Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-124-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 108.1-ին և 108.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 108.1. Աշխատողի լիազորությունների կասեցման իրավական հետևանքները

 

1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունների՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչև կասեցման վերաբերյալ որոշման վերացումը նրա աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է նաև ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարելով քրեական գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

2. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման ընթացքում նա չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:

3. Լիազորությունների կասեցումը արգելք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կասեցման ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

4. Հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է, եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ։

 

Հոդված 108.2. Աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավական հետևանքները

 

1. Աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այն այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված:

2. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է։ Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում հանրային ծառայության մեջ գտնվող անձի աշխատավարձը չի պահպանվում։

3. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողը չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:

4. Աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելն արգելք չէ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կիրառվում են, եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ։»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ կետը «մասամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական գործի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով» բառերով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման դեպքում հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու վերաբերյալ կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազորությունների կասեցման դեպքերի վրա: Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում հանրային ծառայության մեջ գտնվող անձին աշխատավարձ չվճարելու վերաբերյալ կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի վրա:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-124-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան