«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 32211483
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
20 հոկտեմբերի 2011 թ. ք. Երևան
N 283-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 307-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի ա) ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ բաժնի 12-րդ կետի ա) ենթակետի պահանջներով`
Հրամայում եմ՝
1. Հաստատել`
1) Անշարժ գույքի չափագրման (հաշվառման) հրահանգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի սեպտեմբերի 30-ի «Անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման» հրահանգը, «Բնակելի, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների և դրանցով զբաղեցված հողամասերի բնութագիրը», «Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված ոչ բնակելի տարածքի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտի բնութագիրը», «Հողամասի, շենք, շինության հարկերի մակերեսների հաշվարկի» ձևաթղթերը, «Ուրվագծերի (ձևաթղթերի) և հողամասի, շենք, շինությունների հարկերի մակերեսների հաշվարկի ձևաթղթի լրացման մեթոդական ցուցումները» հաստատելու մասին» N 307-Ն հրամանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Հավելված N 1 ՀՀ կառավարությանն առընթեր 2011թ. հոկտեմբերի 20-ի N 283-Ն հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՉԱՓԱԳՐՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անշարժ գույքի չափագրումը (հաշվառումը)` անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա ամրակայված շենքերի, շինությունների (այսուհետ` շինություններ) առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրա որակի ու քանակի, տեսքերի ու տեսակների վերաբերյալ հավաք տվյալների ստանալն է: Չափագրման (հաշվառման) ենթակա են հողամասերը և դրանց վրա ամրակայված շինությունները: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների չափագրումն (հաշվառումն) իրականացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և կադաստրային գնահատման նպատակով: Հողամասերը և դրանց վրա ամրակայված շինությունները ենթակա են քանակական և որակական հաշվառման: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների քանակական հաշվառումն անշարժ գույքի առկա վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն է` արտահայտված գծային չափերով (երկարություն, լայնություն, բարձրություն), մակերեսներով և ծավալներով: Անշարժ գույքի քանակական հաշվառումը կատարվում է կադաստրային քարտեզագրման և չափագրումների միջոցով: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների որակական հաշվառումն իրականացվում է հողամասի նպատակային և գործառնական նշանակության (հողատեսքերի), շինությունների նպատակային, գործառնական նշանակության, կառուցման տարեթվի, արտաքին հարդարման, ավարտվածության աստիճանի, շինանյութի տեսակի (պատերի, միջհարկային ծածկի, տանիքի) և այլ բնույթի որակական տվյալների հավաքագրման միջոցով:
2. Անշարժ գույքի վերաբերյալ տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման նպատակով անշարժ գույքի հաշվառումը նախատեսում է`
1) սկզբնական հաշվառում.
2) ընթացիկ հաշվառում:
3. Անշարժ գույքի սկզբնական հաշվառումն ընդգրկում է`
1) անշարժ գույքի վերաբերյալ հավաք տվյալների ստացումը, դասակարգումը, առկա նյութերի ուսումնասիրումը.
2) կադաստրային հանույթները, դաշտային հետազոտությունները, անշարժ գույքի վերաբերյալ ելակետային տվյալների և կադաստրային քարտեզների ստացումը.
3) անշարժ գույքի նպատակային նշանակության, սեփականության և օգտագործման ձևերի, տեսքերի ու տեսակների, որակական ու քանակական հատկանիշների, տեղադրության, չափսերի որոշումը և դասակարգումը.
4) սկզբնական, ելակետային նյութերի ստացումը, դասակարգումը, անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության ներդրումը:
4. Անշարժ գույքի ընթացիկ հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունների հայտնաբերման, իրավունքների պետական գրանցման, կադաստրային գնահատման, ինչպես նաև կադաստրային քարտեզներում արտացոլելու նպատակով: Անշարժ գույքի քանակական տվյալների (մակերեսների, գծային չափերի, ծավալների, ձևի և այլն) հավաքագրման նպատակով իրականացվում է չափագրում: Անշարժ գույքի չափագրումն իրականացվում է տարբեր չափիչ սարքերի (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, լազերային հեռաչափ և այլն) միջոցով` համապատասխան որակավորման վկայական ունեցող անձանց կողմից:
II. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ
5. Հողամասերը չափագրվում և գծագրվում են իրենց սահմանային չափերով, նշելով և համարակալելով բոլոր շրջադարձային (բեկման) կետերը, կոորդինատները, հողամասի տվյալ հատվածների երկարությունները, սահմանակից սեփականատերերի անունները, ազգանունները, անվանումները` եթե հայտնի են վերջիններիս տվյալները:
III. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ
6. Հողամասի չափագրումն ավարտելուց հետո արտաքին չափերով չափագրվում և ըստ հողամասում գտնվելու տեղադրության գծագրվում են բոլոր շինությունները (բնակելի տները, հասարակական, արտադրական նշանակության շինությունները, բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերը, պարիսպները և այլ անշարժ գույքերը): Այն շինությունները, որոնց մի մասը գտնվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասից դուրս, չափագրվում և հողամասի հատակագծում արտացոլվում են միայն հատկացված հողամասում գտնվող շինությունների մասերը (շինությունների և հողամասի հատման գծերը հատակագծում պատկերվում են կետագծերով):
7. Չափագրվում է պարիսպների երկարությունը, լայնությունը և բարձրությունը:
8. Չափագրված շինությունները հողամասում ճիշտ տեղադրելու նպատակով` ըստ անհրաժեշտության, չափագրվում են շինությունների և հողամասի մոտակա սահմանի, ինչպես նաև շինությունների միմյանց միջև եղած հեռավորությունները:
9. Արտաքին չափերով շինությունների չափագրումն ավարտելուց հետո, չափագրվում են դրանց ծավալում գտնվող բոլոր տարածքները` ներքին չափերով: Չափագրվում է յուրաքանչյուր տարածքի երկարությունը, լայնությունը, ներքին բարձրությունը, ինչպես նաև կրող պատերի և միջնապատերի հաստությունները:
10. Ներքին չափագրումները կատարվում են շինությունների հատակից 1.20 - 1.30 մետր բարձրությամբ: Միաժամանակ յուրաքանչյուր տարածքի վրա նշվում է առկա դռների ու պատուհանների տեղադրությունը:
IV. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ, ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԱԳՐՈՒՄ
11. Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանները, ինչպես նաև բազմաբնակարան շենքում տեղակայված ոչ բնակելի տարածքները, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտները չափագրվում են միայն ներքին չափերով:
12. Չափագրվում է յուրաքանչյուր տարածքի երկարությունը, լայնությունը և ներքին բարձրությունը, ինչպես նաև կրող պատերի և միջնապատերի հաստությունները:
13. Ներքին չափագրումները կատարվում են շինությունների հատակից 1.20 - 1.30 մետր բարձրությամբ: Միաժամանակ յուրաքանչյուր տարածքի վրա նշվում է առկա դռների ու պատուհանների տեղադրությունը:
V. ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
14. Սույն հրահանգով նախատեսված աշխատանքների ավարտից հետո հողամասի և շինությունների հատակագծերի ներքևի համապատասխան մասում որակավորում ունեցող անձի կողմից լրացվում է իր անունը, ազգանունը (անվանումը), կատարման ամսաթիվը, որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը և ստորագրվում: