ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0292/05/23 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ6/0292/05/23 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
լ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան | ||
ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի հունիսի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սերյան Աղվանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06․12․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Սեյրան Աղվանյանի ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ Ծառայության 22.05.2023 թվականի թիվ 8180220784 և 30.06.2023 թվականի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սերյան Աղվանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.05.2023 թվականի թիվ 8180220784 և 30.06.2023 թվականի որոշումները։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հ. Մուրադյան) (այսուհետ՝ Դատարան) 31.10.2023 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.12.2023 թվականի որոշմամբ Դատարանի 31.10.2023 թվականի վճռի դեմ Սերյան Աղվանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերյան Աղվանյանը (ներկայացուցիչ՝ Հովսեփ Դավթյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ գտնելով որ վիճարկվող վարչական ակտերով հայցվորի նկատմամբ չի կիրառվել դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց։ Մինչդեռ սույն դեպքում Սեյրան Աղվանյանի նկատմամբ 22.05.2023 թվականի թիվ 8180220784 որոշմամբ կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց՝ 3․000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ, հետևաբար Դատարանի 31.10.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը ենթակա է հաշվարկման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով, որը կազմում է 14․000 ՀՀ դրամ, իսկ այդ գումարի վճարման պատշաճ ապացույցը կցված է վերաքննիչ բողոքին։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ակտերի բողոքարկման համար օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականության առանձնահատկություններին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
Դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումները, ի թիվս այլնի, ներառում են դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը, որի նպատակը պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցումն է, ինչպես նաև ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը կանխարգելելն է։
Ըստ Եվրոպական դատարանի՝ արդարադատության պատշաճ իրականացման նպատակը կարող է արդարացնել դատարան դիմող սուբյեկտների համար ֆինանսական սահմանափակումներ նախատեսելը։ Քաղաքացիական դատարան դիմելու համար պետական տուրքի սահմանումը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության սահմանափակում, որն ինքնին անհամատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ։ Այնուամենայնիվ, պետական տուրքի չափը՝ գնահատված տվյալ գործի հանգամանքների համատեքստում, ներառյալ՝ դիմողի վճարունակությունը, և դատավարության այն փուլը, որում կիրառվում է տվյալ սահմանափակումը, էական գործոններ են՝ որոշելու համար արդյոք անձն օգտվել է դատարանի մատչելիության իր իրավունքից և արդյոք նրա գործը լսվել է դատարանի առջև (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետեր 59-60)։
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված դեպքերում դատական ակտերի դեմ բողոքարկման համար պետական տուրք վճարելու պարտականության և դատարանի մատչելիության իրավունքի հարաբերակցությանը, արձանագրել է՝ որ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի նկատմամբ կարող են նախատեսվել սահմանափակումների տեսքով որոշակի պահանջներ։ Իրենց հերթին այդ պահանջները չպետք է հանգեցնեն դատական պաշտպանության իրավունքի ոչ համաչափ սահմանափակման։ Ի թիվս այլնի, նման սահմանադրական պահանջ է Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա օրենքով սահմանված դեպքերում նախատեսված՝ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունը։ Փաստորեն, նշված սահմանադրական պարտականությունը գտնվում է դատական պաշտպանության իրավունքի, ի մասնավորի՝ դատական ակտերի բողոքարկման իրավունքի հետ սերտ կապի մեջ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված դեպքերում դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ պետական տուրքի վճարման հանգամանքով է պայմանավորված արդարադատություն իրականացնող մարմիններին դիմելու անձանց հնարավորությունը։ Ուստի՝ պետական տուրքի վճարման պարտականության նախատեսումը չի կարող ուղղված լինել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից անձին զրկելուն կամ այդ իրավունքի իրացումը սահմանափակելուն։ Ավելին՝ դատարան դիմելու, այդ թվում՝ ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարելու պարտականությունն այլ հավասար պայմանների դեպքում դատարանի մատչելիության իրավունքի լեգիտիմ սահմանափակում է: ՀՀ սահմանադրական դատարանը հատկապես կարևորել է այն, որ նման սահմանափակումներ նախատեսված լինելու դեպքում իրավակիրառողները ոչ մի դեպքում չպետք է այդ սահմանափակումներ նախատեսող նորմերին տան տարածական մեկնաբանություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 23․04․2024 թվականի ՍԴՈ-1726 որոշումը)։
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը, տուրքերի տեսակները և դրույքաչափերը, տուրք վճարողներին, տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ «Օրենք»), որին հղում է կատարում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը։ Վերջինիս համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (իրավահարաբերության ծագման պահին գործով խմբագրությամբ)։ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրքը դիտարկում է ինչպես դատարան դիմելու, այնպես էլ դատական ակտերի դեմ վերաքննության և վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու իրավունքի իրացման նախապայման՝ հայցադիմում (դիմում), վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնող սուբյեկտների համար սահմանելով համապատասխանաբար հայցադիմումին (դիմումին), վերաքննիչ և վճռաբեկ բողոքներին կից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիր` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, ներկայացնելու, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու օրենքով նախատեսված հնարավորության դեպքում՝ դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պարտականություն (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 134-րդ հոդվածի 4-րդ մաս, 158-րդ հոդվածի 5-րդ մաս)։
Պետական տուրքը, պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է (Օրենքի 2-րդ և 7-րդ հոդվածներ):
Պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելու հետ միաժամանակ օրենսդիրը, դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու նպատակից ելնելով, սահմանել է որոշակի արտոնություններ։ Մասնավորապես, Օրենքի 22-րդ հոդվածով օրենսդիրը որոշակի կատեգորիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց ազատել է պետական տուրքի վճարումից ինչպես առաջին ատյանի դատարան դիմելիս, այնպես էլ առաջին ատյանի դատական ակտերը վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկելիս։ Միաժամանակ, Օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն, ելնելով կողմերի գույքային դրությունից, անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու համար անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ պետական տուրք վճարելու արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվում է օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականություն չունեցող սուբյեկտի կողմից, նման միջնորդությունն առարկայազուրկ է և որպես այդպիսին ենթակա չէ քննարկման։ Իսկ պետական տուրք վճարելու՝ օրենքով սահմանված պարտականություն ունեցող անձի կողմից արտոնություն կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությամբ վերջինիցս պահանջվում է ներկայացնել բավարար փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ առ այն, որ իր գույքային դրությունը թույլ չի տալիս կատարելու պետական տուրք վճարելու պարտականությունը:
Օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նշված հոդվածը բովանդակային էական փոփոխության է ենթարկվել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն ՀՀ օրենքով։ Նշված օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ և ուժի մեջ է մտել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։ Վերջինիս անցումային դրույթների համաձայն՝ օրենքը տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա:
««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-177-Ն ՀՀ օրենքով շարադրված խմբագրությամբ (ներկայումս գործող խմբագրություն) Օրենքի 9-րդ հոդվածը նախևառաջ տարանջատում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերը՝ դրանցից յուրաքանչյուրի համար սահմանելով առանձին դրույքաչափեր՝ պայմանավորված քաղաքացիական դատավարության կարգով և վարչական դատավարության կարգով քննվող գործերի բնույթով և առանձնահատկություններով։
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերը:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերը պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ հիմնական խմբերի․
1ա․ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործերով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
1բ․ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
1գ․ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
2ա․ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափեր, որոնցով վիճարկվող վարչական ակտով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց,
2բ․ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ, որոնցով վիճարկվող վարչական ակտով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց,
2գ․ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ, որոնցով վիճարկվող վարչական ակտով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց,
3ա․ հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմում (հայցադիմում) ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
3բ․ հատուկ վարույթի գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
3գ․ հատուկ վարույթի գործերով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
4ա․ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ,
4բ․ գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի դրույքաչափ։
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը պետական տուրքի այլ դրույքաչափ է նախատեսել ընդհանուր հայցային վարույթի կարգով քննվող այն գործերով հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար, որոնցով վիճարկվող վարչական ակտով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց (Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետեր)։ Օրենսդրի մոտեցումն այս գործերով հանգում է նրան, որ ի տարբերություն վարչական ակտերի վիճարկման այլ դեպքերի, դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց սահմանող վարչական ակտերի վիճարկման դեպքում պետական տուրքի դրույքաչափը պայմանավորվում է այդ վարչական ակտով սահմանված դրամական պարտավորության չափով։ Այլ կերպ՝ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքում հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պահանջվող պետական տուրքի չափը կախված է վարչական տույժի, տուգանքի չափից․ այս դեպքում հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրքի չափը ձևավորվում է ըստ հետևյալ բանաձևի՝ պետական տուրքի չափը կազմում է բազային տուրքի նկատմամբ որոշակի գործակցի (ըստ վարչական տույժի, տուգանքի չափի) կիրառմամբ ձևավորված գումարի և վարչական տույժի որոշակի չափը գերազանցող գումարի որոշակի տոկոսային չափի հանրագումարը։ Ըստ այդմ՝ պայմանավորված վարչական տույժի, տուգանքի չափով՝ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա»-«ը» ենթակետերը սահմանում են պետական տուրքի տարբեր դրույքաչափեր։
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց» ձևակերպման մեկնաբանության արդյունքում հստակեցնել այն վիճարկման հայցերի շրջանակը, որոնց նկատմամբ կիրառելի են Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետերով սահմանված դրույքաչափերը։
Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170․3-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրել է․ «(․․․) հարկային պարտավորությունների չկատարման (ոչ պատշաճ կատարման) բնութագրիչներ պարունակող արարքի որակման և իրավագնահատման հարցում (եթե բացակայում են հանցակազմի հատկանիշները) օրենսդիրն ըստ էության տարանջատել է վարչական և հարկային պատասխանատվության տեսակները՝ նկատի ունենալով» «Հարկերի մասին» ՀՀ օրենքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորման առարկաները, վարչական և հարկային պատասխանատվության նպատակները, վարչական պատասխանատվության բնագավառին հատուկ ինստիտուտները, վարչական և հարկային պատասխանատվության սուբյեկտների տարբերակված կազմը։ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, առաջնորդվելով իր հայեցողական լիազորություններով, տարանջատել է հարկային և վարչական պատասխանատվության բնագավառները` նկատի ունենալով հարկային հարաբերությունների կարգավորման սահմանադրաիրավական առանձնահատուկ կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ սահմանադրական կարգի ու օրինականության պահպանման համատեքստում։ Այդ տարանջատումն ինքնին հետապնդում է իրավական որոշակի նպատակ և սահմանադրականության խնդիր չի հարուցում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18․02․2014 թվականի թիվ ՍԴՈ-1139 որոշումը)։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ և 9-րդ կետերը կիրառելի չեն դրամական արտահայտությամբ հարկային պատասխանատվություն սահմանող վարչական ակտերի վիճարկման հայցերի նկատմամբ։ Նշված դրույթները կիրառելի են միայն դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց սահմանող վարչական ակտերի վիճարկման հայցերի նկատմամբ, այն է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված վարչական իրավախախտումների համար տույժ, տուգանք սահմանող վարչական ակտերի վիճարկման հայցերի նկատմամբ։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանատվություն սահմանող վարչական ակտերի վիճարկման դեպքում դատարանը նախևառաջ պետք է պարզի՝ կիրառված պատասխանատվությունն ունի՞ դրամական արտահայտություն, թե՝ ոչ։ Այնուհետև պետք է պարզի պատասխանատվության բնույթը․ վերջինս վարչական պատասխանատվությու՞ն է, թե՝ ոչ։ Եթե կիրառված պատասխանատվությունն իր բնույթով վարչական է, ապա կիրառման են ենթակա Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա»-«ը» ենթակետերով սահմանված դրույքաչափերից որևէ մեկը՝ պայմանավորված վիճարկվող վարչական ակտով սահմանված տույժի, տուգանքի չափով, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների առնչությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերը։ Հայցվորին, բողոք բերող անձին այդ դրույքաչափերով հաշվարկված պետական տուրքի չափից ավելին վճարել պարտավորեցնելն անհամաչափ միջամտություն է անձի դատարանի մատչելիության իրավունքին, որը խաթարում է արդարադատության բուն էությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Ծառայության 22.05.2023 թվականի թիվ 8180220784 և 30.06.2023 թվականի որոշումները (գ․ թ․ 4-8)։
Դատարանը 31.10.2023 թվականի վճռով Սեյրան Աղվանյանի հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) Դատարանի գնահատմամբ վարչական վարույթի նյութերում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի կողմից առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու փաստը։ (...) դատարանն արձանագրում է, որ իրավախախտման փաստը հաստատված լինելու պայմաններում արձանագրության և տեսանյութերում առկա ժամերում, րոպեների տարբերությամբ, անհամապատասխանություններ առկա լինելու փաստն (...) չի կարող հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար: (...) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության «Արձանագրությանը ծանոթացա, իմ իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը և խախտման քննարկման վայրի ու ժամանակի վերաբերյալ ծանուցումը ստացա» հատվածում առկա է հայցվորի ստորագրությունը, ինչը փաստում է, որ հայցվորին տրամադրվել է նրա իրավունքների ու պարտականությունների մասին քաղվածքը: (...) հայցվորի այն փաստարկին, որ պարեկային ծառայողների կողմից հայցվորի նկատմամբ իրականացվել է վարչական բերում, ինչին հակառակ վերջիններս սահմանված կարգով հայցվորին չեն ծանուցել անձի իրավունքների և ազատությունների և սահմանափակման հիմքերի, ինչպես նաև հիմնարար իրավունքների վերաբերյալ՝ Դատարանն արձանագրում է, որ այդ փաստարկները, ըստ էության, վերաբերում են վարչական մարմնի գործողությունների (անգործության) իրավաչափությանը, մինչդեռ, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 66-րդ և 124-րդ հոդվածների իմաստով, նշված փաստարկների գնահատումը դուրս է սույն հայցի շրջանակներից, քանի որ Դատարանին նման պահանջ չի ներկայացվել: Նման պայմաններում վերը նշված ապացույցներն ու դատողություններն իրենց համակցության մեջ բավարար են եզրահանգելու, որ (․․․) վարչական վարույթի նյութերում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի կողմից իրավախախտման կատարման փաստը:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ 22.05.2023 թվականի թիվ 8180220784 որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, ուստի հայցը ենթակա է մերժման։ (...)»:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով Դատարանի 31.10.2023 թվականի վճռի դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է հետևյալ պատճառաբանությամբ․ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ հայցադիմումի ներկայացման պահին գործող խմբագրությամբ 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի դրույքաչափերը, ըստ որի.
«(...) 4) վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի`բազային տուրքի 20-ապատիկի չափով
5) սույն մասի 2-րդ կետով նախատեսված վարչական ակտերի վիճարկման արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 10-ապատիկի չափով (...)», իսկ 2-րդ կետով սահմանվել է այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց:
(․․․)
Տվյալ դեպքում, Մարուս Մուրադյանի կողմից բողոքարկվող գործի պահանջը վերաբերում է 22.05.2023թ. թիվ 8180220784 և 30.06.2023թ. որոշումներն անվավեր ճանաչելուն, որոնցով չի կիրառվել դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց:
Հետևաբար, բողոք բերող անձի կողմից պետք է վճարվեր 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք: Մինչդեռ, բողոքին կցվել է 14.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, ինչպես նաև չվճարված մասով չի ներկայացվել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն»։
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բովանդակությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող որոշումներով դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց կիրառված չէ, և ըստ այդմ՝ կիրառելի է ընդհանուր հայցային վարույթի գործերով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի դրույքաչափը սահմանող ընդհանուր նորմը։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքաբերը թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, ինչը նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք է։
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ․
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման առ այն, որ Ծառայության 22.05.2023 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180220784 որոշմամբ դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառվել։
Այսպես, Ծառայության 22.05.2023 թվականի վարչական իրավախախտման գործով թիվ 8180220784 որոշման համաձայն՝ Սեյրան Աղվանյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 3.000 ՀՀ դրամի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավախախտում կատարելու համար: Որպես խախտված իրավական նորմ՝ նշվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը։
Ծառայության 30.06.2023 թվականի որոշմամբ Ծառայության 22.05.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ գործով թիվ 8180220784 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 22.05.2023 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ գործով թիվ 8180220784 որոշմամբ կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց, որպիսի պայմաններում Դատարանի 31.10.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը ենթակա էր հաշվարկման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով։
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով կիրառվել է դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց՝ մինչև 10 հազար ՀՀ դրամը ներառյալ, պետական տուրքը գանձվում է բազային տուրքի քառապատիկի չափով։ Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ բազային տուրքի չափ է սահմանվում 1․000 ՀՀ դրամը:
Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ դրամական արտահայտությամբ վարչական պատասխանատվության միջոց կիրառած վարչական ակտերի վիճարկման արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 10-ապատիկի չափով։
Վերը նշված նորմերին համապատասխան Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 3․000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ սահմանող Ծառայության 22.05.2023 թվականի թիվ 8180220784 որոշման վիճարկման արդյունքով կայացված Դատարանի 31.10.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար պետական տուրքը կազմում է 14․000 ՀՀ դրամ՝ վարչական դատարանում վճարման ենթակա պետական տուրքի գումարին՝ 4․000 ՀՀ դրամին, գումարած 10․000 ՀՀ դրամ։
Ինչ վերաբերում է Ծառայության 30.06.2023 թվականի որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն կայացվել է Ծառայության 22.05.2023 թվականի թիվ 8180220784 որոշման բողոքարկման արդյունքում և այդ պահանջն օրենքի ուժով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մաս) արդեն իսկ ներառված է վիճարկման հայցում, ուստի դրա համար պետական տուրք վճարման ենթակա չէ։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառման էր ենթակա ոչ թե Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, այլ 5-րդ կետը, որին ճիշտ համապատասխան բողոքաբերի կողմից վճարվել է վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված պետական տուրքը՝ 14․000 ՀՀ դրամ (գ. թ. 102)։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը թույլ չի տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, և առկա չի եղել վերաքննիչ բողոքը վերադարձնելու՝ նույն օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումը հանգեցրել է հայցվորի արդյունավետ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի հիմնարար խախտման։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 06․12․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06․12․2023 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Հ. Բեդևյան |
Զեկուցող |
լ. Հակոբյան |
ա. Թովմասյան | |
ռ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: