ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասում «քաղաքացիների» բառը փոխարինել «մարդու» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) մշակում և կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 36. | ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ |
Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային և ֆինանսական) մասին հաղորդում:
Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն:
Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 40. | ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ |
Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում:
Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 42-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովը մշակում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային հանձնաժողովի կանոնակարգը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Ազգային հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 59-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնակարգերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողով:»:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |