ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2024 թվականի N 1385-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)`
1) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1.-ին կետով՝
«1.1. Եթե 2024 թվականի վերապատրաստմանը նախընթաց մեկ տարվա ընթացքում ուսուցիչը մասնակցել է վերապատրաստումների չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան բովանդակությամբ, նախարարության կողմից երաշխավորված վերապատրաստման որևէ դասընթացի և ավարտել է այն՝ կուտակելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1662-Ա/2 հրամանով սահմանված անհրաժեշտ քանակի կրեդիտներ, ապա մասնագիտական զարգացման կարիքի տարրական մակարդակում գնահատված լինելու դեպքում մասնակցում է կամավոր ատեստավորմանը, երկրորդ (ձեռնահասության) մակարդակում գնահատված լինելու դեպքում համարվում է ատեստավորված, իսկ երրորդ կամ չորրորդ մակարդակում գնահատված լինելու դեպքում ենթակա է ատեստավորման տվյալ մակարդակի համար սահմանված այն բաժիններից, որոնցից կրեդիտներ չի հավաքել:».
2) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝
«3) ուսուցչի ատեստավորման պարբերականությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված 12 բաժիններով գնահատման արդյունքում: Շրջափուլի որոշման համար հիմք է հանդիսանում քանակական առումով ավելի շատ գնահատված մակարդակը, իսկ հավասար լինելու դեպքում՝ ավելի բարձր մակարդակը:».
4) հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) առաջին՝ տարրական մակարդակի կարողունակությունը համապատասխանում է առարկայական գիտելիքի իմացության կարիքին, որի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված պահանջին համապատասխան՝ ատեստավորման ենթակա ուսուցչի համար նշում է կատարվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված (matyan.emis.am) հարթակում` տնօրենի կամ ուսուցչի կողմից, և ուսուցիչը սույն կարգի 24-րդ կետով սահմանված հաստատությունում մասնակցում է վերապատրաստմանը, որից հետո տվյալ տարում կազմակերպվող կամավոր ատեստավորման շրջանակում մասնակցում է առարկայի իմացության ստուգման քննությանը: Առարկայի իմացության ստուգումից անհրաժեշտ արդյունք ցուցաբերած ուսուցիչը համարվում է նաև ատեստավորման տվյալ շրջափուլում հերթական ատեստավորումն անցած: Վերապատրաստման հաջորդ շրջափուլում ուսուցչի մասնագիտական կարիքը գնահատվում է վերապատրաստման մյուս բաղադրիչներով.».
5) հավելվածի 7-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«1) 1 տարի է՝ վերապատրաստման տարրական մակարդակի համար.»,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«2) 1-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար սահմանվում է մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքներին համապատասխան: Այս ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքը գնահատվում է 1-5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների խմբում հայտնվելու առաջիկա գնահատման ընթացքում միայն մեկ անգամ.».
6) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1.-ին կետով՝
«11.1. Երաշխավորված դասընթացներին մասնակցած և անհրաժեշտ կրեդիտներ հավաքած ուսուցիչները վերապատրաստման ընթացքում այդ բաժիններով վերապատրաստումներին այլևս չեն մասնակցում:».
7) հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետը «նպատակով» բառից հետո լրացնել «, որի համար տնօրենը գրավոր դիմում է ներկայացնում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ ԴԿՏՀ-ում ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կրկին գնահատելու համար.» բառերով.
8) հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝
«3) անհամապատասխանության դեպքում բացահայտված կարիքին համապատասխան վերապատրաստման մոդուլով երաշխավորված լինելու դեպքում կազմակերպությունն ուսուցչի վերապատրաստումն իրականացնելու համար գրավոր տեղեկացնում է տնօրենին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին գրավոր դիմում ներկայացնելու և ԴԿՏՀ-ում ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կրկին գնահատելու նպատակով.
4) ուսուցչի մասնագիտական կարիքի գնահատման փոփոխությունների մասին տեղեկությունը ԴԿՏՀ-ում պահպանվում է 5 տարի ժամկետով:».
9) հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1.-19.4.-րդ կետերով՝
«19.1. Նույն հաստատությունում մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչն ատեստավորման է ներկայացվում դասավանդվող որևէ առարկայից: Դասավանդվող մյուս առարկաներից վերջինս կարող է ատեստավորման ներկայացվել միայն տվյալ առարկայի կամ առարկաների իմացության կարիքի հիման վրա:
19.2. Նույն առարկան այլ հաստատությունում համատեղությամբ կնքված աշխատանքային պայմանագրով դասավանդող ուսուցիչն ատեստավորման է ներկայացվում հիմնական աշխատավայրից:
19.3. Եթե ուսուցիչն այլ հաստատությունում համատեղությամբ կնքված աշխատանքային պայմանագրով դասավանդում է հիմնական աշխատավայրում դասավանդվող առարկայից տարբերվող առարկա, ապա ատեստավորման է ներկայացվում հիմնական աշխատավայրից: Այլ հաստատությունում համատեղությամբ կնքված աշխատանքային պայմանագրով դասավանդող ուսուցիչը կարող է ներկայացվել ատեստավորման միայն տվյալ հաստատությունում դասավանդվող առարկայի կամ առարկաների իմացության կարիքի հիման վրա:
19.4. Եթե ուսուցիչը հիմնական աշխատավայրում զբաղեցնում է ոչ ուսուցչական հաստիք, իսկ համատեղությամբ աշխատավայրում՝ ուսուցչական, ապա ատեստավորման է ներկայացվում այն հաստատությունից, որտեղ զբաղեցնում է ուսուցչական հաստիք:».
10) հավելվածի 28-րդ կետը «Կազմակերպությունը» բառից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Ուսուցիչների առկա և հեռավար վերապատրաստման դասընթացների մոդուլները մշակում են վերապատրաստող կազմակերպությունները` նախարարության սահմանած մոդուլի կառուցվածքին համապատասխան, վերապատրաստման չափորոշչի և ծրագրի հիման վրա և ներկայացնում են նախարարի հաստատմանը:».
11) հավելվածի 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«40. Վերապատրաստման ընթացքում տնօրենը կարող է այցելել վերապատրաստող կազմակերպություն և դիտարկել իր հաստատության ուսուցչի վերապատրաստման ընթացքը: Ուսուցչի վերապատրաստումների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում տնօրենը կազմակերպում է մշտադիտարկման գործընթաց՝ վերապատրաստման ընթացքում ուսուցչի ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում գնահատելու նպատակով:».
12) հավելվածի 42-րդ կետի 3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
13) հավելվածի 42-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով՝
«4) գնահատել ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան ընտրված վերապատրաստման ծրագրի համապատասխանությունը:»:
2. N 2 ձևի 2-րդ գլխի 2.4.9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2024 թվական: