ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թ. |
N 304-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 106-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) 8-րդ կետում «արժեքը» բառից հետո լրացնել «, սույն հավելվածի 13.1-րդ կետով նախատեսված պայմաններին համապատասխան վճարում կատարելու կարգը» բառերը, իսկ «ծրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ այն դեպքերում, երբ կայացվել է դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին որոշում՝ նշում դասընթացները հեռավար ուսուցման ձևով անցկացնելու մասին» բառերը.
2) 13-րդ կետից հանել «դասընթացի արժեքի չափով» բառերը, իսկ «վճարում» բառից հետո լրացնել «սույն հավելվածի 13.1-րդ կետով սահմանված չափով և կարգին համապատասխան» բառերով.
3) լրացնել նոր՝ 13.1-րդ կետով.
«13.1. Պայմանագրի կնքման փուլում հավակնորդը պարտավոր է սույն հավելվածի 13-րդ կետին համապատասխան վճարում կատարել դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով: Սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպությունը կատարում է վերահաշվարկ յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելու համար՝ հաշվի առնելով պայմանագիր կնքած բոլոր հավակնորդների ընդհանուր թիվը: Վերահաշվարկի արդյունքում յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելուց հետո հավակնորդները տեղեկացվում են դասընթացի վերջնական արժեքի, արդեն իսկ վճարված գումարի տարբերության չափով հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտության և վճարման չափի մասին: Կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը պարտավոր է կազմակերպության կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի վրա կատարել սույն կետով հաշվարկված հավելյալ վճարումը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով կազմակերպություն: Սույն կետով նշված դրույթները ամրագրվում են նաև հավակնորդի հետ կնքվող պայմանագրում:».
4) 17-րդ կետում «ձևով» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հավելվածի 19.1-րդ կետով նախատեսված դեպքի)» բառերով.
5) լրացնել նոր` 19.1-19.9-րդ կետերով.
«19.1. Ռազմական կամ արտակարգ դրության, արտակարգ իրավիճակների, բնակչության առողջության պահպանման, անվտանգության ապահովման անհրաժեշտության դեպքերում ուսուցումը կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով՝ կազմակերպության որոշմամբ՝ համաձայնեցնելով նախարարության հետ:
19.2. Սույն կարգի իմաստով հեռավար ուսուցմամբ հավակնորդների ուսուցման դասընթացն անցկացվում է հավակնորդների և դասընթացավարի միջև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցմամբ:
19.3. Այն դեպքում, երբ կազմակերպության կողմից արդեն իսկ որոշվել է դասընթացների ժամանակացույցը, հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու մասին որոշումը, որպես կանոն, կայացվում է ուսուցման դասընթացները սկսելուց առնվազն յոթ օր առաջ, որի մասին հավակնորդները և դասընթացավարները ծանուցվում են որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
19.4. Դասընթացները հեռավար ուսուցմամբ կարող են անցկացվել նաև այն դեպքում, երբ հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու անհրաժեշտությունը ծագել է դասընթացների անցկացման ընթացքում:
19.5. Հեռավար ուսուցմամբ դասընթացները անցկացվում են նախապես սահմանված ուսուցման ծրագրին համապատասխան։
19.6. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու համար տեսաձայնային հեռահաղորդակցության հասանելի միջոցների կիրառմամբ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որին միանալու համար գեներացված էլեկտրոնային հղումը, որպես կանոն, հավակնորդներին ու դասընթացավարներին է ուղարկվում դասընթացի անցկացումից առնվազն երեք օր առաջ: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր առանձին դասընթացի համար կարող են գեներացվել առանձին էլեկտրոնային հղումներ: Դասընթացի անցկացման նախորդ օրը կազմակերպության ներկայացուցիչը ստուգում է հավակնորդների և դասընթացավարների՝ էլեկտրոնային հղումը ստացած լինելու հանգամանքը:
19.7. Էլեկտրոնային հղումը ուղարկվում է նաև նախարարություն՝ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում հեռավար դասընթացներին նախարարության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար:
19.8. Հեռավար ուսուցմամբ դասընթացներն անցկացնելու դեպքում կազմակերպության աշխատակիցը դասընթացի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար իրականացնում է հավակնորդների ներկայության ստուգում ինչպես դասընթացի սկզբում, այնպես էլ դասընթացի ավարտին: Դասընթացների ընթացքում հավակնորդները պարտավոր են դասընթացի ողջ ընթացքում միացրած թողնել սարքի տեսախցիկը, որի միջոցով միացել են հեռավար դասընթացին, և կարող են այն անջատել միայն դասընթացավարի թույլտվությամբ կամ պահանջով:
19.9. Հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման նկատմամբ կիրառվում են սույն հավելվածով նախատեսված և առկա ուսուցման ձևով անցկացվող դասընթացների նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնները, այնքանով, որքանով չեն հակասում սույն հավելվածի 19.1-19.8-րդ կետերով նախատեսված դրույթներին:».
6) 24-րդ կետում «ներկայացուցիչը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ հեռավար ուսուցմամբ դասընթացների անցկացման դեպքերի, երբ մատյանում սույն հավելվածի 19.8-րդ կետին համապատասխան ստորագրում է միայն կազմակերպության ներկայացուցիչը»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական: