ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-6-Ո-05
2010 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ս. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,
|
մասնակցությամբ դատավոր` |
Ս. Ղազարյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2010 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 26.03.2010 թվականի թիվ N-Կ-2-06/2010 որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Սիրան Շամամյանի դիմումը` հասցեագրված ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին: 2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը. Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է (այսուհետ` Խորհուրդ) ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում: Ըստ եզրակացության` Թիվ ԵԱՔԴ/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Սիրան Շամամյանի, Մկրտիչ և Դավիթ Ավդալյանների հայցն ընդդեմ Մնացական և Զինաիդա Շամամյանների, Գեղեցիկ, Միքայել, Արման և Աննա Տոնոյանների, և դատարանը վճռել է Երևանի Լեփսիուսի փողոցի 13 շենքի թիվ 15 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով` ստացված գումարը հետագայում բաշխելով համասեփականատերերի միջև` նրանց բաժիններին համաչափ, այն է` յուրաքանչյուրին 1/9 չափերով: Մկրտիչ Ավդալյանը, Գեղեցիկ Տոնոյանը, Մնացական, Զինաիդա Շամամյանները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի հարկադիր կատարող Է. Ղմբոյանի, երրորդ անձ Սիրան Շամամյանի, Դավիթ Ավդալյանի` հարկադիր էլեկտրոնային աճուրդը, առուվաճառքի պայմանագիրը և պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 01.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը մերժվել է: Քաղաքացի Սիրան Շամամյանը 26.10.2009 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեղեցիկ, Միքայել, Արման, Աննա Տոնոյանների, Մնացական և Զինաիդա Շամամյանների` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու` բնակարանից վտարելու պահանջի մասին: Պատասխանողի ներկայացուցիչ Ժ. Օհանյանը դատարանին ներկայացրել է միջնորդություն` հայցվորի հոգեկան վիճակը պարզելու համար դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Դատարանը, քննելով պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը, գտել է, որ անհրաժեշտ է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն թե՛ հայցվորի, թե՛ պատասխանողների նկատմամբ` պարզելու համար` կողմերից որևէ մեկը տառապում է արդյոք որևէ հոգեկան հիվանդությամբ կամ կարող է արդյոք հաշիվ տալ իր գործողությունների համար և կառավարել դրանք: Դատարանի 25.02.2010 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն Սիրան, Մնացական և Զինաիդա Շամամյանների նկատմամբ: Գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը: Դատարանը 25.02.2010 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողի ներկայացուցիչ Ժ. Օհանյանը հայտնել է, որ հայցվորն ունի տարօրինակ վարքագիծ, ագրեսիվ է, ինչի մասին վկայում է նաև հարևանների կողմից 12.02.2010 թվականին տրված գրավոր հայտարարությունը: Նշված հայտարարությունը ստորագրվել է Արևհատ Մուրադյանի, Ժ. Բալայանի, Ջ. Աղախանյանի, Ա. Ներսեսյանի կողմից, իսկ ստորագրությունների իսկությունը հաստատել է «Ղարս» համատիրության նախագահը: Սակայն գործում առկա է նաև Արևհատ Մուրադյանի դստեր` Անահիտ Մուրադյանի 25.02.2010 թվականի հայտարարությունն այն մասին, որ իր մորը խաբել են, 12.02.2010 թվականի հայտարարությունն իր մայրը չի գրել և չի կարող հաստատել, որ Սիլվա Շամամյանը նման վարքագիծ է դրսևորել: Նման հայտարարություն 25.02.2010 թվականին ներկայացվել է նաև Ժասմեն Բալայանի կողմից: Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացի Ս. Շամամյանի դիմումը, դիմումին կից փաստաթղթերը, գտել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ գլուխը սահմանում է ապացույցները, դրանց հասկացությունը և տեսակները: Փորձաքննություն նշանակելը գործի քննության ժամանակ ուղղված է վեճի լուծմանը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների համաձայն` նպատակ ունի կիրառել հատուկ գիտելիքներ` գործի ըստ էության լուծման համար դատարանին օժանդակելու նպատակով: Մինչդեռ` սույն գործով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելը որևէ կապ չունի տվյալ գործով վեճի լուծման հետ և արհեստական արգելքներ է ստեղծում գործը ողջամիտ ժամկետներում լուծելու հարցում: Տվյալ դեպքում ներկայացված հայցի շրջանակներում կողմերի իրավունքները և պարտականությունները պարզելու համար փորձաքննությունը որևէ ապացույց չի ստեղծում: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունք չի նախատեսում: Տվյալ դեպքում դատարանը անհիմն որոշում է կայացրել դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որը բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում հանգեցրել է կոնվենցիայով երաշխավորված` անձի` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացվող որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Վերոգրյալը նշանակում է, որ նախ` դատարանը պետք է նշի իր բոլոր եզրահանգումների իրավական հիմքը, երկրորդ` այդ հիմքը պետք է նշի հստակ և ճիշտ: Մինչդեռ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2010 թվականի որոշումը փաստացի գրված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-61, 144, 1441, 106-րդ հոդվածների հիման վրա, սակայն որոշման եզրափակիչ մասում նշված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-61, 144, 1441, 106-րդ հոդվածները: Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում: 3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է. «Կողմի միջնորդությամբ դատարանը վերանայել է խնդրահարույց որոշումը և 30.03.2010 թվականի որոշմամբ վերացրել է: Փորձաքննություն նշանակելու որոշումը որևէ հետևանք առաջ չի բերել: Գուցե իմ որոշման վրա ազդել է այն հանգամանքը, որ սույն գործով պատասխանողներ, ծերունիներ Մնացական և Զինաիդա Շամամյանների միակ կացարանը վիճահարույց տարածքն է, և համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 75-րդ հոդվածի` չափահաս զավակը պարտավոր է հոգալ անաշխատունակ ծնողի ապրուստը: Սույն գործով Սիրան Շամամյանը պատասխանողների զավակն է, պատասխանողները ծեր, անաշխատունակ թոշակառուներ են»: Դատավոր Ս. Ղազարյանը հայցել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի ներողամտությունը: 4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը. 1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով բավարարվել է Սիրան Շամամյանի, Մկրտիչ և Դավիթ Ավդալյանների հայցն ընդդեմ Մնացական և Զինաիդա Շամամյանների, Գեղեցիկ, Միքայել, Արման և Աննա Տոնոյանների, և դատարանը վճռել է Երևանի Լեփսիուսի փողոցի 13 շենքի թիվ 15 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով ստացված գումարը` հետագայում բաշխելով համասեփականատերերի միջև` նրանց բաժիններին համաչափ, այն է` յուրաքանչյուրին 1/9 չափերով: 2. Սիրան Շամամյանը 26.10.2009 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեղեցիկ, Միքայել, Արման, Աննա Տոնոյանների, Մնացական և Զինաիդա Շամամյանների` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու` բնակարանից վտարելու պահանջի մասին: 3. Դատարանի 25.02.2010 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն հայցվոր Սիրան Շամամյանի, պատասխանողներ Մնացական և Զինաիդա Շամամյանների նկատմամբ: 5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ գլուխը սահմանում է ապացույցների հասկացությունը, տեսակները: Փորձաքննություն նշանակելը ապացույցի ձեռքբերման աղբյուրներից մեկն է: Փորձաքննություն նշանակելը գործի քննության ժամանակ ուղղված է վեճի լուծմանը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների համաձայն` նպատակ ունի կիրառել հատուկ գիտելիքներ` պարզելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, ինչպես նաև օժանդակելու դատարանին` գործի ըստ էության լուծման համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն` որպեսզի տեղեկությունն ապացույց համարվի, այն պետք է օժտված լինի վերաբերելիության հատկանիշով, որը բնութագրում է ապացույցի բովանդակային կողմը. տեղեկության միջոցով պետք է հիմնավորվեն գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, ինչպես նաև` գործի ճիշտ քննության և լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքները: Խորհուրդը արձանագրում է, որ գործին ոչ վերաբերելի տեղեկությունները դատարանում չպետք է քննվեն, և անթույլատրելի է դրանց հիման վրա որոշում կայացնելը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից: Մինչդեռ սույն գործով դատարանը նշանակել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որը վերը նշված հոդվածներով նախատեսված որևէ հանգամանք չի հիմնավորում և գործի լուծման համար նշանակություն չունի, ավելին` արհեստական արգելքներ է ստեղծում գործը ողջամիտ ժամկետում լուծելու համար: Խորհուրդը հարկ է համարում հավելել նաև հետևյալը. դատահոգեբուժական փորձաքննությունը դատական փորձաքննությունների առանձին տեսակ է, որը կիրառվում է անձի հոգեկան վիճակը պարզելու համար, այսինքն` որոշելու, թե արդյոք քաղաքացին տառապում է հոգեկան խանգարմամբ կամ հիվանդությամբ, որը կարող է ազդել քաղաքացու` իրավաբանական նշանակություն ունեցող վարքագծի վրա, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունենալ գործի ճիշտ քննության և լուծման համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարանի կողմից դատահոգեբուժական փորձաքննության նշանակման հնարավորություն նախատեսում է քաղաքացուն անգործունակ ճանաչելու գործերով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մաս), որպիսիք քննվում են հատուկ վարույթի կարգով: Հատուկ վարույթը քաղաքացիական դատավարության ձև է, որով, ի թիվս այլ գործերի, քննվում են այն քաղաքացիական գործերը, որոնցով որոշվում է քաղաքացու իրավական կարգավիճակը. մի դեպքում քաղաքացին ճանաչվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, այլ դեպքում` անհայտ բացակայող կամ մահացած: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն սուբյեկտների շրջանակը, որոնց դիմումի հիման վրա կարող է հարուցվել քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ: Այդ սուբյեկտներն են` քաղաքացու ընտանիքի անդամները, խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ հոգեբուժական հաստատության տնօրինությունը: Սույն գործով Դատարանի 25.02.2010 թվականի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն թե՛ հայցվորի, թե՛ պատասխանողների նկատմամբ, այն պարագայում, երբ ի սկզբանե նշված քաղաքացիներից և ոչ մեկի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դիմում Դատարանին չի ներկայացվել: Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը եզրահանգում է, որ տվյալ դեպքում դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները բովանդակող փորձագիտական եզրակացությունը ներկայացված հայցի շրջանակներում չէր կարող դիտվել որպես կողմերի իրավունքներն ու պարտականությունները պարզող ապացույց: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Գործով փորձաքննություն նշանակելու մասին որոշման կայացումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դիտվում է որպես գործի վարույթը կասեցնելու ֆակուլտատիվ հիմք, ընդ որում, Օրենսգիրքը փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման բողոքարկման իրավունք չի նախատեսում: Սույն գործով դատարանն անհիմն որոշում է կայացրել դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին, որը, բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում, հանգեցրել է Կոնվենցիայով երաշխավորված` անձի` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման: Դրա հետ մեկտեղ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացվող որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ: Վերոգրյալից հետևում է, որ նախ` դատարանը պետք է նշի իր բոլոր եզրահանգումների իրավական հիմքը, երկրորդ` այդ հիմքը պետք է նշի հստակ և ճիշտ: Մինչդեռ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2010 թվականի որոշումը փաստացի գրված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-61-րդ, 144-րդ, 1441-րդ, 106-րդ հոդվածների հիման վրա, սակայն որոշման եզրափակիչ մասում նշված է` «...ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-61-րդ, 144-րդ, 1441-րդ, 106-րդ հոդվածներով...»: Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը հանգեցրել է քաղաքացու` ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի խախտման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ղազարյանին հայտարարել նախազգուշացում: 2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` Գ. Բադիրյան Ա. Թումանյան Գ. Խանդանյան
Կ. Բաղդասարյան
Տ. Բարսեղյան
Ա. Խաչատրյան
Մ. Մակյան
Մ. Մարտիրոսյան
Ս. Օհանյան