ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1703-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ ԴՐՍԵՎՈՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ (ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ) ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով հակաիրավական կամ հակասոցիալական վարքագիծ դրսևորող անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N 1703-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄ ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ ԴՐՍԵՎՈՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿ (ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ) ՀԱՇՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են հետևյալ անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու հետ կապված իրավահարաբերությունները՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների.
2) այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել.
3) այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն պատժի կատարումը հետաձգվել է.
4) քրեակատարողական հիմնարկներից և կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց ազատված անձանց.
5) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում կատարած անձանց.
6) պոռնկությամբ զբաղվող անձանց.
7) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց.
8) մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց:
2. Պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառումն իրականացվում է հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման նպատակով:
3. Սույն կարգի 1-ին կետում նշված անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության (այսուհետ՝ համայնքային ոստիկանություն) ստորաբաժանման կողմից վարվում է միասնական հաշվառման մատյան։
4․ Համայնքային ոստիկանության ծառայողները սույն կարգի 1-ին կետում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները մուտքագրում են իրենց տեղամասի անձնագրում։
5․ Պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառումներն իրականացվում են հետևյալ ժամկետներով`
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվածներին՝ մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.
2) այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.
3) այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն պատժի կատարումը հետաձգվել է մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.
4) քրեակատարողական հիմնարկներից և կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց հետո ազատվածներին` մինչև 1 տարի ժամկետով։ Հաշվառման ժամկետը հաշվարկվում է ազատազրկման վայրից վերադառնալու օրվանից։ Հաշվառման ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել ևս 1 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի դատվածության մարումը կամ վերացումը.
5) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տվող անձանց` մինչև 1 տարի ժամկետով։ Հաշվառման ժամկետը կարող է երկարացվել մինչև կենցաղային բնույթի վեճի ավարտը.
6) պոռնկությամբ զբաղվող անձանց` մինչև 1 տարի ժամկետով.
7) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում ունեցող անձանց` մինչև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառումից հանելը.
8) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված, շրջապատի համար վտանգ ներկայացնող` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց` մինչև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառումից հանելը.
9) մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց` մինչև 1 տարի ժամկետով: Հաշվառման ժամկետը կարող է երկարացվել մինչև մուրացկանությամբ կամ թափառաշրջիկությամբ չզբաղվելու վերաբերյալ հիմնավոր տեղեկություններ ստանալը։
6. Սույն կարգի 1-ին կետում նշված անձանց հաշվառման համար հիմք են հանդիսանում համապատասխան դատական ակտը, դատախազից, քննիչից, հետաքննության մարմիններից կամ օպերատիվ ծառայություններից ստացված միջնորդագրերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից կամ պրոբացիայի ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակից ստացված իրազեկումները, ծանուցագրերը, բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից ներկայացված տեղեկությունները, վարչական իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության ստորաբաժանումներում առկա նյութերը, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ հիմնավոր տեղեկությունները կամ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից կամ ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունները, որոնք վկայում են սույն կարգի 1-ին կետում նշված հանգամանքների կամ փաստերի մասին:
7. Պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառումը դադարեցվում է`
1) նոր հանգամանքներ ի հայտ գալու (հաշվառման հիմքերը վերանալու, վերասոցիալականացման) դեպքում.
2) հաշվառման սահմանված ժամկետը լրանալու դեպքում (բացառությամբ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերի).
3) նոր հանցագործություն կատարելու համար ազատազրկման դատապարտվելու դեպքում․
4) մահվան դեպքում:
8. Սույն կարգի 1-ին կետի 1-3-րդ և 7-8-րդ ենթակետերում նշված անձանց հաշվառումն իրականացվում է ցուցակային կարգով, իսկ սույն կարգի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված անձանց վերաբերյալ կազմվում են պրոֆիլակտիկ գործեր:
9․ Եթե անձի նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում սույն կարգի 1-ին կետում նշված 2 և ավելի ենթակետերի հատկանիշներով, ապա նրա նկատմամբ կազմվում է 1 պրոֆիլակտիկ գործ, որում կուտակվում են նրա նկատմամբ բոլոր ուղղություններով անհրաժեշտ փաստաթղթերը:
10. Պրոֆիլակտիկ գործին տրվում է միասնական հաշվառման մատյանի հերթական համարը:
11․ Պրոֆիլակտիկ գործում կուտակվում են անձի ազգակցական կապերի, մտադրությունների, կատարած իրավախախտումների մասին և օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող այլ անհրաժեշտ տեղեկություններ:
12. Պրոֆիլակտիկ գործերը յուրաքանչյուր ամիսը 1 անգամ ստուգվում են համայնքային ոստիկանության բաժնի պետի տեղակալի կողմից, իսկ յուրաքանչյուր եռամսյակը 1 անգամ` բաժնի պետի կողմից:
13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքների հիման վրա պրոֆիլակտիկ գործերում կատարվում են համապատասխան գրառումներ:
14. Հաշվառումից հանված անձանց պրոֆիլակտիկ գործերը պահվում են 1 տարի ժամկետով` համայնքային ոստիկանության բաժնի պետի տեղակալի մոտ:
15. Հաշվառման մեջ գտնվողի բնակության (հաշվառման) վայրի փոփոխման դեպքում պրոֆիլակտիկ գործն ուղարկվում է նրա նոր բնակության (հաշվառման) վայրի ոuտիկանության բաժին, իսկ սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո հաշվառումից հանված անձանց պրոֆիլակտիկ գործերը հանձնվում են համայնքային ոստիկանության տարածքային բաժնի քարտուղարություն և ոչնչացվում սահմանված կարգով:
16․ Ցուցակային կարգով հաշվառման դեպքում առանձին գործ կամ այլ փաստաթղթեր չեն կազմվում։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2024 թվական: