«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 հոկտեմբերի 2010 թ. |
N 1455-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն) մեկ այլ համապատասխան մակարդակի կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ուսանողների տեղափոխման կարգը:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:
3. Ուսանողի տեղափոխումը մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն (այսուհետ՝ տեղափոխում) կատարվում է երկու ուսումնական հաստատությունների տնօրենների համաձայնությամբ:
4. Ուսանողի տեղափոխումն առաջին կիսամյակում չի թույլատրվում:
Միջին մասնագիտական ուսումնական հաստատության հեռակա ուսուցման բաժնից առկա ուսուցման բաժին և առկա ուսուցման բաժնից հեռակա ուսուցման բաժին հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողի տեղափոխումը թույլատրվում է չորրորդ կիսամյակն ավարտելուց հետո, եթե տվյալ կրթական ծրագրի իրականացման ժամկետները համապատասխանում են:
5. Տեղափոխման ընթացքում մասնագիտությունների փոփոխություն թույլատրվում է միայն ուսանողի կողմից նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների (մոդուլների) տարբերությունները 8-ը չգերազանցելու պայմանով: Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:
6. Նախընտրած մասնագիտության գծով հաստատված ուսումնական պլանով ուսանողի ուսումնառություն չանցած, չուսումնասիրած կամ ամփոփիչ ստուգում չանցած առարկաները և առարկաների (մոդուլների) ժամաքանակների 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները, համարվում են ակադեմիական տարբերություններ:
Ակադեմիական տարբերությունների ցանկը և ուսանողի կողմից դրանց հանձնման անհատական ժամանակացույցը կազմում է ընդունող ուսումնական հաստատությունը՝ հիմք ընդունելով ուսումնական պլանը: Ուսանողի կողմից ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է:
Տեղափոխումը կարող է կատարվել, եթե դրա արդյունքում, համապատասխան մասնագիտության տվյալ տարվա համար սահմանված ընդունելության տեղերի ընդհանուր թիվը պահպանվում է:
7. Ուսումնական հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում այլ ուսումնական հաստատություն ուսանողի տեղավորումը կազմակերպում է նախարարությունը:
8. Հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումը պետական ուսումնական հաստատություն կարող է կատարվել նախարարության թույլտվությամբ՝ ընդունող ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ:
9. Ուսումնական հաստատությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին պետական կառավարման լիազոր մարմնին է ներկայացնում ուսանողների տեղափոխման վերաբերյալ հաշվետվություն` նշելով տեղափոխման հիմքը, կրթական ծրագիրը, ուսուցման ձևը, մասնագիտությունը:
II. ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
10. Ուսանողը տեղափոխման մասին դիմում է ներկայացնում իր ուսումնական հաստատության տնօրենին` նրա գրավոր համաձայնությունը ստանալու համար:
Տեղափոխման մասին ուսանողից դիմումն ընդունվում է ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:
Տնօրենը եռօրյա ժամկետում գրավոր պատասխանում է ուսանողին` կցելով ակադեմիական տեղեկանքը կամ մերժման դեպքում` դրա փաստարկված հիմնավորումները։
11. Ուսանողը դիմում է այն ուսումնական հաստատություն, ուր ցանկանում է տեղափոխվել և ներկայացնում է՝
1) տեղափոխման մասին դիմումը` տնօրենի համաձայնության նշագրումով,
2) ակադեմիական տեղեկանքը,
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը(ները) կամ այդ մասին հավաստող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
Անվճար ուսուցման համակարգում ուսումնառած ուսանողի տեղափոխման դեպքում կրթությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտոնություն ունեցող ուսանողների, որոնց կրթությունը շարունակվում է անվճար հիմունքներով։ Տեղափոխված ուսանողը հետագա ուսումնառության տարիներին կարող է օգտվել նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման իրավունքից։
Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ տվյալ տարվա համար սահմանված տեղերի շրջանակում նույն մասնագիտության համար վճարովի տեղ չի սահմանվել։ Այդ դեպքում տեղափոխումը կարող է կատարվել անվճար ուսուցման համակարգ` միայն նույն մասնագիտությամբ:
12. Ընդունող ուսումնական հաստատության տնօրենը, համաձայնության դեպքում, տալիս է ուսանողի ընդունման ժամանակավոր հրաման, որում նշվում են ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը:
Մինչև ուսանողի տեղափոխման գործընթացի ավարտը ընդունող ուսումնական հաստատության տնօրենը իրավասու է ուսանողին ժամանակավորապես կցագրել համապատասխան խմբում և թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին։
Եթե ընդունող ուսումնական հաստատությունում տվյալ մասնագիտությամբ տեղերի թիվն ավելի քիչ է, քան փոխադրվել ցանկացողների թիվը, ապա հավակնորդ ուսանողների կողմից ակադեմիական տարբերությունները դրական հանձնելուց հետո նրանց միջև անցկացվում է մրցույթ, որի արդյունքում ընտրվում են առավել բարձր միավորներ ստացածները:
Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է ընդունող ուսումնական հաստատության տնօրենը:
13. Ակադեմիական տարբերությունների բացակայության կամ դրանք դրական գնահատականներով հանձնելու դեպքում ընդունող ուսումնական հաստատության տնօրենն ուսանողին տալիս է համապատասխան տեղեկանք:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված տեղեկանքը ուսանողը ներկայացնում է իր ուսումնական հաստատության տնօրենին, որը եռօրյա ժամկետում հրամանով ամրագրում է ուսանողի տեղափոխումը։ Ուսումնական հասատությունը ուսանողին է հանձնում կամ պատվիրակված փոստով առաքում է՝
1) տեղափոխման մասին հրամանի պատճենը,
2) կրթության մասին վկայող փաստաթղթի բնօրինակը,
3) այլ փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Նախկին ուսումնական հաստատությունում պահպանվում է ուսանողի անձնական գործը, որը ներառում է՝
1) ուսանողի տեղափոխման մասին հրամանը,
2) 13-րդ կետով սահմանված տեղեկանքը,
3) ուսանողի կրթության մասին վկայող փաստաթղթի պատճենը,
4) ընդունելության քննությունների գրավոր աշխատանքները (դրանց առկայության դեպքում),
5) ուսանողական տոմսը և այլ փաստաթղթերի պատճենները:
15. Ընդունող ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան փաստաթղթերի բնօրինակները ստանալուց հետո եռօրյա ժամկետում հրամանագրում է ուսանողին:
16. Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումն իրականացվում է նախարարության թույլտվությամբ և հրամանագրվում է միայն վճարովի ուսուցման համակարգում:
17. Ընդունող ուսումնական հաստատությունում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ, որում ընդգրկվում են ուսանողի կրթության մասին վկայող փաստաթուղթը, ակադեմիական տեղեկանքը, ընդունման հրամանի պատճենը և ուսանողի հետ կնքած պայմանագիրը: Ուսանողին տրվում է նոր ուսանողական տոմս և նրա հետ կնքած պայմանագրի 2-րդ օրինակը:
18. Ունկնդրի տեղափոխումը կարգավորվում է ունկնդրի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրով: