ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 23-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. | Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ |
Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի և պատշաճ։
Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է։
Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները։
Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։ Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների և մակնիշների վրա:
Գովազդատուի հայեցողությամբ անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել երկու և ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը (մակերեսը) և չներառի տեղեկատվություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում։
Գովազդի հայերեն շարադրանքը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջ կամ առջևից՝ վերևից ներքև կամ ձախից աջ գրությամբ։
Գովազդի օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով չպետք է գերազանցի հայերեն շարադրանքը։
Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուներով լույս տեսնող հրատարակություններում և օտար լեզվով հեռարձակվող հաղորդումներում օտար լեզվով գովազդին չզիջող ծավալով (մակերեսով) հայերեն զուգորդված շարադրանքը պարտադիր է։
Արգելվում է գովազդի նպատակով ֆիզիկական անձի անվան կամ պատկերի օգտագործումն առանց վերջինիս համաձայնության:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-161-Ն |