«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10504050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 փետրվարի 2004 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետի ի) ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել.
ա) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի վարման կարգը համաձայն N 1 հավելվածի (կցվում է),
բ) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի հանձնաժողովի կազմը համաձայն N 2 հավելվածի (կցվում է):
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված N 1 | |
ՀՀ բնապահպանության նախարարի 12 փետրվարի 2004 թ. N 23-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները, ենթատեսակները (այսուհետև՝ վայրի բույսեր և սնկեր) բույսերի Կարմիր Գրքում գրանցելու և գրանցումից հանելու գործընթացների վարման կարգը:
2. Բույսերի Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահպանման միջոցառումների մասին:
3. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների գրանցման համար հիմք են հանդիսանում գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան մասնագիտական կազմակերպության կողմից հաստատված կարծիքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աճող վայրի բույսերի և սնկերի քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում գրանցման ենթակա հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի կարգավիճակի որոշման համար հիմք է հանդիսանում Բնության պահպանության միջազգային միության կողմից մշակված բնապահպանական կարգավիճակների սանդղակը:
5. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից վայրի բույսերի և սնկերի տեսակների դուրս բերման համար հիմք են հանդիսանում դրանց բարվոք վիճակի մասին նոր գիտական ուսումնասիրություններով հիմնավորված և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտի կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից հաստատված կարծիքը:
6. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գիրքը հավելումի ձևով կարող է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքից դուրս բերված տեսակների ցանկը, Բնության պահպանության միջազգային միության բնապահպանական կարգավիճակների սանդղակը, Կարմիր Գրքին առնչվող նորմատիվային այլ ակտեր:
7. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում վայրի բույսերի և սնկերի տեսակների գրանցումը և գրանցումից դուրս բերելը իրականացվում է սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
8. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:
9. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գիրքը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
10. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ իրենց համաձայնությամբ:
12. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի Հանձնաժողովը ստեղծվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի բույսերի և սնկերի տեսակները Կարմիր Գրքում գրանցելու ու գրանցումից դուրս բերելու գործընթացը իրականացնելու նպատակով:
14. Հանձնաժողովի գործառույթներն են.
ա) գիտահետազոտական, կրթական, հասարակական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջներին համապատասխան ներկայացված վայրի բույսերի և սնկերի տեսակների Կարմիր Գրքում գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու առաջարկությունների ընդունում ու քննարկում,
բ) ստացված առաջարկությունների վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրությունների կազմակերպում,
գ) ստացված տեղեկատվության հիման վրա վայրի բույսերի և սնկերի տեսակների վիճակի վերլուծության իրականացում, սույն կարգի 4-րդ կետի համապատասխան նրանց կարգավիճակների որոշում և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում դրանց գրանցելու կամ գրանցումից դուրս բերելու վերաբերյալ եզրակացությունների ընդունում,
դ) այլ կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքի պատրաստման և վերահրատարակման հետ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ:
16. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
17. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերի անցկացումը, Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ստացված առաջարկությունները և կազմում արձանագրություն:
18. Հանձնաժողովը կազմվում է 13 անդամից:
19. Հանձնաժողովի նիստերը համարվում են կայացած անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:
20. Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր Գրքում նոր տեսակների գրանցման կամ գրանցումից դուրս բերման վերաբերյալ եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, իսկ այլ հարցերի վերաբերյալ՝ նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
21. Հանձնաժողովի նիստի եզրակացությունը ստորագրվում է նախագահի և քարտուղարի կողմից և տրամադրվում հանձնաժողովի անդամներին:
Հավելված N 2 ՀՀ բնապահպանության նախարարի 12 փետրվարի 2004 թ. N 23-Ն հրամանով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Վ. Այվազյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Չարչօղլյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ն. Խանջյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության վարչության կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար), |
Կ. Աֆրիկյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բույսերի կառավարման բաժնի պետ |
Ա. Բարսեղյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, |
Է. Գաբրիելյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնի վարիչ, |
Ա. Զիրոյան | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, |
Մ. Հովհաննիսյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող, |
Վ. Մանաքյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնի ավագ գիտաշխատող, |
Ս. Նանագուլյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի առաջատար գիտաշխատող, |
Ժ. Վարդանյան | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, |
Լ. Օսիպյան | Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի վարիչ, |
Գ. Ֆայվուշ |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: |