ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՇՈՏ ՄԱԼԽԱՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 35814/14)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
11 hոկտեմբերի 2022թ.
Հոդված 2 (նյութաիրավական եւ ընթացակարգային) • Դրական պարտավորություններ • Դիմումատուի որդու մահը պարտադիր զինվորական ծառայության ժամանակ, որը զորակոչվել էր բժշկական այն ախտորոշման անփույթ անտեսմամբ, որի համաձայն նա ծառայության համար պիտանի չէր • Ռազմական իշխանության մարմինների եւ բուժաշխատողների՝ սխալ որոշմամբ կամ անփութությամբ պայմանավորված վարքագիծը չհիմնավորված կերպով վտանգել է դիմումատուի որդու կյանքը • Քրեական գործով անարդյունավետ և տևական քննությունն ի վերջո դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու պատճառով
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,
Թիմ Այքը [Tim Eicke],
Յոնկո Գրոզև [Yonko Grozev],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի քաղաքացի պրն Աշոտ Մալխասյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2014 թվականի հուլիսի 23-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 35814/14),
դիմումատուի որդու մահվան վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 28-ի՝ գանգատն առաջնահերթ կարգով քննելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի սեպտեմբերի 20-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակ դիմումատուի որդու մահվանը, որը տեղի է ունեցել զորակոչի ընթացքում ռազմական իշխանությունների կողմից ենթադրաբար նրա առողջական վիճակը պատշաճ կերպով չգնահատելու արդյունքում, ինչպես նաև դրան հաջորդած քննությանը: Գործում բարձրացված են Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված հարցեր։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1946 թվականին և ապրում է Երևանում։ Նրան ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ս. Սաֆարյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
I. գործի նախապատմությունը
5. Դիմումատուն 22 տարեկան հասակում մահացած Ա. Մալխասյանի հայրն է:
6. Համալսարանն ավարտելուց հետո 2009 թվականի ամռանն Ա. Մալխասյանը զորակոչվել է հայկական բանակ: 2009 թվականի հունիսի 25-ին նրան զինվորական ծառայության համար պիտանի են ճանաչել և հաջորդ օրն ուղարկել են այն զորամասը, որտեղ նա նշանակվել է զինվորական ծառայություն անցնելու համար:
7. 2009 թվականի հուլիսի 4-ին Ա. Մալխասյանը կորցրել է գիտակցությունը, և նրան փոխադրել են զինվորական հոսպիտալ, որտեղ նրա մոտ կլինիկական մահ է գրանցվել: Նրա բժշկական քարտում նշվել է հետևյալ ախտորոշումը՝ հետսրտաթոքային վերակենդանացման համախտանիշ և ստամոքսաղիքային արյունահոսություն:
8. 2009 թվականի հուլիսի 5-ին Ա. Մալխասյանին օդային շտապօգնության միջոցով շտապ տեղափոխել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նրան կոմայի մեջ տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նրա մոտ ախտորոշել են հետսրտաթոքային վերակենդանացման համախտանիշ, գլխուղեղի այտուց (ուղեղի ուռուցք), երկկողմանի շնչանցումային թոքաբորբ և ստամոքսաղիքային արյունահոսություն: Նույն օրը նա մահացել է:
II. Ա. Մալխասյանի առողջական վիճակը նախքան զորակոչվելը
9. 2008 թվականի հուլիսի 10-ին Ա. Մալխասյանի համար շտապօգնություն է կանչվել. նա ուժգին փսխել է մուգ գույնի փսխազանգված, չափազանց թույլ է եղել և որովայնային ցավեր է ունեցել: Այդ ժամանակ նրա մոտ ախտորոշել են սրտի անբավարարություն, ռեֆլյուքս-էզոֆագիտ (կերակրափողի լորձաթաղանթի բորբոքում), ստամոքսամուտքի լորձաթաղանթի խոց, Մելորի-Վեյսի համախտանիշ (ստամոքսի և կերակրափողի միջև լորձաթաղանթի պատռվածքի կամ խոցի հետևանքով առաջացած արյունահոսություն), մակերեսային ստամոքսաբորբ և կայուն արյունահոսություն: Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում ստացած բուժման արդյունքում նրա վիճակը կայունացել է, և արյունահոսությունը դադարել է: 2008 թվականի հուլիսի 21-ին նրան դուրս են գրել և հրահանգել են մնալ ստամոքսաղիքաբանի հսկողության տակ և հետազոտվել երեսուն օր հետո:
10. 2008 թվականի դեկտեմբերին Ա. Մալխասյանը վատառողջ լինելու պատճառով հետազոտություններ է անցել: Նրա մոտ, inter alia (ի թիվս այլնի), ախտորոշվել է կերակրափողի ճողվածք, Ջիլբերտի համախտանիշ (արյան հոսքում չկապված բիլիռուբինի բարձր մակարդակներ), և նրան նշանակվել է դեղորայք և հատուկ սննդակարգ: Նրան նաև խորհուրդ են տվել քնել գլուխը բարձր և չկռանալ կամ ծանրություն չբարձրացնել:
III. Ա. Մալխասյանի զորակոչը
11. 2009 թվականի մարտին Ա. Մալխասյանին հրավիրել են ներկայանալ Արաբկիրի զինվորական կոմիսարիատ՝ նախնական բժշկական զննություն անցնելու համար:
12. Չնշված օրը նա գնացել է Արաբկիրի զինվորական կոմիսարիատ և համապատասխան բժշկական հանձնաժողովին է ներկայացրել իր բժշկական քարտը:
13. 2009 թվականի ապրիլին նա խնդրել է անցնել լրացուցիչ բժշկական հետազոտություն, սակայն Արաբկիրի զինվորական կոմիսար Ա.Ու.-ն հրաժարվել է ուղեգրել նրան՝ հետագա բժշկական հետազոտություն անցնելու համար: Դրանից հետո դիմումատուն գնացել է Ա.Ու.-ի մոտ և խնդրել նրան ստորագրել գրություն, որով իր որդին կուղարկվեր բժշկական հետազոտությունների: Ա.Ու.-ն հրաժարվել է շատ կոպիտ ձևով՝ ասելով, որ դիմումատուի որդին ամեն դեպքում զորակոչվելու է:
14. 2009 թվականի մայիսի 25-ին դիմումատուն որդուն լրացուցիչ բժշկական հետազոտության ուղարկելու վերաբերյալ գրավոր դիմում է ներկայացրել:
15. 2009 թվականի մայիսի 29-ին այդ դիմումը Ա. Ու.-ի կողմից մերժվել է այն հիմքով, որ ներկայացված բժշկական փաստաթղթերը բավարար էին այն մասին եզրահանգում կատարելու համար, որ Ա. Մալխասյանը զինվորական ծառայության համար պիտանի էր:
16. Դիմումատուն նմանատիպ դիմումներ է ուղարկել Հայաստանի զինվորական կոմիսարին և Հայաստանի զինված ուժերի աշխատակազմի ղեկավարին:
17. 2009 թվականի հունիսի 12-ին Հայաստանի զինվորական կոմիսարը Ա. Ու.-ին կարգադրել է Ա. Մալխասյանին կրկին ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ զինվորական ծառայության համար նրա պիտանիությունը որոշելու համար:
18. Դրանից հետո Ա. Ու.-ն ուղեգրել է Ա. Մալխասյանին 2009 թվականի հունիսի 15-ից 19-ը անցնելու լրացուցիչ բժշկական հետազոտություններ Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, որից հետո համապատասխան հանձնաժողովը պետք է եզրակացություն ներկայացներ նրա առողջական վիճակի մասին: Ա. Ու.-ի ցուցումով Արաբկիրի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի վիրաբույժ Մ.Ս.-ն ներկա է եղել Էրեբունի բժշկական կենտրոնում Ա. Մալխասյանի հետազոտություններին:
19. Էրեբունի բժշկական կենտրոնում բժշկական հետազոտությունների ընթացքում Ա. Մալխասյանին հետազոտել են մասնագետներ, այդ թվում՝ ստամոքսաղիքաբանը, որը նրա մոտ ախտորոշել է խոցային գաստրիտ, մակերեսային տասներկումատնյա աղիքի բորբոքում, ստամոքսաղիքային մոտորիկա (շարժունակություն) և կերակրափողի ճողվածք, և նյարդաբանը, որը նրա մոտ ախտորոշել է վեգետատիվ անոթային դիստոնիա՝ կրիզով (նոպայով):
20. 2009 թվականի հունիսի 19-ին համապատասխան հանձնաժողովն Ա. Մալխասյանի բժշկական հետազոտությունների արդյունքների հիման վրա ներկայացրել է բժշկական եզրակացություն՝ հետևյալ վերջնական ախտորոշմամբ. հոգեբանական սթրեսով պայմանավորված ստամոքսաղիքային մոտորիկայի խանգարումներ:
21. 2009 թվականի հունիսի 25-ին Ա. Մալխասյանը կանչվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողով, որը նրան զինվորական ծառայության համար պիտանի է համարել:
IV. նախաքննություն
22. 2009 թվականի հուլիսի 4-ին Ա. Մալխասյանի եղբայրը գնացել է զորամաս նրան այցելության: Տեղեկանալով, որ Ա. Մալխասյանն այդ օրն ուշաթափվել է և արագ հասցվել հոսպիտալ, նրա եղբայրը հաղորդում է ներկայացրել առ այն, որ Ա. Մալխասյանը նախքան զորակոչվելը տառապել է մի շարք հիվանդություններով, և որ նա անօրինականորեն է զորակոչվել բանակ:
23. Նույն օրը Պաշտպանության նախարարության քննչական ծառայության երկրորդ կայազորի քննչական վարչությունը որոշում է կայացրել այդ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ (տե՛ս ստորև 59-րդ պարբերությունը):
24. 2010 թվականի հուլիսի 5-ին Չորրորդ կայազորի քննչական վարչությունը քննություն է սկսել Մալխասյանի մահվան հանգամանքների առնչությամբ:
25. Նույն օրը պահանջվել է դիահերձման իրականացում:
26. 2009 թվականի հուլիսի 6-ին Պաշտպանության նախարարը պահանջել է Մալխասյանի մահվան հանգամանքների ներքին քննության իրականացում:
27. 2010 թվականի հուլիսի 10-ին Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը ստանձնել է քննության իրականացումը: 2010 թվականի հուլիսի 4-ին հարուցված վարույթը և Մալխասյանի մահվան հանգամանքների շուրջ քննությունը միացվել են մեկ վարույթում:
28. Մալխասյանի մահվանից կարճ ժամանակ անց հարցաքննվել են նրա ծառայակից ընկերներից ոմանք և նշել, որ նա անառողջ տեսք ուներ, չափազանց գունատ էր ու նիհար:
29. 2009 թվականի հուլիսի 29-ին հարցաքննվել է Զորակոչիկների հավաքագրման կետի բժշկական հանձնաժողովի նախագահ Ա.Խ.-ն: Նա, inter alia, նշել է, որ 2010 թվականի հուլիսի 5-ին տեղեկանալով, որ Ա. Մալխասյանին տեղափոխել են Կենտրոնական զինվորական հոսպիտալ, գնացել է այնտեղ, և որ իրեն ներկայացված բժշկական փաստաթղթերը բավարար էին կասկածի տակ դնելու Էրեբունի բժշկական կենտրոնում Մալխասյանի առողջական վիճակի վերաբերյալ արված եզրակացությունը: Ծանոթանալով Էրեբունի բժշկական կենտրոնից վերցված բժշկական քարտի տվյալներին և հետազոտությունների արդյունքներին և դրանք համեմատելով այդ եզրակացության բովանդակության հետ՝ նրան հաջողվել է ներկայացնել, որ այդ հետազոտությունները դիտավորյալ հաշվի չէին առնվել, որպեսզի Ա. Մալխասյանը զինվորական ծառայությանը պիտանի համարվի: Եթե համապատասխան տեղեկատվությունն արտացոլվեր եզրակացության մեջ, նա ծառայության համար ոչ պիտանի կհամարվեր:
30. Նույն օրը հարցաքննվել է Պաշտպանության նախարարության զինվորական բժշկական վարչության պետը և մասնավորապես նշել է, որ Ա. Մալխասյանը զինվորական ծառայության համար ոչ պիտանի կհամարվեր, եթե զինվորական կոմիսարիատը և Կենտրոնական բժշկական հանձնաժողովը պատշաճ կերպով ուսումնասիրած լինեին նրա բժշկական քարտը:
31. 2009 թվականի օգոստոսի 26-ին Պաշտպանության նախարարը գործի ներքին քննության արդյունքների հիման վրա հրաման է արձակել, որով Ա. Մալխասյանի զորակոչի գործընթացին ներգրավված մի շարք անձանց, այդ թվում՝ Ա.Ու.-ին և Ա.Խ.-ին նկատողություն է տրվել: Համապատասխան մասերը շարադրվել են հետևյալ բովանդակությամբ.
«…Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ունենալով շարքային [Ա. Մալխասյանի] հիվանդությունների մասին բոլոր փաստաթղթերը, պարտավոր էր այլ վերաբերմունք ցուցաբերել. ուղարկելով մանրակրկիտ հետազոտությունների՝ [նրա] զորակոչի վերաբերյալ պետք է ճիշտ որոշում կայացներ:
...
- Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը, առանց ստացիոնար հետազոտության, շարքային [Ա. Մալխասյանին] ճանաչել է «պիտանի շարային ծառայության համար» այն դեպքում, երբ զինկոմիսարիատի պայմաններում բժշկական հանձնաժողովը դժվարությամբ էր որոշել նրա ստամոքսի վիճակը և ստոծանու ճողվածքը, որոնց մասին գրված էր բժշկական փաստաթղթերում,
- զինվորական կոմիսարը շարքային [Ա. Մալխասյանին] հետազոտության համար ուղեգիր է տվել միայն վերադասի կարգադրությունից հետո,
- զինկոմիսարիատը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, շարքային [Ա. Մալխասյանի] ներկայացրած … բժշկական փաստաթղթերին բավարար ուշադրություն չեն դարձրել,
- «Էրեբունի» բժշկական կենտրոնում ս.թ. հունիսի 15-19-ը կատարված հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և լիարժեք չեն եղել, ինչի հիման վրա զինկոմիսարիատը և կենտրոնական բժշկական հանձնաժողովը [Ա.Մալխասյանին] ճանաչել են «պիտանի շարային ծառայության համար»,
- [Ա.Մալխասյանի] անձնական գործում չեն կարվել … բժշկական փաստաթղթերը,
- անձնական գործում փաստաթղթերի հերթական համարները (16-22) նշված են ուղղումներով և փոփոխումներով,
...
- [Ա. Ու.-ն], ըստ [Ա.Մալխասյանի] եղբոր հայտարարության, անհարկի վիճաբանել է [Ա.Մալխասյանի] հարազատների հետ՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև կասկած է հայտնել ծնողի ներկայացրած փաստաթղթերի իսկության վերաբերյալ ...
Պատասխանատու անձանց պատժելու և ապագայում նման միջադեպերի առաջացումը կանխելու համար, կարգադրում եմ՝
1. Նախազգուշացում [պետք է տրվի] [Ա. Ու.-ին] «ծառայության համար ոչ ամբողջապես համապատասխան լինելու» վերաբերյալ
... կոպիտ խախտումների համար ...
2. «խիստ նկատողություն» հետևյալ անձանց.
- [Ա. Հ.-ին]՝ Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ,
- [Ա. Խ.-ին] ...
3. «Նկատողություն» հետևյալ անձանց.
[Հ. Սա.-ին]՝ Արաբկիրի զինվորական կոմիսարիատի քարտուղար ...
… [անընթեռնելի]
4. ... [անընթեռնելի]
- ներգրավել ավելի բարձր որակավորում ունեցող բժիշկ մասնագետների բժշկական հանձնաժողովի կազմում՝ զորակոչի ընթացակարգին մասնակցելու համար ...
- ուսումնասիրել, թե ինչպես են [Ա. Մալխասյանի] բժշկական հետազոտություններն իրականացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
5. - Բժշկական կոմիսարի ուշադրությունը [պետք է հրավիրվի] ... Արաբկիրի զինվորական կոմիսարիատում հաշվառման թերությունների, ...բժիշկ մասնագետների ...
...
8. [Հայաստանի] զինվորական կոմիսարին՝
...
- ուշադրություն դարձնել զորակոչիկների և նրանց հարազատների կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերին, մանրամասն ուսումնասիրել և արդարացի որոշում կայացնել յուրաքանչյուր դիմումի (բողոքի) վերաբերյալ ...»:
32. 2009 թվականի օգոստոսի 12-ին ստացվել է դիահերձման եզրակացությունը: Դատաբժշկական փորձագետը եզրակացրել է, որ Ա. Մալխասյանի մահվան պատճառ է հանդիսացել պսակաձև զարկերակի հիվանդությունը, որն առաջացել է ռևմատիկ պանկարդիտից, սրտամկանախտից, ռևմատիկ կորոնարիտից, սփռուն կարդիոսկլերոզից, աորտային և թոքային փականների (կիսալուսնաձև փականներ) շարակցական հյուսվածքի խանգարումներից, որոնցից հանգուցյալը տառապել է, երբ դեռ ողջ էր, և որոնք էլ ուղղակիորեն կապ ունեն նրա մահվան հետ: Եզրակացության մեջ նաև նշվել է, որ Ա. Մալխասյանն ունեցել է Մելորի-Վեյսի համախտանիշ, քրոնիկական էոզոֆագիտով՝ կերակրափողի մակերեսային էրոզիաներով և քրոնիկական գաստրիտով, որոնք նրա մահվան հետ պատճառական կապ չեն ունեցել:
33. 2009 թվականի սեպտեմբերի 14-ին հարցաքննվել է Ա. Ու.-ն և, inter alia, նշել է, որ ինքն է հանձնարարել Ա. Մալխասյանի անձնական գործից հանել տասը բժշկական փաստաթղթերը: Իր և զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի մոտ խորը կասկածներ են եղել Ա. Մալխասյանի՝ իսկապես վատառողջ լինելու վերաբերյալ և ինքը հետևաբար կարգադրել է Մ. Ս.-ին ներկա գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնում նրա հետազոտությանը: 2009 թվականի հունիսի 15-ից 19-ը Մ. Ս.-ն ներկա է գտնվել Ա. Մալխասյանի բժշկական հետազոտություններին՝ օբյեկտիվություն ապահովելու նպատակով:
34. 2010 թվականի հունվարի 26-ին քննիչը կարգադրել է դատաբժշկական փորձագետների հանձնաժողովի կողմից դատաբժշկական փորձաքննության անցկացում:
35. 2010 թվականի մայիսի 3-ին դատաբժշկական փորձագետների հանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը, որի համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
«... դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված՝ որպես մահվան պատճառ հանդիսացած... հիվանդություններն առաջացել են 2008թ.-ից առաջ, որոնք հիմնավորվում են ինչպես դիակի օրգանների մորֆոլոգիական փոփոխություններով, այնպես էլ 2008թ. Միքայելյանի անվան հիվանդանոցում կատարված էլեկտրասրտագրի վրա առկա փոփոխությունների ... մասին վկայող տվյալներով …
... ֆիզիկական և փսիխոէմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կարող էին ունենալ բացասական ազդեցություն [Ա.Մալխասյանի] մոտ սիրտ-անոթային առկա հիվանդության վրա, այդպիսով վատթարացնելով նրա առողջական վիճակը:
... անհրաժեշտ էր Ա.Մալխասյանի նկատմամբ բժշկական տեսանկյունից սահմանել հատուկ սննդակարգ, ֆիզիկական և փսիխոէմոցիոնալ ծանրաբեռնվածության սահմանափակում: Եվ, չնայած այն հանգամանքին, որ տվյալ դեպքում ստամոքս-աղիքային հիվանդությունները մահվան պատճառի հետ չեն գտնվել ուղղակի պատճառական կապի մեջ, սակայն նրանք կարող էին պատճառ հանդիսանալ … որպես նպաստող գործոն մահվան պատճառի առումով:
... Էրեբունի ԲԿ-ի հիվանդության պատմագրի հետազոտությունների տվյալներով Ա. Մալխասյանի մոտ հայտնաբերվել է էրոզիվ անտրալ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, որոնք չեն արձանագրվել առողջական վիճակի ակտի մեջ ...
Եթե Ա.Մալխասյանը ենթարկվեր համապատասխան հետազոտությունների ... ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբերվեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ սրտային պաթոլոգիան, այնպես էլ մյուս հիվանդությունները … եթե հայտնաբերվեին այդպիսիք, կազմակերպվեր համապատասխան բուժումներ … ապա հնարավոր էր խուսափել առողջական վիճակի հետագա վատացումից, նաև մահվան ելքից»:
36. 2010 թվականի հունիսի 24-ին քննիչը Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորև 57-րդ պարբերությունը) մեղադրանք է առաջադրել այդ ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած՝ թերապևտ Տ.Գ.-ին: Քննիչի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ Տ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Ա. Մալխասյանի լիարժեք բժշկական զննությունն ապահովելու համար քայլեր չձեռնարկելու և նրան անօրինականորեն զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելու համար այն դեպքում, երբ նա պիտանի չի եղել:
37. 2010 թվականի հուլիսի 16-ին քննիչը Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս ստորև 59-րդ պարբերությունը) մեղադրանք է առաջադրել Ա.Խ.-ին՝ ծառայության նկատմամբ ծայրահեղ անփույթ վերաբերմունքի համար: Քննիչի որոշման մեջ նշվել է մասնավորապես, որ Ա. Խ.-ն մեղադրվում էր Ա. Մալխասյանի ներկայացրած բժշկական փաստաթղթերում նշված՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվի չառնելու և նրան լրացուցիչ հետազոտությունների չուղարկելու մեջ, ինչի արդյունքում վերջինս, լինելով ծառայության համար ոչ պիտանի, անօրինականորեն զորակոչվել էր բանակ:
38. 2010 թվականի օգոստոսի 30-ին քննիչը Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորև 57-րդ պարբերությունը) մեղադրանք է առաջադրել այդ ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած՝ նյարդաբան Գ.Հ.-ին: Քննիչի որոշման մեջ նշվել է մասնավորապես, որ Գ.Հ.-ն մեղադրվում էր Ա. Մալխասյանի լիարժեք բժշկական զննությունն ապահովելու համար քայլեր չձեռնարկելու և նրան ծառայության համար պիտանի ճանաչելու մեջ, ինչի արդյունքում վերջինս, լինելով ծառայության համար ոչ պիտանի, անօրինականորեն զորակոչվել էր բանակ:
39. 2010 թվականի նոյեմբերի 2-ին քննիչը նշանակել է դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն՝ դա հիմնավորելով նրանով, որ այդ փորձաքննությունը միակ հնարավոր միջոցն էր քննության ժամանակ առաջացած մի շարք անհամապատասխանություններ պարզելու համար:
40. Համալիր դատաբժշկական փորձաքննությունն անցկացնելու նպատակով 2010 թվականի նոյեմբերի 12-ին Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա ձևավորվել է փորձագետների հանձնաժողով:
41. 2011 թվականի սեպտեմբերի 17-ին հանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը՝ համաձայն որի՝ 2009 թվականի հուլիսի 4-ին Ա. Մալխասյանի առողջության կտրուկ վատթարացումը և դրան հաջորդած մահը, հնարավոր է, կապ ունեին աղեստամոքսային սուր արյունահոսության հետ (Մելորի-Վեյսի համախտանիշ), որը պայմանավորված էր սրտի վրա ազդող թաքնված պաթոլոգիական փոփոխություններով (պսակաձև զարկերակների հիվանդություն, կարդիոսկլերոզ) և դրա հետևանքով վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումների արդյունքում առաջացած սրտի կանգով և ուղեղի այտուցով: Բացի իր աղեստամոքսային խանգարումներից Ա. Մալխասյանը տառապել է պսակաձև զարկերակների բորբոքմամբ և կարդիոսկլերոզով, որոնք ընթացել են առանց ախտանիշների և ֆունկցիոնալ փոփոխությունների, քանի որ նա դրանց հետ կապված գանգատներ չի ունեցել: Ա. Մալխասյանի լրացուցիչ բուժումը և զորակոչը հետաձգելը հնարավոր է կանխեին ճակատագրական ելքը: Նաև չի կարելի բացառել, որ այդ ախտաբանական վիճակների հանրագումարը քաղաքացիական կյանքում ևս կարող էր հանգեցնել նույն ելքի:
42. 2014 թվականի հուլիսի 17-ին քննիչը որոշում է կայացրել դադարեցնել Տ. Գ.-ի, Ա.Խ.-ի և Գ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, և կարճել քրեական գործով վարույթներն այն հիմքով, որ Ա. Մալխասյանի մահն առաջացել է առանց ախտանշանների ընթացող սրտային հիվանդություններից, որոնց ախտանշաններն իրենց զգացնել չեն տվել, բայց որոնք հետագայում կենսակերպի և առօրյա կյանքի փոփոխության արդյունքում հանգեցրել են առանց ախտանշանների ընթացող ախտաբանական վիճակների սրմանը և արդյունքում՝ սրտային անբավարարության: Նշված հիվանդությունները չեն հայտնաբերվել և չէին կարող հայտնաբերվել նույնիսկ նախքան զորակոչը թե՛ այն կլինիկայում, որտեղ Ա. Մալխասյանը նախկինում հետազոտվել էր, թե՛ հետագայում զորակոչի ընթացքում բժիշկների կողմից հետազոտվելիս: Այս կետի մասով քննիչը վկայակոչել է մասնավորապես 2011 թվականի սեպտեմբերի 17-ի փորձագիտական եզրակացությունը:
V. Դիմումատուի բողոքները
43. Դիմումատուն վիճարկել է քննիչի 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը Զինվորական դատախազին, որը մերժել է նրա բողոքը։
44. 2014 թվականի օգոստոսի 13-ին դիմումատուն պահանջել է քննիչի և դատախազի վերոնշյալ որոշումների՝ դատական կարգով վերանայում:
45. 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը (Վարչական շրջանի դատարան) մերժել է դիմումատուի բողոքը և ամբողջությամբ անփոփոխ թողել նշված որոշումները:
46. Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 27-ին:
47. Դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել, որով պահանջել է, որ ստորադաս դատարանների որոշումները բեկանվեն և գործն ուղարկվի նոր քննության: Նրա բողոքն ընդունվել է քննության Վճռաբեկ դատարանի կողմից:
48. 2015 թվականի հունիսի 5-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է դիմումատուի բողոքը: Այն բեկանել է առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի համապատասխանաբար 2014 թվականի նոյեմբերի 11-ի և դեկտեմբերի 27-ի որոշումները և նոր որոշում է ընդունել, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դիմումատուի իրավունքների խախտումները, որոնք բխում են նրա որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական վարույթից: Այդ որոշման համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ... Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա են բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ժամկետային զինծառայող [Ա. Մալխասյանը] տառապել է մի շարք հիվանդություններով ... Մինչդեռ [Ա. Մալխասյանը], հետազոտվելով Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում, Էրեբունի բժշկական կենտրոնում, այնուհետև նաև Կենտրոնական ռազմական բժշկական հանձնաժողովում, զինծառայության համար ճանաչվել է պիտանի … [և] զորակոչվել է ՀՀ զինված ուժեր...
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Համալիր փորձաքննության եզրակացության բովանդակությունից [ներկայացվել է 2011 թվականի սեպտեմբերի 17-ին] հետևում է, որ ծածկընթաց բնույթ են կրել միայն կորոնարոսկլերոզ, կարդիոսկլերոզ ախտաբանական հատկանիշները, ընդ որում, նման եզրահանգումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ կենդանության օրոք [Ա.Մալխասյանը] երբևէ գանգատներ չի ներկայացրել...
Նշված եզրահանգումից չի հետևում, որ անձի մոտ գանգատների բացակայությունը բացառում է … համապատասխան հետազոտությունների միջոցով վկայակոչված սրտային հիվանդությունները բացահայտելու փաստացի հնարավորությունը …
... Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի եզրահանգումն այն մասին, որ [Ա. Մալխասյանի] սրտային հիվանդությունները չէին կարող հայտնաբերվել բժիշկ-մասնագետների կողմից, հիմնավորված չէ ...
Ավելին՝ թվով երկու՝ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների առկայության պայմաններում [դիահերձում] և [դատաբժշկական փորձագետների հանձնաժողովի կողմից փորձաքննություն] … քննիչի որոշումից պարզ չէ, թե ինչ տեսակի փորձաքննություն է նշանակվել՝ լրացուցիչ, թե կրկնակի … վերոնշյալ հանգամանքները կարող են էական կասկածներ հարուցել քննարկվող փորձաքննության և դրա արդյունքի …արժանահավատության կապակցությամբ:
... վարույթն իրականացնող մարմինները պատշաճ գնահատման չեն արժանացրել ... հետևյալ հանգամանքները.
1) գործի նյութերում առկա մի շարք ապացույցներ … վկայում են այն մասին, որ Էրեբունի ԲԿ-ի բժշկական հանձնաժողովի կողմից կատարված [Ա. Մալխասյանի] հետազոտության արդյունքները լրիվ ծավալով … չեն արտացոլվել … Կենտրոնական բժշկական հանձնաժողովին ներկայացված … ակտի մեջ ... Մասնավորապես՝
- առողջության վիճակի հետազոտման ակտում չի արտացոլվել գաստրոէնտերոլոգի ախտորոշումը՝ «էրոզիվ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, կերակրափողի և ստամոքսի հիպերմոտոր դիսկինեզիա, ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք», ճիշտ չի ձևակերպվել նյարդաբանական ախտորոշումը՝ «վեգետաանոթային դիստոնիա կրիզներով»:
... Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա են բազմաթիվ տվյալներ՝ համաձայն որոնց՝ [Ա. Մալխասյանն] իր մոտ առկա հիվանդությունների հիմքով ենթակա չէր զորակոչման ... Մինչդեռ այդ հիվանդությունները օբյեկտիվ և ամբողջական չեն բացահայտվել բժիշկների կողմից և (կամ) արտացոլվել Ա.Մալխասյանի առողջական վիճակի մասին ակտում:
...քննիչի կողմից չի պարզվել, թե ինչու չեն կատարվել համապատասխան բժշկական հետազոտությունները, և ինչու կատարված հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և ամբողջական չեն արտացոլվել ... առողջական վիճակի վերաբերյալ ակտում …
... քննիչի կողմից … համապատասխան իրավական գնահատական չի տրվել [Ա. Ու.-ի] գործողություններին... [Ա. Ու.-ն] ցուցմունք է տվել, որ ինքն է կարգադրել [Ա. Մալխասյանի] անձնական գործից հանել թվով տասը փաստաթղթեր ... Մինչդեռ քննիչը չի պարզել, թե ինչ նպատակով է Ա.Ու.-ն կարգադրել [Ա. Մալխասյանի] անձնական գործից փաստաթղթեր հանել, այն էլ այնպիսիք, որոնք որոշիչ նշանակություն կարող էին ունենալ նրա՝ զինծառայության համար պիտանի լինելու հարցը որոշելիս: Բացի այդ, քննիչը չի պարզել՝ արդյոք [Ա.Ու-ն] իրավասու էր այդպիսի կարգադրություն անել:
... քննիչը չի պարզել՝ արդյոք Արաբկիրի զինվորական կոմիսարն իր կողմից ուղարկված անձի [իր ներկայացուցիչ Մ.Ս.-ի] միջոցով միջամտել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի … բժիշկների մասնագիտական գործունեությանը ...
... Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կոպտորեն խախտվել են քննության ողջամիտ ժամկետները...»:
VI. Լրացուցիչ քննություն
49. 2015 թվականի նոյեմբերի 5-ին քրեական վարույթը վերսկսվել է, և գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ լրացուցիչ քննության:
50. Հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում՝ Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և Ա. Մալխասյանի զորակոչի գործընթացին ներգրավված զինվորական բժշկական հանձնաժողովի անձնակազմը:
51. 2017 թվականի փետրվարի 13-ին քննիչը, համարելով, որ 2011 թվականի սեպտեմբերի 17-ի եզրակացությունը (տես վերևում 41-րդ պարբերությունը) բավարար չափով հստակ և ամբողջական չէ, նշանակել է փորձագետների հանձնաժողով՝ լրացուցիչ համալիր դատաբժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար: Փորձագիտական հանձնաժողովի կողմից 2017 թվականի մարտի 20-ին տրված եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
« ...
Հարց. Արդյոք Միքայելյանի անվան հիվանդանոցում տրված ախտորոշումները «Մելորի-Վեյսի համախտանիշ, աղեստամոքսային արյունահոսություն» ... պետք է արձանագրվեին Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի՝ [Ա. Մալխասյանի] առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ ...
Պատասխան. Այո՛։
Հարց. Նշված ախտորոշումներից որը ... կարող էր հանգեցնել սակավարյունության և սրտի կանգի...
Պատասխան. Մելորի-Վեյսի համախտանիշը բնութագրվում է աղեստամոքսային արյունահոսությամբ, որը կարող է հանգեցնել սակավարյունության, իսկ վերջինս, այլ պատճառների թվում, կարող էր հանգեցնել սրտամկանի սուր փոփոխությունների և պատճառել սրտի կանգ:
Հարց. Նշված ախտորոշումներից որն է մասնավորապես հանգեցրել սրտի կանգի ...
Պատասխան. ... Մելորի-Վեյսի համախտանիշի հետ կապված աղեստամոքսային արյունահոսությունը ... կարող էր պատճառ դառնալ սրտի վնասվածքի:
Հարց. Եթե [Ա. Մալխասյանի]... ախտորոշումն ամբողջապես և օբյեկտիվորեն արտացոլված լիներ եզրակացության մեջ, ապա ինչ որոշում կկայացնեին [Կենտրոնական բժշկական հանձնաժողովի] վիրաբույժը և նյարդաբանը [2009 թվականի հունիսի 25-ի] նիստի ընթացքում, ... և արդյոք [Ա. Մալխասյանը] ծառայության համար պիտանի կհամարվեր:
Պատասխան. ... եթե բոլոր ախտորոշումները ներառված լինեին ... հանձնաժողովների անդամները ... հնարավոր է՝ այլ որոշում կայացնեին ... Այդ դեպքում, հավանաբար, [Կենտրոնական բժշկական հանձնաժողովը] կարող էր հետաձգել [Ա. Մալխասյանի] զորակոչը երեք տարով ...
Հարց. Արդյոք [Կենտրոնական բժշկական հանձնաժողովի] վիրաբույժը սխալ որոշում էր կայացրել ...բժշկական փաստաթղթերը ուսումնասիրելիս [նախկին ախտորոշումների վերաբերյալ]...
Պատասխան. Հաշվի առնելով ...գործի նյութերում ... բժշկական փաստաթղթերի առկայությունը [նախորդ ախտորոշումների վերաբերյալ]՝ [Կենտրոնական բժշկական հանձնաժողովի] վիրաբույժը սխալ որոշում է կայացրել՝ հայտարարելով, որ «Վիրաբուժական որևէ պաթոլոգիա չի հայտնաբերվել» ...
...
Հարց. Արդյոք կա որևէ պատճառահետևանքային կապ Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի հանձնաժողովի անդամների և [Կենտրոնական բժշկական հանձնաժողովի] բժիշկ-մասնագետների գործողությունների և [Ա. Մալխասյանի] առողջական վիճակի հետագա վատթարացման և մահվան միջև:
Պատասխան. [Հարցում նշված անձինք] չեն ախտորոշել դիահերձման ժամանակ հայտնաբերված՝ նրա մահվան հետ ուղղակիորեն կապված հիվանդություններն ու պաթոլոգիական վիճակները ... »:
52. 2017 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ քննիչը կարճել է քրեական գործով վարույթը: Նա հաստատված է համարել, որ այն բանից հետո, երբ Ա. Մալխասյանին ուղարկել են Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք՝ բժշկական հետազոտություններ անցնելու համար, զինվորական կոմիսար Ա. Ու.-ն, նման լիազորություն չունենալով, Արաբկիրի զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի վիրաբույժ Մ. Ս.-ին Ա. Մալխասյանի հետ միասին ուղարկել է այնտեղ՝ նրան կարգադրելով ներկա գտնվել բժշկական հետազոտությանը: Այդ օրը հերթապահող վիրաբույժ Ա. Ս.-ն ստանձնել է Ա. Մալխասյանի բժշկական հետազոտությունն անցկացնելու պարտականությունը և որպես հանձնաժողովի անդամ մասնակցել է նրա առողջական վիճակի բժշկական և փորձագիտական հետազոտությանը: Հանձնաժողովը նախագահել է Հ. Ս.-ն, իսկ Ա. Ա.-ն՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչը, դրա մյուս անդամն է եղել:
2009 թվականի հունիսի 15-ին՝ բժշկական հետազոտության անցկացման առաջին օրը, Ա. Մալխասյանն իր բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ Միքայելյանի անվան հիվանդանոցի տրամադրած ախտորոշումը, ներկայացրել է Ա. Ս.-ին: Մ. Ս.-ն 2009 թվականի հունիսի 15-ից 17-ը ներկա է գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնում անցկացված բժշկական հետազոտություններին և դրանց արդյունքների մասին հաղորդել է Ա. Ու.-ին: Բժշկական հետազոտություններն ավարտելուց հետո՝ 2009 թվականի հունիսի 19-ին, Ա. Ս.-ն եզրակացություն է ներկայացրել, որն ամբողջությամբ և ճշգրտորեն չի արտացոլում արդյունքները: Էրեբունի բժշկական կենտրոնի հանձնաժողովի անդամները, իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելով, ստորագրել են Ա. Մալխասյանի առողջական վիճակի վերաբերյալ թերի եզրակացություն:
2009 թվականի հունիսի 25-ին եզրակացությունը ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողով, որում, չնայած գործի նյութերում Մելորի-Վեյսի համախտանիշը, աղեստամոքսային արյունահոսությունը և այլ ախտանիշներ հավաստող բժշկական փաստաթղթերի առկայության, վիրաբույժ Ա. Ուզ.-ը նշել է, որ «Որևէ վիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել», որից հետո Ա. Մալխասյանը ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի: 2009 թվականի հունիսի 26-ին՝ այն օրը, երբ Ա. Մալխասյանը պետք է զորակոչվեր բանակ, Ա.Ու.-ն, չունենալով նման լիազորություն, կարգադրել է հանել Ա. Մալխասյանի բժշկական փաստաթղթերը գործի նյութերից և նրան ուղարկել զորակոչիկների հավաքագրման կետ առանց այդ փաստաթղթերի: Այնուամենայնիվ, նույն օրը դիմումատուն Զորակոչիկների հավաքագրման կետի բժշկական հանձնաժողովի նախագահ Ա. Խ.-ին տրամադրել է Ա. Մալխասյանի բժշկական փաստաթղթերը: Ա. Խ.-ն այդ ժամանակ հեռախոսազրույց է ունեցել Ա. Ուզ.-ի հետ, որը նշել է, որ բժշկական փաստաթղթերում առկա ախտորոշումները չեն հաստատվել Էրեբունի բժշկական կենտրոնում իրականացված բժշկական հետազոտությունների ժամանակ: Ա.Խ.-ն Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումն ընդունել է որպես վերջնական, և դրա հիման վրա Ա. Մալխասյանը նույն օրը զորակոչվել է բանակ:
53. Նույն օրը կայացված որոշմամբ քննիչը որոշել է Հ. Ս.-ի, Ա. Ա.-ի, Ա. Ս.-ի և Ա. Ուզ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Որոշման համաձայն հաստատվել է, որ նրանք, իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելով, պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտավորությունը, որի արդյունքում Ա. Մալխասյանը, չնայած զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններ ունենալուն, զորակոչվել է բանակ, որտեղ նրա հիվանդությունները զարգացել են և հաշված օրերի ընթացքում հանգեցրել մահվան: Այսպիսով, Հ. Ս.-ի, Ա. Ա.-ի, Ա. Ս.-ի և Ա. Ուզ.-ի գործողությունների համար Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատիժ (տե՛ս ստորև 57-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նրանց նկատմամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցել է, և նրանք չեն առարկել իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:
54. Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քննիչը որոշել է Ա. Ու.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Համապատասխան որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ Ա. Ու.-ն որպես Արաբկիրի զինվորական կոմիսար Մ. Ս.-ին Ա. Մալխասյանի հետ Էրեբունի բժշկական կենտրոն ուղարկելու և վերջինիս անձնական գործից փաստաթղթեր հանելու լիազորություն չի ունեցել, և որ նման կարգադրություններ տալով՝ նա սահմանազանցել է իր պաշտոնեական լիազորությունները: Այնուամենայնիվ, Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը (տե՛ս ստորև 58-րդ պարբերությունը) պահանջում է, որ տվյալ գործողություններն էական վնաս պատճառած լինեն, և պատճառական կապ լինի այդ գործողությունների և հասցված վնասի միջև: Այնուամենայնիվ, Մ. Ս.-ն չի միջամտել Ա. Մալխասյանի բժշկական հետազոտություններին, և Կենտրոնական հավաքագրման կետի բժիշկ-մասնագետները տեղեկացված են եղել Ա. Մալխասյանի նախկին ախտորոշումների մասին, քանի որ դիմումատուն բժշկական հանձնաժողովի նախագահին է փոխանցել համապատասխան փաստաթղթերը: Նման հանգամանքներում Ա. Ու.-ի կողմից իր պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու արդյունքում էական վնաս չի պատճառվել:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
համապատասխան ներպետական ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Քրեական օրենսգիրք
55. Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են «միջին ծանրության հանցագործություններ»:
56. 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե «միջին ծանրության հանցանք» կատարելու պահից անցել է հինգ տարի:
57. 315-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
58. 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
59. 376-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ զինվորական պաշտոնատար անձանց անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս, պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ, առավելագույնը երկու տարի ժամկետով կարգապահական գումարտակում պահելով կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ: Նույն արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ, պատժվում են երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ (376-րդ հոդվածի 2-րդ մաս):
Բ. Քրեական դատավարության օրենսգիրք
60. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է, որ եթե համապատասխան վաղեմության ժամկետներն անցել են, ապա քրեական գործ չի կարող հարուցվել, և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման:
61. 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ քննիչը և դատախազը, հայտնաբերելով քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ, քրեական գործով մինչդատական վարույթի յուրաքանչյուր փուլում որոշում են կայացնում քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
62. 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ, inter alia, ՔԴՕ-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե մեղադրյալն առարկում է դրա դեմ: Այդպիսի դեպքերում քրեական գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
63. Հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների վրա՝ դիմումատուն բողոք է ներկայացրել ծառայության ընթացքում իր որդու մահվան առնչությամբ և այն մասին, որ իշխանության մարմիններն այդ հարցի մասով արդյունավետ քննություն չեն իրականացրել։ Քանի որ Դատարանն է որոշում, թե ինչպիսի իրավական բնութագրեր տա գործի փաստական հանգամանքներին (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114, 124 և 126, 2018 թվականի մարտի 20), այն նպատակահարմար է համարում դիմումատուի բողոքները քննել միայն հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:
Ա. Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը
64. Կառավարությունը միակողմանի հայտարարություն է ներկայացրել՝ պահանջելով Դատարանից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գանգատը հանել գործերի ցուցակից։
Դիմումատուն չի համաձայնել միակողմանի հայտարարության պայմանների հետ:
65. Որոշ հանգամանքներում կարող է նպատակահարմար լինել գանգատը կամ դրա մի մասը հանել գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատասխանող Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուն ցանկություն է հայտնում, որ գործի քննությունը շարունակվի։ Կոնկրետ գործով դա տեղին կամ անտեղի լինելու հարցը կախված է այն հանգամանքից, թե արդյոք միակողմանի հայտարարությունը բավարար հիմքեր է տալիս եզրակացնելու, որ Կոնվենցիայով սահմանված մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով չի պահանջվում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (հոդված 37, կետ 1՝ վերջում. տե՛ս, inter alia, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի (նախնական վիճելի հարց) [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey (preliminary issue) [GC]], թիվ 26307/95, § 75, ՄԻԵԴ 2003-VI): Այս առումով կարևոր գործոնները ներառում են բերված բողոքների բնույթը, այն, թե արդյոք բարձրացված հարցերը համադրելի են նախկին գործերով Դատարանի կողմից որոշված հարցերի հետ, նմանատիպ նախկին գործերով Դատարանի կայացրած վճիռների կատարման համատեքստում պատասխանող Կառավարության կողմից ձեռնարկված ցանկացած միջոցի բնույթը և շրջանակը և այդ միջոցների ազդեցությունը տվյալ գործի վրա (տե՛ս վերևում հիշատակված՝ Թահշին Ակարի գործը, § 76):
Սույն գանգատով բարձրացվում են Դատարանի կողմից նախկին գործերով դեռևս չորոշված լուրջ հարցեր, որոնք վերաբերում են զինվորական ծառայությանը տվյալ անձի պիտանի լինելը որոշելու նպատակով զորակոչիկի ֆիզիկական վիճակի գնահատմանը: Հետևաբար Դատարանը համարում է, որ Կառավարության ներկայացրած միակողմանի հայտարարությունը բավարար հիմքեր չի պարունակում եզրակացնելու, որ Կոնվենցիայով սահմանված՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքով չի պահանջվում, որ Դատարանը շարունակի գործի քննությունը (հոդված 37, կետ 1՝ վերջում)։ Ուստի Դատարանը մերժում է գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը և համապատասխանաբար անցնում է գործի ընդունելիության հարցի և ըստ էության քննությանը:
Բ. Ընդունելիությունը
1. Վեցամսյա ժամկետի պահպանումը
66. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի շրջանակներում դիմումատուի բողոքի հետ կապված վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվի 2009 թվականի օգոստոսի 26-ից՝ Պաշտպանության նախարարի հրամանի կայացման օրվանից, որով Ա. Մալխասյանի զորակոչի գործընթացում ներգրավված անձանց նկատողություն է տրվել և ընթացակարգում մի շարք թերություններ են հայտնաբերվել (տե՛ս վերևում 31-րդ պարբերությունը): Նրանք պնդել են, որ քրեական վարույթով, որը դեռևս շարունակվել է Պաշտպանության նախարարի կողմից հրամանի արձակման պահին, չէին կարող նոր փաստեր հայտնաբերվել պետության կողմից Ա. Մալխասյանի կյանքը չպաշտպանելու առնչությամբ: 2009 թվականի օգոստոսի 26-ի հրամանով ներպետական իշխանություններն ընդունել էին նրա կյանքի իրավունքի խախտումը դրա նյութաիրավական կողմով:
67. Դիմումատուն պնդել է, որ Պաշտպանության նախարարի 2009 թվականի օգոստոսի 26-ի հրամանը (տե՛ս վերևում 31-րդ պարբերությունը) վարչական որոշում էր, որով չէր ընդունվել Ա. Մալխասյանի կյանքի իրավունքի խախտումը: Այն ընդամենը նպատակ էր ունեցել նկատողություն տալու ծառայության համապատասխան ներքին կանոնակարգերը խախտած անձանց:
68. Վեցամսյա ժամկետը, որպես կանոն, սկսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու գործընթացում վերջնական որոշումը կայացվելու օրվանից: Եթե ի սկզբանե պարզ է, սակայն, որ հասանելի չէ իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոց, ապա ժամկետն սկսվում է այն ակտերի կայացման կամ միջոցների ձեռնարկման ամսաթվից, որոնց վերաբերյալ բողոք է ներկայացվում, կամ այդ ակտի կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ կանխակալ վերաբերմունքի մասին հայտնի դառնալու ամսաթվից, իսկ եթե իրավիճակը շարունակական է, ապա այն ավարտվելու պահից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և 2 այլ, § 259, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)):
69. Կառավարությունը պնդել է, որ զինվորական ծառայության ընթացքում Ա. Մալխասյանի կյանքը պետության կողմից ենթադրաբար չպաշտպանելու մասին դիմումատուի բողոքը ներկայացվել է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, որը Կառավարության պնդմամբ պետք է հաշվարկվի 2009 թվականի օգոստոսի 26-ից (տե՛ս վերևում 66-րդ պարբերությունը):
70. Դատարանն ի սկզբանե նշում է, որ իրեն չի տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ներքին քննությանն առնչվող որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ: Ուստի նրան հասանելի չի եղել ներքին քննությանն առնչվող որևէ նյութ, այդ թվում՝ ամսաթվերը, տևողությունը, քննությունը նշանակած կամ այն իրականացրած պաշտոնյաների անուններն ու պաշտոնները: Ամեն դեպքում պարզ է, որ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ներքին քննությունը զուտ ներքին քննություն է եղել, և որ դիմումատուն ոչ միայն տեղյակ չի եղել դրա մասին, այլև նրան չէին տրամադրվել դրա նյութերը Պաշտպանության նախարարի կողմից 2009 թվականի օգոստոսի 26-ի հրամանն ընդունելու պահին կամ այդ ժամանակահատվածում: Նաև այդ հրամանի բովանդակությունից պարզ է դառնում, որ այն ընդամենը կարգապահական բնույթ է կրել և վերաբերել է կոնկրետ պաշտոնյաների, որոնք նկատողություն են ստացել դրանով հայտնաբերված՝ ծառայության ներքին կանոնակարգերի որոշակի խախտումների համար, և որևէ կերպ չի անդրադարձել իշխանությունների կամ Պաշտպանության նախարարության պատասխանատվության հարցին, մասնավորապես՝ Ա. Մալխասյանի կյանքը չպաշտպանելու համար:
71. Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ Պաշտպանության նախարարի 2009 թվականի օգոստոսի 26-ի հրամանը չի կարող համարվել «վերջնական որոշում» Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով։ Հետևաբար չի կարելի ասել, որ դիմումատուն, այդ հրամանի արձակումից հետո վեցամսյա ժամկետում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի շրջանակներում իր բողոքը Դատարանը չներկայացնելով, չի պահպանել վեցամսյա ժամկետի կանոնը։ Դատարանը նշում է, որ դիմումատուն սույն գանգատը Դատարան է ներկայացրել 2014 թվականի հուլիսի 23-ին, մինչ նրա որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական վարույթը ընթացքի մեջ է եղել: Հետևաբար պետք է մերժել վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելու վերաբերյալ Կառավարության առարկությունը։
2. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը
72. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, որոնք նրան հասանելի են եղել Կոնվենցիայի 2–րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի շրջանակներում իր բողոքի առնչությամբ։ Նրանք նշել են, որ նա չի օգտվել Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունիսի 5-ի որոշման հիման վրա պետությունից ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորությունից (տե՛ս վերևում 48-րդ պարբերությունը): Այդ դատարանը բացահայտորեն ընդունել է, որ քննության ժամկետների մասով պահանջը չի կատարվել տվյալ գործով, ինչը դիմումատուին այդ ժամանակ արդեն գործող՝ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածների հիման վրա ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հնարավորություն է տվել (Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթների հակիրճ բովանդակության համար տե՛ս Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia] գործը, թիվ 69517/11, §§ 78-83, 2022 թվականի ապրիլի 5):
73. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ դիմումատուն բողոք չի ներկայացրել 2017 թվականի հուլիսի 19-ի քննիչի որոշումների դեմ (տե՛ս վերևում 52-րդ, 53-րդ և 54-րդ պարբերությունները): Նրանք նշել են, որ դիմումատուն պետք է առնվազն բողոք ներկայացրած լիներ Ա.Ու.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ (տե՛ս վերևում 54-րդ պարբերությունը):
74. Դիմումատուն նշել է, որ Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունիսի 5-ի որոշումը (տե՛ս վերևում 48-րդ պարբերությունը) սոսկ քննություն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դրա կողմից հայտնաբերված ընթացակարգային խախտումները: Ավելին, այդ որոշումն ընդունելուց հետո քննությունը վերսկսվել է արդեն 2015 թվականի նոյեմբերի 5-ին: Ամեն դեպքում քննության վերսկսումը և դրան հաջորդած քննչական միջոցառումներն անիմաստ են եղել՝ հաշվի առնելով այն, որ քննությունը վերսկսելու պահին նշված հանցագործությունների վաղեմության ժամկետն անցած է եղել: Նման հանգամանքներում դիմումատուն իմաստ չի տեսել 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումների դեմ բողոքներ ներկայացնելու մեջ:
75. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի համաձայն իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփված են Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի [Vučković and Others v. Serbia] ((նախնական առարկություն) [ՄՊ] [(preliminary objection) [GC]], թիվ 17153/11 և 29 այլ, § 69-77, 2014 թվականի մարտի 25) գործում։
76. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունիսի 5-ի որոշման հիման վրա ոչ նյութական վնասի փոխհատուցման համար քաղաքացիական հայց չի ներկայացրել, ինչը նրանց ներկայացմամբ Կոնվենցիայով երաշխավորված նրա հիմնարար իրավունքների խախտման դատական հաստատումն է և թույլ է տալիս նրան պետությունից վնասների հատուցում պահանջել (տե՛ս վերևում 72-րդ պարբերությունը):
77. Դատարանը նշում է, որ այն արդեն քննության է առել և մերժել է իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ նմանատիպ առարկություն՝ զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկի մահվան վերաբերյալ Հայաստանի դեմ ներկայացված մեկ այլ գործով (տե՛ս վերևում հիշատակված՝ Նանա Մուրադյանի գործը, §§ 107-111): Քանի որ Կառավարությունը որևէ նոր փաստարկ չի ներկայացրել, Դատարանը չի տեսնում իր կողմից ավելի վաղ արված եզրահանգումներից սույն գործում շեղվելու պատճառներ։ Այն հետևաբար մերժում է չսպառելու վերաբերյալ առաջին առարկությունը (տե՛ս վերևում 72-րդ պարբերությունը):
78. Կառավարությունը նաև նշել է, որ դիմումատուն բողոք չի ներկայացրել 2017 թվականի հուլիսի 19-ի քննիչի որոշումների դեմ:
79. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն իր գանգատը ներկայացրել է Դատարան՝ inter alia բողոքելով 2014 թվականի հուլիսի 23-ի քննության անարդյունավետությունից, այսինքն՝ մինչև 2015 թվականի նոյեմբերին քննությունը վերսկսվելը (տե՛ս վերևում 49-րդ պարբերությունը):
80. Այն նաև նկատում է, որ 2017 թվականի հուլիսի 19-ին քննիչը երեք որոշում է կայացրել: Մասնավորապես նա որոշել է Հ.Ս.-ի, Ա.Ա.-ի, Ա.Ս.-ի և Ա.Ուզ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (տե՛ս վերևում 57-րդ պարբերությունը) հիման վրա նրանց նկատմամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցել էր (տե՛ս վերևում 53-րդ պարբերությունը), և հետո նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ նա որոշել էր Ա.Ու.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել այն հիմքով, որ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս վերևում 58-րդ պարբերությունը) սահմանված հանցագործության բաղկացուցիչ տարրերն ապացուցված չէին (տե՛ս վերևում 54-րդ պարբերությունը): Վերջապես, նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ և հղում կատարելով քրեական հետապնդում չիրականացնելու մասին նշված երկու որոշումներին՝ քննիչը որոշել էր կարճել քրեական գործով վարույթը (տե՛ս վերևում 52-րդ պարբերությունը):
81. Դիմումատուն պնդել է, որ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումների դեմ բողոք ներկայացնելն արդյունավետ չէր լինի (տե՛ս վերևում 74-րդ պարբերությունը):
82. Դատարանը նշում է, որ ընդհանուր առմամբ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քննությունը դադարեցնելու մասին որոշման բողոքարկումն իրավական պաշտպանության արդյունավետ միջոց է Հայաստանի իրավական համակարգում (տե՛ս, օրինակ, Գուլյանն ընդդեմ Հայաստանի [Gulyan v. Armenia] գործը, թիվ 11244/12, §§ 54 և 60, 2018 թվականի սեպտեմբերի 20, որում դատարանները նույն քրեական վարույթի ընթացքում երկու անգամ բեկանել են քննությունը դադարեցնելու մասին որոշումները): Անշուշտ, դիմումատուին հաջողվել է բողոքարկել 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը, որով քրեական վարույթը կարճվել էր առաջին անգամ (տե՛ս վերևում 42-րդ, 44-րդ և 48-րդ պարբերությունները):
83. Այնուամենայնիվ, այն հանգամանքներում, երբ Ա. Մալխասյանի մահվանից ավելի քան վեց տարի անց քննությունը վերսկսվելուց հետո քննիչը որոշում էր կայացրել Հ. Ս.-ի, Ա. Ա.-ի, Ա. Ս.-ի և Ա. Ուզ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նրանց քրեական պատասխանատվության համար հինգ տարվա վաղեմության ժամկետի պատճառով (տե՛ս վերևում 57-րդ պարբերությունը), պարզ չէ, թե հաջողության ինչ ողջամիտ հեռանկարներ կարող էր ունենալ դիմումատուն, եթե ընտրեր բողոքարկումը: Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միակ հնարավորությունը կստեղծվեր այն դեպքում, երբ նրանք անձամբ առարկեին վաղեմության ժամկետի կիրառման դեմ (տե՛ս վերևում 60-րդ և 62-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, սույն գործով նման առարկություն չի ներկայացվել (տե՛ս վերևում 53-րդ պարբերությունը): Բացի այդ, Կառավարությունը, քանի որ պնդել է, որ դիմումատուն առնվազն պետք է բողոքարկեր Ա. Ու.-ի վերաբերյալ որոշման դեմ, թվում է, թե ընդունել է, որ Հ. Ս.-ի, Ա. Ա.-ի, Ա. Ս.-ի և Ա. Ուզ.-ի մասով համապատասխան որոշումները բողոքարկելը դիմումատուին չէր ընձեռի հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար (տե՛ս վերևում 73-րդ պարբերությունը):
84. Իրավիճակը տարբեր է Ա. Ու.-ի վերաբերյալ որոշման առումով, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր այն պատճառով, որ քննիչը եզրակացրել էր, որ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս վերևում 58-րդ պարբերությունը) նախատեսված հանցագործությունների բաղկացուցիչ տարրերը չեն ապացուցվել (տե՛ս վերևում 54-րդ պարբերությունը): Մասնավորապես համարվել է, որ թեև Ա. Ու.-ն սահմանազանցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ իր ենթակային՝ Մ.Ս.-ին Ա. Մալխասյանի հետ ուղարկելով Էրեբունի բժշկական կենտրոն և նրա անձնական գործից փաստաթղթեր հանելով, այդ գործողություններն էական վնաս չեն պատճառել: Այս հանգամանքներում և ինչպես ենթադրում է Կառավարությունը, ոչինչ չի վկայել այն մասին, որ դիմումատուն չէր կարող բողոքարկել Ա.Ու.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին համապատասխան որոշումը, այնպես ինչպես բողոքարկել էր Տ.Գ.-ի, Ա.Խ.-ի և Գ. Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները (տե՛ս վերևում 42-րդ և 44-րդ պարբերությունները): Ասվածը հաշվի առնելով՝ Դատարանը նշում է, որ այդ պահին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (տե՛ս վերևում 58-րդ պարբերությունը) սահմանված՝ հինգ տարի վաղեմության ժամկետով միջին ծանրության հանցագործության համար Ա.Ու.-ի նկատմամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը նույն կերպ անցել էր (տե՛ս վերևում 55-րդ և 56-րդ պարբերությունները): Ամեն դեպքում և նույնիսկ առանց Դատարանի կողմից ենթադրություններ անելու, թե արդյոք Ա. Ու.-ն կառարկեր կամ չէր առարկի վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով վարույթը կարճելուն, եթե դիմումատուի բողոքը բավարարվեր, չի կարելի համարել, որ դիմումատուն, Ա. Ու.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ չբողոքարկելով, չի օգտվել իրավական պաշտպանության իրեն հասանելի ներպետական միջոցներից՝ վիճարկելու համար ամբողջ քննության արդյունքները:
85. Համապատասխանաբար և սույն գործի հանգամանքներում Դատարանը չի համարում, որ 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումների դեմ բողոքներ չներկայացնելով (տե՛ս վերևում 52-րդ, 53-րդ և 54-րդ պարբերությունները), դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Հետևաբար Դատարանը մերժում է Կառավարության առարկությունն այս մասով։
3. Անընդունելիության այլ հիմքեր
86. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Գ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
87. Դիմումատուն պնդել է, որ իր որդու մահվան համար պատասխանատու են իշխանության մարմինները, քանի որ ինչպես հստակ նշվել է քննության ընթացքում, նրա զորակոչին մասնակցած համապատասխան պաշտոնատար անձինք և բժիշկ-մասնագետները պատշաճ կերպով չեն գնահատել նրա առողջական վիճակը և ճշգրիտ եզրակացություն չեն արել զինվորական ծառայությանը նրա պիտանի լինելու վերաբերյալ: Իշխանության մարմիններն այդ ժամանակ չեն կատարել հարցի արդյունավետ և արագ քննություն: Արդյունքում օրենքով մեղավոր ճանաչված անձինք պատասխանատվության չեն ենթարկվել, քանի որ նրանց վերագրված հանցագործությունների վաղեմության ժամկետներն անցել են հենց քննության անհիմն ձգձգումների և անարդյունավետության պատճառով: Ինչ վերաբերում է մասնավորապես Ա. Ու.-ին, ապա դիմումատուն պնդել է, որ քննությամբ շարունակաբար պատշաճ իրավական գնահատական չի տրվել վատառողջ զորակոչիկին բանակ զորակոչելուն ուղղված՝ վերջինիս գործողություններին:
88. Կառավարությունը դիմումատուի բողոքի ըստ էության քննության վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
89. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է։ 3-րդ հոդվածի հետ միասին այն նաև սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը: Որպես անհատների իրավունքների պաշտպանության գործիք՝ Կոնվենցիայի առարկայով և նպատակով պահանջվում է, որ 2-րդ հոդվածը մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ ապահովվի վերջինիս երաշխիքների կիրառելիությունը և արդյունավետությունը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, ՄքՔանը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, §§ 146-147, շարք Ա, թիվ 324):
90. 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունով պետություններին հորդորվում է ոչ միայն ձեռնպահ մնալ դիտավորությամբ կամ անօրինական ճանապարհով կյանքը խլելուց, այլ նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ իր իրավազորության ներքո անձանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ (տե՛ս Լ.Ս.Բ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [L.C.B. v. the United Kingdom], 1998 թվականի հունիսի 9, § 36, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1998 III):
91. Անհատների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համատեքստում Դատարանը նախկինում առիթ է ունեցել ընդգծելու, որ ինչպես արգելանքի տակ պահվող անձանց դեպքում, զորակոչիկները նույնպես գտնվում են պետության իշխանությունների բացառիկ հսկողության ներքո, քանի որ բանակում տեղի ունեցող ցանկացած դեպք ամբողջությամբ կամ մեծամասամբ կատարվում է իշխանությունների բացառիկ իմացությամբ, և որ իշխանությունների վրա դրված է նրանց պաշտպանելու պարտականություն (տե՛ս Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, §§ 41-42, 2009 թվականի մարտի 24, Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine], թիվ 52013/08, § 92, 2013 թվականի հունվարի 17 և Մալիկ Բաբայևն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan], թիվ 30500/11, §§ 66, 2017 թվականի հունիսի 1):
92. Նույն համատեքստում Դատարանն այնուհետև վճռել է, որ պետության առաջնային պարտականությունն է ներդնել կյանքին կամ ֆիզիկական անձեռնմխելիությանը սպառնացող այն վտանգի աստիճանին հարմարեցված կանոններ, որը կարող է առաջանալ ոչ միայն ռազմական գործողությունների և օպերացիաների բնույթից, այլև մարդկային գործոնից, որն առաջ է գալիս այն ժամանակ, երբ պետությունը որոշում է սովորական քաղաքացիներին զորակոչել զինվորական ծառայություն իրականացնելու համար: Այդպիսի կանոններով պետք է պահանջվի ընդունել գործնական միջոցներ, որոնք ուղղված են զորակոչիկներին զինվորական կյանքին ներհատուկ վտանգներից արդյունավետորեն պաշտպանելուն, և պատշաճ ընթացակարգեր՝ այն թերությունները և սխալները հայտնաբերելու համար, որոնք այդ առնչությամբ կարող են կատարվել տարբեր մակարդակներում պատասխանատուների կողմից (տե՛ս Կիլինչը և այլք ընդդեմ Թուրքիայի [Kılınç and Others v. Turkey], թիվ 40145/98, § 41, 2005 թվականի հունիսի 7 և վերևում հիշատակված՝ Մոսենձի գործը, § 91):
93. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորությամբ, որը պետք է դիտարկվի 1-ին հոդվածով նախատեսված՝ պետությունների՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու» ընդհանուր պարտականության հետ միասին, անուղղակիորեն պահանջվում է արդյունավետ պաշտոնական քննության անցկացում այն դեպքում, երբ անձինք սպանվել են ուժի գործադրման հետևանքով՝ պետության պաշտոնատար անձանց կամ մասնավոր անձանց կողմից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մուսթաֆա Թունքը և Ֆեսիր Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]], թիվ 24014/05, §§ 169 և 171, 2015 թվականի ապրիլի 14): Այդպիսի քննության հիմնական նպատակը ներպետական իրավունքի այնպիսի արդյունավետ իրականացման ապահովումն է, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը: Նույն ստանդարտները նաև կիրառվում են պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով պատահարների քննության նկատմամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մալիկ Բաբաևի գործը, § 79 և դրանում մեջբերված գործերը):
94. Քննությունը պետք է արդյունավետ լինի այն առումով, որ հանգեցնի փաստերի հաստատմանը և անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատուների հայտնաբերմանն ու պատժելուն (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուսթաֆա Թունջի և Ֆեջիրե Թունջի գործը, § 172): Այն նաև պետք է մանրակրկիտ լինի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է լրջորեն փորձեն պարզել տեղի ունեցածը և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների համար որպես հիմք ընդունելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Մոկանուն և այլք գործը, § 325 և Էլ Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El-Masri v. the former Yugoslav Republic of Macedonia [GC]] գործը, թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012 թվական):
95. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով արդյունավետ քննության համատեքստում ենթադրվում է անհապաղ և ողջամիտ ժամկետում գործելու պահանջ: Ներպետական իրավունքով նախատեսված պաշտպանության մեխանիզմը պետք է գործնականում գործի ողջամիտ ժամկետում այնպես, որ ապահովվի իրենց ներկայացված կոնկրետ գործերի էության վերաբերյալ քննությունն ավարտին հասցնելը (տե՛ս Տալպիսն ընդդեմ Իտալիայի [Talpis v. Italy], թիվ 41237/14, § 106, 2017 թվականի մարտի 2):
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
i) Նյութաիրավական հայեցակետը
96. Դատարանը նշում է, որ ներպետական մակարդակով, ներքին քննության և քրեական վարույթի իրականացման արդյունքում միանշանակ կերպով հաստատվել է, որ Ա. Մալխասյանը բանակ էր զորակոչվել չնայած բժշկական ախտորոշումներին, որոնց առկայության պարագայում նա զինվորական ծառայության համար պիտանի չէր, և որոնց մասին նրա զորակոչի պահին տեղյակ են եղել զինվորական իշխանությունները (տե՛ս վերևում 31-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ պարբերությունները):
97. 2009 թվականի հունիսի 25-ին Ա. Մալխասյանը զինվորական ծառայության համար պիտանի է համարվել և հաջորդ օրը զորակոչվել է (տե՛ս վերևում 6-րդ և 21-րդ պարբերությունները): Նա մահացել է ծառայությունն սկսելուց ընդամենը տասն օր հետո (տե՛ս վերևում 8-րդ պարբերությունը):
98. Գործի նյութերում առկա փաստաթղթերի համաձայն՝ Ա. Մալխասյանը դեռևս 2009 թվականի մարտին կամ ապրիլին Արաբկիրի զինվորական կոմիսարիատ էր ներկայացրել իր հիվանդության պատմության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ 2008 թվականի հուլիսին և դեկտեմբերին արված բժշկական եզրակացությունները (տե՛ս վերևում 9-րդ, 10-րդ և 11-13-րդ պարբերությունները): Չնայած դրան, Արաբկիրի զինվորական կոմիսար Ա. Ու.-ն ոչ միայն չէր ուղարկել նրան հետազոտության նրա առողջական վիճակը ստուգելու համար, այլև մերժել էր նրա դիմումները, իսկ հետո նաև դիմումատուի և՛ բանավոր, և՛ գրավոր դիմումները՝ նրան բժշկական հետազոտությունների ուղարկելու վերաբերյալ (տե՛ս վերևում 13-15-րդ պարբերությունները): Ավելին, չնայած ի վերջո և դիմումատուի՝ ըստ աստիճանակարգի ներկայացված բողոքների արդյունքում Ա. Ու.-ի վերադասը վերջինիս կարգադրել է Ա. Մալխասյանին ուղարկել բժշկական հետազոտությունների, նա, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, միջամտել է Ա. Մալխասյանի առողջական վիճակի ի սկզբանե օբյեկտիվ գնահատմանը՝ Էրեբունի բժշկական կենտրոն ուղարկելով իր ենթակայության ներքո գործող բժիշկներից մեկին, որը ներկա էր գտնվելու համապատասխան հետազոտություններին և զեկուցելու էր նրան արդյունքների մասին (տե՛ս վերևում 18-րդ, 33-րդ և 54-րդ պարբերությունները):
99. Էրեբունի բժշկական կենտրոնում Ա. Մալխասյանի բժշկական հետազոտություններն ավարտվելուց հետո համապատասխան փորձագիտական հանձնաժողովը, այդ թվում՝ վիրաբույժներ Հ.Ս.-ն, Ա.Ա.-ն և Ա.Ս.-ն ներկայացրել են իրենց եզրակացությունը՝ նրա մոտ ախտորոշելով «հոգեբանական սթրեսով պայմանավորված ստամոքսաղիքային մոտորիկայի խանգարումներ» (տե՛ս վերևում 20-րդ պարբերությունը): Այդ եզրակացության մեջ, որը քննություն իրականացնող մարմնի կողմից համարվել է «թերի» (տե՛ս վերևում մասնավորապես 52-րդ պարբերությունը), արտացոլված չէին ո՛չ Ա. Մալխասյանի նախորդ ախտորոշումները, այդ թվում՝ Մելորի-Վեյսի համախտանիշը (տե՛ս վերևում 9-րդ պարբերությունը), ո՛չ էլ նույնիսկ տվյալ եռօրյա հետազոտության ընթացքում նույն հիվանդանոցի աղեստամոքսաբանի և նյարդաբանի կողմից նրա հետազոտությունների արդյունքները (տե՛ս վերևում 19-րդ պարբերությունը):
100. Կենտրոնական բժշկական հանձնաժողովն իր հերթին, հիմնվելով այդ «թերի» եզրակացության վրա, Ա. Մալխասյանին զինվորական ծառայության համար պիտանի է համարել, չնայած նրա անձնական գործում նրա հիվանդության պատմության մասին վկայող բժշկական փաստաթղթերի առկայության, այդ թվում՝ Մելորի-Վեյսի համախտանիշի ախտորոշման և աղեստամոքսային արյունահոսության, որը հետագայում փորձագետների հանձնաժողովի կողմից համարվել էր նրա մահվանը հանգեցրած սրտի կանգի հնարավոր պատճառը (տե՛ս վերևում 51-րդ պարբերությունը): Մասնավորապես, չնայած հասանելի բժշկական ապացույցների առկայությանը, Ա. Ուզ.-ը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացող վիրաբույժը, նշել է, որ Ա. Մալխասյանը վիրաբուժական պաթոլոգիա չունի (տե՛ս վերևում 52-րդ պարբերությունը):
101. Հետագայում, Ա. Ու.-ն կարգադրել է, որ Ա. Մալխասյանի գործից հանվեն բժշկական փաստաթղթեր, այդ թվում՝ նրա նախորդ ախտորոշումները պարունակող փաստաթղթերը, այդպիսով փորձելով սխալ ներկայացնել նրա հիվանդության պատմությունը Զորակոչիկների հավաքագրման կետի բժշկական հանձնաժողովին: Այդ հանգամանքներում դիմումատուն ստիպված էր այդ փաստաթղթերն անմիջապես տրամադրել բժշկական հանձնաժողովի նախագահ Ա.Խ.-ին: Այնուամենայնիվ, դա նույնպես չի նպաստել իրավիճակի շտկմանը, քանի որ Ա.Խ.-ի և Ա. Ուզ.-ի միջև հեռախոսազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ փաստաթղթերում նշված ախտորոշումները չեն հաստատվել Էրեբունի բժշկական կենտրոնի փորձագետների հանձնաժողովի կողմից (տե՛ս վերևում 29-րդ, 33-րդ, 52-րդ և 54-րդ պարբերությունները):
102. Այս համատեքստում Դատարանը բավարար չափով հաստատված է համարում, որ Արաբկիրի զինվորական կոմիսարիատի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի զինվորական իշխանության մարմինների, այսինքն՝ Ա. Ու.-ի և Ա. Ուզ.-ի, ինչպես նաև Էրեբունի բժշկական կենտրոնի փորձագիտական բժշկական հանձնաժողովի անդամների, մասնավորապես՝ Հ.Ս.-ի, Ա.Ա.-ի և Ա.Ս.-ի վարքագիծը պայմանավորված էր սխալ որոշմամբ կամ անփութությամբ, որի համար Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված է պետության պատասխանատվությունը (տե՛ս Զինատուլինն ընդդեմ Ռուսաստանի [Zinatullin v. Russia], թիվ 10551/10, § 33, 2020 թվականի հունվարի 28 և Տխելիձեն ընդդեմ Վրաստանի [Tkhelidze v. Georgia], թիվ 33056/17, § 59, 2021 թվականի հուլիսի 8): Այս համատեքստում կարևոր է նշել Ա. Ու.-ի վարքագիծը, այդ թվում՝ նրա բացասական նախատրամադրվածությունը Ա. Մալխասյանի և դիմումատուի նկատմամբ իրենց առաջին իսկ հանդիպումներից, այն չափով, որ նա ակնհայտորեն հնարավոր ամեն բան արել էր վերջինիս բանակ զորակոչելու համար՝ ընդհուպ մինչև նրա անձնական գործի կեղծումը՝ նախքան այն Զորակոչիկների հավաքագրման կետ ներկայացնելը (տե՛ս վերևում 33-րդ և 54-րդ պարբերությունները):
103. Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ Ա. Մալխասյանի զորակոչի գործընթացում ներգրավված զինվորական իշխանության մարմինները և բժիշկ-մասնագետները, անփութորեն անտեսելով վերջինիս հիվանդության պատմությունը, այդ թվում՝ հիվանդության սրացումը, որն առաջացրել էր շտապ հոսպիտալացման անհրաժեշտություն սույն գործով քննվող իրադարձություններից՝ ավելի պակաս, քան մեկ տարի առաջ (տե՛ս վերևում մասնավորապես 9-րդ պարբերությունը), ակտիվորեն նպաստել են նրա՝ զինվորական ծառայության համար պիտանի լինելու մասին որոշմանը, որն ակնհայտորեն չէր համապատասխանում նրա առողջական վիճակին: Ինչպես հաստատվել էր քննության ընթացքում, այդ որոշումն ի վերջո հանգեցրել էր ծառայության անցնելուց հաշված օրեր անց նրա մահվանը (տե՛ս վերևում 7-րդ, 8-րդ, 51-րդ և 53-րդ պարբերությունները): Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ սույն գործում իշխանությունները, Ա. Մալխասյանին զինվորական ծառայություն անցնելու համար զորակոչելով, անհիմն կերպով վտանգել են դիմումատուի որդու կյանքը՝ այդպիսով չկատարելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի պաշտպանության իրենց դրական պարտավորությունը:
104. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:
ii) Ընթացակարգային հայեցակետ
105. Դատարանը կրկնում է, որ պետական պաշտոնյաների կողմից իրենց ենթադրյալ անփութության պատճառով տեղի ունեցած մահերի համար հնարավոր պատասխանատվությանն առնչվող դեպքերում արդյունավետ իրավական համակարգ ստեղծելու՝ 2-րդ հոդվածով սահմանված պարտավորությունն անպայմանորեն չի ենթադրում յուրաքանչյուր գործով քրեաիրավական պաշտպանության միջոցների ապահովում (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Կոտիլայնենը և այլք ընդդեմ Ֆինլանդիայի [Kotilainen and Others v. Finland], թիվ 62439/12, § 91, 2020 թվականի սեպտեմբերի 17): Այնուամենայնիվ, կարող են բացառիկ հանգամանքներ լինել, երբ միայն քրեական գործով արդյունավետ քննությամբ հնարավոր կլիներ բավարարել 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային դրական պարտավորությունը: Այդպիսի հանգամանքներ կարող են առկա լինել, օրինակ, պետական իշխանության մարմինների՝ սխալ որոշմամբ կամ անփութությամբ պայմանավորված վարքագծի պատճառով կյանքը կորցնելու կամ վտանգի ենթարկելու դեպքում: Եթե հաստատվել է, որ պետական պաշտոնյաներին կամ մարմիններին վերագրվող անփութությունը դուրս է սխալ որոշման կամ անզգուշության շրջանակներից այն առումով, որ նշված իշխանության մարմինները, լիովին գիտակցելով հնարավոր հետևանքները և անտեսելով իրենց վերապահված լիազորությունները, անհրաժեշտ և բավարար միջոցներ չեն ձեռնարկել ռիսկերը կանխելու համար, այն փաստը, որ կյանքը վտանգելու համար պատասխանատու անձինք չեն մեղադրվել կամ չեն հետապնդվել քրեական իրավախախտման համար, հավասարազոր է 2-րդ հոդվածի խախտման՝ անկախ նրանից, որ անհատները կարող են իրենց նախաձեռնությամբ կիրառել իրավական պաշտպանության ցանկացած այլ միջոց (տե՛ս վերևում հիշատակված՝ Տխելիձեի գործը, § 59):
106. Դատարանը վերևում արդեն հաստատել է, որ Ա. Մալխասյանի զորակոչի ընթացակարգին ներգրավված զինվորական իշխանության մարմինների և բժիշկ փորձագետների վարքագիծը դուրս էր սխալ որոշման կամ անզգուշության սահմաններից (տե՛ս վերևում 102-րդ և 103-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալ նախադեպային իրավունքը՝ միայն քրեական գործով արդյունավետ քննությամբ հնարավոր կլիներ բավարարել 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային դրական պարտավորությունը:
107. Դատարանը նշում է, որ Ա. Մալխասյանի մահվան փաստի առթիվ քննությունը, որը տևել է ութ տարի, դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով Հ.Ս.-ի, Ա.Ա.-ի, Ա.Ս.-ի և Ա.Ուզ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման, իսկ Ա.Ու.-ի մասով՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով 2017 թվականի հուլիսի 19-ին կայացված որոշման արդյունքում (տե՛ս վերևում 24-րդ, 52-րդ, 53-րդ և 54-րդ պարբերությունները):
108. Դատարանը նաև նշում է, որ 2015 թվականի հունիսի 5-ի որոշման մեջ Վճռաբեկ դատարանն ըստ էության գտել է, որ քննությունը, որն այդ պահին ընթանում էր արդեն վեց տարի, եղել էր անարդյունավետ և անհիմն ձգձգվել էր (տե՛ս վերևում 48-րդ պարբերությունը):
109. Հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ դրա որոշումից առաջ քննությունը չէր բավարարում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները, Դատարանը կուսումնասիրի այդ որոշումն ընդունելուց հետո իրականացված քննությունը (տե՛ս Բառանինը ու Վուկչեվիչն ընդդեմ Մոնտենեգրոյի [Baranin and Vukčević v. Montenegro], թիվ 24655/18 և 24656/18, § 141, 2021 թվականի մարտի 11):
110. Դատարանը նկատում է, որ Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունիսի 5-ի որոշումից հետո քննությունը վերսկսվել է միայն հինգ ամիս անց՝ 2015 թվականի նոյեմբերի 5-ին (տե՛ս վերևում 49-րդ պարբերությունը): Քննիչը մի շարք քննչական միջոցներ է ձեռնարկել: Մասնավորապես նա լրացուցիչ հարցաքննել է Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկներին և Ա. Մալխասյանին բանակ զորակոչելու որոշման ընթացակարգում ներգրավված՝ զինվորական բժշկական հանձնաժողովների անդամներին և անձնակազմին: Նա նաև ձեռք է բերել բժշկական փորձաքննության լրացուցիչ եզրակացություն, թեև վարույթը վերսկսելուց ավելի քան մեկ տարի անց (տե՛ս վերևում 50-րդ և 51-րդ պարբերությունները):
111. Չնայած այդ քննչական միջոցառումներն անկասկած ուղղված էին Վճռաբեկ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 5-ի որոշման մեջ հայտնաբերված որոշ թերություններ կարգավորելուն, դրանում ամփոփ նկարագրված մի շարք հարցեր մնացել են չլուծված:
112. Մասնավորապես քննիչը դեռևս չի պարզել, թե ինչու Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկներն ամբողջապես և օբյեկտիվորեն չեն գնահատել Ա. Մալխասյանի առողջական վիճակը, ներառյալ, որն ամենակարևորն է, թե արդյոք Արաբկիրի զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչ Մ.Ս.-ն բժշկական հետազոտություններին իր ներկայությամբ միջամտել էր նրանց մասնագիտական գործունեությանը (տե՛ս վերևում 48-րդ պարբերությունը, վերջում):
113. Բացի այդ, լրացուցիչ քննության ընթացքում դեռևս չի պարզվել Ա. Ու.-ի կողմից Ա. Մալխասյանի գործից կարևոր բժշկական փաստաթղթեր հանելու կարգադրություն տալու նպատակը: Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ 2017 թվականի հուլիսի 19-ի՝ Ա.Ու.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ ընդամենը նշվում է, առանց հղում կատարելու որևէ կոնկրետ ապացույցի, որ Մ.Ս.-ն չի միջամտել Ա. Մալխասյանի բժշկական հետազոտություններին (տե՛ս վերևում 54-րդ պարբերությունը):
114. Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով Հ.Ս.-ի, Ա.Ա.-ի, Ա.Ս.-ի և Ա.Ուզ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2017 թվականի հուլիսի 19-ի որոշմանը, ապա Դատարանը նշում է հետևյալը:
115. Վճռաբեկ դատարանի 2015 թվականի հունիսի 5-ի որոշմամբ պարզվում է, որ 2014 թվականի հուլիսի 17-ին քննությունն առաջին անգամ դադարեցվելու պահին (տե՛ս վերևում 42-րդ պարբերությունը) գործի նյութերում առկա էին «բավարար ապացույցներ», որոնք հիմնավորում էին, որ Ա. Մալխասյանի առողջական վիճակն օբյեկտիվորեն և ամբողջապես չէր գնահատվել Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, և որ իրականացված հետազոտությունների արդյունքներն ամբողջությամբ արտացոլված չէին նրանց եզրակացության մեջ (տե՛ս վերևում 48-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, միայն 2017 թվականի հուլիսին է քննիչը հաստատված համարել, որ Հ.Ս.-ն, Ա.Ա.-ն և Ա.Ս.-ն պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտավորությունները (տե՛ս վերևում 53-րդ պարբերությունը): Ուշագրավ է այն փաստը, որ քննիչը փորձագիտական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 20-ի եզրակացությունից բացի ոչ մի նոր ապացույց հատուկ չի հիշատակել 2017 թվականի հուլիսի 19-ի որոշումներում (տե՛ս վերևում 51-րդ, 52-րդ և 53-րդ պարբերությունները): Նույնը վերաբերում է այդ ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ՝ վիրաբույժ Ա. Ուզ.-ի վարքագծին տրված իրավական գնահատականին:
116. Դատարանը, այնուամենայնիվ, նկատում է, որ չնայած 2017 թվականի մարտի 20-ի փորձագիտական եզրակացության մեջ ավելի կոնկրետ նշվել է, որ Ա. Մալխասյանի Մելորի-Վեյսի համախտանիշի նախկին ախտորոշումը, որը համարվում էր սրտի կանգի հանգեցրած աղեստամոքսային արյունահոսության պատճառ, պետք է ներառված լիներ նրա առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, 2009 թվականի սեպտեմբերի 17-ի փորձագիտական եզրակացությամբ արդեն եզրակացվել էր, որ 2009 թվականի հուլիսի 4-ին Ա. Մալխասյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը և հետագա մահը հնարավոր է կապված էին սուր աղեստամոքսային արյունահոսության հետ (Մելորի-Վեյսի համախտանիշ), մինչդեռ, ինչպես արդեն նշվել է վերևում, արդեն հասանելի ապացույց կար այն մասին, որ 2009 թվականի հունիսի 19-ին արված եզրակացությունը թերի է եղել (տե՛ս վերևում 20-րդ, 41-րդ, 48-րդ և 51-րդ պարբերությունները):
117. Այդ հանգամանքներում պարզ չէ, թե ինչու է քննիչը նախնական մեղադրանք ներկայացրել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի թերապևտ և նյարդաբան Տ. Գ.-ին և Գ. Հ.-ին, բայց ոչ նույն հանձնաժողովի վիրաբույժ Ա. Ուզ.-ին, որն էլ փաստացի ներկայացրել էր այն եզրակացությունը, որ Ա. Մալխասյանը վիրաբուժական պաթոլոգիա չունի (տե՛ս վերևում 52-րդ պարբերությունը), կամ Էրեբունի բժշկական կենտրոնի փորձագիտական բժշկական հանձնաժողովի անդամներին, մասնավորապես՝ Հ.Ս.-ին, Ա.Ա.-ին և Ա.Ս.-ին, որոնք կայացրել էին թերի և ոչ ճշգրիտ բժշկական եզրակացություն, որն առաջին հերթին հիմք էր ծառայել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման համար (տե՛ս վերևում 20-րդ և 21-րդ պարբերությունները): Արդյունքում այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը տվյալ իրադարձությունները տեղի ունենալուց ավելի քան ութը տարի հետո դարձել էր ժամկետանց (տե՛ս վերևում 53-րդ, 56-րդ և 60-րդ պարբերությունները):
118. Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող ընթացակարգային պարտավորությունները դժվար թե կարող են համարվել կատարված այն դեպքում, երբ քննությունը դադարեցվել է, ինչպես տվյալ գործով է, քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետի միջոցով, ինչն իշխանության մարմինների անգործության արդյունքն է եղել (տե՛ս վերևում հիշատակված՝ Մոկանուն և այլք գործը, § 346 և «1989թ. դեկտեմբերի 21» ասոցիացիան և այլք ընդդեմ Ռումինիայի [Association “21 December 1989” and Others v. Romania], թիվ 33810/07 և 18817/08, § 144, 2011 թվականի մայիսի 24):
119. Վերոնշյալ դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանին թույլ տան եզրակացնելու, որ իշխանության մարմինները սույն գործով արդյունավետ քննություն չեն իրականացրել:
120. Դատարանը հետևաբար եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
121. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
122. Դիմումատուն պահանջել է 50 000 եվրո որպես նյութական վնասի հատուցում, որը ներառում է այն աշխատավարձի կորուստը, որը Ա. Մալխասյանը, հնարավոր է, վաստակեր, եթե չմահանար: Նա նաև պահանջել է 70 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
123. Կառավարությունը որևէ հայտարարություն չի արել:
124. Դատարանը համարում է, որ դիմումատուի՝ բաց թողնված եկամտի փոխհատուցման մասով պահանջը ենթադրյալ բնույթի է և այդ իսկ պատճառով պետք է ամբողջությամբ մերժվի: Մյուս կողմից, հաշվի առնելով բացահայտված խախտումների ծանր բնույթը՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 35 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
125. Դիմումատուն նաև պահանջել է 3 080 եվրո՝ որպես հատուցում ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Այդ պահանջները ներառել են 2 480 եվրո՝ որպես իրավական ծառայությունների դիմաց վճարներ, և 600 եվրո՝ թարգմանության և փոստային ծառայությունների համար կատարված ծախսեր:
126. Կառավարությունն այս պահանջների առնչությամբ որևէ հայտարարություն չի արել։
127. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործում, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ չափորոշիչները, Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 2 500 եվրո՝ բոլոր կետերի մասով՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Մերժում է գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը.
2. Հայտարարում է գանգատն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա ընթացակարգային հայեցակետի մասով.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 35 000 եվրո (երեսունհինգ հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հոկտեմբերի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ Քարտուղարի տեղակալի |
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր |
