Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0393/11/18

ԵԴ/0393/11/18

Նախագահող դատավոր՝  Ա. Նիկողոսյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ`

Ն. Թումանյանի

 

մասնակցությամբ դիմողի ներկայացուցիչ`

Ռ. ԲԵՋԱՆՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի հունիսի 2-ին Մարիամ Հարությունի Մարկոսյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Մ.Ներսիսյանի (այսուհետ՝ նաև Հետաքննության մարմին) որոշմամբ հարուցվել է թիվ 15171318 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ժ.Չիչոյանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշմամբ վերը նշված որոշումը վերացվել է, և քրեական գործի հարուցումը մերժվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոհիշյալ որոշման դեմ Մ.Մարկոսյանի բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ մերժվել է:

2. 2018 թվականի օգոստոսի 24-ին դիմող Քնարիկ Ջանիբեկի Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ժ.Չիչոյանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշումները և ճանաչել Քնարիկ Դանիելյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը:

Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ դիմող Ք.Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը բավարարել է և դատախազին պարտավորեցրել վերացնելու Ք.Դանիելյանի իրավունքների խախտումը:

3. Դատախազ Ժ.Չիչոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

5. Դիմող Ք.Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. 2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել է Մարիամ Մարկոսյանի հաղորդումն այն մասին, որ Արտյոմ Հովհաննիսյանը, Արթուր, Մարո և Նաթելա Հարությունյաններն իր ծանոթ Ք.Դանիելյանից, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, 2017 թվականի փետրվարի 26-ից մինչև 2018 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են 13.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՌԴ ռուբլի գումար1:

6.1. Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Մարկոսյանը բացատրություն է տվել այն մասին, որ շուրջ յոթ տարի ճանաչում է Ք.Դանիելյանին, ով իր մտերիմն է և մշտապես բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մ.Մարկոսյանի բացատրության համաձայն՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից իրեն է զանգահարել Ք.Դանիելյանի հայրը` Ջանիբեկ Դանիելյանը և հայտնել, որ դուստրը որոշ ժամանակ առաջ ծանոթացել է ոմն Մարոյի հետ և վերջինիս հետ պարբերաբար շփվել է համացանցի միջոցով: Հերթական զրույցի ընթացքում Մ.Հարությունյանը Ք.Դանիելյանին հայտնել է, որ իր ամուսնու և երեխայի հետ դեպք է պատահել, շտապ գումար է անհրաժեշտ, պետք է բնակարանը վաճառի, որպեսզի հոգա ընտանիքի կարիքները, սակայն դրա համար երկար ժամանակ կպահանջվի, և խնդրել է իրեն ֆինանսական օգնություն ցուցաբերել: Սկզբնական շրջանում Ք.Դանիելյանն իր հորից 100.000 ՌԴ ռուբլի գումար է խնդրել և փոխանցել Մ.Հարությունյանին: Մ.Մարկոսյանը հայտնել է, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, 2017 թվականի փետրվարի 26-ից մինչ 2018 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, Ք.Դանիելյանի կողմից Արթուր, Մարո և Նաթելա Հարությունյաններին, Արտյոմ Հովհաննիսյանին պարբերաբար փոխանցված գումարների ընդհանուր չափը կազմել է 780.000 ՌԴ ռուբլի: Մ.Մարկոսյանի բացատրության համաձայն՝ Մ.Հարությունյանը մշտապես խոստացել է վերադարձնել գումարները, սակայն խաբելով Ք.Դանիելյանին՝ այդպես էլ որևէ գումար չի ուղարկել և դրա հետ մեկտեղ սպառնացել է, որ եթե գումարները հետ պահանջի, ապա իր ամուսինը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն և նրան ու երեխային կվնասի:

Մ.Մարկոսյանը նշել է, որ Ք.Դանիելյանի հայրն է իրեն խնդրել, որպեսզի համապատասխան հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին մինչև իրենք կկարողանան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն չի կարող նշել, թե Քնարիկ և Ջանիբեկ Դանիելյանները երբ են վերադառնալու Հայաստան2:

7. Դատախազ Ժ.Չիչոյանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշման համաձայն՝ «(…) [Ն]յութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող հետաքննիչի կողմից բազմիցս միջոցներ են ձեռնարկվել Մարո Հարությունյանին, Արթուր Հարությունյանին, Արտյոմ Հովհաննիսյանին և Նաթելլա Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ, սակայն վերջիններիս հայտնաբերել չի հաջողվել:

(…) Քնարիկ Դանիելյանի կողմից իր ծանոթ Մարո Հարությունյանի երեխայի և ամուսնու խնդիրների լուծման համար պարտքով գումար տրամադրելը, ինչպես նաև Նաթելլա Հարությունյանին, Արթուր Հարությունյանին և Արտյոմ Հովհաննիսյանին գումարներ փոխանցելը Մ.Հարությունյանի ընտանիքում ծագած խնդիրների լուծման համար վեր է քրեաիրավական դաշտում լուծման հարթությունից, որպեսի պայմաններում վերջիններիս միջև ծագած իրավահարաբերությունը ենթակա է լուծման քաղաքացիաիրավական դաշտում, քանի որ հիշյալ հանգամանքներով որևէ կերպ չի հաստատվում Մ.Հարությունյանի նախնական դիտավորությունն առ այն, որ նա մինչև գումարը վերցնելը նպատակ է ունեցել այն չվերադարձնելու, բացի այդ Մ.Հարությունյանը Ք.Դանիելյանից նշված գումարը խնդրել է, որպես պարտք իր ընտանիքում ծագած խնդիրների լուծման համար:

Ուստի նման պայմաններում ոմն Մարո Հարությունյանի, Արթուր Հարությունյանի, Նաթելլա Հարությունյանի, Արտյոմ Հովհաննիսյանի գործողությունները չեն կարող դիտվել խարդախության հանցակազմի շրջանակներում, որպեսի պայմաններում էլ վերջինիս գործողություններում բացակայում են ՀՀ քրեական (դատավարության) օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի հատկանիշները»3։

8. Դատախազ Ա.Աֆանդյանի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշման համաձայն. «(…) Ք.Դանիելյանի կողմից պարբերաբար Մարո Հարությունյանին և վերջինիս ընտանիքի անդամներին պարտքով գումարների տրամադրումը կատարվել է հենց Ք.Դանիելյանի ռիսկով, ավելին` Ք.Դանիելյանի կողմից վերջիններիս պարբերաբար պարտքով գումարներ տրամադրելը եղել է այն պայմանով, որ Մ.Հարությունյանը պետք է վաճառեր իր բնակարանը և վերադարձներ վերջինիս կողմից պարտք տված գումարները, ուստի նման պայմաններում խոսք չի կարող լինել Մ.Հարությունյանի և մյուսների կողմից Ք.Դանիելյանի վստահությունը չարաշահելու և վերջինիս գույքը դիտավորությամբ հափշտակելու մասին, քանի որ վերջիններիս միջև ծագած իրավահարաբերությունները արդեն իսկ կրել են քաղաքացիաիրավական բնույթ: Թեև նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել ենթադրյալ հանցանք կատարած անձանց, սակայն Մ.Մարկոսյանի կողմից ներկայացված հաղորդման, ինչպես նաև հետագայում վերջինիս կողմից տրված բացատրության բովանդակությունից պարզ է դառնում, որ Ք.Դանիելյանի կողմից Մարո Հարությունյանին և մյուսներին գումարներ տվել է պարտքով և ինչպես հենց բողոքաբերն է իր բացատրությամբ նշել` Մ.Հարությունյանը Ք.Դանիելյանից անհրաժեշտ գումարը խնդրել է հետագայում բնակարանը վաճառելու և այն վերադարձնելու նպատակով, ուստի նման պայմաններում Մ.Հարությունյանից և մյուսներից բացատրություն չվերցնելը չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործի հարուցման համար (…)»4:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանը գտնում է, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հետաքննության մարմնի` քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով հնարավորություն չի ընձեռնել վարույթն իրականացնող մարմնին ապահովելու լրիվ և բազմակողմանի քննություն:

Դատարանն արդարացի է համարում դիմող կողմի պատճառաբանություններն այն մասին, որ Մարիամ Մարկոսյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում չի հարցաքննվել Քնարիկ Ջանիբեկի Դանիելյանը և չի պարզվել, թե արդյոք նրա լիազորած անձը՝ Մարիամ Հարությունի Մարկոսյանը ամբողջական է ներկայացրել Քնարիկ Ջանիբեկի Դանիելյանի, կամ վերջինիս հոր կողմից հեռախոսով հայտնած փաստական տվյալները, բացի այդ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք այդ ժամանակահատվածում Քնարիկ Դանիելյանի հետ կապ են հաստատել 093300085, 044364656, 041535666 և 077120582 հեռախոսահամարներով, սակայն չի հաստատվել կամ հերքվել նշված հեռախոսային խոսակցությունների առկայությունը, չեն ստացվել դրանց վերծանումները:

Դատարանը փաստում է, որ ենթադրյալ հանցագործության հատկանիշների բացակայության վերաբերյալ դատախազի եզրահանգումները չեն բխում դեպքի առթիվ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունից և դրանք դեռևս բավարար չեն հաստատելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են:

Այսպիսով դատարանը գտնում է, որ չեն պարզվել դիմողի կողմից նշված և գործի համար նշանակություն ունեցող էական հանգամանքներ, ինչը կարող է պարզվել միայն հարուցված քրեական գործի և արդյունավետ քննության իրականացման պայմաններում

(…)»5։

9.1 Արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշել է. «Դիմող Քնարիկ Դանիելյանի ներկայացուցիչ Ռոբերտ Բեջանյանի բողոքը` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնի հետաքննիչ Մ.Ներսիսյանի` «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» 02.06.2018թ., Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության դատախազ Ժ.Չիչոյանի` «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու» 08.06.2018թ. և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանի` «Բողոքը քննության առնելու մասին» 04.07.2018թ. որոշումները և Քնարիկ Դանիելյանի իրավունքների խախտումը վերացնելու մասին, բավարարել.

Պարտավորեցնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանին` վերացնելու Քնարիկ Դանիելյանի իրավունքների խախտումը (…)»6։

10. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «(…) [Զ]երծ մնալով վարույթն իրականացնող մարմնի կողմից, կողմերի միջև ձևավորված իրավահարաբերությունը քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում դիտելու հանգամանքին վերջնական գնահատական տալուց, այնուամենայնիվ անհրաժեշտ է (…) փաստել, որ ինքնին խարդախության հանցակազմի առկայության հարցը քննարկվել է նախաքննության մարմնի կողմից` ելնելով վերջինիս դիսպոզիցիայի հատկանիշներից, որը բացառվել է հաշվի առնելով, որ խարդախության հանցակազմի հատկանիշների առկայության հարցը կարող է քննարկվել, եթե հաստատվել է հանցակազմի օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սակայն պետք է արձանագրել, որ այդ հանգամանքին լիարժեք գնահատական վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է տրվել քրեական գործի հարուցման հիմքի և առիթի օրինականությունը ստուգելու համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված անհրաժեշտ և բավարար գործողությունների կատարումից հետո, մինչդեռ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, ինչը հանգեցրել է անձի իրավունքների, մասնավորապես` իրավական պաշտպանության արդյունավետ միջոց հայցելու իրավունքի խախտման: Բացի այդ էլ, հարկ է արձանագրել, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (Քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում), քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով, ինչն էլ հնարավոր է հարուցված քրեական գործի պայմաններում, իսկ իրավահարաբերության` քրեաիրավական կամ քաղաքացիաիրավական տիրույթում գտնվելու վերաբերյալ վաղաժամկետ, շտապողական դատողություններ անելը ևս կարող է խաթարել քրեադատավարական ընթացակարգի էությունը: Վերոգրայի հիման վրա էլ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքարկված դատական ակտը կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ և գործով ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու իրավաչափ հիմքեր չկան (…)»7:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

11.1. Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ք.Դանիելյանի կողմից իր ծանոթ Մ.Հարությունյանին վերջինիս երեխայի և ամուսնու խնդիրների լուծման նպատակով պարտքով գումար տրամադրելու, ինչպես նաև Մ.Հարությունյանի ընտանիքում ծագած ֆինանսական խնդիրների լուծման համար Ն.Հարությունյանին, Ա.Հարությունյանին և Ա.Հովհաննիսյանին պարբերաբար գումարներ փոխանցելու հարցի շուրջ վերջիններիս միջև ծագած գումարային պարտք ու պահանջի վերաբերյալ իրավահարաբերությունը ենթակա է լուծման բացառապես քաղաքացիաիրավական դաշտում, քանի որ որևէ կերպ չի հաստատվել Մ.Հարությունյանի նախնական դիտավորությունն առ այն, որ նա մինչև գումարը վերցնելը նպատակ է ունեցել այն չվերադարձնելու։

Բողոքաբերը նշել է նաև, որ թեև նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել ենթադրյալ հանցանք կատարած անձանց, սակայն Մ.Մարկոսյանի կողմից ներկայացված հաղորդման, ինչպես նաև հետագայում վերջինիս կողմից տրված բացատրության բովանդակությունից պարզ է դառնում, որ Ք.Դանիելյանի կողմից Մ.Հարությունյանին և մյուսներին գումարները փոխանցվել են պարտքով, և ինչպես հենց Մ.Մարկոսյանն է իր բացատրությամբ նշել, Մ.Հարությունյանը Ք.Դանիելյանից անհրաժեշտ գումարը խնդրել է՝ հետագայում բնակարանը վաճառելու և այն վերադարձնելու պայմանով: Հետևաբար, ըստ բողոքաբերի՝ կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կրել են քաղաքացիաիրավական բնույթ, ուստի Մ.Հարությունյանից և մյուսներից բացատրություն չվերցնելը չի կարող վկայել քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու համար բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու մասին։

Ուստի, բողոք բերած անձը պնդել է, որ առկա վեճը ենթակա է լուծման բացառապես մասնավոր` քաղաքացիաիրավական տիրույթում և դրանք քրեաիրավական ոլորտում քննության առարկա դարձնելու դեպքում կխաթարվի քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, և որ Ք.Դանիելյանի կողմից պարտքով փոխանցված գումարները չվերադարձնելը այդ վեճը հանրային տիրույթում քննելու և լուծելու բավարար ու հիմնավոր փաստարկ չէ։

11.2. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ Մ.Մարկոսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հնարավոր գործուն միջոց կարող էր ծառայել Ք.Դանիելյանին հարցաքննելը, հեռախոսահամարների վերծանումները ստանալը՝ բողոքաբերը փաստել է, որ հիշյալ եզրահանգումը հակասում է Վճռաբեկ դատարանի արտահայտած այն դիրքորոշումներին, որ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս իրավասու չէ ուղղակի կամ քողարկված ցուցումներ տալ վարույթն իրականացնող մարմիններին, հակառակ դեպքում դուրս կգա իր վերահսկողական լիազորությունների շրջանակից:

11.3. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը, այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Ք.Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո±ր են արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մարկոսյանի հաղորդման առթիվ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու և դիմող Ք.Դանիելյանի իրավունքների խախտում թույլ տված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1.Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։

Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`

ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել»8։

14. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ: Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի9:

14.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ10:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Մարկոսյանի հաղոդրման հիման վրա քրեական գործ հարուցելու մասին Հետաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 2-ի որոշումը դատախազ Ժ.Չիչոյանի` 2018 թվականի հունիսի 8-ի որոշմամբ վերացվել է, և քրեական գործի հարուցումը մերժվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված խարդախության հանցակազմի բացակայության հիմքով այն պատճառաբանությամբ, որ Ք.Դանիելյանի և Ա.Հովհաննիսյանի, Ա.Հարությունյանի, Մ.Հարությունյանի ու Ն.Հարությունյանի միջև առկա վեճը ենթակա է լուծման քաղաքացիաիրավական կարգով11։ Այս որոշման դեմ Մ.Մարկոսյանի բողոքը դատախազ Ա.Աֆանդյանի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ նույն պատճառաբանությամբ մերժվել է12։

Վերոնշյալ որոշումների դեմ Ք.Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքն Առաջին ատյանի դատարանը բավարարել է` պարտավորեցնելով վերացնել դիմող Ք.Դանիելյանի իրավունքների և ազատությունների խախտումը՝ փաստարկելով, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը Հետաքննության մարմնի` քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով հնարավորություն չի ընձեռնել վարույթն իրականացնող մարմնին ապահովելու լրիվ և բազմակողմանի քննություն: Առաջին ատյանի դատարանը հիմնավոր է համարել բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ նյութերի նախապատրաստման ընթացքում չի հարցաքննվել Ք.Դանիելյանը, չեն պարզվել 093300085, 044364656, 041535666 և 077120582 հեռախոսահամարներով հեռախոսային խոսակցությունների առկայությունը, որոնցով ենթադրյալ հանցանք կատարած անձինք այդ ժամանակահատվածում Ք.Դանիելյանի հետ կապ են հաստատել, չեն ստացվել դրանց վերծանումները13։

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` արձանագրելով, որ խարդախության հանցակազմի առկայության հանգամանքին լիարժեք գնահատական վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող է տրվել քրեական գործի հարուցման հիմքի և առիթի օրինականությունը ստուգելու համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված անհրաժեշտ և բավարար գործողությունների կատարումից հետո, մինչդեռ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով14։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները բավարարել են դիմողի ներկայացուցչի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել Ք.Դանիելյանի իրավունքների ենթադրյալ խախտումները` առանց պատշաճ իրավական գնահատականի արժանացնելու այն, որ վիճարկվող որոշումների դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են բացառապես քաղաքացիաիրավական գործիքակազմի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր։

16.1. Այսպես` ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ Ք.Դանիելյանի և Ա.Հովհաննիսյանի, Ա.Հարությունյանի, Մ.Հարությունյանի, Ն.Հարությունյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են, ձևավորվել են կողմերի փոխադարձ կամահայտնության հիման վրա։ Ընդ որում, այդ մասին հայտնել է հենց Մ.Մարկոսյանն իր բացատրությունում` նշելով, որ Ք.Դանիելյանի կողմից համապատասխան գումարները փոխանցվել են պարտքով և հետագայում Մ.Հարությունյանի կողմից բնակարանը վաճառելու ու վերադարձնելու պայմանով15: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ գումարը չվերադարձնելու հանգամանքն ինքնին չի վկայում Մ.Հարությունյանի մոտ այն ի սկզբանե հափշտակելու դիտավորության առկայության մասին16։

16.2. Ստորադաս դատարանները ոչ միայն պատշաճ գնահատման չեն ենթարկել վերոնշյալ փաստական տվյալները, այլև մատնանշել են վարույթն իրականացնող մարմնի կողմից պարզման ենթակա հանգամանքներ, որոնք իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթի պայմաններում գործի համար էական նշանակություն ունենալ չեն կարող:

17. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մարկոսյանի հաղորդման առթիվ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու և դիմող Ք.Դանիելյանի իրավունքների խախտում թույլ տված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա±փ են արդյոք քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքում Ք.Դանիելյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ դատախազ Ա.Աֆանդյանի պարտականությունը սահմանելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի դատական ակտը։

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

(...)

5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն։ Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը»։

19.1. Մեջբերված քրեադատավարական նորմերի հարաբերակցության առումով Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը բովանդակում է հատուկ իրավանորմեր, որոնք հստակ կարգավորում են մինչդատական վարույթի շրջանակներում ընդունվող դատավարական ակտերից մեկի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման կարգը, դրա արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը և այդ որոշումների հետևանքով որոշակի իրավահարաբերությունների փոփոխությունները։ Հակառակ դրան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածն ամրագրում է առավելապես ընդհանրական բնույթի նորմեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության սահմանները և քրեական դատավարության այդ փուլում դատարանի լիազորությունները կարգավորում են ընդհանրական ձևով։ Նույն իրավահարաբերությունը կարգավորող ընդհանուր և հատուկ նորմերի առկայության դեպքում իրավակիրառողը պետք է կիրառի հատուկ նորմերը և չկիրառի ընդհանուր նորմերը17։

Այսպիսով, քրեական գործի հարուցման և նախաքննության փուլերում իրականացվող հետագա դատական վերահսկողության սահմանները, դրանց արդյունքում ընդունվող որոշումների շրջանակը, ինչպես նաև ընդունված որոշումների հետևանքները տարբեր են։ Մասնավորապես, քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առնի բողոքը և կայացնի համապատասխան դատական ակտ` վիճարկվող որոշումը վերացնելու մասին, որը պարտադիր է դարձնում քրեական գործի հարուցումը, կամ այն հաստատելու մասին18։

20. Սույն գործի նյութերի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում որոշում է կայացրել Հետաքննության մարմնի՝ «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» 2018 թվականի հունիսի 2-ի, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազության դատախազ Ժ.Չիչոյանի` «Քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործի հարուցումը մերժելու» 2018 թվականի հունիսի 8-ի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Ա.Աֆանդյանի` «Բողոքը քննության առնելու մասին» 2018 թվականի հուլիսի 4-ի որոշումները և Ք.Դանիելյանի իրավունքների խախտումը վերացնելու մասին Ք.Դանիելյանի ներկայացուցիչ Ռոբերտ Բեջանյանի բողոքը բավարարել և պարտավորեցնել դատախազ Ա.Աֆանդյանին` վերացնելու Ք.Դանիելյանի իրավունքների խախտումը19։ Վերաքննիչ դատարանի կողմից նշված դատական ակտը թողնվել է օրինական ուժի մեջ20։

21. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 19-19.1-րդ կետերում ներկայացված իրավանորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հատուկ կառուցակարգը, այլ կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կառուցակարգը։ Ուստի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության քրեադատավարական ընթացակարգը չի պահպանվել։ 

22. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքում Ք.Դանիելյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ դատախազ Ա.Աֆանդյանի պարտականությունը սահմանելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի դատական ակտն իրավաչափ չեն։ 

23. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, 290-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Քնարիկ Ջանիբեկի Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Քնարիկ Ջանիբեկի Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 13 որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դիմող Քնարիկ Դանիելյանի ներկայացուցիչ Ռ.Բեջանյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս, մերժված նյութեր, թերթ 5:

2 Տե՛ս, մերժված նյութեր, թերթեր 19-20:

3 Տե՛ս, մերժված նյութեր, թերթեր 30-33։

4 Տե՛ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 14:

5 Տե՛ս, նյութեր, հատոր 1-ին , թերթեր 51-52:

6 Տե՛ս, նյութեր, հատոր 1-ին, թերթ 53:

7 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթ 42:

8 Տե՛ս, Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 13-րդ կետը:

9 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 29-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ որոշման ԵԿԴ/0199/01/13 17-րդ կետը։

10 Տե՛ս, Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշման 12.1-րդ կետը։

11 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:

13 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:

14 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:

15 Տե՛ս, սույն որոշման 6.1-րդ կետը:

16 Տե՛ս, սույն որոշման 11.1-րդ կետը:

17 Տե՛ս, mutatis mutandis, Համբարձում Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշման 20-21-րդ կետերը։

18 Տե՛ս, Անժելա Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԿԴ/0104/11/16 որոշման 17.1-րդ կետը։

19 Տե՛ս, սույն որոշման 9.1-րդ կետը։

20 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան