված պլանշետի հատուկ ծրագրային ապահովման միջոցով կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
145. Իրավախախտման վայրում արձանագրությունը կազմելու անհնարինության դեպքում այն պարեկային ծառայողի կողմից կարող է կազմվել նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանման վարչական շենքում։
146. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ՝ համապատասխան հատկացված հատվածում, իրավախախտում կատարած անձից պարեկային ծառայողը վերցնում է բացատրություն: Պարեկային ծառայողը իրավախախտին տեղեկացնում է դիտողություններ, առարկություններ ներկայացնելու իրավունքի վերաբերյալ՝ ապահովելով անձի լսված լինելու իրավունքի իրացումը: Բացատրում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները:
147. Անձի լսված լինելու իրավունքի ապահովումից հետո, եթե բացակայում է գործի քննությունը մեկ այլ օր նշանակելու անհրաժեշտությունը, պարեկային ծառայողն ընդունում է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշում՝ այն կազմելով 2 օրինակից։
148. Պարեկային ծառայողը վարչական պատասխանատվության ենթարկված անձին պարտադիր տեղեկացնում է որոշման բողոքարկման կարգը (վարչական, ինչպես նաև դատական կարգով՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում):
149. Սույն կանոնագրքի 144-148-րդ կետերով սահմանված գործողություններն էլեկտրոնային ծրագրային ապահովման միջոցով իրականացնելու անհնարինության դեպքում՝ պարեկային ծառայողն իրականացնում է թղթային տարբերակով՝ նախապես հաստատված ձևանմուշների համաձայն։
150. Թղթային տարբերակով կազմված արձանագրություններն անսարքությունները վերացնելուց հետո ներմուծվում են էլեկտրոնային համակարգ, որից հետո անձի ծանուցումն իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով։
9. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
151. Անձնական անվտանգության ապահովման նպատակով պարեկային ծառայողին արգելվում է՝
1) գտնվել ստուգման ենթարկվող տրանսպորտային միջոցի սրահում՝ բացառությամբ սույն կանոնագրքով կամ օրենքով նախատեսված դեպքերի.
2) տրանսպորտային միջոցին շատ մոտ գտնվել.
3) տրանսպորտային միջոցին մոտենալ անմիջապես առջևից կամ հետնամասից.
152. Գիշերային ժամերին տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու դեպքում պարեկային ծառայողները պետք է օգտվեն ճանապարհի լուսավորվող հատվածներից, իսկ դրա անհնարինության դեպքում լուսավորությունն ապահովեն պարեկային ավտոմեքենայի լուսարձակներով։ Անհրաժեշտ է խուսափել ճանապարհի երթևեկելի մասում իրավախախտման հանգամանքների պարզումից, եթե նման գործողությունները խոչընդոտներ են ստեղծում երթևեկության մասնակիցների համար կամ վտանգում են վերջիններիս։
153. Տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար պարեկային ծառայողները պարտադիր պետք է միացնեն ավտոմեքենայի հատուկ լուսաձայնային ազդանշանները։ Բոլոր դեպքերում պարեկային ծառայողները մեքենան կանգնեցնում են իրենց կողմից կանգնեցված մեքենայի հետևում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով սկսել հետապնդումը կամ կանխել հնարավոր մանևրները կանգնեցված մեքենայի վարորդի կողմից։
154. Վարորդի փաստաթղթերի կամ տրանսպորտային միջոցի զննության ընթացքում պարեկային ծառայողը պետք է անվտանգ հեռավորություն ընտրի իր և վարորդի, ինչպես նաև վարորդի հետ գտնվող անձանց միջև, ոչ մի դեպքում չշրջվի նրանց թիկունքով և հետևի տրանսպորտային միջոցի սրահում գտնվող անձանց։
155. Հետախուզվող անձի կամ տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում՝ պարեկային ծառայողներն ընտրում են այնպիսի դիրքավորում, որպեսզի հնարավորություն ունենան ապահովել միմյանց անվտանգությունը։
156. Ստուգման նպատակով կանգնեցված տրանսպորտային միջոցին մոտենալիս, անձնական անվտանգության նկատառումներից ելնելով, պարեկային ծառայողը խստորեն պահպանում է հետևյալ կանոնները.
1) մեքենային մոտենում է վարորդի դռան ուղղությամբ.
2) զննում է տրանսպորտային միջոցի սրահը՝ թաքնվող անձանց հայտնաբերելու համար (գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության դեպքում՝ օգտագործելով լապտեր).
3) կանգնում է այնպիսի հեռավորությամբ, որ տրանսպորտային միջոցի անսպասելի շարժի դեպքում վնասվածք չստանա, միաժամանակ շարունակելով հետևել վարորդին և ուղևորներին, որպեսզի փաստաթղթերի փոխարեն թաքցված զենք չհանվի.
4) պահանջում է վարորդից անջատել մեքենայի շարժիչը.
5) ներկայացված փաստաթղթերը բռնում է այն ձեռքում, որ օրենքով սահմանված դեպքերում հնարավորություն ունենա առանց խոչընդոտների և արդյունավետորեն հաշվեցուցակային զենք կիրառել։
157. Ավտոպարեկային կարգախմբի վարորդը մնում է իր տեղում և ապահովում է ստուգումն իրականացնող պարեկային ծառայողի անվտանգությունը։
10. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
158. Ենթադրյալ հանցանք կամ այլ իրավախախտում կատարած օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պատասխանատվության հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով։
159. Դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող անձանց պատասխանատվության հարցը լուծվում է դիվանագիտական ուղիներով՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։ Այդպիսի անձանց կողմից իրավախախտում կատարելու կամ նրանց արգելանքի վերցնելու դեպքում պարեկային ծառայողներն անհապաղ տեղեկացնում են անմիջական հրամանատարին, ենթակա շարային ստորաբաժանման հրամանատարին և Օպերատիվ կառավարման կենտրոնին։
160. Պարեկային ծառայողը, դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող օտարերկրյա քաղաքացի վարորդի կողմից վարչական իրավախախտում կատարելու դեպք բացահայտելով, հրահանգում է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, որից հետո կատարում է հետևյալ գործողությունները՝
1) պարզում է, թե որ պետության (կազմակերպության) դիվանագիտական ներկայացուցչությանն է ամրակցված տվյալ տրանսպորտային միջոցը,
2) պարզում է, թե որ պետության քաղաքացի է հանդիսանում վարորդը և որ պետության (կազմակերպության) կողմից է նա հավատարմագրվել որպես դիվանագետ,
3) վարորդի մոտ՝ ալկոհոլային կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվելու մասին առերևույթ հատկանիշներ նկատելիս առաջարկում է անցնել համապատասխան ստուգում,
4) կազմում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որում նշվում է միայն կատարված խախտումը՝ առանց որևէ նշում կատարելու դրա համար պատասխանատվությանը,
5) վերադարձնում է փաստաթղթերը վարորդին,
6) կազմված արձանագրության մասին տեղեկացնում է Օպերատիվ կառավարման կենտրոն, որն իր հերթին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կապ է հաստատում համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչության հետ՝ տրանսպորտային միջոցը նրանց փոխանցելու նպատակով, եթե խախտման բնույթը բացառում է նույն վարորդի կողմից տրանսպորտային միջոցը վարելը շարունակելը,
7) դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի մոտենալու անհնարինության դեպքում վարորդին առաջարկվում է թողնել տրանսպորտային միջոցը և ուղևորվել դեպի բնակության վայրը,
8) եթե տվյալ տրանսպորտային միջոցը խոչընդոտում է երթևեկությանը, ապա այն հատուկ տրանսպորտային միջոցի օգնությամբ տեղափոխվում է մոտակա կայանատեղի կամ մոտակա որևէ անվտանգ վայր,
9) եթե դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող վարորդը համաձայնում է բացատրություններ տալ, հրավիրվում է թարգմանիչ, և նրա մասնակցությամբ վերցվում են բացատրությունները: Թարգմանչի մասնակցությամբ բացատրությունը կարող է շարադրվել նաև անձամբ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձի կողմից՝ գրավոր, որից հետո այն թարգմանվում է հրավիրված թարգմանչի կողմից։ Այդ դեպքում բացատրությունը և դրա թարգմանությունը միասին կցվում են նյութերին։
161. Վարորդի համաձայնությամբ՝ տրանսպորտային միջոցը կարող է վարել իր հետ գտնվող սթափ ուղևորը, համապատասխան վարորդական իրավունք ունենալու դեպքում:
162. Արգելվում է առգրավել կամ պահպանվող հատուկ տարածք տեղափոխել այն տրանսպորտային միջոցները, որոնք դիվանագիտական ներկայացուցչությունների կամ միջազգային կազմակերպությունների սեփականություն են, որոնց վրա առկա են կարմիր կամ կապույտ հիմնագույնի համարանիշեր և որոնց տիրապետողները միջազգային պայմանագրերի հիման վրա օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ:
11. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
163. Զանգվածային լրատվության միջոցների (այսուհետ՝ ԶԼՄ) ներկայացուցիչների հետ շփումները կարևոր են ոստիկանության գործունեության հրապարակայնությունն ապահովելու սկզբունքի տեսանկյունից: ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփումներում պարեկային ծառայողը պարտավոր է՝
1) լինել քաղաքավարի, ուշադիր և բարյացակամ,
2) չխոչընդոտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների լրագրողական գործունեությանը և պաշտպանել նրանց իրավունքները,
3) եթե, ելնելով ծառայողական շահերից, պարեկային ծառայողը նպատակահարմար չի համարում կամ չի կարող պատասխանել լրագրողի հարցերին կամ այլ կերպ տեղեկատվություն տալ, ապա ծառայողը պետք է առաջարկի դիմել ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի իրավասու ստորաբաժանում,
4) թույլ չտալ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը որոշակի տարածք և, ըստ իրավիճակի, հնարավորություն ընձեռի իրականացնելու նրանց լրագրողական գործունեությունը միայն պաշտպանիչ ժապավենից դուրս,
5) ԶԼՄ-ների հետ ցանկացած շփման մասին հայտնի անմիջական ղեկավարին, ինչպես նաև Օպերատիվ կառավարման կենտրոն:
12. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
164. Բնածին և տեխնածին (մարդածին) աղետների հետևանքով կարող է առաջանալ մարդկանց կյանքին, առողջությանը և սեփականությանը սպառնացող վտանգ՝ արտակարգ իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան վթարափրկարարական ու վերականգնողական աշխատանքներ:
165. Պարեկային ծառայողն արտակարգ իրավիճակներում պարտավոր է`
1) հրդեհի դեպքում` անմիջապես տեղեկացնել Օպերատիվ կառավարման կենտրոն, անհրաժեշտության դեպքում աջակցել հրդեհաշիջման, մարդկանց տարահանման և գույքի տեղափոխման աշխատանքներին, ապահովել պատահարի վայրի պահպանումը, ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերել կասկածվող անձանց, անհրաժեշտության դեպքում տուժածներին ցուցաբերել բժշկական և հոգեբանական օգնություն,
2) չպայթած ռումբերի, ականների, պայթուցիկ նյութերի, ռադիոակտիվ, քիմիական և այլ վտանգավոր իրերի հայտնաբերման դեպքում` հայտնել Օպերատիվ կառավարման կենտրոն, շրջափակել տարածքը, կազմակերպել մարդկանց տարահանումը,
3) փլուզումների, սողանքների, քարաթափումների և այլ աղետների ու վթարների առաջացման դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել բնակչության տարահանման, գույքի պահպանման, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար, արգելել կողմնակի անձանց մուտքը պատահարի վայր` բացի վթարի հետևանքների վերացմանը մասնակցող անձանցից,
4) ջրհեղեղի դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և գույքի պահպանության համար, անհրաժեշտության դեպքում` կազմակերպել բնակչության տարահանում (առաջին հերթին` կանանց, երեխաներին, մեծահասակներին և հիվանդներին), օգնել տուժածներին,
5) համաճարակների նշանների հայտնաբերման դեպքում` զեկուցել ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն, պահպանելով անձնական անվտանգության կանոնները` սահմանափակել բնակչության, տրանսպորտի շարժը, կենդանիների տեղափոխումը վարակված գոտի, շրջափակել տարածքը՝ կանխելով հնարավոր վարակվածների շփումն այլ անձանց հետ,
6) երկրաշարժի դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, անհրաժեշտության դեպքում մասնակցել փրկարարական աշխատանքներին, օգնել տուժածներին,
7) փոթորիկների և մրրիկների դեպքում` զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, աջակցել բնակչության տարահանման ու փրկարարական աշխատանքներին, օգնություն ցույց տալ տուժածներին և անօգնական վիճակում գտնվողներին,
8) Ճառագայթային (ռադիացիոն) աղետի առաջացման դեպքում՝ զեկուցել Օպերատիվ կառավարման կենտրոն, միջոցներ ձեռնարկել բնակչության արագ տարահանման, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար, արգելել կողմնակի անձանց մուտքը ճառագայթված տարածք:
13. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
166. Պարեկային ծառայության կազմակերպման և իրականացման նկատմամբ հսկողությունը հասարակական կարգի պահպանման գործում անձնակազմի ակտիվ մասնակցության, վարչական իրավախախտումների, հանցագործությունների կանխման և խափանման կարևորագույն տարրերից մեկն է:
167. Հսկողությունն ու մշտադիտարկումն իրականացվում են վերադաս հրամանատարների և ղեկավարների կողմից պարբերական ստուգումների անցկացման միջոցով, որի ընթացքում պարզվում են`
1) երթուղիներում պարեկային կարգախմբերի առկայությունը,
2) հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման գործում պարեկային կարգախմբերի ակտիվությունը և կատարվող ծառայության որակը,
3) փոխհամագործակցությունն այլ պարեկային կարգախմբերի միջև, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ,
4) պարեկային կարգախմբերի կողմից կարգապահության և օրինականության, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի և բարեվարքության կանոնների պահպանումը,
5) երթուղու տարածքում վարչական իրավախախտումների, կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների դեպքերով ձեռնարկված միջոցները,
6) ծառայողական փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը:
168. Պարեկային կարգախմբերի ծառայության ստուգումը կարող է լինել պլանավորված և հանկարծակի:
169. Պլանավորված ստուգման ժամանակացույցը հաստատում է Պարեկային ծառայության պետը, իսկ հանկարծակի ստուգումներն իրականացվում են Պարեկային ծառայության պետի հանձնարարությամբ:
170. Պարեկային ծառայության կատարման և կազմակերպման գործում թերություններ (երթուղին փոխել կամ երթուղուց անհարկի բացակայել, քնել, ոչ սթափ վիճակում լինել, համազգեստը կրելու կանոնների խախտում և այլն) հայտնաբերելու դեպքում ստուգողը պարտավոր է միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար:
171. Ստուգողի կողմից ստուգման արդյունքների մասին զեկուցվում է Պարեկային ծառայության պետին՝ հետագա ընթացքը որոշելու համար:
172. Ուղղակի կամ անմիջական պետերը պարեկային ծառայության իրականացնելիս խախտումներ կամ թերացումներ թույլ տված պարեկային ծառայողի հետ բացատրական աշխատանքներ են տանում՝ դրանց կրկնությունը բացառելու նպատակով:
Հավելված Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագրքի |
Կ Ա Ր Գ
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ ՏԱԼՈՒ
1. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ
1. Հիմնական` շարային ուղեկեցվածք (այսուհետ` հիմնական ուղեկեցվածք)` կանգնել ուղիղ, կրունկները` միասին, ոտնաթաթերի ծայրերը` դեպի առաջ` բացված ոտնաթաթի լայնությամբ, ոտքերը` ծնկներում ուղիղ, բայց ոչ լարված, կրծքավանդակը` մի փոքր բարձրացված, ուսերը` բացված` առանց ավելորդ լարվածության, ձեռքերը` դեպի ներքև ազատ, աջը` ցուցաձողով, գլուխը պահել ուղիղ, նայում է իր դիմացը (NN 1, 2 և 3 նկարներ)։
2. Ազդանշան «Ուշադրություն»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ազատ բարձրացված է իր առջև, ցուցաձողը` դեպի վեր։ Այս դիրքում ձեռքն անհրաժեշտ է ծալել արմնկահոդում` այնպես, որպեսզի արմունկը լինի ճակատի մակարդակին, բռունցք արված, մատները շրջած դեպի դեմքը` բութ մատը և ցուցամատն ուղղված են ցուցաձողի երկայնքով, ցուցաձողը պահում է ուղղահայաց վիճակում (N 7 նկար)։
3. 3. Ազդանշան «Ձախ շրջադարձ»` ուղեկեցվածք` աջ ձեռքը ձգված է առաջ, ցուցաձողը` առաջ մեկնած` հանդիսանալով, կարծես, ձեռքի շարունակությունը (N 9 նկար)։
4. 4. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»`
1) հիմնական ուղեկեցվածք (N 11 նկար),
2) ուղեկեցվածք` աջ ձեռքը ծալված է կրծքավանդակի առջև, ցուցաձողը` դեպի ձախ։ Այս դիրքում ձեռքն արմնկահոդում ծալվում է այնպես, որպեսզի ցուցաձողը պահող դաստակը գտնվի իրանի միջին մասի մակարդակին, արմունկը բարձրացված է ուսին հավասար, դաստակը շրջված է դեպի ներս (N 12 նկար),
3) ուղեկեցվածք` ձեռքերը` կողմ, աջ ձեռքի բութ մատը և ցուցամատը ձգված են ցուցաձողի երկայնքով (N 13 նկար)։
2. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՆ ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՁՈՂԻ
5. Հիմնական ուղեկեցվածք` նույնն է, ինչ որ ցուցաձողով (NN 4, 5 և 6 նկարներ):
6. Ազդանշան «Ուշադրություն»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր, դաստակը շրջված է ափով դեպի առաջ, մատները սեղմված են իրար, մնացած ցուցումները նույնն են, ինչ որ ցուցաձողով նմանատիպ դիրքում (N 8 նկար)։
7. Ազդանշան «Ձախ շրջադարձ»` ուղեկեցվածք` աջ ձեռքն ուղղված է առաջ, ափը` դեպի ներս (N 10 նկար)։
8. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»`
1) հիմնական ուղեկեցվածք (N 14 նկար),
2) ուղեկեցվածք` աջ ձեռքը ծալված է կրծքավանդակի առջև, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին, ափը շրջված է դեպի դեմքը (N 15 նկար),
3) ուղեկեցվածք` ձեռքերը` կողմ, ափերը` շրջված դեպի առաջ (N 16 նկար)։
3. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ
9. Ազդանշան «Ուշադրություն»`
1) ելման դիրքը` հիմնական ուղեկեցվածք` ազդանշաններ «Ձախ շրջադարձ» կամ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ` դեպի ձախ շրջադարձով»,
2) ցուցաձողով աջ ձեռքը բարձրացնել առջևում դեպի վեր (N 17,19 և 21 նկարներ)։
10. Ազդանշան «Ձախ շրջադարձ»։ Կատարվում է երկու ելման դիրքից`
1) հիմնական ուղեկեցվածք` ելման դիրքից (N 23 նկար)` պարզելով աջ ձեռքն իր առջև, մատների շարժմամբ ցուցաձողն արագ ուղղել դեպի առաջ (NN 24 և 25 նկարներ),
2) ելման դիրքից` աջ ձեռքն առջևում վեր բարձրացված, ցուցաձողը վերևում` ազդանշան «Ուշադրություն» (N 28 նկար), իջեցնել ցուցաձողով ձեռքն առաջ` ուսի մակարդակին, ցուցաձողն առջևում` ինչպես ձեռքի շարունակությունը, ցուցամատը վերևում` ձգված է ցուցաձողի երկայնքով (N 30 նկար)։
11. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»։ Կատարվում է երկու ելման դիրքից`
1) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 32 նկար)` աջ ձեռքը բարձրացնել կողմ, ցուցաձողը` դեպի աջ, դաստակը` շրջված ներքև (N 33 նկար)։ Այնուհետև ծալել ձեռքը կրծքավանդակի առջևում, ցուցաձողը` դեպի ձախ, դաստակը` շրջված ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 34 նկար),
2) ելման դիրքից` աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր, ցուցաձողը վերևում` ազդանշան «Ուշադրություն» (N 38 նկար)։ Ձեռքը ցուցաձողի հետ իջեցնել կրծքավանդակի առջև, դաստակը` շրջված դեպի ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 40 նկար)։
12. «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով» ազդանշանի երկրորդ տարբերակը կատարվում է ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք կամ ազդանշան «Ուշադրություն»։
13. Ձեռքերը պարզել կողմ` ուսերի մակարդակին հավասար, աջ ձեռքը պահում է ցուցաձողը, դաստակը` ներքևում, ձախը` ափով դեպի առաջ (N 42 նկար), այնուհետև աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, դաստակը` դեպի ներքև` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 43 նկար), որից հետո աջ ձեռքը նորից ուղղել դեպի կողմ (N 44 նկար)։
14. Ազդանշանի կրկնություն` ցուցաձողով ձեռքը պարզել կողմ (N 33 նկար), այնուհետև ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, ցուցաձողը` դեպի ձախ (N 34 նկար)։
4. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ, ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՐԳՆ ԱՌԱՆՑ ՑՈՒՑԱՁՈՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
15. Ազդանշան «Ուշադրություն»` ազդանշաններ «Ձախ շրջադարձ» կամ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ` դեպի աջ շրջադարձով»։ Ելման դիրք` հիմնական ուղեկեցվածք` բարձրացնել աջ ձեռքն առաջ, դաստակը` ափով շրջված դեպի առաջ (NN 18, 20 և 22 նկարներ)։
16. Ազդանշան «Ձախ շրջադարձ»`
1) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 26 նկար), աջ ձեռքը բարձրացնել դեպի առաջ` ուսի մակարդակին հավասար, ափը` դեպի ներս (N 27 նկար),
2) ելման դիրքից` աջ ձեռքն առջևում վեր բարձրացված` ազդանշան «Ուշադրություն» (N 29 նկար)։ Ձեռքն իջեցնել դեպի առաջ` ուսի մակարդակին հավասար, դաստակը ափով շրջված դեպի ձախ (N 31 նկար)։
17. Ազդանշան «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով»։ Կատարվում է երկու ելման դիրքից`
1) ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք (N 35 նկար), աջ ձեռքը` դեպի կողմ` ուսի մակարդակին հավասար, ափը` դեպի առաջ (N 36 նկար)։ Այնուհետև ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, դաստակը շրջել ափով դեպի ներս` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան,
2) ելման դիրքից աջ ձեռքն ազատ բարձրացված է վեր` ազդանշան «Ուշադրություն» (N 39 նկար)։ Աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում, ափով` դեպի իրանը, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 41 նկար)։
18. «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ուղիղ և դեպի աջ շրջադարձով» ազդանշանի կատարման երկրորդ տարբերակը կատարվում է ելման դիրքից` հիմնական ուղեկեցվածք կամ աջ ձեռքը ծալած կրծքավանդակի առջևում` ազդանշան «Ուշադրություն»։ Ձեռքերը պարզել կողմ` ափերը` դեպի առաջ (N 45 նկար), այնուհետև աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում` ափով` դեպի իրանը, դաստակը` իրանի միջին մասի մակարդակին համապատասխան (N 46 նկար), որից հետո աջ ձեռքը պարզել դեպի կողմ (N 47 նկար)։
19. Ազդանշանի կրկնությունը`
1) աջ ձեռքը պարզել կողմ` ափը` դեպի առաջ (N 36 նկար),
2) աջ ձեռքը ծալել կրծքավանդակի առջևում` ափով` դեպի իրանը (N 37 նկար):
5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԵՍՏԵՐ ՁԱԽ ՁԵՌՔՈՎ` ՑՈՒՑԱՁՈՂՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ԴՐԱ
20. Ձախից մոտեցող տրանսպորտային միջոցները կանգնեցնելը. ելման դիրք` հիմնական ուղեկեցվածք (N 48 նկար)։ Ձախ ձեռքը ծալել դեպի ուսը, դաստակը բարձրացված է, ափը` դեպի արտաքին կողմը (N 49 նկար)։ Այնուհետև ձեռքն ուղղել դեպի կողմ, դաստակը բարձրացված է, ափը` դեպի արտաքին կողմը (N 50 նկար)։
21. Աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները կանգնեցնելը. ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի կողմ (N 51 նկար)`
1) ձախ ձեռքը ծալել դեպի ուսը, դաստակը բարձրացված է, ափը` դեպի առաջ (N 52 նկար),
2) ձեռքը պարզել առաջ, դաստակը բարձրացված է, ափը` դեպի առաջ (N 53 նկար)։
22. Ժեստ «Թույլատրվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը` ձախ կողմից կարգավորողի թիկունքի կողմով».
ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի առաջ (N 54 նկար)։ Ձախ ձեռքը` կողմ` ափով դեպի վերև (N 55 նկար), այնուհետև ձեռքն արագորեն ծալել դեպի ուսը (N 56 նկար)։
23. Ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունն արագացնող ազդանշան.
ելման դիրք` ուղեկեցվածք` աջ ձեռքը` դեպի առաջ (N 57 նկար)`
1) ձախ ձեռքը բարձրացնել դեպի կողմ` ուսի մակարդակին համապատասխան, ափը շրջված է դեպի առաջ (N 58 նկար),
2) ձախ ձեռքն արագորեն իջեցնել և պարզել առաջ` դեպի աջ ձեռքը, և հակառակը (NN 59 և 60 նկարներ)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2021 թվական: