ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Գ. Շահբազյան |
ԿԴ/0063/12/23 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
| ||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆի |
18 նոյեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Իշխան Քաջիկի Երանոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Իշխան Քաջիկի Երանոսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Նշված ժամկետին հաշվակցվել է Ի.Երանոսյանի անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը և թողնվել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 5 (հինգ) տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել է և Ի.Երանոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է:
Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Ի.Երանոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի ապրիլի 12-ի որոշման դեմ պաշտպան Ա.Օրդակյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
2. 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը դատապարտյալ Իշխան Քաջիկի Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ դատապարտյալ Ի.Երանոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 14 (տասնչորս) օրը կրելուց:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը` թողնվել անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Այսպես, բողոքաբերը նշել է, որ Իշխան Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի իրավակարգավորումներով։ Այդ հետևությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը որպես դատապարտյալ Ի.Երանոսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայման ո՛չ ՀՀ քրեական օրենսգրքով, ո՛չ էլ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով առկա չէ։
Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով, որտեղ սահմանված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված են քննարկվող ինստիտուտին վերաբերող այլ հարցեր և պատժից պայամանական վաղաժամկետ ազատման պայմաններ նախատեսող որևէ նորմ առկա չէ։
5.1. Բողոքաբերն անդրադարձել է նաև առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Ի.Երանոսյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետևությունների հիմնավորվածությանը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ, որով դատապարտյալ Իշխան Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Իշխան Երանոսյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով նշանակված պատժի սկիզբը հաշվարկվել է 2022 թվականի հունվարի 21-ից1։
8. Առաջին ատյանի դատարանը բավարարել է դատապարտյալ Ի.Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիրը՝ արձանագրելով. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ (…) Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն: (…) Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: (…) Դատարանը գտնում է, որ դատապարտյալ Իշխան Երանոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ազատարկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ վերջինիս դրսևորած վարքագծի վերաբերյալ տվյալների և այլ հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է ուղղման ճանապարհին և պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում (...)»: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը Ի.Երանոսյանին ազատել է պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 14 (տասնչորս) օրը կրելուց2։
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) ՀՀ քրեական օրենսգիրքն ամրագրում է, որ կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի` ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, և դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու, քանի որ՝
1) պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և
2) նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
(...)
Անդրադառնալով Բողոքաբերի այն պնդմանը, որ խախտվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերից մեկը, այն է՝ դատապարտյալը չի կրել պատժաչափի օրենքով նախատեսված ժամկետը, Վերաքննիչ դատարանը, վերը նշված իրավանորմերի կիրառմամբ արձանագրում է, որ 2022 թվականի հուլիսի 01-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգիրքը բարելավում է հանցանք կատարած անձանց վիճակը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու առումով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների համեմատությամբ, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն սահմանում է, որ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, ինչով էլ իրավացիորեն ղեկավարվել են ինչպես քրեակատարողական հիմնարկի վարչակազմը՝ դատապարտյալ Իշխան Երանոսյանի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացն սկսելիս, այնպես էլ Առաջին ատյանի դատարանը ներկայացված միջնորդությունն ըստ էության քննարկելիս:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, և թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել անհիմն դատական ակտ կայացնելուն, ուստի նման պարագայում հատուկ վերանայման բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ դատապարտյալ Ի․Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով։
11. ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից (․․․)»։
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
(․․․)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (․․․)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (․․․)»։
12․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել4։
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Ի.Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օրը ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով5,
- Ի.Երանոսյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով սահմանված պատժի սկիզբը հաշվարկվել է 2022 թվականի հունվարի 21-ից6։
- 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետը դատապարտյալ Ի.Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան7,
- Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի վրա, 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ դատապարտյալ Ի.Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարել է և Ի.Երանոսյանը պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 10 (տասը) ամիս 14 (տասնչորս) օրը կրելուց ազատվել է8,
- Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածին հղում կատարելով, արձանագրել է, որ պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, և արդյունքում եկել է եզրահանգման, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը սկսելիս, և Առաջին ատյանի դատարանը՝ նշված հարցը քննության առնելիս, գործել են իրավաչափ9։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից, թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Ի.Երանոսյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Ի.Երանոսյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունն օրենքով նախատեսված չէ։
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Ի.Երանոսյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ի.Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, նա անազատության մեջ է գտնվել 3 (երեք) օր ժամկետով, այնուհետև՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հունվարի 21-ին, Ի․Երանոսյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և 2023 թվականի սեպտեմբերի 4-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Ի.Երանոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 16 (տասնվեց) օրը, որից 3 (երեք) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու հանգամանքով պայմանավորված, իսկ 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 13 (տասներեք) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում10։
Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված Ի.Երանոսյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ, փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման կեսը։
Նշված եզրահանգման հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5․1-րդ կետում նշված և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
14․1․ Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը որոշվում է կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ՝ անկախ հանցանքի կատարման պահից, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկնել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ։
15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Ի.Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու իրավաչափության հարցը որոշելիս, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 25-ի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է` դատապարտյալ Ի.Երանոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը՝ մերժելու:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ և 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Իշխան Քաջիկի Երանոսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումները փոփոխել և ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 16:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 58-62:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 45-53:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:
Նախագահող` Դատավորներ` Հ. Ասատրյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
