ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1581-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ և 21-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «զ» ենթակետի, 10-րդ հոդվածի պահանջներով «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում Վեդի ջրամբարի կառուցման աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» թիվ AFD/ICB/CW-15/001 պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) շրջանակներում կապալառու «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) պայմանագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2023 թվականի պետական բյուջեից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) տրամադրել 1,600,000,000 (մեկ միլիարդ վեց հարյուր միլիոն) դրամ բյուջետային վարկ:
2. Ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրում սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկը տրվում է տասնութ ամիս մարման ժամկետով, տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով.
2) վարկի հիմնական գումարից 1,300,000,000 (մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն) դրամ գումարի մարումը կատարվում է վարկի մարման ժամկետի ավարտին, 300.000.000 (երեք հարյուր միլիոն) դրամ գումարի մարումը՝ ամսական հավասարաչափ մարումներով, տոկոսները հաշվեգրվում են վարկի մնացորդի նկատմամբ և մարվում են ամսական պարբերականությամբ՝ սկսած վարկի տրամադրման ամսվան հաջորդող ամսվանից.
3) որպես վարկային պարտավորության ապահովման միջոց ընդունվում է անշարժ գույքի գրավը՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ քաղ. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի 39/1 հասցեում գտնվող հողամասը, որի շուկայական արժեքը, համաձայն «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ ՎՄ-30/3541 գնահատման հաշվետվության, 2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ կազմում է 2 083 300 000 (երկու միլիարդ ութսուներեք միլիոն երեք հարյուր հազար) դրամ, լիկվիդացիոն արժեքը՝ 1 666 640 000 (մեկ միլիարդ վեց հարյուր վաթսունվեց միլիոն վեց հարյուր քառասուն հազար) դրամ, գրավի պայմանագրի կնքման և գրավի իրավունքի գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են ֆինանսավորման ընկերության կողմից.
4) սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկը փոխանցվում է գանձապետարանում այդ նպատակով բացված արտաբյուջետային հաշվին, որից վարկի գծով մասհանումները կատարվում են ընկերության հայտի հիման վրա: Ընդ որում, յուրաքանչյուր մասհանման նպատակի համապատասխանությունը սույն որոշման 1-ին կետի պայմաններին նախապես հավաստվում է «Վեդի պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծում և կառուցում» թիվ AFD/ICB/CW-15/001 պայմանագրի պատվիրատու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկի տրամադրման օր է համարվում վարկի գումարը սույն ենթակետում նշված գանձապետական հաշվին փոխանցելու օրը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ընկերության վճարահաշվարկային սպասարկման համար Հայաստանի Հանրապետության գանձապետարանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անունով բացել արտաբյուջետային հաշիվ (հաշիվներ):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել բյուջետային վարկի տրամադրման պայմանագրեր՝ սույն որոշմամբ սահմանված ընդհանուր պայմաններով։
5. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված կատարողական ակտերով ընկերությանը պայմանագրի շրջանակներում կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումները պայմանագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի փոխարեն իրականացնել՝ հաշվարկների հիմքում կիրառելով 1 եվրո=500 դրամ փոխարժեքը` վճարումներն իրականացնելով՝ համաձայն ծրագրի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների՝ վճարումներն իրականացնելով ամբողջովին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման աղբյուրից։
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ընկերության նկատմամբ սույն որոշման 6-րդ կետում նշված մեղմացնող միջոցառման կիրառման նպատակով ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
8. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն որոշման մեջ նշված պայմանագրերում ապահովել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|