ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 150.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 150.3. | Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկելը |
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկելն առանց այդ ճանապարհների տնօրինողի թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։
2. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով` 44 տոննա ընդհանուր զանգվածը գերազանցող ծանրաքաշ բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենսգրքի 150.3-րդ հոդվածով գանձվող տուգանքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարան, իսկ մարզային ավտոճանապարհներին արձանագրված խախտումների համար՝ համապատասխան համայնքի բյուջե:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-9-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|