ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-156-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում և օրենքի ամբողջ տեքստում «համայնքներ» բառը փոխարինել «բնակավայրեր» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգրքով) սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության իրականացումը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների, տոտալիզատորների, ինչպես նաև ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, ընդ որում, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը, որը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայությունները, մասնավորապես՝ սպասարկումը, մուտքի թույլտվությունը:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը «(առք ու վաճառքի)» բառերից հետո լրացնել «ինչպես նաև հանրային սննդի ոլորտում իրականացվող» բառերով, իսկ նույն կետի «եկամտային հարկից» բառերը փոխարինել «շահութահարկից» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «, եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն» բառերը, իսկ «գ» ենթակետից` «կամ եկամտային հարկից» բառերը.
3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Օրենսգրքով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների, տոտալիզատորների, ինչպես նաև ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման գործունեության տեսակների, ազատվում է արտոնագրային հարկից, և արտոնագրային հարկից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է Օրենսգրքով սահմանված կարգով առանց արտոնագրային հարկի վճարման».
4) 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով պարտավոր են`
1) Օրենսգրքով սահմանված կարգով վարել հարկման ոչ ենթակա և հարկման ենթակա գործունեության տեսակների կամ գործարքների մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում, իսկ եթե առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէ, ապա հարկման օբյեկտները, հարկման բազաները, հարկի գումարները, Օրենսգրքով սահմանված նվազեցումներն ու հաշվանցվող (պակասեցվող) գումարները (այն մասով, որ մասով առանձնացվող հաշվառում վարելը հնարավոր չէ) հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված տեսակարար կշիռների մեթոդով` համախառն եկամտի մեջ Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան.
2) վարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև հաշվապահական հաշվառում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները.
3) կատարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերի պահանջները:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-297-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|