Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2020-12.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.30/28(1583) Հոդ.67
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մարտի 2020 թ.
քաղ. Երևան

N 104-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 26.1-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել սնանկության գործով կառավարիչների ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:

3. Սնանկության գործով այն կառավարիչները (այսուհետ՝ կառավարիչ), որոնք սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահի դրությամբ արդեն իսկ անցել են ամենամյա պարտադիր վերապատրաստումներ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ տևողությամբ, համարվում են 2020 թվականի համար կազմակերպվող վերապատրաստումներն անցած:

4. Այն կառավարիչները, որոնք 2020 թվականի ընթացքում չեն մասնակցել վերապատրաստումների որևէ դասընթացի, կամ սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին դեռևս չեն անցել նվազագույնը 24 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստումներ (չեն լրացրել նվազագույն ակադեմիական ժամերը), ամբողջությամբ կամ համապատասխան ժամերի մասով մասնակցում են 2020 թվականի ընթացքում կազմակերպվող վերապատրաստումներին:

5. 2020 թվականի ընթացքում վերապատրաստումները կազմակերպվում և իրականացվում են հետևյալ ժամկետներում և կարգով.

1) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) մինչև 2020 թվականի մայիսի 10-ը կազմում է այն կառավարիչների ցուցակը, որոնք սույն հրամանի 4-րդ կետի ուժով պետք է անցնեն ամենամյա պարտադիր վերապատրաստումներ, ինչպես նաև մինչև 2020 թվականի մայիսի 31-ը սույն հրամանի հավելվածով նախատեսված ընթացակարգերի կիրառմամբ կազմում է հնարավոր դասընթացների ընդհանուր ցանկը՝ նշելով յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի տևողությունը, և ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի հունիսի 10-ը այն ներկայացնում է կառավարիչներին.

2) կառավարիչները երեք աշխատանքային օրվա ընթացքում դասընթացի ծրագրից ընտրում են ընդհանուր առմամբ այնքան դասընթացներ, որքան անհրաժեշտ է նվազագույն 24 ակադեմիական ժամերը լրացնելու համար.

3) կազմակերպությունը մինչև 2020 թվականի հուլիսի 5-ը կազմում է նախատեսվող դասընթացների ծրագիրը, ժամանակացույցը և կառավարիչների ցանկը՝ ըստ վերապատրաստման ենթակա կառավարիչների խմբերի և ըստ ընտրված դասընթացների և ներկայացնում նախարարություն՝ դասընթացավարների թեկնածուներ առաջարկելու համար: Թեկնածուներն առաջարկվում են մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը.

4) 2020 թվականի համար վերապատրաստման դասընթացները սկսվում են 2020 թ. սեպտեմբեր ամսից.

5) 2020 թվականի վերապատրաստման դասընթացների ավարտից հետո ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը կազմակերպությունը նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն 2020 թվականի ընթացքում վերապատրաստված կառավարիչների մասին` նշելով կառավարչի տվյալները, վերապատրաստված ժամերի քանակը, վերապատրաստման դասընթացները և դասընթացավարների տվյալները:

 

Ռ. Բադասյան

 

Հավելված

արդարադատության նախարարի

2020 թվականի մարտի 12-ի

N 104-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սնանկության գործով կառավարիչների (այսուհետ՝ կառավարիչ) վերապատրաստում անցկացնելու, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացների անցկացման պարբերականության և ընթացակարգի, ժամկետների, ինչպես նաև կառավարիչների վերապատրաստման գործընթացին վերաբերող այլ հարաբերություններ:

2. Վերապատրաստման նպատակը կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելն է՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների, գործնական հմտությունների և պատրաստվածության կատարելագործման և բարձրացման միջոցով:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) կազմակերպում և իրականացնում է իր անդամ հանդիսացող կառավարիչների վերապատրաստումը:

4. Սույն կարգով սահմանված պահանջները պարտադիր են կազմակերպության համար միայն իր անդամ հանդիսացող կառավարիչների հետ հարաբերություններում:

 

II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

5. Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմելու և հաստատելու նպատակով կազմակերպությունը հարցումներ է ուղարկում իր անդամ կառավարիչներին՝ նրանց կողմից դասընթացների մասին առաջարկներ ստանալու համար: Կազմակերպությունը կարող է հարցումներ ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն), ինչպես նաև սնանկության ոլորտին առնչվող այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին:

6. Ներկայացված առաջարկների ամփոփման արդյունքում կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը կազմում է հնարավոր դասընթացների ընդհանուր ցանկ: Դասընթացների ընդհանուր ցանկը կազմելիս կազմակերպությունը հաշվի է առնում նաև սնանկության կամ հարակից ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող՝ կառավարիչների կողմից թույլ տրված պարբերական խախտումների վերաբերյալ տեղեկությունները:

7. Կազմակերպությունը դասընթացների ընդհանուր ցանկի հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա դասընթացների ծրագիրը և խմբավորում առանձին փաթեթներում (դասընթացների յուրաքանչյուր փաթեթը՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ տևողությամբ, որում առնվազն 4 ակադեմիական ժամ տևողությամբ պարտադիր ներառվում է կառավարչի վարքագծի կանոնների վերաբերյալ դասընթաց), որոնք կազմակերպության միջոցով մեկ շաբաթվա ընթացքում ներկայացվում են կազմակերպության անդամ հանդիսացող կառավարիչներին՝ փաթեթներից որևէ մեկը ընտրելու համար:

8. Կառավարիչը պարտավոր է տասն օրվա ընթացքում գրավոր հայտնել կազմակերպությանը դասընթացների կազմակերպման համար ներկայացված փաթեթներից որևէ մեկն ընտրելու մասին: Կառավարիչն ընտրում է փաթեթը այն ներառող բոլոր դասընթացներով: Կառավարչի կողմից համապատասխան փաթեթը չընտրելու դեպքում այն ընտրվում է կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով նաև կառավարչի կողմից նախկինում անցած վերապատրաստումները:

9. Կառավարիչների կողմից փաթեթների ընտրությունը կատարվելուց հետո կազմակերպությունը մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը կազմում է հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող դասընթացների ծրագիրը, ժամանակացույցը և կառավարիչների ցանկը՝ ըստ վերապատրաստման ենթակա կառավարիչների խմբերի և ըստ դասընթացի ընտրված փաթեթների: Կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա համար վերապատրաստման դասընթացների ծրագիրը և ժամանակացույցը հրապարակում է իր պաշտոնական կայքում։

10. Կազմակերպությունը դասընթացների ծրագիրը, ժամանակացույցը և վերապատրաստման ենթակա կառավարիչների ցանկը դրանք կազմելուց և ամփոփելուց հետո մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը ներկայացնում է նախարարություն՝ միաժամանակ առաջարկելով ներկայացնել դասընթացավարների թեկնածուներ:

11. Նախարարությունը դասընթացավարների թեկնածուների առաջարկները ներկայացնում է մինչև դեկտեմբերի 25-ը: Այն դեպքում, երբ որևէ դասընթացի համար առաջարկվում է երկու կամ ավելի դասընթացավարների թեկնածություն, կազմակերպությունը ընտրում է նրանցից ցանկացածին: Դասընթացավարների փոփոխությունը տվյալ տարվա ընթացքում կատարվում է նախարարության հետ համաձայնեցմամբ՝ սույն կետով սահմանված կարգով:

12. Դասընթացավարները կազմակերպության հետ կնքում են պայմանագիր՝ աշխատանքային պարտականությունների կատարման մասին, որի ձևը սահմանում է կազմակերպությունը:

13. Դասընթացավարների վարձատրությունը կատարվում է ժամավճարով՝ յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար, որի արժեքը կազմակերպությունը հաստատում է նախարարության հետ համաձայնեցմամբ:

 

III. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

14. Կառավարիչների վերապատրաստումն իրականացվում է տարեկան առնվազն մեկ անգամ՝ նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, մեկ ակադեմիական ժամը՝ 45 րոպե:

15. Վերապատրաստման դասընթացներին մասնակցող կառավարիչների խմբերում անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը նախարարության հետ համաձայնեցմամբ կարող է կատարել փոփոխություններ, եթե կառավարչի կողմից ներկայացվել է գրավոր պատճառաբանված միջնորդություն՝ նախապես սահմանված խմբում վերջինիս կողմից վերապատրաստումն անցնելը բացառող հարգելի հանգամանքների մատնանշմամբ:

16. Կազմակերպությունը պատասխանատու է վերապատրաստման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ կառավարիչների ծանուցումն ապահովելու համար:

17. Վերապատրաստումը իրականացվում է առկա ուսուցմամբ դասընթացի անցկացման ձևով: Վերապատրաստումները կարող են անցկացվել նաև ոչ աշխատանքային օրերին:

18. Սույն կարգի իմաստով առկա ձևով կառավարիչների վերապատրաստման դասընթացն անցկացվում է որոշակի տարածքում (լսարանում, դահլիճում, սենյակում) կառավարիչների խմբով՝ կառավարիչների և դասընթացավարի անմիջական մասնակցությամբ:

19. Կազմակերպությունը վարում է վերապատրաստում անցնող կառավարիչների հաճախելիության մատյաններ, որոնցում յուրաքանչյուր օրվա վերապատրաստման յուրաքանչյուր դասընթացի ակադեմիական ժամի համար նշում է կատարվում կառավարիչների ներկայության կամ բացակայության մասին: Հաճախելիության մատյանները (պատճենները) կամ դրանց քաղվածքները կազմակերպությունը նախարարության պահանջով տրամադրում է նաև վերջինիս:

20. Վերապատրաստման յուրաքանչյուր օրվա դասընթացներին կարող է ներկա գտնվել նաև նախարարության կամ կազմակերպության ներկայացուցիչը:

21. Կառավարիչը յուրաքանչյուր ակադեմիական ժամի իր ներկայության համար ստորագրում է մատյանում՝ նշելով դասընթացին հաճախելու ամսաթիվը: Մատյանի յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար մատյանում ստորագրում է նաև դասընթացավարը, իսկ ներկա գտնվելու դեպքում՝ նաև կազմակերպության կամ նախարարության ներկայացուցիչը:

 

 IV. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

 

22. Կառավարիչը կարող է համապատասխան ակադեմիական ժամերի մասով համարվել պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների: Սույն կարգի իմաստով դասընթացը, կուրսը կամ վերապատրաստումը համարժեք է համարվում, եթե այն անցկացվել է տեղական կամ միջազգային կազմակերպության կողմից, և դասընթացի, կուրսի կամ վերապատրաստման ծրագիրը վերաբերում է կառավարչի գործունեությանը վերաբերելի և իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեսական և (կամ) գործնական գիտելիքների ձեռքբերմանը:

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հնարավորության կիրառման նպատակով կառավարիչը դիմում է ներկայացնում կազմակերպություն՝ նշելով այն կազմակերպությունը կամ ընկերությունը, որտեղ անցկացվելու են դասընթացները, ինչպես նաև դասընթացների ծրագիրը: Համարժեքության և ակադեմիական ժամի տևողության հարցը որոշելիս կազմակերպությունը հիմք է ընդունում նաև այլ կազմակերպությունում դասընթացի, կուրսի կամ վերապատրաստման ընդհանուր տևողությունը:

24. Կազմակերպության կողմից սույն կարգի 23-րդ կետով ներկայացված դիմումը մերժելու դեպքում կառավարիչը պարտավորվում է սահմանված կարգով համապատասխան ակադեմիական ժամերը լրացնելու համար մասնակցել վերապատրաստման դասընթացներին:

25. Պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում, Արդարադատության ակադեմիայում, Փաստաբանական դպրոցում, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց ուսուցման դասընթացների ընթացքում դասավանդող անձանց (դասախոսների)՝ սնանկության ոլորտին առնչվող իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական բնագավառում կարդացվող դասընթացները (դասախոսությունները) կարող են հավասարեցվել նվազագույն ժամաքանակով վերապատրաստման դասընթացների մասնակցությանը: Տվյալ դեպքում դասավանդած յուրաքանչյուր ակադեմիական ժամը հավասարեցվում է վերապատրաստման նվազագույն ժամաքանակի մեջ հաշվարկվող մեկ ակադեմիական ժամին:

 

V. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

26. Կազմակերպությունը վերապատրաստման դասընթացների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ամփոփում և նախարարություն է ներկայացնում տեղեկանք վերապատրաստված կառավարիչների մասին` նշելով կառավարչի տվյալները, վերապատրաստված ժամերի քանակը, վերապատրաստման փաթեթը և դասընթացավարների տվյալները:

 

VI. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԱՆՑՆԵԼԸ

 

27. Եթե կառավարիչը հաշվետու տարվա ընթացքում չի անցնում (այդ թվում՝ սույն կարգի 4-րդ գլխով սահմանված համարժեք դասընթացները հաշվի առնելով) 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ վերապատրաստումներ, ապա վերջինս համարվում է ամենամյա պարտադիր վերապատրաստումները չանցած: Ամենամյա պարտադիր վերապատրաստումներ չանցնելը հիմք է կառավարչին օրենքով սահմանված կարգով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար:

28. Կառավարիչը կարող է դիմել կազմակերպությանը՝ տարվա ընթացքում չլրացրած (չհաճախած) դասընթացների ժամաքանակը լրացնելու և լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար՝ կազմակերպության կողմից սահմանված լրացուցիչ վճարում կատարելու պայմանով:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան