«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2011 թ. |
թիվ 209-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն, 28.11.23 թիվ 196-Ն)
Հաշվի առնելով ավտոմատ ինքնասպասարկող սարքերով մատուցվող ծառայությունների ոլորտի ընդլայնման դրական միտումը, այդ սարքերից օգտվող՝ օրեցօր ավելացող սպառողների թիվը և այդ տեսանկյունից սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ դրանցում մշտապես կանխիկ դրամի առկայության հանգամանքներում առավել կարևորվում են այդ սարքերի անվտանգությանն ու հուսալիությանն ուղղված պահանջների սահմանումը,
նպատակ ունենալով կանոնակարգել ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով իրականացվող ֆինանսական գործառնությունները և սահմանել այդ սարքերի տեղադրման և սպասարկման համար այլ անհրաժեշտ պահանջները,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, ինչպես նաև 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
(1-ին կետը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն, 28.11.23 թիվ 196-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 7-ի ««Ավտոմատ գանձման սարքավորումների շահագործման նվազագույն պայմանները» հաստատելու մասին» թիվ 321-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված ավտոմատ գանձման սարքերի (բանկոմատների) շահագործման անվտանգության պայմանները ապահովելու վերաբերյալ» մեթոդական ուղեցույցի մասին» թիվ 11 արձանագրային որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. օգոստոսի 19 |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն, 28.11.23 թիվ 196-Ն)
ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կարգը սահմանում է ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացվող թույլատրելի ֆինանսական գործառնությունները, այդ գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ անվտանգության և հուսալիության պահանջները:
2. Սույն կարգով սահմանված պահանջները տարածվում են այն ավտոմատ ինքնասպասարկման սարքերի վրա, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել սույն կարգով սահմանված ֆինանսական գործառնությունները՝ կիրառելով կանխիկ դրամական միջոցներ կամ վճարային գործիքներ:
ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ՝ ՖԳԻԱՍ)՝ գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման սարք, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումն առանց ֆինանսական կազմակերպության աշխատակցի հաստատման,
2) ֆինանսական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված կազմակերպություն, որն իր գործունեությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված շրջանակներում կարող է սպասարկել ֆինանսական գործառնություններ ՖԳԻԱՍ-ի միջոցով,
3) ֆինանսական գործառնություն՝ սույն կարգի իմաստով վճարում, փոխանցում, արտարժույթի փոխանակում, հաշվի համալրում կամ հաշվից կանխիկացում, ինչպես նաև օժանդակող ծառայություններ, որոնք կապված են ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության գործունեությունը կարգավորող իրավական ակտերով թույլատրված ծառայությունների մատուցման հետ,
4) հաճախորդ՝ ցանկացած անձ, ով օգտվում է ֆինանսական կազմակերպության կողմից ՖԳԻԱՍ-ների միջոցով մատուցվող ֆինանսական գործառնություններից,
5) վճարում` ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ վճարողի կողմից շահառուին (փոխանցվող գումարի վերջնական հասցեատիրոջը) ուղղված կանխիկ կամ անկանխիկ (բանկային, քարտային կամ հաշվառման հաշիվներով) եղանակով նախաձեռնված վճարման կատարում, որի դիմաց վճարողին տրամադրվում է գույք կամ գույքային իրավունք, կամ մատուցվում է ծառայություն, կամ կատարվում է աշխատանք, կամ կատարվում է վճարում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե,
6) փոխանցում՝ կանխիկ կամ անկանխիկ (բանկային, քարտային կամ հաշվառման հաշիվներով) եղանակով նախաձեռնված դրամական միջոցների փոխանցում, որի դիմաց փոխանցողին չի տրամադրվում գույք կամ գույքային իրավունք, չի կատարվում աշխատանք, չի մատուցվում ծառայություն,
7) հաշվի համալրում կամ հաշվից կանխիկացում՝ վճարողի կողմից շահառուի բանկային հաշվին կանխիկ դրամական միջոցների մուտքագրումը կամ բանկային հաշվից ելքագրումը (կանխիկացումը), երբ շահառուի հաշվին միջոցների մուտքագրում կամ ելքագրում (կանխիկացում) իրականացնելու պահին հնարավոր է նույնականացնել, որ վճարողը կամ միջոցների ստացողը (շահառուն) միևնույն անձն է: Այլ պարագայում տվյալ գործարքը համարվում է փոխանցում,
8) արտարժույթի փոխանակում՝ մեկ արժույթի փոխանակում մեկ այլ արժույթի,
9) վճարային գործիք՝ ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված նշանակության,
10) Վերաշրջանառության մոդուլ (cash recycling module)՝ տեխնիկածրագրային միջոց, որը կանխիկ միջոցների ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ներին թույլ է տալիս վերադարձնել ընդունված Հայաստանի Հանրապետության կանխիկ դրամը՝ սույն կարգով սահմանված պահանջների ապահովման դեպքում,
11) Պահատուփերի անվտանգության համակարգ՝ ՖԳԻԱՍ-ի բնականոն գործունեությանը չարտոնված միջամտումը կանխելու և անվտանգությունը ապահովելու նպատակով սարքավորման մեջ տեղադրված կանխիկ դրամի պահպանման և պահատուփերում հատուկ ներկերի կիրառման միջոց։
ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. ՖԳԻԱՍ-ները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) Կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարք՝ կանխիկ դրամական միջոցներով նախաձեռնված ֆինանսական գործառնություններ սպասարկող սարք, որը կարող է տրամադրել մինչև 1000 ՀՀ դրամի մանրի վերադարձ՝ յուրաքանչյուր գործարքի գծով,
2) Կանխիկ միջոցների տրամադրմամբ գործառնություններ իրականացնող սարք՝ կանխիկ դրամական միջոցներ տրամադրող սարք,
3) Արտարժույթի փոխանակման սարք՝ կանխիկ դրամական միջոցների մուտքագրմամբ կամ տրամադրմամբ արտարժույթի փոխանակում իրականացնող սարք,
4) Բազմաֆունկցիոնալ սարք՝ սարք, որի միջոցով հնարավոր է իրականացնել սույն կարգի 4-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով ներկայացված սարքերի գործառույթները բոլորը միաժամանակ կամ տարբեր համադրություններով:
Ընդ որում, սույն կետում նշված սարքավորումները կարող են վճարային գործիքների կիրառմամբ մատուցել նաև անկանխիկ (անկանխիկ նախաձեռնված և անկանխիկ ստացված) ֆինանսական գործառնություններ:
5. Ֆինանսական կազմակերպությունը կարող է իրականացնել ՖԳԻԱՍ-ի տեխնիկական արդիականացում (նոր մոդուլների ավելացում, տեխնիկական վերազինում և այլն)՝ ապահովելով սույն Կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները: Արդիականացումից մեկ ամիս առաջ ֆինանսական կազմակերպությունը պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին ՖԳԻԱՍ-ի արդիականացման վերաբերյալ՝ ներկայացնելով ավելացվող մոդուլ(ներ)ի բնութագիրը և դրա(նց) միջոցով մատուցվող ֆինանսական գործառնություն(ներ)ը: ՖԳԻԱՍ-ի ծրագրային ապահովման նոր տարբերակի անցումը կամ թարմացումը չի համարվում տեխնիկական արդիականացում:
ԳԼՈՒԽ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6. Բոլոր ՖԳԻԱՍ-ների համար ֆինանսական կազմակերպությունը պետք է ապահովի.
1) դրամապահոցի ֆիզիկական անվտանգությունը,
2) իրականացված ֆինանսական գործառնությունների լոգերի գրանցում և հավաքագրված նյութերի պահպանում առնսվազն 120 օր,
3) սարքի շահագործման ժամանակ հաճախորդի սպասարկման գաղտնիություն, որպեսզի հաճախորդը չիրականացնի հավելյալ պաշտպանիչ գործողություններ իր վճարային գործիքի կամ մուտքագրվող այլ գաղտնի տվյալների անվտանգության պահպանման համար,
4) բնական լուսավորության բացակայության ժամանակ սարքավորման շահագործման համար անհրաժեշտ լուսավորության առկայություն,
5) մատուցվող գործառնությունների անընդհատություն, մասնավորապես, անխափան էլեկտրասնուցման հնարավորություն, որն անհրաժեշտ կլինի գործարքն ավարտին հասցնելու համար,
6) հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն, որն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
7) պատշաճ որակի տեսանկարահանում, որի միջոցով առնվազն հնարավոր կլինի գրանցել ՖԳԻԱՍ-ին մոտեցած ցանկացած անձին՝ նրա դեմքը և գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաև՝ ՖԳԻԱՍ-ից գումարը վերցնելու և ՖԳԻԱՍ գումար մուտքագրելու պահը, և չի գրանցվի հաճախորդի կողմից մուտքագրվող գաղտնաբառը (ՓԻՆ կոդը կամ նույնականացման այլ տվյալ),
8) տեսանկարահանված նյութերի պահպանում առնվազն 120 օր,
9) մշտադիտարկման համակարգի առկայություն, որի միջոցով հեռահար կդիտարկվի ՖԳԻԱՍ-ում առկա դրամական միջոցների քանակը, ավարտին չհասցրած գործառնությունները, ՖԳԻԱՍ-ի հասանելիությունը և այլ տեխնիկական թերությունները,
10) զեղծարար գործողությունների բացահայտում և կանխում,
11) համապատասխան միջոցների(միջոցառումների) կիրառում, որոնք անհրաժեշտ են կեղծ և անվճարունակ թղթադրամների և մետաղադրամների բացահայտման և դրանցով կատարվող գործարքների կասեցման համար,
12) սարքավորման շահագործման համար անհրաժեշտ ծրագրային համակարգերի արդիականությունը,
13) դրամապահոցի թվային բանալիների կառավարման գործընթաց, որի համաձայն սահմանված պարբերականությամբ և պատասխանատու աշխատակցի իրավասությունների դադարեցման դեպքում իրականացվի թվային բանալիների փոփոխումը,
14) ՖԳԻԱՍ-ի միջոցով հավաքագրված տեղեկատվության տեղափոխման (փոխանցման) անվտանգություն և ՖԳԻԱՍ-ի շահագործման համար նախատեսված տեղեկատվական ցանցի պաշտպանություն,
15) ՖԳԻԱՍ-ի միջոցով սպասարկվող վճարային գործիքների (դրանց տեսակների) և դրանց կիրառման մեթոդների (տեխնոլոգիաների) վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՖԳԻԱՍ-ի վրա կամ դրա էկրանին,
16) ՖԳԻԱՍ-ի միջոցով սպասարկվող դրամանիշերի անվանական արժեքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում ՖԳԻԱՍ-ի վրա կամ դրա էկրանին,
17) նոր թղթադրամների (մետաղադրամների) կամ նոր անվանական արժեքներով թղթադրամների (մետաղադրամների) ընդունում,
18) ՖԳԻԱՍ-ի լիցքավորման կամ լիցքաթափման համար նախատեսված դրամական միջոցների ինկասացիա կանխիկ դրամով կատարվող գործառնությունների նկատմամբ` Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն:
7. Եթե առևտրային բանկն իր կողմից շահագործվող և նոր տեղադրվող ՖԳԻԱՍ-ով իրականացնում է կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ (վճարային գործիքի կիրառմամբ կամ առանց դրա), ապա առևտրային բանկը պետք է ՖԳԻԱՍ-ում ապահովի պահատուփերի անվտանգության համակարգի առկայություն:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված` պահատուփերի անվտանգության համակարգի առկայության պահանջը բավարարելու նպատակով բանկը պահատուփերի անվտանգության համակարգի շահագործումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ Կենտրոնական բանկ է ներկայացնում պահատուփերի անվտանգության համակարգում կիրառվող հատուկ ներկերի մակնիշների, հատուկ պահատուփերի և հատուկ ներկերի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև կիրառվող հատուկ ներկերի նմուշները: ՖԳԻԱՍ-ների պահատուփերի անվտանգության համակարգում կիրառվող հատուկ ներկերի մակնիշների կամ դրանց արտադրողի փոփոխման դեպքում բանկն առնվազն 10 աշխատանքային օր առաջ Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի պահատուփերի անվտանգության համակարգում կիրառվող հատուկ ներկերի նոր մակնիշների, հատուկ պահատուփերի և հատուկ ներկերի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև կիրառվող հատուկ ներկերի նոր նմուշները:
9. ՖԳԻԱՍ-ների պահատուփերի անվտանգության համակարգում կիրառվող հատուկ ներկերի տեսակների փոփոխություններ չունենալու դեպքում բանկը երկու տարին մեկ անգամ Կենտրոնական բանկ է ներկայացնում իր ՖԳԻԱՍ-ներում կիրառվող հատուկ ներկերի նմուշները:
10. ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամը չի կարող կիրառվել ՖԳԻԱՍ-ի միջոցով կանխիկ դրամի տրամադրման գործառնություններում` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկի կողմից թղթադրամների և մետաղադրամների վճարունակության հատկանիշների համապատասխանության ստուգում անցնելը (կեղծ, անվճարունակ, հնամաշ թղթադրամները և մետաղադրամները հայտնաբերելու նպատակով):
11. Սույն կարգի 10-րդ կետի պահանջը համարվում է բավարարված, եթե կանխիկ միջոցների ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ը հագեցված է վերաշրջանառության մոդուլով, որի միջոցով կանխիկ դրամի ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ով սահմանված` բանկերի դրամարկղային կենտրոններում թղթադրամների և մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաների կողմից դրամանիշերի ստուգման համար սահմանված նվազագույն պահանջների համաձայն:
12. ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացված ֆինանսական գործառնությունների բոլոր տեսանկարահանված նյութերի, այդ թվում նաև՝ տեսանկարահանված տեսակադրերի վրա պետք է առկա լինեն այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր լինի հստակ որոշել հաճախորդին սպասարկած ՖԳԻԱՍ-ը, գործարքի կատարման օրը, ժամը և վայրը:
(կարգը խմբ. 16.05.17 թիվ 110-Ն, 22.03.22 թիվ 49-Ն, 28.11.23 թիվ 196-Ն)