Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-103-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2019-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.17/46(1499) Հոդ.609
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4)  տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5)  հեռախոսակապից օգտվելը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.

«3.1. Կարգապահական  կալանք  կրելու  ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:

3.2. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:

3.3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասը «տույժի» բառից հետո լրացնել «, և տույժը չի մարվել» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 97-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերով.

2) 2-րդ մասը «որոշմամբ» բառից առաջ լրացնել «պատճառաբանված» բառով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝

1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.

3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.

4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

5) հեռախոսակապից օգտվելը:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:

2.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում:

2.3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պետք է հիմնավորվեն պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:

 

Հոդված 6. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հուլիսի 11

Երևան

ՀՕ-103-Ն