ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20756/02/20 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20756/02/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա . ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի նոյեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարդան Բադասյանի հայցի ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի և Այպրես.ԷյԷմ-ի (այսուհետ՝ Համապատասխանողներ)` զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու ու պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2024 թվականի որոշման դեմ Վարդան Բադասյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարդան Բադասյանը պահանջել է «բռնագանձել Նարեկ Մանթաշյանից 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ հօգուտ Վարդան Բադասյանի՝ որպես կատարված զրպարտության փոխհատուցում: Պարտավորեցնել Նարեկ Մանթաշյանին սույն գործով որպես համապատասխանող հանդես եկեղ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իր՝ Նարեկ Մանթաշյան օգտանունով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունեցած օգտահաշվում հրապարակայնորեն («public» գործիքի միջոցով «հասանելի է բոլորին» տարբերակով) հերքել Հայցվորի վերաբերյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Հերքում» խորագրի ներքո, բառացիորեն տպագրելով (հրապարակելով) հետևյալ տեքստը՝
«Ես՝ Նարեկ Մանթաշյանս, սույնով հերքում եմ սույն թվականի հունիսի 9-ին իմ կողմից հրապարակայնորեն հնչեցված և զրպարտչական բնույթի տարրեր պարունակող՝ Վարդան Բադասյանի՝ նախկինում կոռուպցիոներ լինելու վերաբերյալ հայտարարությունը:
Արձանագրում եմ, որ իմ տիրապետության տակ չեն եղել և չկան փաստեր, որոնք կհիմնավորեն Վարդան Բադասյանի՝ նախկինում կոռուպցիոներ լինելու (կոռուպցիոն բնույթի որևէ հանցագործություն կատարած լինելու) հանգամանքը»:
Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակել իրենց կողմից հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալների վերաբերյալ հերքման տեքստը»:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան) 04.01.2023 թվականին վճռել է՝ «Վարդան Բադասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու պահանջի մասին հայցը մերժել՝ հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով:
Նարեկ Մանթաշյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ Նարեկ Մանթաշյանի դեմ ներկայացված պահանջներով հայցային վաղեմություն կիրառելու մասին մերժել»:
Դատարանը 04.01.2023 թվականին որոշել է՝ «Ըստ հայցի Վարդան Բադասյանի ընդդեմ Նարեկ Մանթաշյանի, «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «Դատաբլոգ» ՍՊԸ-ի, «Անալիտիկ» ՍՊԸ-ի և Այպրես.ԷյԷմ-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, համապատասխանող հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու և պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին քաղաքացիական գործն առանձնացնել Վարդան Բադասյանի ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի, «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հանդիսացող լրատվության միջոցներով հերքումը հրապարակելու պահանջից»։
Դիմելով դատարան՝ «168 ժամ» ՍՊԸ-ն խնդրել է կայացնել լրացուցիչ վճիռ 300.000 ՀՀ դրամի չափով ներկայացրած փաստաբանական ծախսը բավարարելու վերաբերյալ։
Դատարանի 04.05.2023 թվականի լրացուցիչ վճռով Վարդան Բադասյանից հօգուտ «168 ժամ» ՍՊԸ-ի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2024 թվականի որոշմամբ Վարդան Բադասյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.01.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Վերաքննիչ դատարանի 05.04.2024 թվականի որոշմամբ Վարդան Բադասյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.05.2023 թվականի լրացուցիչ վճիռը թողնվել է անփոփոխ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24.07.2024 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 05.04.2024 թվականի որոշման դեմ Վարդան Բադասյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Բադասյանը (ներկայացուցիչ Պարգև Սարոյան):
«Դիրքորոշում» վերտառությամբ վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 335-րդ, 337-րդ, 340-րդ և 1087.1-ին հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 60-րդ, 167-րդ, 191-րդ ու 192-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը զանգվածային լրատվության միջոցներին սույն գործով չի դիտել որպես զրպարտող և նրանց դեմ ուղղված պահանջը չի վերաբերել զրպարտությունը հերքելուն կամ զրպարտության համար փոխհատուցում վճարելուն, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը վերջիններիս դեմ ուղղված պահանջի նկատմամբ չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածում ամրագրված նորմերը։ Տվյալ դեպքում զանգվածային լրատվության միջոցներին որպես պատասխանողներ ներգրավելը պայմանավորված է եղել նրանով, որ Նարեկ Մանթաշյանի կողմից հերքման տեքստի հրապարակումը պետք է կատարեին հենց զանգվածային լրատվության միջոցները, որի համար պահանջվել է վերջիններիս մասնակցությունը սույն գործի քննությանը պատասխանողի կարգավիճակում։
Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով զանգվածային լրատվության միջոցների դեմ ուղղված նյութաիրավական պահանջի էությունը, վերջիններիս դեմ ուղղված պահանջների իրավաչափությունը քննարկել է բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի դրույթների լույսի ներքո և արձանագրել է, որ այդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության հատուկ ժամկետը կիրառելի է նաև նրանց նկատմամբ։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և «168 ժամ» ՍՊԸ-ի անվանումներն իրենց կայքէջերում նշված չեն եղել, ու տարբեր հարցումներ և այլ անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո է միայն ինքն իմացել այդ ընկերությունների անվանումներն ու միջնորդել Դատարանին իրականացնել նրանց՝ պատշաճ պատասխանողներով փոխարինելու գործողություն։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը բացարձակապես քննարկման առարկա չի դարձրել հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկզբնական պահին առնչվող հարցերը և սահմանափակվել է՝ նշելով, որ զրպարտության մասին իմանալուց հետո մեկամսյա ժամկետը բաց է թողնված՝ չքննարկելով այն հարցը, թե որ պահից է ինքն իմացել կամ պարտավոր եղել իմանալու իր իրավունքի խախտման մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Նարեկ Մանթաշյանի կողմից ենթադրյալ զրպարտություն կատարելու ամսաթիվը 09.06.2020 թվականն է (անվիճելի փաստ)․
2) Վարդան Բադասյանը փոստային առաքման եղանակով 08.07.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նաև Բլոգ.168.էյէմ-ի և Իրավունք.քոմ-ի՝ պահանջելով Նարեկ Մանթաշյանին պարտավորեցնել համապատասխան ձևով հրապարակայնորեն հերքել լրատվական գործունեություն իրականացնող նաև Բլոգ.168.էյէմ-ի և Իրավունք.քոմ-ի միջոցով տարածած՝ զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև Նարեկ Մանթաշյանից բռնագանձել 2․000․000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում՝ հայցի հիմքում դնելով այն, որ զրպարտությունը կատարվել է 09.06.2020 թվականին։
Հայցադիմումում որպես պատասխանողներ նշվել են նաև Բլոգ.168.էյէմ-ը և Իրավունք.քոմ-ը, իսկ որպես վերջիններիս հասցեներ, համապատասխանաբար, «ք․ Երևան, Պուշկինի 3ա շենք, 2-րդ հարկ» և «ք․ Երևան, Բաղրամյան 59 շենք 3-րդ հարկ» (հատոր 1-ին, գ.թ. 7-19, 40).
3) Դատարանի 20.07.2020 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 3).
4) 15.09.2020 թվականին Դատարանում ստացվել են «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանի կողմից ստորագրված «Առարկություններ» և «Միջնորդություն» վերնագրով փաստաթղթերը, որոնց առաջին էջերում «պատասխանող» բառի դիմաց մինչ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերություն» բառերը նշված են «Իրավունք․քոմ (www.iravunk.com) դոմեյնի սեփականատեր» բառերը, իսկ որպես վերջինիս հասցե նշված է «ք․ Երևան, Բաղրամյան 59, 3-րդ հարկ» (հատոր 1-ին, գ.թ. 32-39, հատոր 2-րդ, գ.թ. 9-12, 21-28):
«168 ժամ» ՍՊԸ-ի կողմից Արամազդ Կիվիրյանին 27․09․2021 թվականին տրված լիազորագրում որպես «168 ժամ» ՍՊԸ-ի հասցե նշվել է «ՀՀ, ք․ Երևան, Պուշկինի փողոց թիվ 3ա»։ Նույն հասցեն որպես «168 ժամ» ՍՊԸ-ի հասցե նշվել է նաև «ԱՐԵՍ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՍՊԸ-ի և «168 ժամ» ՍՊԸ-ի միջև 01․10․2021 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրում (հատոր 3-րդ, գ.թ. 37, հատոր 4-րդ, գ.թ. 55):
5) Վարդան Բադասյանը փոստային առաքման եղանակով «Թիվ ԵԴ/20756/02/20 քաղաքացիական գործով պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու վերաբերյալ» վերնագրով դիմում է ներկայացրել Դատարան (դիմումը Դատարանում ստացվել է 18.02.2021 թվականին)՝ խնդրելով «որպես համապատասխանողներ նշված «Blognews.am» («Բլոգնյուզ.էյէմ») լրատվական կայքին, «Analitik.am» («Անալիտիկ.էյէմ») կայքին, «Blog.168.am» («Բլոգ.168.էյէմ») կայքին, «Iravunk.com» («Իրավունք.քոմ») կայքին փոխարինել պատշաճ համապատասխանողներով, համապատասխանաբար՝ «Դատաբլոգ» ՍՊԸ-ով, «Անալիտիկ» ՍՊԸ-ով, «168 ժամ» ՍՊԸ-ով և «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով (հատոր 3-րդ, գ.թ. 30, 31).
6) Դատարանի 25.05.2021 թվականի «Նոր պատասխանող ներգրավելու մասին» որոշմամբ համապատասխանողներ «Բլոգ.168.ԷյԷմ» և «Իրավունք.քոմ» կայքերը փոխարինվել են, համապատասխանաբար, «168 ժամ» ՍՊԸ-ով ու «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով (հատոր 3-րդ, գ.թ. 49, 50).
7) «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն և «168 ժամ» ՍՊԸ-ն ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություններ (հատոր 3-րդ, գ.թ. 94-101, 125-127).
8) Դատարանի 04.01.2023 թվականի վճռով Վարդան Բադասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով (հատոր 4-րդ, գ.թ. 129-143):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելու համար դատարան դիմելու ժամկետներին՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, ինչպես նաև այդ ժամկետների հաշվարկման առանձհատկությանն այն դեպքում, երբ գործի քննության շրջանակներում տեղի է ունենում ի սկզբանե ներգրավված պատասխանողին ճիշտ անվանումով պատասխանողով փոխարինում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է նույն օրենսգրքի 1087.1 հոդվածով (…) սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Մինչև 23.10.2021 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
Նույն հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված նաև զրպարտությունից` նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով: Անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը ենթակա է հատուցման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան: Այդ կարգի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։ Ընդ որում, զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: (...),
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել՝ համաձայն մինչև 23.10.2021 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասի։
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայցը կարող է դատարան ներկայացվել վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 331, 334-343 հոդվածների կանոնները տարածվում են նաև հայցային վաղեմության հատուկ ժամկետների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, (…):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման և կասեցման կարգն ու հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից։ Հայցային վաղեմության ընթացքի ընդհատման յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե՛ս «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի ու Կարեն Մկրտչյանն և Նարինե Ավետիսյանն ընդդեմ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Անդրադառնալով հայց հարուցելու միջոցով շահագրգիռ անձի՝ իր իրավունքի խախտման վերացման ակնկալման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձը չի կարող պահանջել իր իրավունքի ենթադրյալ խախտման վերացում, քանի որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությունը շահագրգիռ անձին իրավունք է վերապահել համապատասխան հայցով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ անձը կարող է պահանջել և դատարանն էլ իրականացնել անձի ոչ թե «վերացական», այլ կոնկրետ խախտված իրավունքի պաշտպանություն կամ այլ խոսքով՝ հայցով խախտված իրավունքի պաշտպանության համար հայցվորն առնվազն պետք է իմանա, թե ով է խախտել իր իրավունքը (ով է պատշաճ պատասխանողը) և ինչում է կայանում իր իրավունքի խախտումը, որպեսզի պատասխանողից պահանջի իր իրավունքի խախտման վերացում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քաղաքացիադատավարական օրենսդրությունը հայցով իրավունքի պաշտպանության համար սահմանել է որոշակի պայմաններ, որոնց պահպանման դեպքում է միայն դատարանը պարտավոր ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը չի ընդհատվում, եթե հայցը ներկայացվում է ոչ այն դատարան, ուր պետք է ներկայացվի, ոչ այն պատասխանողի դեմ, ով պետք է պատասխան տա այդ հայցով և ոչ այն հայցապահանջով, որն ուղղված է անձի խախտված կոնկրետ սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանը:
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն այս հարցում կարևորել է կողմերի վարքագծի բացահայտումը և գնահատումը (տե՛ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ և 342-րդ հոդվածների վկայակոչմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 13-րդ կետով նախատեսված ժամկետներին, արձանագրել է, որ այդ ժամկետներն այնպիսի ժամկետներ են, որոնց ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն: Հետևաբար այդ ժամկետներն իրենց բնույթով համապատասխանում են հայցային վաղեմության ժամկետին, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է տվել շահագրգիռ անձին դատարան դիմելու բոլոր դեպքերում` ոչ ուշ, քան մինչև վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամիսը լրանալը: Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 13-րդ կետը հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկիզբը պայմանավորում է անձի` վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկացված լինելու պահով: Հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը, որպիսի պահից մեկամսյա ժամկետում իրավունքի պաշտպանության վերաբերյալ հայցադիմում դատարան չներկայացնելու դեպքում բաց է թողնվում հայցային վաղեմության ժամկետը: Վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձն իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու համար դատարան կարող է դիմել վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ընդ որում, միայն այն դեպքում, եթե վիրավորանքի կամ զրպարտության պահից չի անցել վեց ամսից ավելի: Մեկամսյա ժամկետը պետք է ընդգրկված լինի վեցամսյա ժամկետի մեջ (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն ընդդեմ Արթուր Իչմիլյանի թիվ ԵՄԴ/2775/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն (…) այն վերադարձնելու հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն: Նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը և հիմնավորումները:
Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նաև, որ դատավարության կողմ է նաև պատասխանողը, ում դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան: Ընդ որում, օրենսդիրը որպես հայցադիմումին ներկայացվող պարտադիր պահանջ է նախատեսել հայցադիմումում պատասխանողի անունը (անվանումը) պարտադիր նշելը՝ հակառակ պարագայում հայցադիմումը ենթակա է վերադարձման դրա ձևին ներկայացվող պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ։
Միևնույն ժամանակ օրենսդիրը չի բացառել այնպիսի իրավիճակները, երբ գործի քննության ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ պատասխանողին փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու՝ այդ գործողությունների կատարումը նախատեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով։ Նշված օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների համաձայն՝ դատարանը պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով թույլ է տալիս բացառապես հայցվորի համաձայնությամբ, և միայն այն դեպքում, երբ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, այսինքն՝ հայցվորի կողմից սխալ է ընտրվել (նշվել) պատասխանողը։
Ի տարբերություն վերը նշված դատավարական գործողության՝ նոր պատասխանող ներգրավելու դատավարական գործողությունը կատարվում է այն դեպքում, երբ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով։ Ընդ որում, այդ գործողությունը ևս կատարվում է հայցվորի միջնորդությամբ։ Այսինքն՝ այս դեպքում ոչ թե հայցվորի կողմից սխալ է ընտրվել (նշվել) պատասխանողը, այլ ոչ ամբողջական է նշվել պատասխանողների կազմը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Նարեկ Մանթաշյանի կողմից ենթադրյալ զրպարտություն կատարելու ամսաթիվը 09.06.2020 թվականն է։
Տվյալ դեպքում Վարդան Բադասյանն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության վերաբերյալ սույն գործով հայցադիմումը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել ենթադրյալ զրպարտության կատարման օրվանից մեկ ամսվա ընթացքում՝08.07.2020 թվականին՝ հայցադիմումում որպես պատասխանողներ նշելով նաև այն լրատվական գործունեություն իրականացնող հանդիսացողներ Բլոգ.168.էյէմ-ին և Իրավունք.քոմ-ին, որոնք իրենց տեղեկատվության մեջ տարածել են Նարեկ Մանթաշյանի կողմից հայցվորի հասցեին կատարված ենթադրյալ զրպարտությունը։ Նույն հայցադիմումում որպես Բլոգ.168.էյէմ-ի և Իրավունք.քոմ-ի հասցեներ, համապատասխանաբար, նշվել են «ք․ Երևան, Պուշկինի 3ա շենք, 2-րդ հարկ»-ը և «ք․ Երևան, Բաղրամյան 59 շենք 3-րդ հարկ»-ը։
Նշված հայցադիմումը՝ դրանում վերը նշված պատասխանողների անվանումները սխալ նշված լինելու պատճառաբանությամբ վերադարձնելու մասին որոշում չի կայացվել, և Դատարանը 20.07.2020 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանից ելնելով՝ հայցվորի մոտ կարող էր ձևավորվել համոզմունք այն մասին, որ ինքը հայցադիմումը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ պարագայում Դատարանը որոշում կկայացներ հայցադիմումը վերադարձնելու մասին։
15.09.2020 թվականին Դատարանում ստացվել են «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանի կողմից ստորագրված «Առարկություններ» և «Միջնորդություն» վերնագրով փաստաթղթերը, որոնց առաջին էջերում «պատասխանող» բառի դիմաց մինչ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերություն» բառերը նշված են «Իրավունք․քոմ (www.iravunk.com) դոմեյնի սեփականատեր» բառերը, իսկ որպես վերջինիս հասցե նշված է «ք․ Երևան, Բաղրամյան 59, 3-րդ հարկ»-ը։
Միևնույն ժամանակ գործում առկա են «168 ժամ» ՍՊԸ-ի կողմից Արամազդ Կիվիրյանին 27.09.2021 թվականին տրված լիազորագիրը, ինչպես նաև՝ «ԱՐԵՍ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՍՊԸ-ի և «168 ժամ» ՍՊԸ-ի միջև 01.10.2021 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, որոնցում որպես «168 ժամ» ՍՊԸ-ի հասցե է նշվել «ՀՀ, ք․ Երևան, Պուշկինի փողոց թիվ 3ա»-ն։
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Վարդան Բադասյանը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել «Թիվ ԵԴ/20756/02/20 քաղաքացիական գործով պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու վերաբերյալ» վերնագրով դիմում (դիմումը Դատարանում ստացվել է 18.02.2021 թվականին)՝ խնդրելով «որպես համապատասխանողներ նշված «Blognews.am» («Բլոգնյուզ.էյէմ») լրատվական կայքին, «Analitik.am» («Անալիտիկ.էյէմ») կայքին, «Blog.168.am» («Բլոգ.168.էյէմ») կայքին, «Iravunk.com» («Իրավունք.քոմ») կայքին փոխարինել պատշաճ համապատասխանողներով, համապատասխանաբար՝ «Դատաբլոգ» ՍՊԸ-ով, «Անալիտիկ» ՍՊԸ-ով, «168 ժամ» ՍՊԸ-ով և «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով։
Դատարանը 25.05.2021 թվականին որոշում է կայացրել «Նոր պատասխանող ներգրավելու մասին», որով համապատասխանողներ «Բլոգ.168.ԷյԷմ» և «Իրավունք.քոմ» կայքերը փոխարինվել են, համապատասխանաբար, «168 ժամ» ՍՊԸ-ով ու «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ով։
Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Դատարանն իր կողմից կայացված որոշումը վերնագրել է «Նոր պատասխանող ներգրավելու մասին», այնուամենայնիվ նույն որոշման եզրափակիչ մասում վերը նշված պատասխանողներին փոխարինել է «պատշաճ պատասխանողներով»։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում անգամ տեղի չի ունեցել գործով ներգրավված պատասխանողներին մեկ այլ՝ սկզբնապես ներգրավվածներից տարբերվող պատասխանողներով փոխարինում, այլ հայցադիմումում որպես պատասխանողներ նշվածները, հաշվի առնելով հայցադիմումում նրանց անվանումները սխալ նշված լինելու հանգամանքը, փոխարինվել են ճիշտ անվանումներով պատասխանողներով, որոնք արդեն ցուցում են պարունակում վերջիններիս կազմակերպական-իրավական ձևի մասին։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև փոխարինված համապատասխանողներ «168 ժամ» ՍՊԸ-ի ու «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի հասցեները սկզբնապես ներգրավված համապատասխանողներ «Բլոգ.168.ԷյԷմ» և «Իրավունք.քոմ» կայքերի հասցեների հետ նույնական լինելու հանգամանքով։
Ավելին՝ այս դեպքում որևէ պարագայում խոսք չի կարող լինել նոր պատասխանողներ ներգրավված լինելու մասին, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Դատարանը նոր պատասխանողներ չի ներգրավել՝ թեկուզև իր կողմից կայացված որոշումը վերնագրել է այդպես։
Գործի քննության ընթացքում արդեն որպես պատշաճ պատասխանողներ ներգրավված «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն և «168 ժամ» ՍՊԸ-ն ներկայացրել են հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություններ։
«Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն իր միջնորդությունը, ըստ էության, պատճառաբանել է նրանով, որ վիճարկվող տեսանյութը հրապարակվել է 09.06.2020 թվականին, հայցվորն իր իրավունքի պաշտպանության պահանջի մասին սկզբնական հայցապահանջը՝ ուղղված «Իրավունք» կայքի դեմ, փոստով Դատարան է ներկայացրել 10.07.2020 թվականին, «Իրավունք մեդիա» ՍՊ ընկերությանը որպես պատշաճ պատասխանող ներգրավելու մասին միջնորդությունը հայցվորը ներկայացրել է 15.02.2021 թվականին, իսկ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն որպես պատշաճ պատասխանող է ներգրավվել Դատարանի 25.05.2021 թվականի որոշմամբ, այսինքն՝ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դեմ հայցվորի կողմից հայցապահանջն ուղղվել է միայն 15.02.2021 թվականին, իսկ Դատարանի կողմից վարույթ է ընդունվել 25.05.2021 թվականին։ Արդյունքում հայցվորը բաց է թողել սահմանված կարգով իրավունքի պաշտպանության մեկամսյա ժամկետը, քանի որ «Իրավունք մեդիա» ՍՊ ընկերության դեմ հայցադիմումը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է 09.07.2020 թվականին, իսկ հաջորդ օրվանից հաշվելու դեպքում՝ 10.07.2020 թվականին, մինչդեռ «Իրավունք մեդիա» ՍՊ ընկերության դեմ ուղղված պահանջը ներկայացվել է 15.02.2021 թվականին։
«168 ժամ» ՍՊԸ-ն իր միջնորդությունը, ըստ էության, պատճառաբանել է նրանով, որ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 10.07.2020 թվականին, որում որպես պատասխանող ներգրավված չի եղել «168 ժամ» ՍՊԸ-ն, և միայն 15.02.2021 թվականին է հայցվորի կողմից միջնորդություն ներկայացվել վերջինիս որպես պատշաճ պատասխանող ներրգրավելու վերաբերյալ։
Դատարանի 04.01.2023 թվականի վճռով Վարդան Բադասյանի հայցն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով։ Դատարանը պատճառաբանել է, որ՝
- «Սույն գործով վիճարկվող արտահայտությունը կատարվել է 09.06.2020 թվականին»,
- «սույն գործով պատասխանողներին փոխարինելու միջնորդությունը ներկայացվել է 15.02.2021 թվականին:
Այսինքն պատասխանողներ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և «168 ժամ» ՍՊԸ-ի դեմ պահանջները հայցվորը փաստացի ներկայացրել է հրապարակումը կատարելու պահից 8 ամիս 6 օր հետո՝ և բաց է թողնվել օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը»,
- «Տվյալ պարագայում ի սկզբանե հայցվորը հայցադիմում է ներկայացրել իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կայքի դեմ, և այն որևէ իրավական հետևանք չէր կարող առաջացնել կայքի սեփականատիրոջ համար, քանի որ այն չէր անհատականացվել:
Կայքի սեփականատիրոջ համար իրավական հետևանքներ կարող էին առաջանալ, բացառապես նրա դեմ հայցադիմում ներկայացնելու պահից, տվյալ պարագայում պատշաճ պատասխանողով փոխարինելու պահից, ուստի և հայցային վաղեմության ժամկետները նույնպես պետք է հաշվարկվեին միջնորդության ներկայացման պահի դրությամբ»:
Վերաքննիչ դատարանը 22.03.2024 թվականին որոշում է կայացրել Վարդան Բադասյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 04.01.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝
- «գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն գործով հայցադիմումն ընդդեմ Նարեկ Նահապետի Մանթաշյանի, Նյուզ ԷյԷմ ՍՊԸ-ի, Անալիտիկ.ԷյԷմ-ի, Բլոգ.168.ԷյԷմ-ի, Իրավունք.քոմ-ի, ԲԼՈԳՆՅՈՒԶ.ԷՅԷՄ լրատվական կայքի, Ալտերնատիվ.Էյէմ-ի և Այպրես.ԷյԷմ-ի Դատարան է ներկայացվել 08.07.2020 թվականին:
Հայցվորի ներկայացուցիչը ոչ պատշաճ պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացրել 15.02.2021 թվականին միայն:
Հիմք ընդունելով վերը շարադրված իրավավերլուծությունը և վերոգրյալ փաստական հանգամանքները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության և «168 ժամ» ՍՊ ընկերության մասերով Հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը»,
- «Հայցվորն ի սկզբանե հայցադիմումը ներկայացրել է «Բլոգ.168.ԷյԷմ» «Իրավունք.քոմ» կայքերի դեմ, որպիսիք չեն հանդիսանում պատշաճ պատասխանող, ինչը նաև, ըստ էության, ընդունվել է Հայցվորի կողմից` 15.02.2021 թվականին ոչ պատշաճ պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու մասին միջնորդության ներկայացմամբ»։
Վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի և դրանց վերաբերյալ հայտնված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ վերը նշված փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն այն մասին, որ ««Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության և «168 ժամ» ՍՊ ընկերության մասերով Հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված հայցային վաղեմության ժամկետը», Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է և չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ նման հետևություն անելու համար անհրաժեշտ էր հաստատված համարել, որ հայցվորը հայցը ներկայացրել է կա՛մ զրպարտության մասին իրեն հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ժամկետի, կա՛մ զրպարտության պահից վեց ամսվա ժամկետի խախտմամբ, մինչդեռ տվյալ դեպքում առկա չէ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ դեպքը, քանի որ ինչպես արդեն վերը նշվեց, հայցվոր Վարդան Բադասյանն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության վերաբերյալ սույն գործով հայցադիմումը փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել ենթադրյալ զրպարտության կատարման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որպիսի պահից հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «ի սկզբանե հայցադիմումում պահանջն ուղղվել է Բլոգ.168.էյէմ-ի և Իրավունք.քոմ-ի դեմ և Հայցվորի ներկայացուցիչը ոչ պատշաճ պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացրել միայն 15.02.2021 թվականին», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս անհիմն է, քանի որ հայցվորի կողմից հաստատապես պարզելուց հետո, թե իրականում ճիշտ անվանումներով զանգվածային լրատվության որ միջոցներով պետք է Նարեկ Մանթաշյանը պարտավորեցվի հերքել իր վերաբերյալ ենթադրյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները, միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով վերջիններիս փոխարինել ճիշտ անվանումներով պատշաճ պատասխանողներով, և տվյալ դեպքում, ըստ էության, իրականում տեղի է ունեցել ոչ թե գործով ներգրավված պատասխանողներին մեկ այլ՝ սկզբնապես ներգրավվածներից տարբերվող պատասխանողներով փոխարինում, այլ գոյություն ունեցող պատասխանողները, հաշվի առնելով հայցադիմումում նրանց անվանումները սխալ նշված լինելու հանգամանքը, փոխարինվել են ճիշտ անվանումներով պատասխանողներով։ Այսինքն՝ հայցվորն ի սկզբանե փաստացի նպատակ է ունեցել, որ որպես պատասխանողներ գործին ներգրավվեն նաև վերը նշված՝ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն և «168 ժամ» ՍՊԸ-ն, պարզապես հայցադիմումում սխալ են նշել տվյալ լրատվական կայքերի անվանումները, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ հետագայում, պարզելով տվյալ լրատվական կայքերի ճիշտ անվանումները, միջնորդություն է ներկայացրել Դատարան պատասխանողներին պատշաճ պատասխանողներով փոխարինելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքում նշված մյուս հիմքին՝ կապված զանգվածային լրատվության միջոցներին սույն գործով որպես իրեն զրպարտող չդիտելու և նրանց դեմ զրպարտությունը հերքելու կամ զրպարտության համար փոխհատուցում վճարելու մասին պահանջներ ուղղված չլինելու հետ, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-ին հոդվածի 13-րդ կետում նշված հայցային վաղեմության ժամկետները քննարկելիս բոլոր դեպքերում անհրաժեշտ է պարզել հետևյալ հարցերը՝ ո՞վ է հանդիսանում հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը զրպարտության միջոցով արատավորած անձը, և արդյո՞ք հայցն այդ անձի դեմ ներկայացվել է նույն օրենսգրքով սահմանված ժամկետում։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու ու փոփոխելու՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը բեկանելու արդյունքում գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունները, որի պայմաններում գործի քննությունը ենթակա է վերսկսման։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթին, արձանագրում է հետևյալը․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։
Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի օրինակը «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ին ուղարկելու համար փոստային առաքանին փոստային ծառայությանն է հանձնվել 18.06.2024 թվականին, որը «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն ստացել է 19․06․2024 թվականին (հիմք՝ www.haypost.am), իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24․07․2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումն «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ն ստացել է 01.08.2024 թվականին, մինչդեռ վճռաբեկ բողոքի պատասխանն առձեռն ներկայացրել է 28.10.2024 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ և չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Նույն պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալը «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պահանջին՝ կապված Վարդան Բադասյանից հօգուտ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու հետ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2024 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժել։
Թիվ ԵԴ/20756/02/20 քաղաքացիական գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
