Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8096/05/19
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8096/05/19

Նախագահող դատավոր՝  Կ Մաթևոսյան

Դատավորներ՝

 Ա Բաբայան

 Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի հունիսի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու իրավահաջորդ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ավագանու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24102022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորայր Գրիգորյանի ընդդեմ Համայնքի ավագանու, ՀՀ Արարատի մարզպետ` Գարիկ Սարգսյանի, երրորդ անձ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունը և ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Նորայր Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունը և ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ս Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 28.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը։ Հայցը մնացած մասով մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24102022 թվականի որոշմամբ Նորայր Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28092020 թվականի վճիռը մերժված` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ. հայցը` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով ևս բավարարվել է, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր է ճանաչվել։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ավագանին (ներկայացուցիչ Մարո Մարգարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ նորմերով օրենսդիրը փորձել է ապահովել համայնքի ղեկավարի և ավագանու միջև լիազորությունների արդյունավետ և նպատակային բաշխումը և միմյանց հակակշիռ լինելու առանձնահատկությունը, որը համայնքում արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու կարևորագույն նախադրյալներից է։

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ համայնքի ավագանու գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որի ընթացքում կայացվում են որոշումներ, ինչպես նաև կազմվում են արձանագրություններ, սակայն ավագանու գործունեության իրականացման համար նախ անհրաժեշտ է ավագանու նիստի իրավազորությունը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ ավագանու անդամները կարող են ստորագրել ինչպես ավագանու նիստում ընդունված որոշումների մասին արձանագրություններ, այնպես էլ արձանագրություններ, որոնք ընդունվում են ավագանու նիստից դուրս: Սա ևս մեկ անգամ արտահայտում է օրենսդրի նպատակը՝ ապահովելու համայնքի ղեկավարի և ավագանու միջև լիազորությունների արդյունավետ և նպատակային բաշխումը և միմյանց հակակշիռ լինելու առանձնահատկությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24102022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ` Արտակ Հրայրի Հարությունյանը, Գարիկ Ժորժիկի Սարգսյանը, Էդուարդ Խաչիկի Չոբանյանը, Գեղամ Վիլիկի Մեսրոպյանը Նորաշեն համայնքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացրել են իրենց կողմից կազմված օրակարգի նախագիծը` խնդրելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ապահովել ավագանու նիստի տեղեկացումն ու անցկացումը 10092019 թվականին, ժամը 15:30-ին համայնքապետարանի շենքում (հատոր 1-ին, գթ 26)։ 10092019 թվականի ավագանու նիստի օրակարգի նախագծի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ` Արտակ Հրայրի Հարությունյանը, Գարիկ Ժորժիկի Սարգսյանը, Էդուարդ Խաչիկի Չոբանյանը, Գեղամ Վիլիկի Մեսրոպյանն առաջարկել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունները (հատոր 1-ին, գթ 27)։

2) ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ Արտակ Հարությունյանի, Գարիկ Սարգսյանի, Էդուարդ Չոբանյանի, Գեղամ Մեսրոպյանի և Վահագն Մինասյանի կողմից 10092019 թվականին ստորագրվել է արձանագրություն, որի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամներ Արտակ Հարությունյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Չոբանյանը, Գեղամ Մեսրոպյանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը, Նորաշեն համայնքի ավագանին կազմել է արձանագրություն` Նորաշեն համայնքի ղեկավար Ն. Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին և առաջարկել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձանագրությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն և կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (հատոր 1-ին, գթ 59)։

3) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Ս. Պապիկյանը 27.09.2019 թվականի թիվ 01/16.1/15197-19 գրությամբ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին հայտնել է, որ նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու, ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի No.1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Համայնքի բնականոն առօրյան չխաթարվելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների շարունակականությունն ապահովելու նպատակով խնդրել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավասության շրջանակում նշանակել Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հատոր 1-ին, գթ 63-64)։

4) ՀՀ Արարատի մարզպետ Գ. Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 27.09.2019 թվականի թիվ 01/16.1/15197-19 գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, 27.09.2019 թվականի թիվ ՄԿ/220-2019 կարգադրությամբ կարգադրել է 27092019 թվականից մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը Արտակ Հրայրի Հարությունյանին նշանակել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար (հատոր 1-ին, գթ 62)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

 Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը արդյո՞ք համայնքի ավագանին իրավասու է վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունները՝ առանց համայնքի ավագանու նիստում ընդունված որոշման։

Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել տեղական ինքնակառավարման մակարդակում զսպումների և հակակշիռների համակարգի համատեքստում։

Տեղական ինքնակառավարման բովանդակությունը բացահայտված է ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածում։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը: ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ըստ ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասի՝ համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին համայնքի ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը համայնքի գործադիր մարմինն է, ներկայացնում է համայնքը և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորությունները:

Վերոհիշյալ նորմերից բխում է, որ տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի՝ համայնքի ավագանու գործառույթը համայնքի բնակչության կամքի արտահայտումն է և վերջինիս անունից իշխանություն իրականացնելը, իսկ տեղական ինքնակառավարման գործադիր մարմնի գործառույթն է կառավարչական, կազմակերպական գործունեությունը:

Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղական ինքնակառավարման սկզբունքները նշված հոդվածով, ի թիվս այլնի, սահմանված են հետևյալ սկզբունքները՝ տեղական ինքնակառավարման իրավունքի իրականացումը՝ ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ, ընդհանուր, հավասար, ազատ ընտրական իրավունքի հիման վրա ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը։

Օրենքը սահմանում է համայնքի ավագանու նիստեր հրավիրելու, անցկացնելու գործընթացը կարգավորող ելակետային դրույթները՝ այդ գործընթացին մասնակցությունը բաշխելով համայնքի ղեկավարի և ավագանու միջև՝ վերջիններիս համապատասխան հակակշռող և զսպող լիազորություններ վերապահելու միջոցով։

Այսպես Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որով սահմանվում են ավագանու գործունեության կազմակերպումը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր (13-րդ հոդվածի 4-րդ մաս):

Օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող և օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ, որոնց վերաբերյալ կազմում է արձանագրություններ: Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:

Օրենքի «Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը» վերտառությամբ 14-րդ հոդվածը սահմանում է

«1. Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների (այսուհետ՝ վարչական ղեկավար) կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից: (...)

2. Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, և չորս տոկոսը` մինչև հազար բնակիչ ունեցող համայնքներում: (․․․)

 3. Եթե հարցերի հեղինակներ են համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարը կամ ավագանու անդամը, ապա պետք է ներկայացվեն որոշման նախագծեր, որոնց կցվում են դրանց ընդունման հիմնավորումը, նախագծի ընդունման դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը, ինչպես նաև ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների հետևանքով ստացված առարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման պատճառների վերաբերյալ:

 4. Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:(...) 

6. Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ»:

Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցային ցանցի, այդ թվում՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով:

Օրենքը համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու լիազորությունը վերապահել է համայնքի ղեկավարին կամ նրա պաշտոնակատարին (Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)։

Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ավագանու անդամների այն քանակը, որն անհրաժեշտ է համայնքի ավագանու նիստում քվորում ապահովելու համար։ Ըստ այդ նորմի՝ համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:

Օրենքի նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքի ավագանու որոշումներն ընդունվում են ավագանու` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը (Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մաս):

Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է ավագանու նիստն արձանագրելու պահանջ։ Ավագանու նիստերի արձանագրություններն ստորագրում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները:

Ըստ Օրենքի 17-րդ հոդվածի՝ արտահերթ նիստի օրակարգի ձևավորումը, արտահերթ նիստի մասին տեղեկացումն ու անցկացումն իրականացվում են հերթական նիստի համար նույն Օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով նույն հոդվածի առանձնահատկությունները: Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ (Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս):

Վերոհիշյալ իրավակարգավորումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ավագանու նիստերը պետք է անցկացվեն օրենքով իմպերատիվ կերպով սահմանված պարբերականությամբ, այն է` ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ։ Օրենքը նախատեսում է նաև արտահերթ նիստեր հրավիրելու իրավական հնարավորություն։

Ավագանու նիստեր (ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ) հրավիրելու և անցկացնելու լիազորությունն օրենսդիրը վերապահել է համայնքի ղեկավարին (նրա պաշտոնակատարին), որպիսի լիազորությունը վերջիններս իրականացնում են Օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով։ Համայնքի ղեկավարի կամ նրա պաշտոնակատարի կողմից ավագանու նիստի հրավիրումը դրսևորվում է նրանում, որ ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը (պաշտոնակատարը) հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը։

Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ օրենսդիրն օժտել է համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարներին, ինչպես նաև՝ որպես տեղական ինքնակառավարմանն անմիջական մասնակցության դրսևորում՝ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսին (ընդհանուր կանոնի համաձայն), իսկ նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ։

Համայնքի ավագանու՝ որպես կոլեգիալ ներկայացուցչական մարմնի նիստի իրավազորությունն ապահովվում է նիստին ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությամբ։ Ավագանու նիստը համարվում է չկայացած հետևյալ դեպքերում

- կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստին ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությունը,

- կես ժամվա ընթացքում համայնքի ղեկավարը չի ներկայանում նիստին։

Ավագանու նիստը չկայանալու փաստը արձանագրվում է արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա ավագանու անդամները։

Ավագանու նիստում որոշումներն ընդունվում են ավագանու` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի որոշումները կնքում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը։

 

Օրենքը սահմանում է, ի թիվս այլնի, համայնքի ավագանու հետևյալ հակակշռող և զսպող լիազորությունները մասնավորապես, համայնքի ավագանին նույն Օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ (Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ), վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ (Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ), որոշում է կայացնում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ (Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետ)։ Իր հերթին Օրենքն ամրագրում է համայնքի անդամի, համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրավական հնարավորությունն ու կարգը։

Օրենքը սահմանում է ինչպես ավագանու անդամի, ավագանու, այնպես էլ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը։ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից։ Այս հիմքով ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում ավագանին նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`

1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում.

2) օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր»։

Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը սահմանված են Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում։ Նշված հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:

Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է «Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 7-րդ կետի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն, իսկ 7-րդ կետով սահմանված դեպքում նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կամ կազմում է արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:»։ Նույն հոդվածի 5-րդ 6-րդ մասերը սահմանում են «5Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված որոշումը կամ արձանագրությունները համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն և կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը (արձանագրությունը) կամ դադարելու մասին արձանագրությունն ստանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ»:

Համայնքի ավագանու նիստեր հրավիրելու ու անցկացնելու կարգի, համայնքի ավագանու, նրա անդամի, համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերոհիշյալ հիմքերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու գործում առանցքային նշանակություն ունի տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմնի՝ համայնքի ավագանու նիստերի՝ օրենքով սահմանված պարբերականությամբ անխափան հրավիրումն ու անցկացումը։ Ելնելով այդ առանցքային նշանակությունից՝ օրենսդիրը սահմանել է այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում ավագանու անդամի՝ նիստերին տևական ժամանակ չմասնակցելու, համայնքի ղեկավարի կողմից որոշակի ժամանակահատվածում համայնքի ավագանու նիստեր չհրավիրելու և (կամ) չանցկացնելու դեպքում։ Պայմանավորված նրանով, թե տեղական ինքնակառավարման որ մարմնի (ներկայացուցչական, թե՞ գործադիր) վարքագծի արդյունքում է խաթարվել օրենքով սահմանված պարբերականությամբ համայնքի ավագանու նիստեր հրավիրելու ու անցկացնելու իմպերատիվ պահանջը՝ օրենսդիրը՝ որպես այդ պահանջը խախտելու իրավական հետևանք, ամրագրում է կա՛մ համայնքի ավագանու, նրա անդամի, կա՛մ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։

 Ընդհանուր կանոնի համաձայն՝ համայնքի շահերին վերաբերող և օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված հարցերի քննարկումը տեղի է ունենում համայնքի ավագանու իրավազոր նիստում, և այդ հարցերի վերաբերյալ նիստի արդյունքներով կայացվում է որոշում նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։ Միաժամանակ, օրենսդիրը, կանխատեսելով, որ առանձին հարցերի քննարկման նպատակով նիստ հրավիրելն ու (կամ) անցկացնելը կարող են օբյեկտիվորեն անհնարին դառնալ, սահմանել է որոշակի ընթացակարգ, որի կիրառմամբ տվյալ հարցի քննարկումը տեղի է ունենում նիստի բացակայության պայմաններում։ Այդ ընթացակարգը կիրառելի է համայնքի ավագանու, նրա անդամի, համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցի քննարկման դեպքում, եթե օբյեկտիվորեն անհնարին է նիստ հրավիրելը և (կամ) անցկացնելը։

Այսպես, համայնքի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմք է մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի (որը պետք է արտացոլված լինի իր մասնակցությամբ ավագանու նիստերի ընթացքում ընդունված փաստաթղթերի ստորագրություններով) ավելի քան կեսից անհարգելի պատճառով բացակայելը։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ այս հիմքով ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը տեղի է ունենում համայնքի ավագանու նիստում, որի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությունը նիստին։ Նիստի արդյունքներով համայնքի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվում է նիստին ներկա համայնքի անդամների ձայների երկու երրորդով։ Միաժամանակ, օրենսդիրը, հաշվի առնելով, որ գործնականում կարող է առաջանալ համայնքի ավագանու նիստ գումարելու անհնարինության վիճակ, նախատեսել է նշված հիմքով ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման իրավական հնարավորություն՝ առանց նիստ գումարելու այս դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:

Հաշվի առնելով, որ համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով օբյեկտիվորեն կարող է նաև անհնարին դառնալ ավագանու նիստերի անցկացումը, մասնավորապես, կարող է անհնարին դառնալ համայնքի նիստի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ՝ համայնքի ավագանու անդամների ներկայությունը, այս դեպքում ևս օրենսդիրը նախատեսել է առանց նիստ գումարելու՝ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման իրավական հնարավորություն։ Նշված իրավիճակում ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը (Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մաս)։

Նմանապես, հաշվի առնելով, որ համայնքի ղեկավարը կարող է անգործություն դրսևորել իր իսկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով համայնքի ավագանու նիստ հրավիրելու և (կամ) անցկացնելու հարցում, ինչի արդյունքում համայնքի ավագանու նիստ հրավիրելու և անցկացնելու լիազորության՝ միայն համայնքի ղեկավարին (պաշտոնակատարին) վերապահված լինելու պայմաններում այլևս անհնարին կդառնա վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հիմքով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու՝ համայնքի ավագանու զսպող լիազորությունը գործնականում իրացնելու հնարավորությունը՝ օրենսդիրը նախատեսել է համայնքի ավագանու այս լիազորությունն առանց նիստ հրավիրելու իրացնելու իրավական հնարավորությունը։ Ընդհանուր կանոնի համաձայն՝ վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հիմքով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը տեղի է ունենում համայնքի ավագանու նիստում, որի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելիի ներկայությունը նիստին։ Նիստի արդյունքներով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումն ընդունվում է նիստին ներկա համայնքի ավագանու անդամների ձայների երկու երրորդով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործնականում կարող է առաջանալ նշված օրակարգով համայնքի ավագանու նիստ գումարելու անհնարինության վիճակ, մասնավորապես, համայնքի ղեկավարի կողմից իր իսկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով նիստ չհրավիրելու հետևանքով՝ օրենսդիրը նախատեսել է նշված հիմքով ավագանու ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման իրավական հնարավորություն՝ առանց նիստ գումարելու այս դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը հաստատվում է ներկա ավագանու անդամների երկու երրորդով:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ավագանու, նրա անդամի կամ համայնքի ղեկավարի վարքագծի պատճառով տևական ժամանակ համայնքի ավագանու նիստեր հրավիրելու և (կամ) անցկացնելու անհնարինության դեպքում վերը նշված ընթացակարգի (համայնքի ավագանու, նրա անդամի, համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում առանց նիստ գումարելու) բացակայության դեպքում գործնականում հնարավոր չէր լինի հաղթահարել տեղական ինքնակառավարման մակարդակում այն ճգնաժամը, որը կարող է առաջանալ նիստ հրավիրելու և անցկացնելու օբյեկտիվ անհնարինության դեպքում, ինչի արդյունքում ի վերջո կխաթարվի զսպումների և հակակշիռների համակարգը և կվտանգվի համայնքի խնդիրների լուծումը։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման ընթացակարգն ուղղված է տեղական ինքնակառավարման մակարդակում ճգնաժամերի հաղթահարմանը և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն աշխատանքն ապահովելուն։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ ավագանու նիստ հրավիրելու և (կամ) անցկացնելու անհնարինության պայմաններում համայնքի ավագանու, նրա անդամի կամ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը տեղի է ունեցել վերը նշված ընթացակարգին համապատասխան, այն է՝ առանց նիստ գումարելու, և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, ապա «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու նիստի քվորումի պահանջը սահմանող 16-րդ հոդվածի 3-րդ մասի նորմն այլևս կիրառելի չէ։ Ըստ այդմ՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կազմված արձանագրության իրավաչափությունն ստուգելիս այլևս չի կարևորվում Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված քվորումի պահպանված լինելու (չլինելու) հանգամանքը, և այդ պահանջը չբավարարելու փաստն ինքնին չի կարող պայմանավորել արձանագրության ոչ իրավաչափությունը, քանզի արձանագրությունը կազմվում է առանց նիստ հրավիրելու և (կամ) անցկացնելու, իսկ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված քվորումի պահանջը վերաբերում է միայն օրենքով սահմանված կարգով հրավիրված նիստին։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Նորայր Գրիգորյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունը և ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը։

Դատարանի 28.09.2020 թվականի վճռով Նորայր Գրիգորյանի հայցը բավարարվել է մասնակիորեն անվավեր է ճանաչվել ՀՀ Արարատի մարզպետի 27.09.2019 թվականի թիվ ՄԿ-220-2019 կարգադրությունը: Հայցապահանջը մնացած մասով մերժվել է։

 Դատարանը, մասնավորապես, արձանագրել է«․․․համայնքի ղեկավարը պարտավոր է ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ հրավիրել համայնքի ավագանու նիստ, որից յոթ օր առաջ պետք է հրապարակի ավագանու նիստի օրակարգի նախագիծը, ինչպես նաև նիստի անցկացման վայրը և ժամանակը: Սույն դեպքում (․․․) Հայցվորի կողմից դատարանին չի ներկայացվել, ինչպես նաև վարչական գործում առկա չէ որևէ գրավոր պատշաճ ապացույց (․․․) օրենսդրի կողմից սահմանված նիստերի օրվա և ժամանակի մասին պատշաճ ծանուցելու և նիստերի նախագծի տրամադրման կամ կայքում տեղադրման վերաբերյալ»:

Դատարանը եզրահանգել է, որ «․․․համայնքի ավագանու չորս անդամների կողմից 10.09.2019 թվականին կազմված արձանագրությունը, որն էլ հիմք է հանդիսացել հետագայում համայնքի ղեկավարի լիազորությունները Պատասխանողի կողմից վաղաժամկետ դադարեցնելու համար, իրավաչափ է, հետևաբար Հայցվորի պահանջը` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու մասով ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը, 24102022 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 28092020 թվականի վճիռը մերժված` ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու 10.09.2019 թվականի արձանագրությունն անվավեր է ճանաչել հետևյալ պատճառաբանությամբ «Նորաշեն համայնքի ավագանին իրավազորություն կարող էր ունենալ բացառապես դրա անդամների կեսից ավելիի` ավագանու նիստին մասնակցելու պարագայում: (․․․) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (․․․) Նորաշեն համայնքի ավագանին իրավազոր կլիներ, եթե ավագանու նիստերին մասնակցեին առնվազն 5 ավագանու անդամ:

Սույն դեպքում սակայն, Նորաշեն համայնքի ավագանին վիճարկվող արձանագրությունը կայացրել է ավագանու 4 անդամի կողմից հրավիրված, բացառապես այդ 4 անդամի մասնակցությամբ կայացված նիստում: Վերաքննիչ դատարանը փաստում է, նաև, որ ավագանին, հանդիսանալով կոլեգիալ մարմին, իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որպիսի գործունեությունը կարող է իրականացվել, այսինքն` նիստերը կարող են կայացվել, ավագանու իրավազորության պայմաններում, որպիսի հանգամանքի համար առանցքային է առնվազն ավագանու անդամների` կեսից ավելիի մասնակցությունը նիստերին: Այսինքն, ավագանու նիստը կարող է իրավազորություն ունենալ բացառապես ավագանու անդամների կեսից ավելիի մասնակցության պարագայում: Իսկ անհրաժեշտ քանակի չապահովման պարագայում նիստը համարվում է չկայացած:

Սույն դեպքում վիճարկվող արձանագրությունը կազմվել է Նորաշեն համայնքի 4 ավագանու անդամի կողմից այն պարագայում, երբ այդ համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թիվը 9-ն է, իսկ փաստացի թիվը` 8, որպիսի դեպքում ավագանու նիստը իրավազոր է առնվազն 5 ավագանու անդամի մասնակցության պարագայում:

Ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող արձանագրության կազմման և հաստատման համար Նորաշեն համայնքի ավագանու նիստը չի ունեցել իրավազորություն:
 (
․․․) համայնքի ավագանու գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որի ընթացքում կայացվում են որոշումներ, ինչպես նաև կազմվում են արձանագրություններ, սակայն ավագանու գործունեության իրականացման համար նախ պետք է կայացվի ավագանու նիստ, որի կայացման համար առանցքային պայման է դրա իրավազորությունը: Սույն դեպքում սակայն Նորաշեն համայնքի ավագանու 4 անդամների կողմից կազմված արձանագրությունը չի կարող համարվել իրավազոր ավագանու կողմից կազմված որոշում, քանզի այն նիստը, որի ընթացքում կազմվել է այդ արձանագրությունը, իրավազոր չի եղել, հետևապես վիճարկվող արձանագրությունը իրավաչափ չէ»:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բովանդակությունից բխում է, որ համայնքի ավագանու կողմից 10092019 թվականին կազմված արձանագրության ոչ իրավաչափությունը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է նրանով, որ համայնքի ավագանու նիստում չի ապահովվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված քվորումի պահանջը։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ նույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով (եթե համայնքի ղեկավարը վեց ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ) համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կարող է տեղի ունենալ ինչպես համայնքի ավագանու նիստի արդյունքում ընդունված որոշմամբ, այնպես էլ առանց նիստ գումարելու, որպիսի դեպքում այլևս նիստի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ՝ համայնքի ավագանու անդամների ներկայություն չի պահանջվում։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանից նախևառաջ պահանջվում էր պարզել՝ արդյոք համայնքի ավագանու կողմից 10092019 թվականին հրավիրվել է համայնքի ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով։

Գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ համայնքի ղեկավարն իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով նիստ է հրավիրել։ Ավելին, հայցադիմումում, վերաքննիչ բողոքում հայցվոր կողմը պնդում է, որ համայնքի ղեկավարի կողմից վերջին նիստը հրավիրվել է 22082019 թվականին (հատոր 1-ին, գթ 5, հատոր 4-րդ, գ թ 7)։ Հետևաբար, համայնքի ավագանու նիստ հրավիրելու լիազորությամբ օժտված միակ սուբյեկտի կողմից խնդրո առարկա օրակարգով նիստ չհրավիրելու պայմաններում սույն դեպքում առկա է եղել համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը համայնքի ավագանու նիստում քննարկելու և նիստի արդյունքներով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու անհնարինություն։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում գործել է Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ համայնքի ավագանու անդամների կողմից առաջարկված օրակարգն առանց նիստի քննարկելու ընթացակարգը, որպիսի պայմաններում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստն արձանագրվում է համայնքի ավագանու ներկա անդամների երկու երրորդի կողմից արձանագրություն կազմելու ու հաստատելու միջոցով։

Գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արձանագրությունը կազմելիս ներկա է գտնվել համայնքի ավագանու հինգ անդամ՝ Արտակ Հարությունյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Չոբանյանը, Գեղամ Մեսրոպյանը և Վահագն Մինասյանը. մասնավորապես, գործում առկա է 10092019 թվականին կազմված արձանագրություն, ըստ որի՝ «նիստը պետք է տեղի ունենար Նորաշեն համայնքի համայնքապետարանում, որտեղ ներկա էին ավագանու 8 անդամներից 5-ը՝ Արտակ Հարությունյան, Գարիկ Սարգսյան, Էդուարդ Չոբանյան, Գեղամ Մեսրոպյան և Վահագն Մինասյանը, բայց քանի որ համայնքապետ Ն Գրիգորյանը հրաժարվել էր կազմակերպել և վարել նիստը, իսկ աշխատակազմի ղեկավար Ք Ղազարյանը պետք է արձանագրեր պատճառաբանեցին, որ իրենք գրություն են ուղարկել պատկան մարմիններին՝ ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ», նշված արձանագրության տակ նշված են համայնքի ավագանու ներկա հինգ անդամի անուն ազգանունները, դրանցից չորսի առջև առկա են վերջիններիս ստորագրությունները, բացակայում է Վահագն Մինասյանի ստորագրությունը (հատոր 1-ին, գթ 139-140

Ավելին, գործում առկա չէ որևէ ապացույց համայնքի ավագանու ներկա անդամների այլ թվաքանակի վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 10092019 թվականի վիճարկվող արձանագրությունն ստորագրել են համայնքի ավագանու անդամներից չորսը՝ Արտակ Հարությունյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Չոբանյանը և Գեղամ Մեսրոպյանը։ Այսինքն՝ արձանագրությունն ստորագրելիս պահպանվել է Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջն առ այն, որ արձանագրությունը պետք է հաստատվի ներկա ավագանու անդամների երկու երրորդով (ներկա են եղել համայնքի ավագանու հինգ անդամ, արձանագրությունն ստորագրել են նրանցից չորսը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել և կիրառվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի նորմը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն է համայնքի ավագանու կողմից 10092019 թվականին կազմված արձանագրությունը ճանաչել անվավեր՝ համայնքի ավագանու նիստի իրավազորությունն ապահովելու համար անհրաժեշտ համայնքի անդամների քանակի բացակայության պատճառաբանությամբ։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին, գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Նոր քննության վարույթում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի խնդիրն է քննարկման առարկա դարձնել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ու հիմնավորումները, որոնց Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում ըստ էության անդրադարձ չի կատարվել։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.10.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

ռ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: