Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1468
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.14/53(1506) Հոդ.619.3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.07.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 հուլիսի 2019 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ապիտոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 1993 թվականի նոյեմբերի 5-ին: Համաձայնագրի 19-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Հետագայում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 2000 թվականի հուլիսի 19-ին ստորագրվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Համաձայնագիրը և դրա անբաժանելի մաս կազմող Արձանագրությունը օրենքով սահմանված կարգով վավերացվել և ուժի մեջ են մտել 2001 թվականի մայիսի 31-ից (տես՝ Սահմանադրական դատարանի 2001 թվականի փետրվարի 9-ի ՍԴՈ-284 և ՀՀ Ազգային ժողովի 2001 թվականի մայիսի 14-ի Ն-178-2 որոշումները): Համաձայնագրով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այսուհետև՝ ԿԽՄԿ) գործունեության պայմանները, ԿԽՄԿ և դրա պատվիրակների կարգավիճակը:

2. «2019 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ Համաձայնագրի 6-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, իսկ 10-րդ հոդվածի 11-րդ կետը և 11-րդ հոդվածը շարադրվել են այլ բովանդակությամբ:

Արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ ԿԽՄԿ փոստը և փաթեթները օգտվեն այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնք նախատեսված են դիվանագիտական փոստի համար` պայմանով, որ դրանք ունենան իրենց բնույթը նշող տեսանելի արտաքին նշաններ և պարունակեն միայն պաշտոնական օգտագործման համար նախատեսված փաստաթղթեր, տեղեկատվություն կամ առարկաներ (1-ին հոդվածի 4-րդ մաս),

- ապահովել ԿԽՄԿ զեկույցների, նամակների և այլ գրագրության բովանդակության և գրառումների գաղտնիությունը։ Երաշխավորել, որ այդ բովանդակությունը և գրառումները չեն բացահայտվի դրանց հասցեատեր չհանդիսացող անձանց համար, ինչպես նաև չեն բացահայտվի կամ չեն օգտագործվի դատական կամ վարչական վարույթների ընթացքում՝ առանց ԿԽՄԿ նախնական գրավոր համաձայնության (1-ին հոդվածի 5-րդ մաս),

- պատվիրակության՝ ՀՀ քաղաքացի (ռեզիդենտ աշխատակից) հանդիսացող անդամների համար երաշխավորել իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիություն, այդ թվում՝ ձերբակալման, կալանքի, որպես վկա ներգրավման անձեռնմխելիությունը, նույնիսկ այն դեպքում, երբ այլևս չեն աշխատում ԿԽՄԿ պատվիրակությունում (2-րդ հոդված),

- ժամանակավոր առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ԿԽՄԿ ներկայացուցիչների ու աշխատակիցների համար երաշխավորել ԿԽՄԿ պատվիրակության անդամների համար Համաձայնագրում ամրագրված հիմնական արտոնությունները և անձեռնմխելիությունները (3-րդ հոդված):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը միջազգային իրավունքի հիման վրա իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի պահանջից և համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2019 թվականի հունվարի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

     

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1468