Գլխավոր տեղեկություն
Համար
N 585
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.03.1995-10.05.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 1991 թվականի N 585

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարկային օրենսդրության, գների պետական կարգապահության, տնտեսական իրավախախտումների նկատմամբ հսկողության համակարգի արմատական կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական հարկային տեսչության և նրա տեղական հարկային տեսչությունների բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչություն (Հայգլխպետհարկտեսչություն): Այդ կապակցությամբ դուրս բերել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական հարկային տեսչությունները:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր պետական հարկային տեսչությունների վրա դնել գների պետական հսկողության ֆունկցիաները:

3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության աշխատողների ընդհանուր թվաքանակը սահմանել 1600 միավոր (առանց շենքերը պահպանող և սպասարկող անձնակազմի), այդ թվում կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը` 80 միավոր:

(հանվել է 11.04.92թ. թիվ 222)

4. Սահմանել, որ Հայգլխպետհարկտեսչության պահպանումը կատարվում է հանրապետական բյուջեի հաշվին:

5. Հաստատել Հայգլխպետհարկտեսչության աշխատողների պաշտոնագրքույկները և աշխատանքի վարձատրության պայմանները, համաձայն NN 1-4 հավելվածների:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայգլխպետհարկտեսչությանը` համատեղ քննության առնել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ Հայգլխպետհարկտեսչության աշխատանքի վարձատրության ֆոնդի, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին:

7. Թույլատրել Հայգլխպետհարկտեսչությանը անցկացնել համակարգի աշխատողների արտահերթ ատեստավորում:

8. Հանձնարարել Հայգլխպետհարկտեսչությանը` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 16-ի N 435 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև տեսչության գործունեության հետ կապված ենթաօրենսդրական ակտերի փաթեթը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991

թվականի հոկտեմբերի 2-ի N 585

որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Հայգլխպետհարկտեսչության մարմիններում աշխատանքի վարձատրության պայմանների եվ նյութական խրախուսման ու սոցիալական զարգացման ֆոնդերի օգտագործման

(հավելվածն ուժը կորցրել է 28.03.95 N 159)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991

թվականի հոկտեմբերի 2-ի N 585

որոշման

Հայգլխպետհարկտեսչության ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Պաշտոնի անվանումը

Ամսական աշխատավարձը (ռուբլիներով)

Տեսչության պետ

1600

Տեսչության պետի տեղակալ (վարչության պետ)

1500

Տեսչության վարչության պետի տեղակալ

1300-1400 

Բաժնի վարիչ

1250-1300

Բաժնի վարիչի տեղակալ 

1150-1250

Գլխավոր պետական հարկային տեսուչ

1100-1150

Խորհրդատու, գլխավոր հաշվապահ

1050-1100

Ավագ պետական հարկային տեսուչ, գլխավոր մասնագետ 

900-1000

Պետական հարկային տեսուչ, առաջատար մասնագետ

850-900

առաջին կարգի մասնագետ

750-850

Երկրորդ կարգի մասնագետ

650-750

մասնագետ

550-650

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991

թվականի հոկտեմբերի 2-ի N 585

որոշման

Հայգլխպետհարկտեսչության ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Պաշտոնի անվանումը

Ամսական աշխատավարձը(ռուբլիներով)

Տեսչության պետ

1200-1250

Տեսչության պետի տեղակալ

1150-1200

Բաժնի վարիչ

1100-1150

Բաժնի վարիչի տեղակալ 

1050-1100

Գլխավոր պետական հարկային տեսուչ, խորհրդատու, գլխավոր հաշվապահ

900-1000

Ավագ պետական հարկային տեսուչ, գլխավոր մասնագետ 

800-850

Պետական հարկային տեսուչ, առաջատար մասնագետ

700-800

առաջին կարգի մասնագետ

600-700

Երկրորդ կարգի մասնագետ

500-600

մասնագետ

400-500

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991

թվականի հոկտեմբերի 2-ի N 585

որոշման

Հայգլխպետհարկտեսչության ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Պաշտոնի անվանումը

Ամսական աշխատավարձը

(ռուբլիներով)

ԱՐԽԻՎԻ  վարիչ

450-500

Ավագ տեսուչ, վիճակագիր, առաջին կարգի սղագրող, հաշվապահ

400-450

Մեքենագրական բյուրոյի, պատճենաբազմացման բյուրոյի վարիչ

400-450

Գանձապահ, պարետ

350-400

Երկրորդ կարգի սղագրող, սղագրող-քարտուղարուհի 300-350
առաջին կարգի մեքենագրուհի

250-300

Առաքիչ, գործավար

250-300

Երկրորդ կարգի մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի

200-250

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991

թվականի հոկտեմբերի 2-ի N 585

 որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչությունը (Հայգլխպետհարկտեսչություն) միասնական համակարգ է, որն իրականացնում է հանրապետության տարածքում ֆինանսական, հարկային և գնագոյացման հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, կառավարության համապատասխան որոշումների և կարգադրությունների կատարման վերահսկողությունը:

2. Հայգլխպետհարկտեսչությունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից:

3. Հայգլխպետհարկտեսչությունը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կառուցվածքային միավոր է:

Վարչատարածքային տեսչություններն ստեղծվում են Հայգլխպետհարկտեսչության կողմից և ենթարկվում են նրան:

4. Հայգլխպետհարկտեսչության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

5. Հայգլխպետհարկտեսչության հիմնական խնդիրներն են`

ա) ֆինանսական, հարկային, գնագոյացման հարցերի վերաբերյալ հանրապետության օրենսդրական ակտերի կատարման վերահսկողությունը, ինչպես նաև հանրապետության օրենսդրական ակտերով սահմանված հարկերի և այլ պարտադիր վճարումների ճիշտ հաշվարկման և ժամանակին բյուջե մուծման ապահովումը.

բ) իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների հանձնարարականներով, գործող օրենսդրության համապատասխան էկոնոմիկայի կայունացման, կենսաթոշակային, սոցիալական ապահովության և այլ ֆոնդեր ուղղվող միջոցների հաշվարկման ճշտության, լրիվ և ժամանակին մուծման վերահսկողությունը.

գ) պետության կողմից սահմանվող և կարգավորվող գների, սակագների կիրառման ճշտության տեսչական վերահսկողության իրականացումը.

դ) տնտեսական իրավախախտումների դեմ պայքարը:

6. Հայգլխպետհարկտեսչության գործունեությունը կարգավորվում է հարկային տեսչության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով ու սույն կանոնադրությամբ:

Իր գործունությամբ Հայգլխպետհարկտեսչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

7. Հայգլխպետհարկտեսչությունը աշխատանքում սերտորեն համագործակցում է պետական իշխանության և կառավարման մարմինների հետ, այդ մարմիններին տեղեկացնում է աշխատանքի արդյունքների և հարկային կարգապահության վիճակի մասին:

ՀՀ նգն մարմինները պարտավոր են աջակցել, իսկ անհրաժեշտության դեպքում` կանխել պաշտոնատար անձանց և քաղաքացիների այն գործողությունները, որոնք խոչընդոտում են պետական հարկային մարմինների աշխատողների ծառայողական պարտականությունների կատարմանը:

8. Հայգլխպետհարկտեսչությունը և վարչատարածքային պետական հարկային տեսչության մարմիններն իրավունք ունեն`

ա) սահմանել հարկային հաշվառման կարգը.

բ) նախարարություններում և գերատեսչություններում, կառավարման մյուս մարմիններում, ձեռնարկություններում, միավորումներում, կազմակերպություններում և հիմնարկություններում, անկախ սեփականության ձևերից, ներառյալ օտարերկրյա արտասահմանյան իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա իրավաբանական անձանց հետ կազմակերպված համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մոտ (այսուհետև` «ձեռնարկություններ» և «քաղաքացիներ») անցկացնել դրամական փաստաթղթերի, հաշվապահական գրքերի, մատյանների, հաշվետվությունների, պլանների, նախահաշիվների և հայտարարագրերի ու մյուս բյուջետային և արտաբյուջետային հաշվարկների գանձումների ու հատկացումների հետ կապված այլ փաստաթղթերի, ինչպես նաև գների, սակագների սահմանման և կիրառման հետ կապված փաստաթղթերի ստուգումներ, ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տեղեկանքներ և տեղեկություններ` կապված ստուգումների ընթացքում ծագող հարցերի հետ.

գ) ստուգվող ձեռնարկություններից և քաղաքացիներից, ֆինանսավարկային հիմնարկություններից, ինչպես նաև պատգամավորների շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ղեկավարներից, պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթեր և դրանց պատճենները:

Բանկային հիմնարկությունները պետական հարկային մարմինների պահանջով պարտավոր են ներկայացնել իրավաբանական անձանց հաշվարկային և այլ հաշիվներով, ինչպես նաև քաղաքացիների ավանդային հաշիվներով կատարվող գործառնությունների և այդ հաշիվներում առկա դրամական միջոցների վերաբերյալ տեղեկություններ.

դ) իրենց լիազորություններն իրականացնելիս պատասխանատու անձանց, սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ անարգել մտնել ձեռնարկություններ ու քաղաքացիների ցանկացած արտադրական, պահեստային, առևտրական կամ այլ շինություններ, որոնք կարող են կապված լինել շահույթի (եկամտի) ստացման կամ հարկման այլ օբյեկտ պարունակելու հետ.

ե) կատարել ստուգիչ գնումներ, ստուգումներ.

զ) ստուգել տրանսպորտային միջոցները, վարորդների մոտ եղած ուղեթերթերի, ապրանքատրանսպորտային բեռնագրերի և այլ փաստաթղթերի համապատասխանությունը տեղափոխվող բեռներին.

է) ձեռնարկությունների ղեկավարներից, պաշտոնատար անձանցից և այլ աշխատողներից, ինչպես նաև անհատական կամ այլ աշխատանքային գործունեությամբ զբաղվող քաղաքացիներից պահանջել սահմանված ժամկետում վերացնելու արձանագրված թերությունները.

ը) առգրավել այն փաստաթղթերը, որոնք վկայում են շահույթի (եկամտի) թաքցման, իջեցման, ինչպես նաև հարկվող այլ օբյեկտների թաքցման և պետության կողմից սահմանված գների կարգապահության խախտման մասին: առգրավվող փաստաթղթերի կազմը և ծավալը որոշվում է Հայգլխպետհարկտեսչության համապատասխան հրահանգով.

թ) դադարեցնել ձեռնարկությունների հաշվարկային և այլ հաշիվներով գործառնությունները բանկերում և այլ ֆինանսավարկային հիմնարկներում, եթե պետական հարկային տեսչություններին թույլ չեն տալիս կատարել ստուգումներ, կամ չեն ներկայացնում բյուջետային և արտաբյուջետային ֆոնդեր մուծումների, գների և սակագների սահմանման ու կիրառման հետ կապված հաշվապահական հաշվեկշիռները, հաշվետվությունները, հայտարարագրերը, հաշվարկներն ու այլ փաստաթղթեր.

ժ) ստուգումների կազմակերպման և անցկացման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներգրավել այլ աշխատողների ու մասնագետների.

ի) մշակել առաջարկություններ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում պարզաբանել հարկերի և բյուջեի մյուս վճարումների օրենսդրական և այլ նորմատիվային փաստաթղթերի կիրառման կարգը.

լ) ձեռնարկությունների և քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառել ֆինանսական տույժեր.

խ) հարկերի, բյուջետային և արտաբյուջետային պարտադիր մուծումների, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և մյուս օրենսդրական փաստաթղթերով սահմանված ապառիքների ժամկետին չմուծված գումարները ձեռնարկություններից բյուջե է գանձվում անառարկելի կարգով, իսկ քաղաքացիներից` դատական կարգով: Մուծման ժամկետի խախտման ամբողջ ժամանակաշրջանի համար գանձվում է տույժ` չմուծված գումարի 0,3 տոկոսի չափով, յուրաքանչյուր օրվա համար.

ծ) ձեռնարկությունների և քաղաքացիների դեմ հայցեր ներկայացնել արբիտրաժ և դատարան`

նրանց կողմից անօրինական գործարքներով և այլ դեպքերում առանց օրենքով սահմանված հիմքերի ստացված միջոցները պետության եկամտին գանձելու վերաբերյալ.

ձեռնարկությունների լուծարման, նրանց գործունեության արգելման կամ քաղաքացիներին ձեռնարկչական գործունեությամբ զբաղվելու արգելման վերաբերյալ, Հայաստանի հանրապետության օրենսդրական փաստաթղթերով սահմանված կարգով.

կ) օրենքով սահմանված կարգով կիրառել վարչական տուգանքներ:

9. Սույն կանոնադրությամբ նախատեսված պետական հարկային ծառայության մարմինների իրավունքները սահմանվում են տեսչությունների պաշտոնատար անձանց կողմից` պետական հարկային տեսչության հրահանգներով:

Ֆինանսական տույժերի կիրառման կարգը սահմանվում է Հայգլխպետհարկտեսչության կողմից:

Հայգլխպետհարկտեսչությանը իրավունք է տրվում փոխելու ստորադաս հարկային տեսչությունների որոշումները, եթե դրանք չեն համապատասխանում օրենքին:

10. Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչության մարմինները պարտավոր են`

ա) պահպանել Հայաստանի հանրապետության օրենքները, ձեռնարկությունների ու քաղաքացիների օրենքով պաշտպանվող իրավունքներն ու շահերը.

բ) ապահովել հարկատուների և հարկվող օբյեկտների լրիվ ու ժամանակին հաշվառումը, ինչպես նաև բյուջետային և արտաբյուջետային ֆոնդեր կատարվող հարկերի և այլ վճարումների ճիշտ հաշվարկման, լրիվ և ժամանակին մուծման վերահսկողությունը.

գ) իրականացնել պետության կողմից սահմանվող գների ու սակագների պահպանման կարգապահության տեսչական վերահսկողությունը.

դ) կիրառել և ժամանակին գանձել սույն կանոնադրությամբ և Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական և այլ պատժամիջոցներն ու տուգանքները.

ե) համապատասխան մարմիններին հանձնել այն խախտումների վերաբերյալ նյութերը, որոնց համար օրենքով սահմանված պատասխանատվություն է նախատեսված.

զ) օգտագործել հարկատուների եկամուտների մասին տեղեկությունները, բացառապես ծառայողական նպատակներով, պահպանել օրենսդրությամբ նախատեսված առևտրային գաղտնիքը և ավանդների գաղտնիքը.

է) ուսումնասիրել, ընդհանրացնել և վերլուծել հարկային և գնագոյացման օրենսդրության գործնական կիրառման փորձը և առաջարկություններ ներկայացնել այն կատարելագործելու ուղղությամբ, մասնակցել այդ հարցով օրենսդրական փաստաթղթերի մշակմանը.

ը) հրատարակել իրենց իրավասությանը վերաբերող հարցերով մեթոդական և հրահանգչական ցուցումներ, ինչպես նաև ձեռնարկներ, գրքույկներ, բացատրություններ և պարզաբանումներ:

11. Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչությունների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների նկատմամբ գանգատներն ու բողոքները ենթակա են քննարկման վերադաս տեսչությունների կողմից: Բերված գանգատներով որոշումները պետք է ընդունվեն դրանց ստացման պահից մեկամսյա ժամկետում: Գանգատներով կայացված որոշումները վերադաս պետհարկտեսչությանը կարող են գանգատարկվել և բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Ընդունված որոշումների հետ իրավաբանական և ֆիզիկական անձանց անհամաձայնության դեպքում, դրանք կարող են գանգատարկվել և բողոքարկվել դատական կարգով: Գանգատարկումը չի կասեցնում պետական հարկային տեսչությունների գործողությունները:

12. Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչությունների պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ դրանցում թերանալու, հարկային օրենսդրությամբ նախատեսված առևտրային գաղտնիքը և ավանդների գաղտնիքը չպահպանելու համար ենթարկվում են կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվության, Հայաստանի հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հայաստանի հանրապետության պետական հարկային տեսչությունների պաշտոնատար անձանց անօրինական գործողությունների հետևանքով պատճառված վնասը փոխհատուցվում է Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հանրապետական բյուջեի հաշվին:

13. Հայգլխպետհարկտեսչության օպերատիվ գործունեությունը քաղաքացիների իրավունքների, ազատությունների, օրինական շահերի, հասարակության և պետության շահերի հանցավոր ոտնձգություններից պետական-իրավական պաշտպանության միջոց է:

Օպերատիվ գործունեությունը նախատեսված է հրապարակային կամ անլուր միջոցառումների իրագործման միջոցով լուծել տնտեսական իրավախախտումները հայտնաբերելու և դրանք կանխելու, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիրները:

14. Օպերատիվ գործունեության իրավական հիմք են կազմում Հայաստանի հանրապետության սահմանադրությունը, Հայաստանի հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև նախագահի հրամանագիրը:

Օպերատիվ գործունեության բնույթը և իրագործման կարգը որոշվում է Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և դրանց համապատասխան ընդունված պետական հարկային տեսչության նորմատիվ ակտերով:

15. Օպերատիվ գործունեությունն իրագործվում է օրինականության, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության, հակաիրավական գործողությունների կանխման, հրապարակային և անլուր միջոցառումների համատեղության, մասնագիտական էթիկայի պահանջներին խիստ համապատասխանության և հանցագործություններին ակնհայտ կերպով առնչություն չունեցող քաղաքացիների նկատմամբ օպերատիվ միջոցառումների կիրառման բացառման սկզբունքների հիման վրա:

16. Հանցագործությունների դեն մղվող պայքարի գծով տարվող օպերատիվ գործունեության արդյունքների և այդ գործունեության բարելավմանը նպաստող միջոցառումների մասին եղած տեղեկությունները բաց են քաղաքացիների, հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների համար:

Հրապարակման ենթակա չեն օպերատիվ գործունեության համակարգի, կոնկրետ օպերատիվ միջոցառումների օպերատիվ նյութերի ստացման եղանակների և աղբյուրների, քաղաքացիների անձնական կյանքի, պատվի և արժանապատվության հետ առնչվող տեղեկությունները, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրվող դեպքերի:

17. Օպերատիվ միջոցներ ձեռնարկելու հիմք են հանդիսանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված իրավախախտման վերաբերյալ եղած տեղեկությունները, ինչպես նաև հանցագործության կատարման ռեալ հնարավորության մասին վկայող այլ փաստերի ու հանգամանքների առկայությունը:

Այդպիսի տեղեկություններ կարող են պարունակել քաղաքացիների, պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվության միջոցների հայտարարությունների և հաղորդումների, նախաքննության կամ այլ իրավապահ մարմինների նյութերի, այլ նորմատիվ փաստաթղթերի ու նյութերի մեջ:

Օպերատիվ միջոցների կիրառումը թույլատրվում է նաև պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին ծանոթանալու, ինչպես նաև օպերատիվ գործունեությանը մասնակցելու իրավունք ստացող քաղաքացիների ստուգման համար:

Օպերատիվ միջոցառումների դադարեցման հիմք են հանդիսանում`

ա) օպերատիվ միջոցառումների ձեռնարկման պատճառ հանդիսացող տվյալների չհաստատման փաստը.

բ) այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում օպերատիվ միջոցառումների իրականացումը:

18. Օպերատիվ նյութերը ինքնըստինքյան չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը սահմանափակելու, ինչպես նաև լրացուցիչ իրավունքներ և ազատություններ շնորհելու համար:

19. Օպերատիվ գործունեության նյութերի օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

20. Օպերատիվ գործունեության կազմակերպումը և իրագործումը ապահովվում է Հայգլխպետհարկտեսչության կազմում ստեղծված մասնագիտացված օպերատիվ ստորաբաժանումների միջոցով:

21. Օպերատիվ գործունեության սուբյեկտներ են հանդիսանում Հայգլխպետհարկտեսչության օպերատիվ ծառայությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաև Հայգլխպետհարկտեսչության այն մարմինների և ստորաբաժանումների ղեկավարները և օպերատիվ աշխատանք վարող նրանց տեղակալները, որոնց կազմում գոյություն ունեն այդպիսի ծառայություններ:

22.  Օպերատիվ գործունեության սուբյեկտներն իրենց առջև դրված խնդիրների լուծման համար պարտավոր են`

ա) պարզել հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները.

բ) գործադրել անհրաժեշտ օպերատիվ միջոցներ` նպատակ ունենալով հայտնաբերել իրավախախտումները, դրանք կատարողներին.

գ) հայտնաբերել, արձանագրել, ստուգել այն փաստացի տվյալների ճշտությունը և ամբողջությունը, որոնք կարող են ապացույց հանդիսանալ, ինչպես նաև այն բոլոր տվյալների ճշտությունը և ամբողջությունը, որոնք կարող են օգնել հանցագործությունները կանխելու, կասեցնելու և բացահայտելու գործում.

դ) ապահովել օպերատիվ գործունեության մեջ ներգրավված քաղաքացիների իրավական պաշտպանվածությունը:

23. Օպերատիվ գործունեության ընթացքում արգելվում է`

ա) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սկսել կամ դադարեցնել օպերատիվ միջոցառումները.

բ) կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգի տակ են դնում քաղաքացիների կյանքը, առողջությունը և ունեցվածքը.

գ) քաղաքացիների նկատմամբ ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ` կապված նրանց ազգային պատկանելության, դավանանքի, համոզմունքների, հասարակական կազմակերպություններին և շարժումներին մասնակցելու հետ.

դ) քաղաքացիներին ստիպել և հրահրել օրինազանցությունների կատարման.

ե) օգտագործել բռնություն, սպառնալիքներ, շանտաժ, քաղաքացիների և պաշտոնատար անձանց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը սահմանափակող այլ անօրինական գործողություններ:

24. Օպերատիվ գործունեության սուբյեկտները անօրինական գործողությունների կամ անգործության համար պատասխանատու են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օպերատիվ գործունեության սուբյեկտների կողմից քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը խախտելու դեպքում համապատասխան մարմինները կամ հաստատությունները պարտավոր են միջոցներ ձեռնարկել այդ իրավունքների և ազատությունների վերականգնման և վնասի փոխհատուցման համար:

Օպերատիվ գործունեության սուբյեկտների գործողությունները կարող են գանգատարկվել և բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Քաղաքացիները կարող են ներգրավվել օպերատիվ գործունեության մեջ բացարձակապես կամավոր հիմունքներով: Մասնակցությունը կարող է իրագործվել անլուր ձևով` Հայգլխպետհարկտեսչության կողմից սահմանված կարգով:

Օպերատիվ գործունեությանը մասնակցող քաղաքացիները չեն օգտվում նրա սուբյեկտների լիազորություններից:

Օպերատիվ գործունեության սուբյեկտներն իրենց իրավասության սահմաններում կարող են դիմել այն պետական մարմինների աշխատավորական կոլեկտիվների պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների և միավորումների օգնությանը, որոնց օրենսդրական պարտականությունն է` աջակցել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը:

26. Օպերատիվ գործունեությանը մասնակցող քաղաքացիները գտնվում են պետության պաշտպանության ներքո:

Քաղաքացիների ցանկությամբ նրանց անլուր մասնակցությունը օպերատիվ գործունեությանը կարող է իրականացվել Հայգլխպետհարկտեսչության մարմինների կամ հաստատությունների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի հիման վրա:

Հայգլխպետհարկտեսչության մարմիններին անլուր օգնություն ցույց տված կամ տվող քաղաքացիների մասին տեղեկությունները կարող են հրապարակվել միայն նրանց համաձայնությամբ:

27. Օպերատիվ գործունեության ֆինանսավորումը կատարվում է Հայգլխպետհարկտեսչության կողմից հատկացված միջոցների հաշվին:

Օպերատիվ գործունեության համար հատկացված գումարների ծախսման կարգը որոշվում է Հայգլխպետհարկտեսչության տեսչությունների կողմից:

28. Օրինականության պահպանման վերահսկողությունը ամբողջ ծավալով իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

29. Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչությունները հանդիսանում են իրավաբանական անձինք, ունեն ինքնուրույն ծախսերի նախահաշիվներ, հաշվարկային և այլ հաշիվներ` բանկում, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիք:

Հայգլխպետհարկտեսչության պետը և նրա տեղակալները նշանակվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահության կողմից: Վարչատարածքային պետական հարկային տեսչությունների պետերը նշանակվում են Հայգլխպետհարկտեսչության պետի կողմից:

Հայգլխպետհարկտեսչության պետը սույն կանոնադրության 1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան հաստատում է տեսչության կառուցվածքն ու հաստիքային ցուցակները, ինչպես նաև բյուջեից ստորադաս հարկային տեսչությունների ֆինանսավորման չափը:

30. Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչությունների աշխատողների պաշտոններում նշանակվում են Հայգլխպետհարկտեսչության կողմից հաստատվող աշխատողների պաշտոնական որակավորման բնութագրերի պահանջներին համապատասխանող անձինք: Բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններն ավարտած և ֆինանսահարկային աշխատանքի գործնական փորձ չունեցող անձինք մեկ տարվա ընթացքում անցնում են ստաժավորում:

 Հայաստանի Հանրապետության  պետական հարկային տեսչությունների աշխատողները սահմանված կարգով ատեստավորվում են: Համատեղ ծառայություն Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչություններում, այլ ձեռնարկություններում և կազմակերպություններում կատարվող աշխատանքի հետ, ինչպես նաև ձեռնարկչական գործունեությամբ զբաղվել չի թույլատրվում, բացառությամբ գիտամանկավարժական գործունեության:

31. Հայաստանի Հանրապետության պետական հարկային ծառայության մարմինների աշխատողները Հայաստանի Հանրապետության պետական իշխանության ներկայացուցիչներն են և գտնվում են նրա պաշտպանության ներքո: Նրանց անձի անձեռնմխելիությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանվում է օրենքով:

Ծառայողական պարտքը կատարելիս Հայաստանի Հանրապետության պետական հարկային ծառայության մարմինների աշխատողների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության և նրանց ընտանիքի անդամների, գույքի նկատմամբ հանցավոր ոտնձգություններից պաշտպանությունը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

32. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է պետական հարկային ծառայության մարմինների աշխատողների սոցիալական պաշտպանությունը:

Այդ մարմինների աշխատողները Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին ենթակա են պարտադիր ապահովագրման:

Ծառայական պարտքը կատարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության պետական-հարկային ծառայության մարմինների աշխատողների զոհվելու դեպքում նրանց ընտանիքին կամ խնամակալներին բյուջեից միանվագ վճարվում է մահացողի աշխատավարձի տասնամյա մեծության չափով նպաստ, հետագայում մեղավորներից այն գանձելու պայմանով: Հարկային ծառայության մարմինների աշխատողներին հասցված ծանր մարմնական վնասվածքների դեպքում, որի պատճառով բացառվում է նրանց տվյալ մասնագիտական գործունեությամբ հետագայում զբաղվելը, բյուջեից միանվագ վճարվում է աշխատավարձի հնգամյա մեծության չափով նպաստ, հետագայում մեղավորներից այն գանձելու պայմանով, իսկ այնուհետև նպաստ` աշխատավարձի և թոշակի տարբերության չափով:

Հարկային ծառայության մարմինների աշխատողներին հասցված ոչ ծանր մարմնական վնասվածքների դեպքում բյուջեից միանվագ վճարվում է աշխատավարձի հնգամսյա չափով նպաստ, հետագայում մեղավորներից այն գանձելու պայմանով:

Ծառայական պարտքը կատարելիս հարկային ծառայության մարմինների աշխատողի (նրա մերձավոր հարազատի) գույքին հասցված վնասը փոխհատուցվում է ամբողջությամբ բյուջեից, հետագայում այն մեղավորներից գանձելու պայմանով:

33. Հայաստանի Հանրապետության պետական հարկային ծառայության մարմինների նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը կազմավորվում է հանրապետական բյուջեի հաշվին` այդ մարմինների աշխատանքի վարձատրության ֆոնդի գումարների 25 տոկոսի չափով, ինչպես նաև հարկային մարմինների կողմից լրացուցիչ գանձված հարկերի, այլ պարտադիր վճարումների և դրանց վերահսկողական աշխատանքի ընթացքում կիրառված ֆինանսական պատժամիջոցների 10 տոկոսի չափով: Նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի օգտագործման կարգը որոշվում է Հայգլխպետհարկտեսչության կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.05.1996, N 271 10.05.1996, N 585
28.03.1995, N 159 28.03.1995, N 585
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան