ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերից հանել «, Երևան քաղաքի թաղային համայնքներում` Երևան քաղաքում» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետից հանել «, իսկ Երևան քաղաքում թաղային համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածությանը հավակնող քաղաքացին` տեղեկանք վերջին երկու տարում Երևան քաղաքում հաշվառված լինելու մասին» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ կետով.
«5.4. Երևանի ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 137-րդ հոդվածից հանել «(Երևանի քաղաքապետը)» բառերը:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ բաժնով.
«Բ Ա Ժ Ի Ն 7
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 30.1
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 138.1. | Երևանի ավագանու կազմը |
Երևան քաղաքի (այսուհետ` Երևան) ավագանին կազմված է 65 անդամից։
Հոդված 138.2. | Ընտրելու իրավունքը Երևանի ավագանու ընտրության ժամանակ |
1. Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունի, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:
Հոդված 138.3. | Ընտրական համակարգը |
1. Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով։
2. Երևանի ամբողջ տարածքը համարվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք:
Հոդված 138.4. | Ընտրելու իրավունքը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ |
1. Երևանի ավագանու անդամ կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին երեք տարում Երևան քաղաքում մշտապես բնակվող և, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
2. Երևանի ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, մաքսային մարմինների, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները:
Գ Լ ՈՒ Խ 30.2
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 138.5. | Երևանի ավագանու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների թեկնածուների ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները |
1. Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր առաջ:
2. Հերթական ընտրությունները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այն հաշվարկով, որ հերթական ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ:
3. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75, և ոչ ուշ, քան 70 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
Հոդված 138.6. | Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը |
1. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Երևանի ավագանին արձակելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:
2. Արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը հրապարակվում է Երևանի ավագանին արձակելու մասին որոշման հետ միաժամանակ։
3. Երևանի ավագանու արտահերթ ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 39 օր առաջ:
4. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ավագանու անդամների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն։
5. Կուսակցությունների թեկնածուների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
Գ Լ ՈՒ Խ 30.3
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 138.7. |
Երևանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը |
1. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Երևանի ավագանու անդամների թեկնածուները կարող են առաջադրվել կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակով:
Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակով:
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության նախընտրական դաշինք կազմավորվելու դեպքում:
3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները չեն կարող ընդգրկվել այլ կուսակցությունների դաշինքում:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու և դաշինքի կազմավորման մասին որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ:
5. Կուսակցությունների դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացնում դաշինքի թեկնածուների միասնական ընտրական ցուցակ` դրան կցելով միասնական ցուցակի հիմք հանդիսացող` դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի առանձին ընտրական ցուցակը և ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ` սույն օրենսգրքով սահմանված մյուս փաստաթղթերը:
6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետներում:
7. Կուսակցությունների դաշինքից (այսուհետ` կուսակցություն) որևէ կուսակցության դուրս գալու դեպքում այդ կուսակցության ներկայացրած թեկնածուները հանվում են ցուցակից:
Հոդված 138.8. | Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի առաջադրումն ու գրանցումը |
1. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի առաջադրումը կատարվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ։
2. Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու միայն թեկնածուների մեկ ընտրական ցուցակ։
Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ընտրական ցուցակ առաջադրելու։
3. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության որոշմանը կցվում են՝
1) կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում՝ դաշինքում ընդգրկված բոլոր կուսակցությունների կանոնադրությունները), դաշինքի անվանման վերաբերյալ որոշումը.
2) կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին իրենց թեկնածուների ընտրական ցուցակը առաջադրելու մասին, ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների ցուցակը, որում նշվում են առաջադրվող թեկնածուների՝
ա) ընտրական ցուցակում հերթական համարը.
բ) ազգանունը, անունը, հայրանունը.
գ) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
դ) հաշվառման վայրը.
ե) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
զ) կուսակցական պատկանելությունը.
է) անձնագրի համարը և սերիան:
4. Երևանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում`
1) տեղեկանք՝ առաջադրված թեկնածուի՝ վերջին 3 տարում Երևան քաղաքում մշտապես բնակվելու մասին.
2) առաջադրված թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:
Սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկանքը թեկնածու առաջադրվող անձին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռօրյա ժամկետում։ Վերջին 3 տարում Երևան քաղաքում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք, եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջը.
3) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների ներկայացրած առանձին ընտրական ցուցակները.
4) մուծված ընտրական գրավի անդորրագիրը.
5) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է մինչև 2 լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը և սերիան, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը))։
6. Կուսակցության թեկնածուների ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության։ Առարկություն չլինելու դեպքում կուսակցության թեկնածուների ցուցակը համարվում է գրանցված։
7. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունեն ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչները։
8. Կուսակցությունների թեկնածուների ընտրական ցուցակները թեկնածուների համապատասխան թվակալմամբ գրանցելուց հետո, գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընտրական ցուցակները հրապարակելուց հետո կուսակցության ընտրական ցուցակից որևէ թեկնածուի դուրս գալու դեպքում թեկնածուների համարները չեն փոփոխվում:
Հոդված 138.9. | Ընտրական գրավը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ |
1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) 2000-ապատիկի չափով:
2. Մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին ընտրական գրավի գումարը վերադարձվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
3. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է։
4. Մյուս բոլոր դեպքերում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե։
Հոդված 138.10. | Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը, եթե առաջադրման կամ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը, եթե՝
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները, կամ
2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
Կուսակցությունների դաշինքը համարվում է չգրանցված, եթե մինչև թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը դաշինքում մնացել է մեկ կուսակցություն:
3. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է:
4. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ։
5. Գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով3 սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 138.11. |
Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով՝
1) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
Կուսակցությունների դաշինքի թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումը համարվում է անվավեր, եթե դաշինքում մնացել է մեկ կուսակցություն:
2. Կուսակցության՝ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը համարվում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով՝
1) նրա վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.
2) գրանցման համար նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված են:
3. Նման դեպքերում թեկնածուն հանվում է ցուցակից։
4. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի վերջին մասով սահմանված դեպքի։
5. Կուսակցության ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
Հոդված 138.12. | Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը |
1. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) ներկայացվել է դիմում` իր թեկնածուների ցուցակը հանելու վերաբերյալ.
2) խախտվել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
3) խախտվել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.
4) կուսակցությունը լուծարվել է:
2. Կուսակցությունն իր թեկնածուների ընտրական ցուցակը հանելու մասին որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ։
3. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝
1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.
2) մահացել է.
3) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.
4) խախտվել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.
5) կորցրել է ընտրական իրավունքը:
Գ Լ ՈՒ Խ 30.4
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 138.13. | Երևանի ավագանու անդամի թեկնածուների իրավասությունները |
Երևանի ավագանու անդամի թեկնածուներն ունեն Երևանի ավագանու անդամի թեկնածուների կարգավիճակից բխող հավասար իրավունքներ և պարտականություններ։
Հոդված 138.14. |
Երևանի ավագանու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները |
1. Այն թեկնածուները, ովքեր պետական կամ համայնքային ծառայողներ են, գրանցման պահից մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց:
2. Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից:
3. Ընտրություններին մասնակցելու ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատել է մինչև գրանցվելը:
Թեկնածուն գրանցվելուց հետո ցանկացած ժամանակ, սակայն ոչ ուշ, քան քվեարկությունից 10 օր առաջ, իրավունք ունի հանելու իր թեկնածությունը:
Գ Լ ՈՒ Խ 30.5
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 138.15. | Նախընտրական քարոզչությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ |
1. Նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-23 հոդվածներով սահմանված կարգով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ։
3. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամանակացույցով:
Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու ժամանակացույցը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող վիճակահանության միջոցով:
4. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 և 25 րոպե:
5. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 և 40 րոպե:
Հոդված 138.16. | Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական հիմնադրամը |
1. Երևանի ավագանու անդամների թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իր լիազոր ներկայացուցչի անունով կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:
2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների հիմնադրամում մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը:
3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում։
4. Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունն իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 60000-ապատիկը չգերազանցող գումար:
Գ Լ ՈՒ Խ 30.6
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ։ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հոդված 138.17. |
Քվեաթերթիկները |
1. Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկում նշվում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումները` ըստ այբբենական հերթականության, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:
2. Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկները տպագրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:
Հոդված 138.18. | Քվեարկության և ընտրության արդյունքների ամփոփումը |
1. Երևանի ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման կարգով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 63.2 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին.
2) Երևանի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
3. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 7 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 9 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև 3 կուսակցություն (դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները (դաշինքները):
4. Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների (դաշինքների) թեկնածուների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի) թեկնածուների ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
Եթե սույն կետով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, իսկ մյուս մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելու իրավունք ստացած կուսակցությունների թեկնածուների ցուցակների միջև:
5. Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով:
Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ:
6. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակներից ընտրված է համարվում այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին:
7. Երևանի ավագանու ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե ընտրությունների նախապատրաստման, անցկացման և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ հնարավորություն չեն տալիս պարզելու ընտրության իրական արդյունքները:
8. Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով դատարան կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:
9. Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում, այդ մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 20 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և կուսակցությունների թեկնածուների ցուցակների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն։
10. Վերաքվեարկությունն անցկացվում է մեկ անգամ: Վերաքվեարկությունից հետո ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 21-օրյա ժամկետում նշանակում է նոր ընտրություն: Նոր ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ արտահերթ ընտրությունների համար սահմանված ժամկետներում:
11. Երևանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ մանդատը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ մեկշաբաթյա ժամկետում տրվում է համապատասխան կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ հորիզոնականում գտնվող թեկնածուին: Եթե կուսակցության ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, կամ հաջորդ թեկնածուները հրաժարվում են մանդատից, ապա մանդատը մնում է թափուր:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-6-Ն |