ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հուլիսի 2020 թ. ք. Երևան |
N 04-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 656-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 26-ի «Լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 656-Ն հրամանը:
Նախարար |
Հ. Արշակյան |
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 3 հուլիսի 2020 թվականի թիվ 04-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է նպաստել նախարարության ոլորտում գործունեության լիցենզավորման գործընթացի իրականացմանը:
4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան ուսումնասիրում և լիցենզավորող մարմնի ղեկավարին է ներկայացնում Նախարարության ոլորտում լիցենզիաների տրամադրման, լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ եզրակացություններ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը հարցերը քննարկելու նպատակով նիստերը անցկացնում է ըստ անհրաժեշտության:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ՝ Հրավիրված անձ):
8. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան երկու օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի և ժամի մասին:
9. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստի ժամանակ հրապարակում է քննարկվող հարցերը, ներկայացնում է հրավիրված անձանց, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց տեղեկացնում է իրենց իրավունքների և պարտականությունների մասին, հրապարակում է հայտերի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:
10. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի ներկայացրել իր հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու գրավոր դիմում: Հրավիրված անձի հարցի քննարկումը այլ ժամկետներում անցկացնելու դիմումը կարող է բավարարվել, եթե քննարկումը հետաձգելիս չի խախտվում օրենքով հայտի քննարկման համար նախատեսված ժամկետները:
11. Հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Հրավիրված անձի կամ հանձնաժողովի անդամի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցի քննարկման ժամանակ բացահայտվելու են գաղտնիք պարունակող տեղեկություններ:
12. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ տվյալ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
13. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝
1) Հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և վայրը
2) Հանձնաժողովի կազմը
3) Քննարկվող հարցի բովանդակությունը
4) Տեղեկություններ քննարկմանը մասնակից անձանց մասին
5) Հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները
6) Հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները
7) Հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը
14. Հանձնաժողովի եզրակացությունը այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
15. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները և քարտուղարը:
16. Հանձնաժողովի նախագահը՝
1) Հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք
2) Կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները
3) Ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները
4) Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններ
17. Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:
18. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) Նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը
2) Տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին՝ նիստի օրվանից առնվազն երկու օր առաջ
3) Ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները
4) Առաջարկություններ է նախապատրաստում հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ
5) Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ
6) Կազմում է հանձնաժողովի եզրակացությունները
19. Հանձնաժողովի նիստից հետո քննարկման ներկայացված նյութերը պահվում են հանձնաժողովի քարտուղարի աշխատասենյակում, դրա համար առանձնացված պահարաններում, բացառությամբ գաղտնիք պարունակող փաստաթղթերի փաթեթի, որոնք պահվում են Ռազմարդյունաբերության կոմիտեում:
20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ստանձնում է հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները:
21. Հանձնաժողովի անդամները՝
1) Մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին
2) Հանձնաժողովի նիստերին չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
22. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2020 թվական: