Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-252-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2009-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1435
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 7. Սոցիալական վճարների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը

 

1. Ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը, սոցիալական վճարների գերավճարի հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 1-ով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո սոցիալական վճարների պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:»:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը «չգրանցված» բառից հետո լրացնել «և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 1

«Պարտադիր սոցիալական

ապահովության վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության

օրենքի

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Կարգի գործողության ոլորտը

 

1.1. Սույն կարգով uահմանվում է պետական բյուջե վճարվող սոցիալական վճարների գումարները օրենքով սահմանված դեպքերում ապահովադրի կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը:

1.2. Սույն կարգին համապատասխան հաշվանցվում և (կամ) ապահովադրին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող` սահմանված չափից ավելի վճարված սոցիալական վճարները:

 

2. Կարգում կիրառվող հասկացությունները

 

2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`

գերավճար`

- սահմանված կարգով հաշվարկվող սոցիալական վճարների պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` սոցիալական վճարների համապատասխան գանձապետական հաշվին ապահովադրի կամ ապահովադրի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռով (կամ վճռի կատարման արդյունքում) ապահովադրին վերադարձման ենթակա գումար, կամ`

- հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող որևէ հարկատեսակի պարտավորությունը գերազանցող գումարով սոցիալական վճարների պարտավորություններին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար.

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ սոցիալական վճարների պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաստացի վճարման, կամ`

- հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակից սոցիալական վճարների դիմաց հաշվանցման կամ սոցիալական վճարների հաշվետվության (հայտարարագրի) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման.

հաշվանցում` սոցիալական վճարների պարտավորության պակասեցում կամ ապահովադրի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ սոցիալական վճարների մասով ապահովադրի հանդեպ պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության դրական տարբերությունը.

վերադարձ` ապահովադրի բանկային հաշվին (ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով` ապահովադրի առաջարկած առևտրային բանկ) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` գերավճարի հաշվից հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար ապահովադրի դիմումով պահանջված գումար.

ապահովադրի պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգի համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է ապահովադրի սոցիալական վճարների կամ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա.

գերավճարի մնացորդ` գերավճարի այն մասը, որը, սույն կարգի համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ սոցիալական վճարների կամ հարկային պարտավորությունների հաշվին.

սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդ` սոցիալական վճարների դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ ապահովադրի պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Սոցիալական վճարների չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- ապահովադրի առաջիկա սոցիալական վճարների պարտավորություններից հաշվանցման ենթակա գումարը, որն առաջացել է սոցիալական վճարների պարտավորության կատարման արդյունքում (այդ թվում` սոցիալական վճարների նվազագույն գումարների վճարման),

- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.

սոցիալական վճարների դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդի և գերավճարի մնացորդի հանրագումարը:

 

3. Սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը

 

3.1. Որևէ օրվա դրությամբ ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության գումարը, սոցիալական վճարների դեբետային մնացորդում գերավճարի և չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով` հետևյալ կանոններով`

- հաշվի առած գումարների մեծությունները` ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարների հաշվին, իսկ ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին,

- հերթական սոցիալական վճարների պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը),

- որևէ ամսաթվի դրությամբ պարտավորությունները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:

3.2. Եթե վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) ապահովադրի կողմից նշված է, թե գումարը սոցիալական վճարների որ պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:

 

4. Ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկն ու վերահաշվարկը

 

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, սոցիալական վճարների ապառքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում է տույժ` մինչև գերավճարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներից որևէ մեկի մասով ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում սոցիալական վճարների գծով մինչ այդ հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

4.3. Եթե ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը ստուգմամբ (վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր:

 

5. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը

 

5.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են գերավճարի գումարի մնացորդի այն մասով, որը, օրենքով սահմանված պահանջներին և սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:

5.2. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն`

1) սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան հաշվարկվող սոցիալական վճարների պարտավորությունների հաշվին.

2) սխալ հաշվարկների կամ սահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում` վճարված ապահովագրական նպաստները ավել ցույց տալու) արդյունք է.

3) պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում մարված կհամարվի հետագայում առաջացած` օրենքով սահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին.

4) ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից.

5) առաջացնող` հաշվարկային և (կամ) վճարային փաստաթղթերում բացակայում են օրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալները կամ վավերապայմանները:

5.3. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն ստուգման (վերստուգման) արդյունքներով: Գերավճարի գումարով ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցումը և (կամ) վերադարձը հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չեն:

 

6. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

 

6.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`

1) առանց ուսումնասիրության կամ ստուգման.

2) կամերալ ուսումնասիրությամբ.

3) սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (ապահովադրի մոտ այցելությամբ և նրա մոտ առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ).

4) սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման ընթացքում (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում):

6.2. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատասխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուսումնասիրություն կամ սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իսկ համապատասխան ստուգում անցկացնելու դեպքում` ստուգման ակտի հիման վրա: Սույն կետում նշված եզրակացության ձևերը սահմանում է հարկային մարմինը` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

6.3. Ուսումնասիրությունների կամ ստուգման արդյունքներով ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիս ստուգման ակտում կամ ուսումնասիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը և (կամ) վերադարձը մերժվում են):

 

7. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման համար հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը

 

7.1. Սույն կարգին համապատասխան` ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն, սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում կամ սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը և (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով ապահովադիրը հարկային մարմին (ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաստող փաստաթղթերը (այդ թվում` անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը), հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, կոլեկտիվ և (կամ) աշխատանքային պայմանագրերը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, անաշխատունակության թերթիկները, ֆիզիկական անձանց հետ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարմանը վերաբերող փաստաթղթերը (այդ թվում` կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը):

 

8. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

 

8.1. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում են առանց ուսումնասիրության, եթե`

1) գերավճարը արձանագրվում է սոցիալական վճարների` օրենքով սահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաստող փաստաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ.

2) սոցիալական վճարների պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում) կատարվել է վճարում.

3) գերավճարի գումարը չի գերազանցում 100,0 հազ. դրամը և ուսումնասիրության կամ ստուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:

8.2. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում են կամերալ ուսումնասիրությամբ, եթե`

1) հարկային մարմնում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը բավարար է գերավճարի մնացորդն արձանագրելու համար.

2) հարկային մարմնի ղեկավարը (հարկային տեսչության պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտությունն անցկացնել սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրության կամ ստուգման ընթացքում:

8.3. Եթե հարկային մարմնում առկա փաստաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է ապահովադրի մոտ անցկացվող սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (այսուհետ նաև` ուսումնասիրություն):

8.4. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով ուսումնասիրություն կամ ստուգում կարող է իրականացվել նաև ապահովադրի դիմումով:

8.5. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող ուսումնասիրության իրականացման կարգը uահմանվում է օրենքով:

 

9. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացումը

 

9.1. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է ապահովադրի գրավոր դիմումով (այսուհետ` դիմում), իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում` նաև առանց դիմումի:

9.2. Գերավճարի մնացորդը կարող է հաշվանցվել ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց առանց ապահովադրի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուսումնասիրությամբ կամ առանց ուսումնասիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300,0 հազ. դրամը, ապա ապահովադիրը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (իսկ հաշվանցումների գումարը 500,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում` գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մասին:

9.3. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ` հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն ապահովադրի դիմումի հիման վրա:

 

10. Ապահովադրի պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները

 

10.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոններով:

10.2. Ապահովադրի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում ապահովադրի պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք սոցիալական վճարների պարտավորությունների մարմանը:

 

11. Ապահովադրին գումարի վերադարձման կանոնները

 

11.1. Գերավճարի գումարն ապահովադրին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող սոցիալական վճարների և հարկային բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում, եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն ապահովադրի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունները (հայտարարագրերը), կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես ներկայացվող հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:

11.2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն ապահովադրի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից):

11.3. Օրենքով սահմանված կարգով վերադարձման ենթակա սոցիալական վճարների գումարները վերադարձվում են ապահովադրին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում:

 

12. Սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն կամ ստուգում անցկացնելու որոշում կայացնելու և եզրակացություն կազմելու ժամկետները

 

12.1. Կամերալ ուսումնասիրություն, սոցիալական վճարների և (կամ) վերադարձի ուսումնասիրություն և ստուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն ստանալուն հաջորդող ոչ ավելի, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Առանց ապահովադրի դիմումի, կամերալ ուսումնասիրությամբ ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիս այդպիսի ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

12.2. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մասին համապատասխան եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`

1) ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուսումնասիրությամբ արձանագրվելու դեպքում կամերալ ուսումնասիրության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում.

2) սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու դեպքերում համապատասխանաբար ուսումնասիրությունը կամ ստուգումն ավարտելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

12.3. Սույն կարգով սահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ սույն կարգի համաձայն ուսումնասիրության կամ ստուգման ժամկետների կասեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում ապահովադրին օրենքով սահմանված ժամկետում չեն վերադարձվել սոցիալական վճարների գումարները:

 

13. Ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցումը

 

13.1. Ուսումնասիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կասեցվում է, եթե`

1) ապահովադրի կողմից չեն ստեղծվել ուսումնասիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մասնակիորեն են ներկայացվել սոցիալական վճարների հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաստաթղթերը).

2) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիսացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուսումնասիրություն` մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը.

3) առանձին վճարումների կամ գործարքների մասով ներկայացվել են ոչ ամբողջական փաստաթղթեր, ինչի հետևանքով ուսումնասիրության անցկացումն անհնարին է:

13.2. Հարկային մարմնի կողմից ուսումնասիրության ժամկետի ընթացքի կասեցման դեպքում ապահովադիրը գրավոր տեղեկացվում է ուսումնասիրության ընթացքը կասեցնելու մասին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նման որոշման ընդունման համար:

13.3. Ուսումնասիրության կասեցման հիմքերը վերացվելու դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է, իսկ հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կասեցված համապատասխան գումարներն ուսումնասիրության արդյունքներով հանվում են սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդից:

 

14. Ստուգումների անցկացումը

 

14.1. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգում անցկացվում է ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատասխան ստուգում անցկացնելու վերաբերյալ ապահովադրի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց ապահովադրի դիմումի, եթե ուսումնասիրության ժամանակ բացահայտվել են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի պակաս ցույց տալու կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով ապահովագրական նպաստների գծով հաշվանցումներ կատարելու փաստեր:

14.2. Ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում և (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաև սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգման շրջանակներում) արդյունքներով, եթե ապահովադիրը ստուգման ընթացքում ներկայացրել է համապատասխան դիմում:

14.3. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում) կամ սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ստուգվում է ապահովադրի կողմից սոցիալական վճարների հաշվարկման և ապահովագրական նպաստների մասով հաշվանցումների կատարման համապատասխանությունն օրենքով սահմանված պահանջներին: Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում) կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի ստուգման ընթացքում ճշտվում են սոցիալական վճարների մասով ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները:

14.4. Սոցիալական վճարների հաշվանցումների ստուգումից հետո անցկացված` սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգմամբ (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում) կամ վերստուգմամբ ապահովադրի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են օրենքով սահմանված պահանջների խախտման նոր դեպքեր կամ սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) սխալներ (հաշվանցումը և (կամ) վերադարձը համարվել են չհիմնավորված):

 

15. Հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և վերադարձման ընթացակարգերը

 

15.1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքները) վերադաս հարկային մարմին ուղարկելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):

15.2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մասին հարկային (տարածքային) մարմնի կազմած եզրակացությունը (իսկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում` եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը) ոչ ուշ, քան որևէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային օրն ուղարկվում է վերադաս հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները և (կամ) վերադարձերը օրենքով սահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն ստուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաս հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն ստանալու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

15.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք ստանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային օրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատասխան գանձապետական բաժանմունքներ:

15.4. Հարկային (տարածքային) մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձևակերպում:

15.5. Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը` գումարը փոխանցելով ապահովադրի բանկային հաշվին: Եթե ապահովադիրը չունի բանկային հաշիվ, ապա գումարը փոխանցվում է ապահովադրի առաջարկած առևտրային բանկ` ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

15.6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մասին ամփոփ տեղեկանքներն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գումարների վերադարձման համար օրենքով սահմանված ժամկետներում (դրանց ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:

 

16. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը

 

16.1. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի կիրառման հետ կապված գերատեսչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-252-Ն