Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նախաբան
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, ձգտելով խթանել առևտրատնտեսական հարաբերությունները, ցանկանալով զարգացնել և խրախուսել զբոսաշրջությունը, հեշտացնել բեռների և ուղևորների միջազգային փոխադրումները իրենց երկրների միջև, ինչպես նաև տարանցիկ` միմյանց տարածքներով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Նախնական դրույթներ
Հոդված 1. |
Սահմանումներ |
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Փոխադրող» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի բնակվելու վայր, հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին, որը, ազգային օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, լիազորված է կատարել ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումներ:
2. «Փոխադրամիջոց» տերմինը նշանակում է.
ա) բեռների փոխադրումների համար` բեռնատար ավտոմեքենա, կցորդով կամ կիսակցորդով քարշակ, որոնք գրանցված են Պայմանավորող կողմերից մեկի տարածքում,
բ) ուղևորների փոխադրումների համար` ցանկացած ավտոտրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս, քան 9 նստատեղ (ներառյալ վարորդինը) և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:
3. «Ուղևորների կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է փոխադրամիջոցներով ուղևորների փոխադրում նախօրոք համաձայնեցված երթուղով, չվացուցակով, որտեղ նշված են ուղևորների նստեցման և իջեցման սկզբնական, վերջնական և տարանցիկ կետերը:
Հոդված 2. |
Համաձայնագրի գործողության ոլորտը |
Սույն Համաձայնագրին համապատասխան` իրագործվում են ուղևորների և բեռների փոխադրումներ երկու երկրների միջև, դեպի երրորդ երկիր կամ երրորդ երկրից նրանց տարածքով տարանցիկ փոխադրումներ միջազգային հաղորդակցության համար նախատեսված ավտոերթուղիներով:
Ուղևորների փոխադրում
Հոդված 3. |
Կանոնավոր փոխադրումներ |
Փոխադրամիջոցներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ կկազմակերպվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ: Նման փոխադրումներ կազմակերպելու առաջարկությունները Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները նախօրոք ներկայացնում են միմյանց:
Հոդված 4. |
Ոչ կանոնավոր փոխադրումներ |
1. Սույն Համաձայնագրին համապատասխան` ուղևորների ոչ կանոնավոր փոխադրումները իրականացվում են թույլտվության հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերի:
2. Թույլտվություն չի պահանջվում այն դեպքերում, եթե ուղևորների նույն խումբը փոխադրվում է նույն փոխադրամիջոցով ուղևորության ամբողջ ընթացքում, եթե.
ա) ուղևորությունը սկսվում և վերջանում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը,
բ) ուղևորությունը իրագործվում է տարանցիկ` մյուս Պայմանավորվող կողմի տարածքով:
3. Խափանված ավտոբուսի փոխարինման համար թույլտվություն չի պահանջվում:
4. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված փոխադրումների ընթացքում փոխադրամիջոցի վարորդը պարտավոր է ունենալ ուղևորների ցուցակը:
Բեռների փոխադրում
Հոդված 5. |
Փոխադրումների կատարման կարգը |
Մյուս Պայմանավորվող կողմի տարածքով տարանցիկ բեռների փոխադրման, ինչպես նաև երրորդ երկրից մյուս Պայմանավորվող կողմի տարածք և մյուս Պայմանավորվող կողմի տարածքից երրորդ երկիր փոխադրումները կիրականացվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների տված թույլտվության հիման վրա:
Հոդված 6. |
Թույլտվությունից ազատված փոխադրումներ |
Թույլտվության պահանջներից ազատված փոխադրումները հետևյալն են.
ա) ցուցահանդեսային առարկաների փոխադրում,
բ) սպորտային մրցումների և ներկայացումների անցկացման համար բեռների փոխադրում,
գ) թաղման փոխադրում,
դ) փոստի փոխադրում,
ե) հումանիտար օգնության համար նախատեսված բեռների փոխադրում:
Ընդհանուր դրույթներ
Հոդված 7. |
Ավտոտրանսպորտային միջոցների քաշը և չափսերը |
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է չպարտադրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցի համար ավելի սահմանափակ պայմաններ, քան իր տարածքում գրանցված տրանսպորտային միջոցների համար սահմանվածն է:
2. Եթե տրանսպորտային միջոցի քաշը կամ չափսերը գերազանցում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում թույլատրելի առավելագույն սահմանը, ինչպես նաև վտանգավոր բեռների փոխադրման դեպքում, փոխադրամիջոցների համար պահանջվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների հատուկ թույլտվությունը:
Եթե նման թույլտվությունը նշում է փոխադրամիջոցի համար որոշակի երթուղի, ապա փոխադրումը թույլատրվում է միայն այդ երթուղով:
Հոդված 8. |
Թույլտվություն |
Սույն Համաձայնագրով նախատեսված թույլտվություններ տալու և փոխանցելու կարգը որոշվում է Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև կայացված համաձայնությամբ:
Հոդված 9. |
Փոխադրումներ այլ երկրի տարածքում |
Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողներին չի թույլատրվում կատարել ուղևորների և բեռների փոխադրում երկու կետերի միջև, որոնք գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:
Հոդված 10. |
Տրանսպորտային փաստաթղթեր |
Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան պահանջվող փաստաթղթերը պետք է գտնվեն փոխադրամիջոցում և ներկայացվեն իրավասու հսկող մարմինների պահանջով:
Հոդված 11. |
Վարձատրություններ |
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող բոլոր փոխադրումների վճարումները կկատարվեն Պայմանավորվող կողմերի միջև կնքվող վճարման համաձայնագրով:
Հոդված 12. |
Հարկեր և վճարումներ |
Սույն Համաձայնագրի համապատասխան` Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողների կողմից իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ինչպես նաև փոխադրամիջոցները, որոնցով կատարվում են այդ փոխադրումները, փոխադարձաբար ազատվում են այն հարկերից և վճարումներից, որոնք կապված են թույլտվություն տալու, ճանապարհների շահագործման և պահպանության հետ:
Հոդված 13. |
Մաքսային ընթացակարգեր |
1. Մյուս Պայմանավորվող կողմի տարածք փոխադրամիջոցների ժամանակավոր մուտքի հարցերը կարգավորվում են այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրության համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրամիջոցի սովորական բաքում առկա վառելիքը և քսայուղերը մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանակավոր մուտք գործելիս ազատվում են ներմուծվող մաքսատուրքերից և ենթակա չեն ներմուծման սահմանափակումներին ու արգելքներին` պայմանով, որ նշված բաքերը լինեն գործարանային նմուշի:
3. Խափանված փոխադրամիջոցի նորոգման համար ներմուծված պահեստամասերը ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքերից: Փոխարինված մասերը կամ պետք է ենթարկվեն մաքսային մաքրման կամ պետք է վերաարտահանվեն, կամ ոչնչացվեն մաքսային մարմինների հսկողությամբ:
Հոդված 14. |
Ապահովագրություն |
Սույն Համաձայնագրին համապատասխան փոխադրումներ կատարող փոխադրողները յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ընթացիկ օրենսդրությամբ և կանոնակարգերով սահմանված կարգով նախօրոք պետք է ապահովագրեն փոխադրամիջոցը:
Հոդված 15. |
Ազգային օրենսդրության կատարում |
Սույն Համաձայնագրում չնախատեսված դրույթների համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի փոխադրողները պարտավոր են կատարել մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և կանոնակարգերը նրա տարածքում գտնվելու ընթացքում, որոնց մասին մեկնող Կողմի իրավասու մարմինները պետք է տեղեկացնեն իրենց քաղաքացիներին:
Հոդված 16. |
Խախտումներ |
1. Պայմանավորվող կողմերից մեկի վարորդների կամ փոխադրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սույն Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև ընթացիկ օրենքների, ճանապարհային երթևեկության կանոնների և փոխադրման կարգը խախտվելու դեպքում այն պետության իրավասու մարմինները, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը, պարտավոր են մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, կատարել հետևյալ միջոցառումներից որևէ մեկը.
ա) անել նախազգուշացում փոխադրող խախտողին,
բ) ժամանակավորապես կամ ընդհանրապես արգելել փոխադրողին փոխադրումներ կատարել այն երկրի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը,
գ) եթե խախտումը քրեորեն հետապնդելի արարք է, տվյալ երկրի իրավասու մարմինները, կառաջնորդվեն իրենց երկրի օրենսդրությամբ:
2. Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները, որոնք կիրառել են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումները, պետք է այդ մասին տեղյակ պահեն մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջոցառումները չպետք է հակասեն այն Պայմանավորվող կողմի երկրի գործող օրենսդրությանն ու նորմերի կատարմանը, որտեղ կատարվել է խախտումը:
Հոդված 17. |
Համատեղ կոմիտե |
Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները կձևավորեն իրենց ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ կոմիտե, որը կքննարկի սույն Համաձայնագրի դրույթների պատշաճ կատարմանն առնչվող բոլոր հարցերը:
Հոդված 18. |
Իրավասու մարմիններ |
Սույն Համաձայնագրի կատարումը կիրականացնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, Լիբանանի Հանրապետության կառավարության կողմից` տրանսպորտի նախարարությունը:
Հոդված 19. |
Ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 30-րդ օրը այն բանից հետո, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կտեղեկացնեն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է 3 տարի ժամկետով, այն կերկարաձգվի ինքնաբերաբար և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև 90 օր անցնի այն օրից, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը մյուսին գրավոր ծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Կատարված է Բեյրութ քաղաքում 1995 թվականի մայիսի 1-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, անգլերեն և արաբերեն, ընդ որում բոլոր օրինակները հավասարազոր են: Տարաձայնության դեպքում կգերակայի Համաձայնագրի անգլերեն տարբերակը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ից:
