124.02/1996.18.12.01
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հունվարի 2002թ.
Պետական գրանցման թիվ 12402006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18 դեկտեմբերի 2001 թ. |
N 02/1996 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ա» կետը, ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին» N 1067 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը և նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր՝
Հրամայում եմ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին» հրահանգչական նամակը:
Նախարար՝ | Ե. Զախարյան |
Հաստատված է ՀՀ պետական եկամուտների նախարարի 18.12.2001 թ. N 02/1996 հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի ԵՎ եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին
Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ա» կետի և ՀՀ կառավարության 2001թ. նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին» N 1067 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա և կարգավորում է ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված մի քանի հարցեր:
1. Օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «ը» և «ժ» ենթակետերի վերաբերյալ
ա) ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ստորաբաժանումներ (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներ) են համարվում նախարարությունների և գերատեսչությունների վերադաս մարմնի կողմից կենտրոնական ապարատի հաստատված կառուցվածքով սահմանված ստորաբաժանումները,
բ) ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների տարածքային ստորաբաժանումներ են համարվում նաև նախարարի և գերատեսչության ղեկավարի կողմից հաստատված տարածքային ստորաբաժանումները,
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, գլխավոր գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարներ և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունների պետերը և կենտրոնների տնօրենները:
(1-ին կետը լրաց. 03.02.03 N 03/05-Ն)
2. Օրենքի 2 հոդվածի 3-րդ կետի, 5 և 10 հոդվածների վերաբերյալ
ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողները հայտարարատու են համարվում նաև պաշտոնից ազատվելուն հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Օրինակ 1.
Քաղաքացին նշանակվել (ընտրվել) է պաշտոնի 2002թ. մայիսի 5-ին: Տվյալ տարվա համար վերը նշված անձը գույքի և եկամուտների հայտարարագիր (այսուհետ՝ հայտարարագիր) է ներկայացնում 2002թ. հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար: Վերջինս պաշտոնից ազատվել է 2003թ. մարտի 25-ին: Նա հայտարարագիր է ներկայացնում ինչպես 2003թ., այնպես էլ հաջորդ 5 տարիների (2004թ., 2005թ., 2006թ., 2007թ. և 2008թ.) հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածների համար:
Օրինակ 2.
ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողը պաշտոնից ազատվել է 2001թ. հոկտեմբերի 25-ին: Վերջինս հայտարարագիր է ներկայացնում ինչպես 2001թ., այնպես էլ հաջորդ 5 տարիների (2002թ., 2003թ., 2004թ., 2005թ. և 2006թ.) հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանների համար:
Օրինակ 3.
Քաղաքացին նշանակվել (ընտրվել) է պաշտոնի 2001թ. ապրիլի 10-ին և շարունակում է պաշտոնավարել օրենքի ընդունման պահին: Վերջինս պարտավոր է հայտարարագիր ներկայացնել 2001թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար:
Օրինակ 4.
Քաղաքացին նշանակվել (ընտրվել) է պաշտոնի 2001թ. սեպտեմբերի 10-ին և, անկախ նրանից՝ 2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ շարունակում է պաշտոնավարել, թե՝ ոչ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել 2001թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանի համար:
(հրահանգչական նամակը լրաց. 03.02.03 N 03/05-Ն)