Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 11․1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետն անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Օրենքն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «ինչպես նաև կարգավորում է» բառերից հետո լրացնել «ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը և» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-11-րդ կետերով.
«7) ուղեգրում՝ անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ենթակա լինելու հավաստում, որից հետո տրվում է ուղեգիր․
8) ամփոփագիր՝ ներկայացված բժշկական փաստաթղթերի, Կառավարության որոշմամբ սահմանված ինքնագնահատման հարցաշարի և այլ տեղեկատվության հիման վրա մշակված՝ անձի ֆունկցիոնալության նկարագիր․
9) դիտարկում՝ տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների կանխարգելման և բացահայտման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն․
10) դիտարկվող սուբյեկտ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը ներգրավված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին) աշխատակիցներ, այդ թվում՝ ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողով կամ հանձնաժողովի անդամ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն.
11) դիտարկվող օբյեկտ՝ կոնկրետ անձի կապակցությամբ իրականացված ֆունկցիոնալության գնահատում»։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով.
«4․1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման հանձնաժողովի անդամի վերապատրաստման իրականացումը և հավաստագրի տրամադրումը.»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2․ Լիազոր մարմինն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկումների արդյունքները կարող է օգտագործել միայն անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում քաղաքականության իրականացման գնահատման համար։»։
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) լիազոր մարմնի և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնության, այդ թվում՝ տեսչական մարմնի ներկայացրած միջնորդագրի հիման վրա (վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար).»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.
«5․1․ Անձին ֆունկցիոնալության գնահատման, բացառությամբ մահվան պատճառական կապը որոշելու դեպքի, ուղեգրում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
5․2․ Անձի ֆունկցիոնալության գնահատման դիմումին և անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրին ներկայացվող պահանջների ստուգումն ու ամփոփագրի մշակումն իրականացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը։»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «և վերահսկողությունը» բառերը.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.
«Հոդված 11․1․ | Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության իրականացումը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ դիտարկումների միջոցով։
2. Դիտարկումն իրականացվում է Կառավարության հաստատած դիտարկման ստուգաթերթով, որը մշակվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով ստուգաթերթի մշակման համար սահմանված կարգով:
3. Դիտարկումները լինում են դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված և ըստ անհրաժեշտության։
4. Դիտարկումների տարեկան ծրագրով նախատեսված դիտարկումներ իրականացվում են տեսչական մարմնի ղեկավարի հաստատած դիտարկման տարեկան ծրագրին (այսուհետ՝ ծրագիր) համապատասխան, որը կազմվում է Կառավարության որոշմամբ հաստատված մեթոդաբանության հիման վրա։
5. Ծրագրում նշվում են դիտարկվող սուբյեկտի անվանումը և դիտարկման իրականացման ժամանակահատվածը: Ծրագրով նախատեսված դիտարկումները կարող են իրականացվել տարվա ընթացքում մեկ անգամ։
6. Ըստ անհրաժեշտության դիտարկումներ իրականացնելու հիմք են՝
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումները.
2) ֆիզիկական անձի կամ նրա օրինական ներկայացուցչի (օրենսդրությամբ ֆունկցիոնալության գնահատման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձի) դիմումը, որի ֆունկցիոնալությունը գնահատվել է.
3) հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հաղորդումները․
4) վարչապետի հանձնարարականը:
7. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման օբյեկտի վերաբերյալ տեղեկությունները, դիտարկվող սուբյեկտի վերաբերյալ տեղեկությունները (եթե դիտարկման հրամանը կազմելու պահին դիտարկվող սուբյեկտները հայտնի են), դիտարկման նպատակը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզել տվյալ դիտարկման ընթացքում, դիտարկման իրավական հիմքերը, սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում` նաև դիտարկումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները։
8. Դիտարկումն իրականացնելու մասին հրամանի օրինակը դիտարկումն սկսելուց առնվազն երեք օր առաջ ծանուցվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին, ինչպես նաև դիտարկվող սուբյեկտին:
9․ Դիտարկման վարույթի տևողությունը երեսուն օր է։
10․ Դիտարկում իրականացնող անձինք իրավունք ունեն դիտարկվող սուբյեկտից պահանջելու տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակում իրականացվող դիտարկման նպատակներին, վերցնելու իրեր և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են դիտարկման նպատակներին: Փաստաթղթերը վերցնելիս դիտարկում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում դիտարկվող սուբյեկտին (ներկայացուցիչներին)։
11․ Դիտարկումից հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում են՝
1) արձանագրությունը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) դիտարկում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) դիտարկում նշանակելու մասին հրամանի տարին, ամիսը, ամսաթիվն ու համարը.
4) դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
5) դիտարկվող օբյեկտի վերաբերյալ տեղեկությունները․
6) դիտարկվող սուբյեկտի անունը, ազգանունը.
7) դիտարկում անցկացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
8) դիտարկման ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակում իրականացվել է դիտարկումը, ինչպես նաև ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար.
9) դիտարկմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել կամ պահպանվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) դիտարկվող սուբյեկտի ներկայացրած առարկությունների վերաբերյալ նշումները:
12․ Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը, ելնելով խախտման բնույթից, միջնորդագիր է ներկայացնում՝
1) լիազոր մարմին և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ.
2) լիազոր մարմին՝ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու վերաբերյալ, եթե մասնագետը ֆունկցիոնալության գնահատման առնվազն երեք վարույթով թույլ է տվել խախտում.
3) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին՝ անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ, եթե բուժաշխատողը մեկ տարվա ընթացքում ուղեգրման առնվազն երեք դեպքով թույլ է տվել խախտում:
13․ Սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կետով սահմանված միջնորդագիրը հիմք է ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ որոշման իրավաչափությունը գնահատելու և վարչական վարույթ հարուցելու համար, որի արդյունքով անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմինը կարող է ընդունել վարչական ակտն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում։
14. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված վարույթի, ինչպես նաև դիտարկման վարույթի նկատմամբ կիրառվում են վարչական վարույթի վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դրույթները՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:
15․ Սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ կետով սահմանված միջնորդագրի հիման վրա լիազոր մարմինն ընդունում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշում։
16․ Սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով սահմանված միջնորդագրի հիման վրա առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը կարող է երեք ամիս ժամկետով կասեցնել բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը։
17․ Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին հավաստագրից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձին անձի ֆունկցիոնալություն գնահատող մասնագետի որակավորման հավաստագիր չի կարող տրամադրվել։
18. Լիազոր մարմինը, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը և առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 12-րդ մասում նշված միջնորդագրի քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները պատշաճ ձևով ծանուցում են տեսչական մարմնին՝ համապատասխան վարչական վարույթի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
19․ Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման համար կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
20. Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով իրականացված դիտարկման վարույթի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, տեսչական մարմինը հաղորդում ներկայացրած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ ձևով ծանուցում է միայն դիտարկման արդյունքների վերաբերյալ՝ բացառելով բժշկական գաղտնիք կամ անձնական տվյալ համարվող տեղեկությունների տրամադրումը:»։
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.
«13. Տեսչական մարմնին տրվում է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին այն ծավալով, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումների:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում։
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող Օրենքի 11․1-ին հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետն անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-105-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
