Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.10/24(1477) Հոդ.277.40
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.11.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/0243/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/0243/05/15
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Դատավորներ՝

Ա. Աբովյան

Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն), «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշման դեմ` ըստ Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի հայցի ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության մերժումը և գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, պահանջված տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 24.11.2014 թվականի մերժումը, ինչպես նաև Ծառայության գործողությունները, որոնցով խոչընդոտվել են մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն և լուսաբանում կատարելը, ու Ծառայությանը պարտավորեցնել տրամադրել դիմումներով պահանջված տեղեկությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2016 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.04.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի  ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.03.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ  դատարանը  խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ, 27.1-րդ, 43-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պահանջված տեղեկությունն ստանալը սահմանափակվել է առանց օրինական հիմքերի, որով խախտվել է տեղեկություն փնտրելու և ստանալու ազատության իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ծառայությունը չունի դիտորդական առաքելության իրականացումը խոչընդոտելու և հայցվող տեղեկության տրամադրումը մերժելու օրենսդրական հիմք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ տեղեկություն փնտրողի իրավունքը սահմանափակվել է անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանության պատճառաբանությամբ, որն առկա չէ, և այդ սահմանափակումը համաչափ չէ հետապնդվող նպատակին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)        Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվել է բաց մրցույթ (այսուհետ` Մրցույթ).

2)        Կազմակերպությունը, մտադրություն ունենալով Մրցույթի նկատմամբ իրականացնելու դիտորդական առաքելություն, 20.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` այդ նպատակով ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հստակեցնելու պահանջով (հատոր 1-ին, գ.թ. 65).

3)        Ծառայության 24.11.2014 թվականի թիվ 18-401մ/դ-14 գրությամբ Կազմակերպության 20.11.2014 թվականի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները Մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև Մրցույթին որպես դիտորդ հրավիրված լինելու պայմանով, մինչդեռ Մրցույթին մասնակցելու օրենքով նախատեսված դեպք առկա չէ, ինչպես նաև Կազմակերպությունը` որպես դիտորդ, հրավիրված չէ Մրցույթին  (հատոր 1-ին, գ.թ. 66-67).

4)        Կազմակերպությունը 25.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը՝ պահանջելով անցկացված Մրցույթի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները և գնահատման թերթիկները: Նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրել են նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողները  (հատոր 1-ին, գ.թ. 63, հատոր 2-րդ, գ.թ. 13, 15).

5)        Ի պատասխան Կազմակերպության 25.11.2014 թվականի դիմումի՝ Ծառայության 28.11.2014 թվականի թիվ 18-401մ/դ-14 գրությամբ Կազմակերպությանը տեղեկացվել է, որ 25.11.2014 թվականին մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ՝ հարցազրույցի ձևով, որով ստուգվել են մրցույթին դիմած անձանց գործնական կարողությունները, իսկ հարցազրույցից հետո անցկացված քվեարկության արդյունքներով բոլոր վեց մասնակիցները դարձել են հաղթող: Միաժամանակ հայտնվել է, որ պահանջված մյուս տեղեկությունները և փաստաթղթերը չեն կարող տրամադրվել՝ պայմանավորված անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ: Նույն հիմնավորմամբ պատասխաններ են տրամադրվել նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողների նույնաբովանդակ դիմումներին (հատոր 1-ին, գ.թ. 64, հատոր 2-րդ, գ.թ. 12, 14).

6)        Կազմակերպությունը 30.01.2015 թվականին դիմել է Ծառայությանը՝ անցկացված Մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով` խնդրելով մանրամասնել, թե տվյալ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը որ մարմինն է ներկայացնում: Միաժամանակ խնդրել է տրամադրել մրցութային բոլոր փաստաթղթերը, այդ թվում` թափուր պաշտոնների հավակնորդների ինքնակենսագրությունը, հարցազրույցի հարցաշարերը, յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքներն ըստ հանձնաժողովի առանձին անդամների (հատոր 1-ին, գ.թ. 61).

7)        Ծառայության 03.02.2015 թվականի թիվ 18-401մ/դ-14 գրությամբ հայտնվել է, որ քննիչների նշանակման և ազատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և ծրագիր-հարցաշարը հրապարակված են Ծառայության կայքէջում: Միաժամանակ հայտնվել է, որ հավակնորդների ինքնակենսագրությունն անձնական կյանքին վերաբերող տեղեկություն է, որի տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ Մրցույթի անցկացման կարգը չի նախատեսում հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ քվեարկության արդյունքի արձանագրում (հատոր 1-ին, գ.թ. 62).

8)        Ի հավաստումն «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի կողմից Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացված բաց մրցույթի լուսաբանումն իրականացնելու մտադրության՝ վերջիններիս կողմից ներկայացվել է 25.11.2014 թվականին կայացած խոսակցության ձայնագրության էլեկտրոնային կրիչը (հատոր 2-րդ, գ.թ. 24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները       

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի       1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ պետական մարմինների կողմից պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելու առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է այն ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի       2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պետական մարմինը, որի տիրապետության տակ գտնվում է հայցվող տեղեկությունը՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ, իրավունք ունի մերժելու դրա տրամադրումը՝ հիմք ընդունելով անձնական տեղեկության պահպանման անհրաժեշտությունը:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` մարդու և քաղաքացու՝ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Համանման դրույթներ է պարունակում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, որի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, իսկ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում, ինչպես նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասում արտացոլվել են երկու ինքնուրույն, սակայն սերտ կապված, միմյանց լրացնող և երաշխավորող իրավունքներ: Դրանք են`

ա) յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք,

բ) յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվության ազատության իրավունք:

Նշված հոդվածում թվարկված բոլոր ազատությունները` խոսքի, քարոզչության, իրազեկման, կարծիքի, համոզմունքի, տեղեկատվության, զանգվածային տեղեկատվության, ինչպես նաև գրաքննությունից ազատությունը հավասարապես ունեն մեծ նշանակություն և չեն կարող կիրառվել առանց դրանց միջև համակարգային կապը հաշվի առնելու:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք: Դա հնարավորություն է տալիս անձին արտահայտելու (կամ չարտահայտելու) իր միտքը, բացատրելու իր վերաբերմունքը կոնկրետ դեպքերի նկատմամբ, ունենալու և պնդելու իր տեսակետը: Միաժամանակ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետացնում է խոսքի ազատության իրավունքի դրսևորումներից մեկը` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Վերոգրյալ նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ մի կողմից յուրաքանչյուր անձ իրավունք ունի փնտրելու, ստանալու, տարածելու տեղեկություն, որպիսի իրավունքին մյուս կողմից համապատասխանում է պետության պարտականությունը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց (անգործություն դրսևորելուց), որոնք կարող են խոչընդոտել նշված իրավունքի իրացմանը, եթե սահմանափակումները նախատեսված չեն օրենքով, և դա անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Անհրաժեշտ է նշել, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածը երաշխավորում է տեղեկություն ստանալու ազատության մասով երեք կարևոր գործողություններ կատարելու իրավունք, որն արտահայտվում է տեղեկությունը փնտրելու, այն ստանալու կամ տարածելու եղանակով:

Տեղեկությունը փնտրելն արտահայտվում է անհրաժեշտ տեղեկույթի ստացմանն ուղղված գործողությունների կատարմամբ: Տեղեկությունն ստանալը տեղեկույթի փոխանցման գործընթացն է, որի արդյունքում տեղեկություն հայցող սուբյեկտն օժտվում է այն օգտագործելու հնարավորությամբ, այսինքն՝ սկսում է տիրապետել տեղեկության բովանդակությունը: Տեղեկության տարածումը գործունեություն է` ուղղված տեղեկությունն անորոշ թվով անձանց հասանելի դարձնելուն:

Նույնը վերաբերելի է նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Անդրադառնալով վերոնշյալ հոդվածի բովանդակությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) գտել է, որ տեղեկություն որոնելու և ստանալու իրավունքը հանդիսանում է արտահայտվելու ազատության իրավունքի բովանդակությունը կազմող տարր, որը ներառում է հասարակության, ինչպես նաև անհատի հիմնական իրավունքը՝ հանրային շահի վերաբերյալ փնտրել և ստանալ տեղեկություն (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետ 142):

Մեկ այլ գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղեկություն ստանալու իրավունքը պարտավորեցնում է կառավարությանը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց կամ անգործություն դրսևորելուց, որով կսահմանափակվի անձի՝ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքը (տե՛ս, LEANDER v. SWEDEN գործով Եվրոպական դատարանի 26.03.1987 թվականի վճիռը, կետ 74):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտահայտվելու իրավունքն անձի՝ Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքներից մեկն է: Վերոնշյալ իրավունքի կարևորագույն բաղկացուցիչ տարրերն են սեփական կարծիք ունենալու և ազատ արտահայտվելու իրավունքը, ինչպես նաև տեղեկություններ, գաղափարներ որոնելու, պահանջելու, ստանալու և տարածելու իրավունքը, որոնց պատշաճ իրացման համար պետական մարմինները պետք է զերծ մնան օրենքով չնախատեսված միջամտությունից: Ի լրումն նշված տարրերի՝ արտահայտվելու իրավունքը ներառում է նաև պետական մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքը, ներառյալ՝ երբ նշված տեղեկությունը վերաբերում է հանրային շահերին: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ և ենթակա է որոշ սահմանափակումների: Ըստ այդմ, նշված իրավունքը ենթակա է սահմանափակումների օրենքով սահմանված կարգով՝ ելնելով պետական անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ հասարակության անվտանգությունը պահպանելու, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակից:

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ անդամ պետությունները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է երաշխավորեն յուրաքանչյուրի իրավունքը ստանալ պետական փաստաթղթերը, որոնք պահպանվում են հանրային իշխանությունների կողմից: Եվրոպական դատարանը գտել է, որ պահանջվող տեղեկությունը, տվյալները կամ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հանրային շահագրգռվածություն, որպեսզի առաջանա դրանք բացահայտելու անհրաժեշտությունը: Նման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքերում, երբ այն նպատակ է հետապնդում ապահովել թափանցիկություն հանրային գործառույթների իրականացման ոլորտում, ինչպես նաև հասարակության հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ, ինչով հասարակության լայն զանգվածներին հնարավորություն է ընձեռվում մասնակցել հանրային կառավարմանը: Եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ հանրային շահերին վերաբերվող տեղեկության բովանդակությունը կախված է յուրաքանչյուր գործի հանգամանքներից (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետեր 145, 161, 162):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25.11.1981 թվականի թիվ NR(81)19 հանձնարարականի 1-5-րդ կետերով նախատեսված սկզբունքների համաձայն` անդամ պետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ պետական մարմինների տրամադրության տակ գտնվող հայցվող տեղեկությունը, բացառությամբ օրենսդիր և դատական իշխանության մարմինների: Տեղեկության հասանելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան արդյունավետ միջոցներ: Տեղեկության հասանելիությունը չի կարող մերժվել` պատրվակով, որ տեղեկություն հայցողը չունի հատուկ հետաքրքրություն տվյալ ոլորտում: Տեղեկության հասանելիությունը պետք է ապահովվի իրավահավասարության հիման վրա: Վերոհիշյալ սկզբունքները ենթակա են սահմանափակման միայն այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակության օրինական շահերի պաշտպանության համար (ինչպես, օրինակ՝ ազգային անվտանգությունը, հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, երկրի տնտեսական բարեկեցությունը, հանցագործությունների կանխումը և կոնֆիդենցիալ տեղեկության բացահայտումը կանխելը), ինչպես նաև մասնավոր կյանքի և մասնավոր այլ իրավաչափ շահերի պաշտպանության համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անձի հատուկ հետաքրքրությունը պետական մարմիններում առկա այն տեղեկության առնչությամբ, որը վերաբերում է անձամբ իրեն:

Նույն հանձնարարականի 7-րդ և 8-րդ կետերի համաձայն` տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում համապատասխան պետական գերատեսչությունը օրենքի կամ պրակտիկայի համաձայն պետք է հիմնավորի մերժման պատճառները: Տեղեկության տրամադրման մերժման յուրաքանչյուր դեպք պետք է բողոքարկելի լինի:

ՀՀ սահմանադրական դատարանը, 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ անդրադառնալով նշված նորմերին, արձանագրել է, որ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` խոսքի ազատության իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը: Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 23.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1256 որոշմամբ վերլուծելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետը և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 25.11.1981 թվականի թիվ NR(81)19 հանձնարարականի վերը նշված կետերը, արձանագրել է, որ տեղեկություններ ստանալու իրավունքի իրագործման հիմնական օրենսդրական երաշխիքները սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Այն ունի ընդհանուր բնույթ, սահմանում է տեղեկատվության ոլորտում հիմնական սկզբունքները, տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակումները, տեղեկություններ ստանալու հայտի ներկայացման կարգը և այլն: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու իրավունքը պետության համար ստեղծում է պոզիտիվ պարտականություններ ապահովելու համապատասխան իրավունքի պատշաճ և արդյունավետ իրականացումը: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է իրականացվել տարբեր եղանակներով: Մասնավորապես՝ կախված տեղեկության բովանդակությունից և նշանակությունից, այն կարող է հասու լինել կա´մ որպես պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություն, կա´մ որպես օրենքով նախատեսված կարգով տրամադրվող տեղեկություն:

ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ նշել է նաև, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում` կազմակերպություն, պետք է հնարավորություն ունենա իրավահավասարության պայմաններում պահանջելու կամ ծանոթանալու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկությանը, եթե նման տեղեկության տրամադրումը չի խախտում հանրային շահերի կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, նույն օրենքից և իրավական այլ ակտերից: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են նույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ տեղեկատվության ազատությունը  տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տնօրինողից ստանալու իրավունքի իրականացումն է, նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ տեղեկությունն անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ): Նույն հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանել է նույն օրենքի իմաստով տեղեկատվության տնօրինողի հասկացությունը, որի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը՝ տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն են, պետական հիմնարկները, բյուջեներից  ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք: Նույն հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ հարցումը տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով նույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումն է:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը, տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը, տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը, հրապարակայնությունը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:

          «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի   1-ին և 3-րդ կետերի համաձայն` տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը, տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և թափանցիկության էական նախապայմաններից մեկն է, որը երաշխավորվում է պետական մարմինների կողմից: Պետական մարմինների կողմից պահպանվող փաստաթղթերի կամ որոշակի տեղեկության տրամադրումը պետք է պայմանավորված լինի հանրային շահագրգռվածությամբ: Նման ձևով հասարակության վերահսկողության իրականացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության վրա: Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ նշված իրավունքը բացարձակ չէ և ենթակա է որոշ իրավաչափ սահմանափակումների: Ընդ որում, նշված սահմանափակումները կիրառվում են այն դեպքում, երբ հայցվող տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեղեկության տրամադրման մերժման դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է գնահատման առարկա դարձվեն Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տեղեկության ազատության իրավունքի լույսի ներքո:

Նման պայմաններում անհրաժեշտ է դիտարկել Կոնվենցիայով պաշպանվող ցանկացած երկու հիմնարար իրավունքների միջև բախման պայմաններում իրավունքներից որևէ մեկին նախապատվություն տալու դեպքերը: Մասնավորապես՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայով հավասարապես պաշտպանվող երկու իրավունքների միջև ծագած հակասության դեպքում Դատարանը վճիռ կայացնելիս պետք է գնահատի մրցակցող շահերը: Եվրոպական դատարանը նշել է, որ պետք է հաշվի առնել ներգրավված տարբեր շահերի միջև ճիշտ հավասարակշռության գործադրման անհրաժեշտությունը (տե՛ս, BÉDAT v. SWITZERLAND գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետեր 52, 54):

Այն, թե ինչպես և ինչ չափով է տեղեկության տրամադրման մերժումն անձի արտահայտվելու իրավունքին խոչընդոտ, պետք է գնահատվի յուրաքանչյուր գործով առանձին՝ տվյալ գործի հանգամանքների լույսի ներքո: Այդ իրավունքի շրջանակների հետագա սահմանման համար Եվրոպական դատարանը գտել է, որ պետք է հաշվի առնել հետևյալ չափորոշիչները՝

1) տեղեկություն ստանալու պահանջի նպատակը,

2) փնտրվող տեղեկության բնույթը (տե՛ս, MAGYAR HELSINKI BIZOTTSÁG v. HUNGARY գործով Եվրոպական դատարանի 08.11.2016 թվականի վճիռը, կետ 157):

Եվրոպական դատարանը, մինչև պարզելը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունք սահմանափակելիս ապահովվել է հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնական իրավունքների միջև ողջամիտ հավասարակշռությունը, նախ անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ չափորոշիչներին`

1) արդյո՞ք կիրառված սահմանափակումը եղել է օրինական և ոչ կամայական։ Իրավունքի գերակայությունը, որը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, ընկած է Կոնվենցիայի բոլոր հոդվածների հիմքում։ Հետևաբար ինչպես Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրությամբ ամրագրված, այնպես էլ Կոնվենցիայում ամրագրված ցանկացած իրավունքի նկատմամբ պետության միջամտությունը պետք է լինի «օրինական»։ Օրինական միջամտությունը ենթադրում է, որ կիրառված միջոցը նախ պետք է իրավական հիմք ունենա ներպետական օրենսդրությամբ։ Այնուհետև օրինականության սկզբունքը որոշակի պահանջներ է առաջադրում ներպետական օրենքի որակին, մասնավորապես՝ այն պետք է լինի շահագրգիռ անձանց համար հասանելի, հստակ և կանխատեսելի իր կիրառման մեջ (տե՛ս, Shchokin v. Ukraine գործով Եվրոպական դատարանի 14.10.2010 թվականի վճիռը, կետեր 50-58).

2) արդյո՞ք կիրառված սահմանափակումները կրել են իրավաչափ նպատակ: Օրինակ՝ որքանով է միջամտությունը հետապնդում այլոց իրավունքների պաշտպանության նպատակ (տե՛ս, CUMPANA and MAZARE v. Romania գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 86).

3) արդյո՞ք սահմանափակումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Եվրոպական դատարանը, անդրադառնալով այս սկզբունքի մեկնաբանությանը, նշել է, որ «անհրաժեշտ է» եզրույթը չունի այնպիսի ճկուն մեկնաբանության հնարավորություն, ինչպիսիք ունեն, օրինակ՝ «թույլատրելի», «նպատակահարմար», «ցանկալի» եզրույթները: Պայմանավորվող կողմերը սահմանափակումների կիրառման կապակցությամբ ունեն որոշակի, բայց ոչ անսահմանափակ հայեցողության ազատություն: Սակայն, միայն դատարանն է իրավասու վերջնական որոշում կայացնել այն մասին, թե այդ սահմանափակումները որքանով են համատեղելի Կոնվենցիայի հետ: Եվրոպական դատարանը նշել է նաև, որ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» արտահայտությունը նշանակում է, որ միջամտությունը Կոնվենցիայի հետ համատեղելի լինելու համար պետք է, inter alia, համապատասխանի «սոցիալական գերակա պահանջմունքներին» և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին: Ընդ որում, իրավունքի սահմանափակումները բացառություններ են և պետք է սահմանափակ մեկնաբանվեն (տե՛ս, SILVER and OTHERS v. THE UNITED KINGDOM գործով Եվրոպական դատարանի 25.02.1983 թվականի վճիռը, կետ 97):

 

Վերոգրյալ իրավական վերլուծությունների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ:         

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվել է Մրցույթ: Կազմակերպությունը, մտադրություն ունենալով Մրցույթի նկատմամբ իրականացնել դիտորդական առաքելություն, 20.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը` այդ նպատակով ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հստակեցնելու պահանջով: Ծառայության 24.11.2014 թվականի թիվ 18-401մ/դ-14 գրությամբ Կազմակերպության 20.11.2014 թվականի դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները Մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ինչպես նաև Մրցույթին որպես դիտորդ հրավիրված լինելու պայմանով, մինչդեռ Մրցույթին մասնակցելու օրենքով նախատեսված դեպք առկա չէ, ինչպես նաև Կազմակերպությունը` որպես դիտորդ, հրավիրված չէ Մրցույթին: Կազմակերպությունը 25.11.2014 թվականին դիմել է Ծառայությանը՝ պահանջելով անցկացված Մրցույթի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները և գնահատման թերթիկները: Նույն բովանդակությամբ դիմումներ ներկայացրել են նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողները:

Ի պատասխան Կազմակերպության 25.11.2014 թվականի դիմումի՝ Ծառայության 28.11.2014 թվականի թիվ 18-401մ/դ-14 գրությամբ Կազմակերպությանը տեղեկացվել է, որ 25.11.2014 թվականին մրցութային հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ՝ հարցազրույցի ձևով, որով ստուգվել են մրցույթին դիմած անձանց գործնական կարողությունները, իսկ հարցազրույցից հետո անցկացված քվեարկության արդյունքներով բոլոր վեց մասնակիցները դարձել են հաղթող: Միաժամանակ հայտնվել է, որ պահանջված մյուս տեղեկությունները և փաստաթղթերը չեն կարող տրամադրվել՝ պայմանավորված անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ: Նույն հիմնավորմամբ պատասխաններ են տրամադրվել նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի լրագրողների նույնաբովանդակ դիմումներին:  

Կազմակերպությունը 30.01.2015 թվականին դիմել է Ծառայությանը՝ անցկացված Մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով` խնդրելով մանրամասնել, թե տվյալ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը որ մարմինն է ներկայացնում: Միաժամանակ խնդրել է տրամադրել մրցութային բոլոր փաստաթղթերը, այդ թվում` թափուր պաշտոնների հավակնորդների ինքնակենսագրությունը, հարցազրույցի հարցաշարերը, յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքներն ըստ հանձնաժողովի առանձին անդամների: Ծառայության 03.02.2015 թվականի թիվ 18-401մ/դ-14 գրությամբ հայտնվել է, որ քննիչների նշանակման և ազատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և ծրագիր-հարցաշարը հրապարակված են Ծառայության կայքէջում: Միաժամանակ հայտնվել է, որ հավակնորդների ինքնակենսագրությունն անձնական կյանքին վերաբերող տեղեկատվություն է, որի տրամադրումը կարող է խախտել մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, իսկ Մրցույթի անցկացման կարգը չի նախատեսում հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ քվեարկության արդյունքի արձանագրում:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն, որ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչները մրցույթին կարող են ներկա գտնվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կամ որպես դիտորդ հրավիրված լինելու դեպքում, մինչդեռ գործով պարզվել է, որ Ծառայությունը Կազմակերպությանը չի հրավիրել իրականացնելու դիտորդական առաքելություն. հետևաբար Կազմակերպության իրավունքները չեն խախտվել: Բացի այդ, պահանջվող տեղեկության բնույթն այնպիսին է, որ դրա ծավալում կարող են լինել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են բացահայտել անձանց (հավակնորդների, հանձնաժողովի անդամների) անհատական տվյալներ, հետևապես պետք է եզրակացնել, որ տվյալ դեպքում տեղեկության տրամադրման սահմանափակումը` հավակնորդների անձնական թերթիկների, ինքնակենսագրությունների, մրցութային հանձնաժողովի անդամների մասով, բխում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված իրավակարգավորումից` այն փաստի հաշվառմամբ, որ պահանջվող տեղեկատվության ծավալում ընդգրկված են այնպիսի տվյալներ, որոնք առնվազն պարունակում են այդ անձանց վերաբերյալ անձնական տվյալներ, ուստի և դրանց բացահայտումն անվերապահորեն կխախտի այդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները՝ հավելելով, որ հայցվող տեղեկությունը չտրամադրելն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում, և անձնական տվյալների գաղտնիության ապահովմամբ հետապնդվել է հավակնորդների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրավաչափ նպատակ:

 

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ապացուցման բեռը կրում է գործողության կատարման հայցով` վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով, ճանաչման հայցով  վարչական մարմինը` (...) որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Կազմակերպությունը, ինչպես նաև «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն, իրացնելով տեղեկություններ փնտրելու և ստանալու իրենց իրավունքը, նպատակ են ունեցել ստանալու տեղեկատվություն Ծառայության կողմից անցկացված Մրցույթի՝ մասնավորապես մրցութային հանձնաժողովի, թափուր հաստիքներում պաշտոնի նշանակվելուն հավակնող թեկնածուների և Մրցույթին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ: Հետևաբար Ծառայության կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի հիմնավորմամբ կիրառված սահմանափակումները պետք է դիտարկվեն օրինականության, անհրաժեշտության և իրավաչափ նպատակ հետապնդելու չափորոշիչների լույսի ներքո:

ՀՀ սահմանադրական դատարանը, 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշման շրջանակներում 21.02.2007 թվականին ընդունված (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը և 117-րդ հոդվածի 5-րդ մասը դիտարկելով նաև 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կայացման համատեքստում, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների, հանրային վերահսկողության դերը պետության և հասարակության կյանքում, արձանագրել է, որ 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում նշված արժեքի հարաբերակցությունն այլ սահմանադրական արժեքների հետ, մասնավորապես, 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում ամրագրված` մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և 34-րդ հոդվածում ամրագրված` անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ, որոշում է դրա հնարավոր սահմանափակումների բնույթը: Այս հանգամանքը հաշվի առնելով` օրենսդիրը պարտավոր է դատավորի պաշտոնի հավակնորդների որակավորման քննության ու հանրային գործառույթ իրականացնելու պիտանելիության գնահատման իրավակարգավորման հիմքում դնել այնպիսի տեղեկատվություն, ինչը մի կողմից կհամարվի անհրաժեշտ մրցույթ իրականացնելու և ընտրություն կատարելու համար, մյուս կողմից` վերաբերելով թեկնածուների հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի պետաիշխանական լիազորություն ստանձնողի նկատմամբ հանրային վստահությունը: Առաջնորդվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային-իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումներով` Սահմանադրական դատարանը գտել է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի կազմմանը և հաստատմանը նախորդող գործընթացներում հավակնորդի կողմից ներկայացված, հավակնորդի վերաբերյալ կազմվող (ստացվող) փաստաթղթերը, տեղեկությունները, դիտարկվող գործընթացների արդյունքները (դրանց վերաբերյալ տեղեկությունները), 2015 փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով, պետք է լինեն բաց, թափանցիկ: Դրանք պետք է վերաբերեն ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին: Ուստի նման տվյալները պետք է ներառվեն հավակնորդի, հետագայում՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի անձնական գործում, ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին, երրորդ անձանց, այդ թվում՝ կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին: Նման տեղեկատվության տրամադրումն անհրաժեշտ է և ուղղված է դատական իշխանության ձևավորման նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետության ապահովմանը, հանրային իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության, քաղաքացիական հասարակության և, մասնավորապես, հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը:

Նույն որոշմամբ անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ հոդվածը սահմանափակում է այն տեղեկատվության մատչելիությունը, որը պարունակում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություն: Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը չի ներառում հավակնորդի մասնավոր կյանքի տարր: Առավել ևս, որ խոսքը վերաբերում է պետական պաշտոնի զբաղեցմանը հավակնելուն: Տվյալ պարագայում ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է այն փաստը, որ Ծառայությունը, ըստ էության, տեղեկություն ստանալու ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի միջև առկա ենթադրական բախումը լուծել է՝ նախապատվությունը տալով երկրորդին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում խոսքը նույնպես վերաբերել է պետական պաշտոն զբաղեցնել հավակնելուն, որի ընթացակարգը ժողովրդավարական հասարակությունում պետք է լինի բաց և թափանցիկ: Ընդ որում, խնդրո առարկա տեղեկությունները չեն կարող ենթակա լինել պաշտպանության՝ որպես անձնական տվյալներ այնքանով, որքանով դրանք վերաբերում են ոչ թե թեկնածուների միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, չունենալով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով պաշտպանության ենթակա համապատասխան օբյեկտ, ինչպես նաև վերը նշված սահմանափակումը համապատասխան օրենքով նախատեսված չլինելու պայմաններում սահմանափակել է Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացվելիք բաց մրցույթի նկատմամբ դիտորդական առաքելություն իրականացնելու, անցկացվելիք Մրցույթի վերաբերյալ խնդրարկված բոլոր փաստաթղթերը և յուրաքանչյուր հավակնորդի գնահատման արդյունքները (ըստ հանձնաժողովի առանձին անդամների) ստանալու Կազմակերպության, «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի` 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված տեղեկություններ փնտրելու և ստանալու հիմնարար իրավունքները, անտեսել է տեղեկություն ստանալու ազատության` վերը նշված իրավական ակտերով նախատեսված երաշխիքների իրացումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունը նույնպես նպատակ է հետապնդել ստանալու համապատասխան տեղեկությունները:

Ինչ վերաբերում է հայցվորներ «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի՝ Ծառայության գործողությունները, որոնցով խոչընդոտվել է մրցույթի լուսաբանում կատարելը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին, ապա դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

Դատարանը, նշված պահանջը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրության ուսումնասիրությունից հստակ հնարավոր չէ արձանագրել, որ զրուցողները մի կողմից «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն են, իսկ մյուս կողմից Ծառայության համապատասխան պաշտոնատար անձինք են, և նշված փաստը հիմնավորող այլ ապացույցներ չեն ներկայացվել: Հետևաբար չեն հիմնավորվում հայցվորների փաստարկներն առ այն, որ Ծառայությունը խոչընդոտել է վերջիններիս՝ լուսաբանել Մրցույթի ընթացքը:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վերը նշված պատճառաբանությունները համարել է հիմնավոր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով  «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն են կրել ապացուցման բեռը՝ իրենց համար բարենպաստ փաստերի մասով: Ի հավաստումն «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի կողմից Ծառայության ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով 25.11.2014 թվականին անցկացված բաց մրցույթի լուսաբանումն իրականացնելու մտադրության՝ վերջիններիս կողմից ներկայացվել է միակ ապացույց հանդիսացող 25.11.2014 թվականին կայացած խոսակցության ձայնագրության էլեկտրոնային կրիչը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ էլեկտրոնային կրիչում առկա ձայնագրության ուսումնասիրությունից հստակ հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ զրուցողները մի կողմից «ՕՉՈԱ» ՍՊԸ-ի և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն են, իսկ մյուս կողմից՝ Ծառայության համապատասխան պաշտոնատար անձինք: Ավելին՝ հայտնի չէ ձայնագրում կատարելու հստակ օրը և ժամանակահատվածը: Հարկ է նշել նաև, որ նշված փաստը հիմնավորող այլ ապացույցներ հայցվորները չեն ներկայացրել: Ուստի, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների պատճառաբանությունները հիմնավոր են:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: (…) Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե պատասխանող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

Մինչև վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով:

Նույն խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի (...) համար պետական տուրքը գանձվում է ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով:

Նույն խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի 20-պատիկի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը ենթակա է որոշման ըստ պահանջների բնույթի, քանակի և բողոքարկման ծավալի: Ընդ որում, գործով մի քանի բողոք բերողների առկայության դեպքում նրանցից յուրաքանչյուրը պետք է կրի իր գործողություններով առաջացած դատական ծախսերի մասնաբաժինը, բացառությամբ այն դեպքի, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է համապարտություն կամ անհնարին է որոշել մասնաբաժինները: Տվյալ դեպքում սույն գործով ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործով քննության առարկա են յոթ ոչ գույքային ինքնուրույն պահանջներ, որոնք Դատարանը մերժել է, և Վերաքննիչ դատարանը Դատարանի 14.03.2016 թվականի վճիռը թողել է անփոփոխ, ու Վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշումը բողոքարկված է ողջ ծավալով: Ընդ որում, ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշումներով հետաձգվել են համապատասխան պետական տուրքերի վճարումները:

Հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով բավարարվելիք հայցապահանջների մասով պետք է կրի Ծառայությունը, իսկ մերժվելիք պահանջի մասով պետք է կրեն «ՕՉՈԱ» ՍՊԸ-ն և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ն, որի դեպքում Ծառայությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու, 50.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 100.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար, իսկ «ՕՉՈԱ» ՍՊԸ-ից և «Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման յուրաքանչյուրից 4.000-ական ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու, 10.000-ական ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000-ական ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.04.2017 թվականի որոշման՝ ՀՀ վարչական դատարանի 14.03.2016 թվականի վճիռը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության 24.11.2014 թվականի մերժումը, այն է՝ տեղեկատվություն տրամադրելը մերժելու գործողությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջները մերժելու մասով անփոփոխ թողնելու մասը, և այդ մասով այն փոփոխել` հայցը բավարարել մասնակիորեն՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ հատուկ քննչական ծառայության 24.11.2014 թվականի մերժումը, այն է՝ տեղեկատվություն տրամադրելը մերժելու գործողությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու գործողությունները և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցնել տրամադրել դիմումներով խնդրարկված տեղեկատվությունը:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 50.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ու 100.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՕՉՈԱ» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ու 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«Ստարտ-Մեդիա» ՍՊԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար սահմանված և ՀՀ վարչական դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.08.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ու 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան