ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2022 թվականի N 286-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-160-10.02.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
10.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (160-10.02.2022-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) համաձայն առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետային պարտադիր» բառերը հանել և լրացնել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների,» բառերով:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը կարգավորում է պետության կողմից երաշխավորված պետական բյուջեի միջոցների հաշվին ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)` Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը և ուսումնառությունը: Օրենքում իրավակարգավորման բացակայության պայմաններում զինվորական ծառայության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, այդ թվում՝ սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից: Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույն խնդրի առջև՝ համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, և արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ և չտեսնելով դրանց լուծման հնարավորություն, սկսում է մտածել երկրից դուրս գալու մասին: Պայմանագրային զինծառայողների հետ հանդիպումներում ևս զինծառայողներն ընդգծում են պետական բյուջեի հաշվին կրթություն ստանալու և քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորության բացակայությունը, որն այլ աշխատանք գտնելու տեսանկյունից կարևոր նշանակություն կունենար: Նույն խնդրին բախվում են նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած սպաները, ովքեր երբեմն նույնիսկ մի քանի տեղ են ստիպված աշխատում, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքների կարիքները և չընտրեն արտագաղթի ճանապարհը: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն և ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում: Առաջարկվող փոփոխությունը նաև բխում է ՀՀ կառավարության ծրագրի՝ պաշտպանությանը վերաբերող գլխի դրույթներից, որտեղ խնդիր է դրված բարձրացնել զինվորական մասնագիտության գրավչությունը:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է իրականացնել օրենսդրական բնույթի և գործնական քայլեր՝ զինվորական ծառայության և զինվորական մասնագիտություն ընտրելու գրավչության բարձրացման ուղղությամբ, որոնցից է հանդիսանում նաև զինծառայողների կրթական երաշխիքների ընդլայնումը: Այդ ուղղությամբ անհրաժեշտություն է հանդիսանում նաև օրենքով սահմանված պետական բյուջեի միջոցների հաշվին կրթություն ստանալու երաշխիքները, բացի ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում համապատասխան կարգավիճակ ստացած անձանց, տարածել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող պայմանագրային զինծառայողների վրա:
Ինչ վերաբերում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին սպաների համար ևս անվճար կրթական երաշխիք սահմանելուն, ապա օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ որպես զինծառայողների լրացուցիչ երաշխիք է սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողների համար պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերում առաջնահերթության կարգով ընդգրկվելու իրավունքը: Այդ առումով, Կառավարությունը գտնում է, որ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողների (ներառում է նաև սպայական կազմը) համար օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երաշխիքը բավարար միջոց է նրանց կողմից քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու և հանրային կյանքի տարբեր բնագավառներում ներգրավելու համար, որի կապակցությամբ առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքի 67-րդ հոդվածում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված սպայական կազմի նախկին զինծառայողների մասով լրացում կատարելուց:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «փոփոխություն և լրացում» բառերը փոխարինել «փոփոխություն» բառով.
2) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս» բառերը փոխարինել «ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով» բառերով:»: