ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Միջնորդ դատարանները |
Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում են մշտապես գործող և կոնկրետ վեճը լուծելու համար (ad hoc) միջնորդ դատարաններ:
Հոդված 2. |
Մշտապես գործող միջնորդ դատարանները |
1. Մշտապես գործող միջնորդ դատարաններ կարող են ստեղծվել առևտրաարդյունաբերական պալատներին, բորսաներին, հրապարակային սակարկություններ իրականացնող կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության բանկերի միությանը և այլ կազմակերպություններին առընթեր:
2. Մշտապես գործող դատարանի գործունեության կարգը սահմանվում է նման դատարան ստեղծած կազմակերպության կողմից հաստատված կանոնադրությամբ:
Կանոնադրության մեջ պետք է նշվեն`
1) միջնորդ դատավորների անվանացուցակը.
2) միջնորդ դատարանի կազմավորման կարգը.
3) միջնորդ դատարանի դատավորի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի լուծման կարգը.
4) վեճերի լուծման կարգը.
5) միջնորդ տուրքեր գանձելու կարգը:
Հոդված 3. |
Կոնկրետ վեճը լուծելու համար միջնորդ դատարանները |
Կոնկրետ վեճը լուծելու համար միջնորդ դատարանն ստեղծում են կողմերը:
Հոդված 4. |
Միջնորդ դատարանների գործունեության սկզբունքները |
Միջնորդ դատարանների գործունեությունը հիմնվում է օրենսդրության, դատավորների անկախության, օրենքի և դատարանի առջև քաղաքացիների, իրավաբանական անձանց հավասարության, կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների վրա:
Հոդված 5. |
Միջնորդ դատարանի իրավասությունը |
Միջնորդ դատարանը լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությանը ենթակա գույքային վեճերը, բացառությամբ պետաիրավական, վարչաիրավական, հարկային և այլ իշխանական ենթակայության վրա հիմնված, ինչպես նաև ալիմենտային իրավահարաբերություններից ծագող վեճերի և իրավաբանական անձանց ու քաղաքացիների սնանկության գործերի:
Հոդված 6. |
Միջնորդ դատարան դիմելու իրավունքը |
Կողմերի միջնորդ համաձայնության առկայության դեպքում միջնորդ դատարան դիմելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այդ թվում` անհատ ձեռներեցները) և իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք (այսուհետ` օտարերկրյա անձինք), ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԻՋՆՈՐԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 7. |
Միջնորդ համաձայնության հասկացությունը |
1. Միջնորդ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային բնույթի որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին:
2. Միջնորդ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես առանձին պայմանագրի (միջնորդ պայմանավորվածություն), այնպես էլ հիմնական պայմանագրում վերապահման (միջնորդ վերապահում) ձևով:
Հոդված 8. |
Միջնորդ համաձայնության ձևը |
1. Միջնորդ համաձայնությունը կնքվում է գրավոր:
Միջնորդ համաձայնությունը կնքված է համարվում, եթե դա կատարվել է կողմերի ստորագրած մեկ փաստաթուղթ կազմելով կամ կնքված է նամակներով, հեռատիպով, հեռագրով կամ այդպիսի համաձայնության ամրագրումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ` հաղորդումներ փոխանակելու միջոցով:
2. Սույն հոդվածի կանոնները չպահպանելու դեպքում միջնորդ համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 9. |
Միջնորդ համաձայնության բովանդակությունը |
1. Միջնորդ համաձայնության մեջ պետք է նշվեն`
1) միջնորդ դատարանի կազմավորման կարգը և դրա խախտման հետևանքները.
2) միջնորդ դատավորի ինքնաբացարկի և նրան բացարկ հայտնելու կարգը.
3) միջնորդ դատավորի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի լուծման կարգը:
2. Մշտապես գործող միջնորդ դատարանին վեճը հանձնելու մասին կողմերի միջնորդ համաձայնությունը սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանների փոխարեն կարող է հղում պարունակել որոշակի մշտապես գործող միջնորդ դատարանի կանոնադրությանը:
3. Սույն հոդվածի կանոնները չպահպանելու դեպքում միջնորդ համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 10. |
Միջնորդ համաձայնության տեսակները |
Միջնորդ համաձայնությունը կարող է լինել`
1) բոլոր վեճերը մշտապես գործող որոշակի միջնորդ դատարան հանձնելու մասին.
2) ելնելով գործի էությունից` վեճը մշտապես գործող համապատասխան միջնորդ դատարան հանձնելու մասին.
3) կոնկրետ վեճը լուծող (ad hoc) միջնորդ դատարան հանձնելու մասին:
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
Հոդված 11. |
Միջնորդ դատարանների դատավորներին առաջադրվող պահանջները |
Միջնորդ դատարանի դատավոր կարող է նշանակվել (ընտրվել) անհրաժեշտ գիտելիքներ կամ իրավահարաբերությունների համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ ունեցող անձը, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Ոչ ոք չի կարող իր քաղաքացիության պատճառով զրկվել միջնորդ դատավոր նշանակվելու (ընտրվելու) իրավունքից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Հոդված 12. |
Միջնորդ դատավորների թիվը |
1. Միջնորդ դատավորների թիվը որոշվում է կողմերի միջնորդ համաձայնությամբ, սակայն բոլոր դեպքերում այն պետք է լինի կենտ: Եթե կողմերի միջնորդ համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, միջնորդ դատարանն ստեղծվում է երեք դատավորի կազմով:
2. Վեճը միանձնյա լուծելիս միջնորդ դատավորը հանդես է գալիս որպես միջնորդ դատարան:
Հոդված 13. |
Միջնորդ դատարանի կազմավորման կարգը |
1. եթե կողմերի միջնորդ համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ միջնորդ դատավոր: Նշանակված երկու միջնորդ դատավորներն ընտրում են երրորդին` նախագահողին:
2. Եթե միջնորդ դատավոր նշանակելու մասին կողմի դիմումն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում մյուս կողմը չի նշանակում երկրորդ միջնորդ դատավոր, կամ կողմերի նշանակած դատավորները երեսուն օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չեն բերում երրորդ միջնորդ դատավորի (նախագահողի) ընտրության վերաբերյալ, ապա`
1) մշտապես գործող միջնորդ դատարանում միջնորդ դատավորին կամ նախագահողին նշանակում է այն կազմակերպության ղեկավարը, որին առընթեր գործում է միջնորդ դատարանը` այդ դատարանի դատավորների անվանացուցակից.
2) կոնկրետ վեճը լուծելու համար ստեղծվող միջնորդ դատարանում միջնորդ դատավորին կամ նախագահողին նշանակելու (ընտրելու) կարգը որոշվում է կողմերի միջնորդ համաձայնությամբ:
Հոդված 14. |
Միջնորդ դատավորի ինքնաբացարկի ու նրան բացարկ հայտնելու հիմքերը և կարգը |
1. Գործը քննող միջնորդ դատավորը կարող է մինչև գործի քննություն սկսելն ինքնաբացարկ հայտնել: Ինքնաբացարկը հայտնվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:
Գործի քննության ընթացքում ինքնաբացարկ հայտնել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ինքնաբացարկի հիմքը միջնորդ դատավորին հայտնի է դարձել գործի քննությունն սկսելուց հետո:
2. Միջնորդ դատավորին կարող է բացարկ հայտնել մինչև գործի քննությունն սկսելը` նրա անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում: Բացարկը հայտնվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:
Գործի քննության ընթացքում բացարկ հայտնելը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե բացարկի հիմքը կողմին հայտնի է դարձել գործի քննությունն սկսելուց հետո:
3. Եթե կողմերի միջնորդ համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, կոնկրետ վեճը լուծելու համար նշանակված միանձնյա միջնորդ դատավորին բացարկ հայտնել չի թույլատրվում:
4. Եթե կողմերի միջնորդ համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, կոնկրետ վեճը լուծելու համար ստեղծված միջնորդ դատարանի կողմից գործի կոլեգիալ քննության դեպքում միջնորդ դատավորի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի հարցը լուծում է միջնորդ դատարանի նույն կազմը` ինքնաբացարկ հայտնած դատավորի կամ այն դատավորի բացակայությամբ, որին բացարկ է հայտնվել:
Հոդված 15. |
Միջնորդ դատավորի լիազորությունների դադարումը |
Միջնորդ դատավորի լիազորությունները կարող են դադարել կողմերի համաձայնությամբ կամ սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված հիմքերով:
Հոդված 16. |
Նոր միջնորդ դատավորի նշանակումը |
Միջնորդ դատավորի լիազորությունների դադարման դեպքում նոր միջնորդ դատավորը նշանակվում է սույն օրենքի 13 հոդվածի կանոններին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. |
Հայցի հարուցումը |
1. Հայցվորն իր պահանջները շարադրում է հայցադիմումի ձևով և ուղարկում է պատասխանողին: Հայցը հարուցված է համարվում պատասխանողի կողմից հայցադիմումն ստանալու օրը:
Հայցադիմումն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան է ուղարկում հայցվորին: Ի պատասխան հայցադիմումի` պատասխանողը կարող է հակընդդեմ հայց հարուցել:
2. Փաստաթղթերն ուղարկվում են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդակցության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ (այսուհետ` պատշաճ ձևով):
Հոդված 18. |
Հայցադիմումի բովանդակությունը |
1. Հայցադիմումում նշվում են`
1) կողմերի անունը (անվանումը) և հասցեն.
2) հայցվորի պահանջները.
3) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցվորի պահանջները.
4) հայցվորի պահանջների հիմքերը հաստատող ապացույցները.
5) հայցագինը.
6) հայցադիմումին կցված փաստաթղթերի ցանկը:
2. Հայցադիմումին կցվում են`
1) միջնորդ համաձայնության պատճենը.
2) հայցվորի պահանջները հաստատող փաստաթղթերը.
3) միջնորդ դատարան կազմավորելու առաջարկությունը և հայցվորի նշանակած դատավորի անունը:
3. Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Եթե հայցադիմումը ստորագրել է հայցվորի ներկայացուցիչը, ապա կցվում է նրա` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:
4. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև պատասխանի և հակընդդեմ հայցի նկատմամբ:
Հոդված 19. |
Վեճի լուծման վայրը |
Վեճի լուծման վայրը որոշում է միջնորդ դատարանը` հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները` ներառյալ կողմերի համար հարմար լինելու գործոնը, եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Հոդված 20. |
Նիստի մասին կողմերին ծանուցելը |
1. Միջնորդ դատարանը կողմերին պատշաճ ձևով ծանուցում է նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին:
2. Վարույթի ժամանակ հասցեն փոխելու դեպքում կողմը պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդ դատարանին և մյուս կողմին: Նման ծանուցման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև կողմն այլևս չի գտնվում կամ չի բնակվում այդ հասցեում:
Հոդված 21. |
Միջնորդ դատարանի նիստը |
1. Վեճը լուծվում է միջնորդ դատարանի դռնփակ նիստում, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Միջնորդ դատավորները պարտավոր են գաղտնի պահել լուծվող վեճի մասին տեղեկատվությունը:
Միջնորդ դատավորները պատասխանատվություն են կրում գործի վարույթի ընթացքում իրենց հայտնի դարձած ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիքի հրապարակման համար:
Հոդված 22. |
Վեճի լուծման կարգը |
1. Մշտապես գործող միջնորդ դատարանում վեճերը լուծվում են նրա կանոնադրությամբ (կանոնակարգով) սահմանված կարգով, որը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և սույն օրենքի պահանջներին:
2. Կոնկրետ վեճը լուծելու համար ստեղծված միջնորդ դատարանում վեճի լուծման կարգը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում վեճի լուծման կարգը որոշում է միջնորդ դատարանը:
Հոդված 23. |
Դատավարության լեզուն |
1. Դատավարության լեզուն (լեզուները), որը պետք է օգտագործվի վեճը լուծելիս, որոշվում է կողմերի համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում դատավարության լեզուն (լեզուները) որոշում է միջնորդ դատարանը:
2. Միջնորդ դատարանը կարող է կողմերից պահանջել գրավոր ապացույցի տեքստի թարգմանությունն այն լեզվով, որը պետք է օգտագործվի վեճը լուծելիս:
Հոդված 24. |
Պահանջի փոփոխումը և լրացումը |
Դատաքննության ընթացքում հայցվորը կարող է փոփոխել կամ լրացնել իր պահանջները, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
Հոդված 25. |
Ապացույցները |
1. Յուրաքանչյուր կողմ պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնք նա վկայակոչում է որպես իր պահանջների և առարկությունների հիմք:
2. Գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Հոդված 26. |
Փորձաքննություն նշանակելը |
1. Վեճի լուծման ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով միջնորդ դատարանը կարող է փորձաքննություն նշանակել` կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ:
2. Կողմերն իրավունք ունեն միջնորդ դատարանին առաջադրել հարցեր, որոնք ենթակա են պարզաբանման փորձաքննության ընթացքում:
Փորձաքննություն նշանակելու մասին միջնորդ դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
3. Կողմերն իրավունք ունեն միջնորդ դատարանին առաջարկել փորձագետների թեկնածություններ և փորձագետներին տալ հարցեր` գիտելիքների համապատասխան բնագավառում նրանց գիտակ լինելը պարզելու նպատակով:
Փորձագետ նշանակելու մասին միջնորդ դատարանը կայացնում է որոշում:
4. Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը վճարում է այդ կողմը:
5. Միջնորդ դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին` սույն օրենքի 31 հոդվածին համապատասխան:
Հոդված 27. |
Վեճի լուծումը կողմերի բացակայությամբ |
1. Միջնորդ դատարանում կողմերը կարող են գործերը վարել անձամբ կամ պատշաճ լիազորված ներկայացուցիչների միջոցով:
2. Կողմն իրավունք ունի միջնորդ դատարանին խնդրել վեճը լուծել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
3. Միջնորդ դատարանի նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հոդված 28. |
Գործի քննության հետաձգումը և կասեցումը |
Անհրաժեշտության դեպքում կողմի դիմումով կամ միջնորդ դատարանի նախաձեռնությամբ գործի քննությունը կարող է հետաձգվել կամ կասեցվել:
Հոդված 29. |
Գործի վարույթը կարճելը |
1. Միջնորդ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճը ենթակա չէ միջնորդ դատարանի քննությանը.
2) հայցվորը հրաժարվել է հայցից.
3) կողմ-իրավաբանական անձը լուծարվել է.
4) կողմ-քաղաքացին մահացել է:
2. Գործի վարույթը կարճելու մասին միջնորդ դատարանը կայացնում է որոշում:
Հոդված 30. |
Միջնորդ դատարանի նիստի արձանագրությունը |
1. Միջնորդ դատարանի նիստում կազմվում է արձանագրություն, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Արձանագրության մեջ նշվում են`
1) միջնորդ դատարանի անվանումը և կազմը.
2) դատական նիստի տարին, ամիսը և ամսաթիվը.
3) տեղեկություններ կողմերի մասնակցության մասին.
4) կողմերի դիմումները և միջնորդությունները.
5) նիստի ընթացքի համառոտ նկարագրությունը:
3. Արձանագրությունը վարում է նիստի քարտուղարը:
4. Արձանագրությունն ստորագրում է դատավորը (դատավորները):
5. Կողմերն իրավունք ունեն ծանոթանալ արձանագրությանը և դիտողություններ ներկայացնել դրա բովանդակության ճշտության վերաբերյալ:
Հոդված 31. |
Միջնորդ դատավարության ծախսերը |
1. Միջնորդ դատավարության ծախսերը կազմված են միջնորդ տուրքից կամ միջնորդ դատավորների հոնորարից և գործի քննության հետ կապված ծախսերից` վկաներին կանչելու, ապացույցները գտնվելու վայրում զննելու համար ու միջնորդ դատարանին կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված` վճարման ենթակա գումարներից:
2. Միջնորդ տուրքի չափերը որոշում են մշտապես գործող միջնորդ դատարանների կանոնադրությամբ (կանոնակարգով):
3. Կոնկրետ վեճը լուծելու համար կողմերի ստեղծված միջնորդ դատարանի դատավորների հոնորարի չափերը որոշում են կողմերի համաձայնությամբ:
4. Ծախսերի բաշխումը կողմերի միջև կատարվում է նրանց համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում ծախսերի բաշխումը կատարում է միջնորդ դատարանը` բավարարված պահանջների չափին համամասնորեն:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 32. |
Միջնորդ դատարանի կողմից կիրառվող իրավունքի նորմերը |
1. Միջնորդ դատարանը վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքների և այլ իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
2. Կողմերի միջնորդ համաձայնությամբ նախատեսված դեպքերում միջնորդ դատարանը կիրառում է այլ պետությունների իրավունքի նորմեր:
3. Վիճելի հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում միջնորդ դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում միջնորդ դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա):
4. Միջնորդ դատարանը կարող է կիրառել գործարար շրջանառության սովորույթներ:
Հոդված 33. |
Վճռի կայացման կարգը |
1. Վեճի կոլեգիալ քննության դեպքում միջնորդ դատարանը վճիռ է կայացնում դատավորների ձայների մեծամասնությամբ:
Միջնորդ դատավորն իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկելուց:
2. Միջնորդ դատավորը, որը համաձայն չէ մեծամասնության որոշման հետ, իրավունք ունի չստորագրել վճիռը, սակայն պարտավոր է շարադրել իր հատուկ կարծիքը, որը կցվում է գործին:
3. Նախագահողը վճռի եզրափակիչ մասը հրապարակում է միջնորդ դատարանի նիստում:
Վճռի տեքստը կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան տասն օրով:
4. Վճռի տեքստը պատշաճ ձևով ուղարկվում է կողմերին:
Հոդված 34. |
Վճիռ կայացնելիս լուծման ենթակա հարցերը |
1. Միջնորդ դատարանը վճիռ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.
3) սահմանում է գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները.
4) որոշում է հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:
2. Դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:
Հոդված 35. |
Միջնորդ դատարանի վճռի բովանդակությանն առաջադրվող պահանջները |
Միջնորդ դատարանի վճռում նշվում են`
1) վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) միջնորդ դատարանի կազմը.
3) կողմերի միջնորդ համաձայնությունը, որի հիման վրա գործել է միջնորդ դատարանը.
4) կողմերի անունը (անվանումը) և հասցեն.
5) վեճի էության համառոտ շարադրանքը.
6) միջնորդ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները.
7) ապացույցները, որոնց վրա հիմնված են միջնորդ դատարանի հետևությունները.
8) այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է միջնորդ դատարանը վճիռ կայացնելիս.
9) հայցվորի պահանջները բավարարելու կամ մերժելու մասին միջնորդ դատարանի եզրահանգումները.
10) միջնորդ դատավարության ծախսերը, դրանց բաշխումը կողմերի միջև.
11) վճռի կատարման ժամկետը և կարգը:
Հոդված 36. |
Հաշտության համաձայնությունը |
1. Վարույթի ցանկացած փուլում միջնորդ դատարանն օգտագործում է բոլոր հնարավորությունները կողմերի հաշտության համաձայնություն կնքելուն նպաստելու համար:
2. Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում միջնորդ դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի տեքստը:
Հոդված 37. |
Լրացուցիչ վճիռը: Վճռի պարզաբանումը և ուղղումը |
1. Միջնորդ դատարանն իրավունք ունի լրացուցիչ վճիռ կայացնել, եթե`
1) որևէ պահանջով, որով կողմերն ապացույցներ են ներկայացրել, վճիռ չի կայացվել.
2) դատարանը, լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացված գումարի չափը կամ հանձնման ենթակա գույքը.
3) չի լուծվել միջնորդ դատավարության ծախսերի հարցը:
2. Միջնորդ դատարանն իրավունք ունի պարզաբանել վճիռը կամ ուղղել թույլ տված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի էությունը և բովանդակությունը:
3. Կողմերը լրացուցիչ վճիռ կայացնելու կամ վճիռը պարզաբանելու և ուղղելու պահանջ կարող են ներկայացնել մինչև միջնորդ դատարանի վճռի կատարումը:
4. Կողմերի դիմումները քննվում են միջնորդ դատարանի նիստում: Կողմերը պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Հոդված 38. |
Միջնորդ դատարանի վճռի վերանայումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով |
1. Միջնորդ դատարանն իր կայացրած վճիռը, մինչև դրա կատարումը, կարող է վերանայել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով:
2. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով միջնորդ դատարանի վճիռը վերանայվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով:
3. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով միջնորդ դատարանի վճիռը վերանայելու մասին կողմի դիմումը քննվում է միջնորդ դատարանի նիստում: Կողմերը պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
4. Միջնորդ դատարանը, քննելով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռը վերանայելու մասին կողմի դիմումը, իրավունք ունի վերացնել վճիռը կամ մերժել դրա վերանայումը:
5. Վճիռը վերացնելու դեպքում միջնորդ դատարանը գործը քննում է սույն օրենքով սահմանված կանոններով:
6. Կողմն իրավունք ունի հայց հարուցել առաջին ատյանի դատարան, եթե`
1) միջնորդ դատարանը մերժել է վճռի վերանայումը նոր երևան եկած հանգամանքների հետևանքներով.
2) միջնորդ դատարանի վճռի կատարումից հետո ի հայտ են եկել նոր երևան եկած հանգամանքներ.
3) անհնար է գործի քննությունը նույն միջնորդ դատարանում:
Գ Լ ՈՒ Խ 6
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 39. |
Միջնորդ դատարանի վճռի կատարման կարգը |
1. Միջնորդ դատարանի վճիռը կատարվում է կամավոր:
2. Սահմանված ժամկետում և կարգով վճիռը չկատարվելու դեպքում կողմն իրավունք ունի դիմել միջնորդ դատարանի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան` միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու պահանջով:
Հոդված 40. |
Կատարողական թերթ տալը մերժելու հիմքերը |
Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մերժել միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը, եթե`
1) վեճը ենթակա չէ միջնորդ դատարանի քննությանը.
2) միջնորդ դատարանի կազմավորման կարգը չի համապատասխանում կողմերի միջնորդ համաձայնությանը.
3) կողմը, ընդդեմ որի կայացվել է միջնորդ դատարանի վճիռը, պատշաճ ձևով չի տեղեկացվել գործի քննության ժամանակի և վայրի մասին.
4) միջնորդ դատարանի վճիռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներին ու իրավական ակտերին, եթե կողմերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք են.
5) միջնորդ դատարանի վճիռը չի համապատասխանում կողմերի միջնորդ համաձայնությամբ կիրառման ենթակա այլ պետության քաղաքացիական իրավունքի նորմերին, եթե նրանցից թեկուզ մեկն օտարերկրյա անձ է:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 41. |
Գործերը պահելը |
Մշտապես գործող միջնորդ դատարանում քննված գործը պահվում է այդ դատարանում:
Կոնկրետ վեճը լուծելու համար կողմերի ստեղծած միջնորդ դատարանում քննված գործն ի պահ է տրվում միջնորդ դատարանի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանին:
Հոդված 42. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ 1964 թվականի հունիսի 4-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի թիվ 3 հավելվածը` «Միջնորդ դատարանի կանոնադրություն»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|